Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Եթե կան կրթության օջախներ, գրքերն ու գրադարաններն ապագա կունենան»

«Եթե կան կրթության օջախներ, գրքերն ու գրադարաններն ապագա կունենան»
19.12.2017 | 11:13

«Իրատեսի» զրուցակիցը Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն ՆԱԶԵՆԻ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ է:

-Տասը տարի առաջ Ձեզ նշանակեցին Նոր Նորք վարչական շրջանի կենտրոնական գրադարանի տնօրեն։ Ինչպե՞ս ընդունեցիք այդ լուրը։ Ի՞նչ ծրագրեր ունեք։
-Պետք է ասեմ, որ մինչ տնօրեն նշանակվելը ես աշխատել եմ գրական և մշակութային օջախներում։ Եղել եմ լրագրող, «Կարոտ» հաղորդաշարի, «Մենուա» թերթի խմբագիր։ Անցկացրել եմ բազմաթիվ զրույցներ տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ։ Էությամբ պրպտող եմ, ստեղծագործող, կազմակերպող, չեմ սիրում պասիվություն։ Դրա համար ուրախությամբ ընդունեցի այդ լուրը։ Շատ հաճելի էր, որ ինձ վստահվել է այդպիսի պատասխանատու աշխատանք։ Մեծ էր ոգևորությունս, որովհետև մեծ հեռանկարներ էին բացվում իմ առջև։ Ես կարող էի իմ փորձն ու գիտելիքները ներդնել գրադարանի կյանքում` այն դարձնելով իր կոչմանն ու առաքելությանն արժանի օջախ։
-Ի՞նչ է փոխվել այդ ընթացքում գրադարանի կյանքում։ Կարողացա՞ք Ձեր ծրագրերն իրագործել։
-Անհամեստություն չի լինի, եթե ասեմ, որ շատ բան։ Պահպանելով գրադարանի ավանդույթները` ստեղծեցինք նորը, աշխատանքները դարձրինք բազմաբնույթ, բազմաբովանդակ։ Նախ` վերանորոգեցինք գրադարանը, ունենք ջեռուցում, գազիֆիկացում, ստեղծեցինք հարմարավետություն, այցելուների համար ակնահաճո մթնոլորտ։ Շառլ Ազնավուրի անունով բացեցինք ֆրանսիական կենտրոն։ ՈՒնենք գրական միավորում, որը զբաղվում է նաև գրքերի հրատարակությամբ, տպագրվում են Նոր Նորքի ստեղծագործողների բանաստեղծություններն ու արձակ երկերը։ Կազմակերպում ենք գրքերի շնորհանդեսներ, հանդիպումներ գրողների, բանաստեղծների, մշակույթի մյուս գործիչների հետ, նրանց նվիրված միջոցառումներ։ Նշում ենք համահայկական, երևանյան տոները։ Միջոցառումներ ենք կազմակերպում դպրոցներում, մանկապարտեզներում։ Միջոցառումների հեղինակը Աստղիկ Սահինյանն է, որը սիրով և նվիրվածությամբ է կատարում իրեն վստահված գործը, ինչպես նաև` մյուսները։ Մեր նպատակն այն է, որ գրադարանն օգտակար լինի հասարակությանը, կատարի իր առաքելությունը։
-Դուք, կարծես, կռահեցիք իմ հաջորդ հարցը։ Ինչպիսի՞ն է կապը գրադարանի և հասարակության միջև։
-Կարելի է ասել` շատ մեծ ու ամուր։ Գրադարան այցելում են և՛ մանուկները, և՛ մեծահասակները` մինչև 90 տարեկան։ Դա, իհարկե, պայմանավորված է մեր կատարած աշխատանքներով։
-Ովքե՞ր են օգտվում գրադարանից, ի՞նչ գրքեր են կարդում։
-Արդեն ասացի, որ օգտվում են բոլորը` անկախ տարիքից ու զբաղմունքից` տնային տնտեսուհիներ, դպրոցականներ, այլ ոլորտների աշխատողներ, թոշակառուներ։ Սահմաններ չկան։ Բարեկամներին, երեխաներին նվիրված միջոցառումների մասնակիցները նորից ու նորից այցելում են մեզ։ Պատահում է, որ առաջարկություններ են անում։ Մենք սիրով ենք լսում նրանց և հնարավորության սահմաններում ընդառաջում։ Գրադարանն այն տեղն է, որտեղ կարող են լինել բոլորը, նաև ուղիղ ճանապարհից քիչ թե շատ շեղվածները։ Այն մի տաճար է, որտեղ պետք է մտնել մաքուր հոգով, որտեղ բոլորը մաքուր են։ Բայց և այն տեղն է, որտեղ կարելի է մաքրվել, դառնալ բարի, հասարակությանն ու հայրենիքին պիտանի։
-Իսկ, ասենք, քիչ թե շատ բարձր պաշտոններ զբաղեցնող այցելուներ ունե՞ք։ Եվ ի՞նչ գրքեր են կարդում։
-Իհարկե, մեզ մոտ գալիս են գեներալներ, պատգամավորներ, դատախազներ, ոստիկանապետեր, կրոնավորներ։ Մեզ մոտ գալիս է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը։ Մեր մշտական հյուրերից են Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար պարոն ՈՒլիխանյանը, քաղաքապետարանի մյուս աշխատակիցները։ Նրանք բարձր են գնահատում մեր կատարած աշխատանքները։ Գրադարանավարի օրվա կապակցությամբ մեր աշխատակիցներն արժանացան պատվոգրերի։ Մեր բարձրաստիճան հյուրերն ընթերցում են բազմաբովանդակ, բազմաբնույթ գրքեր` գիտական, մասնագիտական, գեղարվեստական։
-Ձեր համեստությունը թույլ չտվեց ասել, որ Տարոն Մարգարյանը Ձեզ պարգևատրել է Ոսկե մեդալով։ Ինչպե՞ս ընդունեցիք դա։
-Ես, իրոք, տեղյակ չէի։ Դա ինձ համար մեծ և հաճելի անակնկալ էր։ Հաճելի էր, որովհետև ուրախանում ես, երբ քո աշխատանքը նկատվում է, գնահատվում։ Ճիշտ է, առանց դրա էլ դու պարտավոր ես կատարել քո աշխատանքը. բայց երբ նկատվում ես, գնահատվում, ոգևորվում ես, ավելի պարտավորվում։ Ես իմ երախտագիտությունն եմ ուզում հայտնել պարոն Մարգարյանին, պարոն ՈՒլիխանյանին և բոլոր նրանց, ովքեր գնահատում են մեր աշխատանքը, սիրով այցելում են գրադարան և պետք եղած ժամանակ նաև օգնում։
-Վերջերս անցկացվեց գրքի փառատոն։ Ի՞նչ եք կարծում, ապագա ունե՞ն գրքերն ու գրադարանները։
-Եթե կան մանկապարտեզներ, դպրոցներ, կրթության այլ օջախներ, գրքերն ու գրադարաններն ապագա կունենան։ Հիմա ավելի շատ գրքեր են հրատարակվում։ Ճիշտ է, որակի մասին խոսելն ավելորդ է, բայց որ տպագրվում են, լավ է։ Արդեն ասացի, որ ինքներս էլ ենք գրքեր տպագրում։ ՈՒնենք նվիրատվության ֆոնդ։ Օգնում ենք Արցախի գրադարաններին, հարստացնում նրանց ֆոնդը։ Ճիշտ է, ժամանակակից գրողներին ու բանաստեղծներին դեռ քիչ են կարդում (մեզանում դեռևս առավելությունը տալիս են դասականներին), բայց մեր աշխատանքով նպաստում ենք նրանց ճանաչմանը, հատկապես շնորհանդեսների միջոցով, նոր գրքերի ձեռքբերումով։ Մեր ազգը ընթերցասեր ազգ է, մենք ունենք Մատենադարան։ Չմոռանանք դա։ Որ գրադարաններն ու գրքերը հայերիս կյանքում միշտ անպակաս կլինեն, մեծ ապագա կունենան, վկայում է նաև վերջերս անցկացված գրքի փառատոնը։
-Այսպիսի մի անակնկալ հարց։ Ինչպիսի՞ն է Նազենի Արզումանյան տնօրենն ու մարդը։
-Իրոք որ, Ձեր հարցով անակնկալի բերեցիք։ Ավելի լավ կլինի իմ մասին մյուսներն ասեն։ Բայց անկեղծորեն պետք է ասեմ, որ դժվար է համատեղել այս երկուսին` տնօրենին ու մարդուն։ Շատ անգամ մարդը խանգարում է տնօրենին։ Բայց ես աշխատում եմ հաշտեցնել այս երկուսին, և ինձ թվում է, որ ստացվում է։ Եթե դու մայր ես, կին, մի խոսքով` նորմալ մարդ ես, ինչպե՞ս կարող ես անտարբեր լինել քո աշխատակիցների ընտանեկան, անձնական խնդիրների նկատմամբ։ Տնօրենը միայն տնօրեն լինելու համար չէ։ Նրան պետք է և՛ հարգեն, և՛ սիրեն, իսկ դա մեծ մասամբ կախված է հենց իրենից։ Այսպիսի մի դեպք պատմեմ. աշակերտուհիներից մեկն այցելել է գրադարան և այնքան է սիրել գրադարանավարուհուն, որ ինքն էլ է դարձել գրադարանավարուհի։ Ես աշխատում եմ լինել և՛ տնօրեն, և՛ մարդ։ Սիրված ու գնահատված լինել իմ աշխատակիցների կողմից։
Ինձ թվում է` մեր փոխադարձ կապն ամուր է, այլապես այսքան աշխատանքներ չէինք կարող իրականացնել։ ՈՒզում եմ ավելացնել նաև, որ եթե ամեն մեկս կարողանա իր լուման ներդնել կրթության, մշակույթի, նաև այլ ոլորտներում, շատ օգնած կլինի մեր ժողովրդին, մեր հայրենիքին։ Ես ուրախ եմ, որ իմ կոլեկտիվի հետ կարողացել ենք ստեղծել այնպիսի մի օջախ, ուր բոլորը սիրով են մտնում և հարստացած հոգով դուրս գալիս։ Այս խոսքերը ոչ թե մենք ենք ասել, այլ ասել և ասում են այցելուները։


Հարցազրույցը վարեց
Ժասմեն ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 2831

Մեկնաբանություններ