Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հույժ կարևոր հայհոյանքներ ու համբույրներ

Հույժ կարևոր հայհոյանքներ ու համբույրներ
20.12.2017 | 23:58

ԱԺ-ն արտահերթ նիստով կատարում է կառավարության տարեվերջյան պետպատվերը` տրցակով օրինագծեր է ընդունում` նույնիսկ ծեծկռտուքն օգտագործելով իբրև օրենսդիրի անձնվեր գործունեության մաս։ Օրենսդրական լարմանը չեն դիմանում ԲՀԿ-ի նյարդերը` նախ Սերգեյ Բագրատյանը դահլիճում Վարդան Բոստանջյանին «պատիվ տվեց», հետո էլ Արթուր Մանուկյանն ու Սերգեյ Բագրատյանը միմյանց ծեծեցին, բայց ոչ Վարդան Բոստանջյանի, այլ Նապոլեոն Ազիզյանի պատճառով։ Նապոլեոն Ազիզյանը կողմ էր քվեարկել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագծին, որին խմբակցությունը դեմ էր։

Սերգեյ Բագրատյանը հայհոյեց Նապոլեոն Ազիզյանին, նրան պաշտպան կանգնեց նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդին՝ Արթուր Մանուկյանը: Ահա թե ինչու է շատ կարևոր, որ հայրերի փոխարեն խորհրդարանում լինեն նրանց զավակները` ավանդույթներ կան, հարցեր, հաշիվներ։ Հետո ՀՀԿ-ականները գրկել ու համբուրել են Նապոլեոնին, որ իր իբր «սխալ» քվեարկությամբ ՀՀԿ-ի ու կառավարության համար «փրկեց» Դատական օրենսգրքի ճակատագիրը, «պաչել ու ճամփու են դրել», փոխարենը Սերգեյ Բագրատյանն է «քաշվել»։ Մինչ Նապոլեոն Ազիզյանն իր համար հերոս-հերոս պտտվում էր` 63-րդ ձայնի իրավունքով, «Ելքն» ու «Ծառուկյան» դաշինքը լքեցին դահլիճը ի նշան բողոքի։ Իսկ հետո եկավ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը և սարկաստիկ ժպիտով իր զարմանքը հայտնեց 63-ի առնչությամբ` Դատական օրենսգիրքը բնավ էլ սահմանադրական օրենք չէր, 3/5 չէր պահանջում, 30 ձայնն էլ բավական էր։
Եվ ինչպե՞ս էր, որ իրենից բացի դա ոչ ոք չգիտեր։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ԱԺ նիստը չավարտված՝ «Ծառուկյան» դաշինքի պատգամավորները խմբով հեռացել են խորհրդարանից։ Իվետա Տոնոյանն ասել է, որ գնում են Ծառուկյանի հետ հանդիպման: Թեման հայտնի չէ։ Թեման պարզելու փոխարեն նախ պետք է պարզել, թե որտե՞ղ էր ու ինչու՞ ԱԺ նիստին չէր մասնակցում խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը։ Նրա ներկայությամբ խմբակցության պատգամավորները ոչ դահլիճում իրար կհայհոյեին, ոչ դահլիճից դուրս իրար կծեծեին։ Գուցե նաև հավաքվեին ու «Ելքի» առաջարկը քննարկեին` «Ելքի» նախագահի թեկնածու Արտակ Զեյնալյանի առաջադրումը սատարելու վերաբերյալ:
Թե՞ այդ պատճառով են հեռացել խորհրդարանից` ասելիք չունեն։

Դիտվել է՝ 3628

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ