ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Եվս մեկ միլիարդատեր նախագահ

Եվս մեկ միլիարդատեր նախագահ
21.12.2017 | 00:25

Լիբերալ Սեբաստիան Պինիերան վստահորեն հաղթել է Չիլիի նախագահական ընտրություններում: Նա արդեն պետությունը գլխավորել է 2010-2014-ին։ 68-ամյա միլիարդատեր պահպանողականին ընտրությունների երկրորդ փուլում դեկտեմբերի 17-ին ձայն տվեց ընտրության մասնակիցների 54,5 %-ը, որ արտացոլում է ընդհանուր աջ շրջադարձը Լատինական Ամերիկայում։ Նրա մրցակիցը իշխող ձախկենտրոնամետ կուսակցությունից Ալեխանդրո Գիլիերը ստացավ 45,5 % և երեկոյան արդեն ընդունեց իր պարտությունը։

«Մենք կոշտ պարտություն կրեցինք։ Բայց հենց պարտությունից ենք ամենաարժեքավոր դասերը ստանում։ Մենք պետք է հոգով հավաքվենք ու հանդես գանք բարեփոխումներով, որոնց հավատում ենք, հանուն հասարակության, որի համար աշխատել ենք: Մենք կստեղծենք կառուցողական հանրապետական ընդդիմություն մեր չիլիական ավանդույթներով։ Այս երեկո ես ուզում եմ շնորհավորել իմ մրցակից Սեբաստիան Պինիերային, հանրապետության նոր նախագահին, ես նրան արդեն զանգահարել եմ, որ շնորհավորեմ վստահ ու անվիճելի հաղթանակը։ Չիլիացիներն արել են իրենց ընտրությունը, որ մենք պետք է հարգենք, որից պետք է եզրակացություններ անենք։ Այս դժվար օրն ուզում եմ ասել, որ ես ու իմ ընտանիքը շարունակելու ենք աշխատել հանուն Չիլիի, որին հավատում ենք։ Մենք տանուլ տվեցինք ընտրությունները, բայց սա քաղաքական պարտություն չի դառնա, եթե կարողանանք մեր համոզմունքներն ու մեր ուժը օգտագործել ի բարօրություն Չիլիի»` ասել է Ալեխանդրո Գիլիերը։

2010-ին Սեբաստիան Պինիերան դարձավ առաջին աջ նախագահը Պինոչետի բռնապետությունից հետո։ Վերջին 4 տարիներին նախագահում էր սոցիալիստ Միշել Բաչելետը։ Օրենքով նա այլևս չէր կարող առաջադրել իր թեկնածությունը։ Նորընտիր նախագահը երկրի ամենահարուստ մարդկանցից մեկն է։ Իր կարողությունը նա կուտակել է 80-ականներից, հետո զբաղվել է ավիաբիզնեսով։ Պինիերան հեռուստաալիքի ու ֆուտբոլային թիմի տեր էր: Նա վաճառեց բիզնեսում իր բաժնեմասը 2010-ին, երբ հաղթեց նախագահական ընտրություններում։ Այս ընտրություններում Պինիերային աջակցեց ծայրահեղ աջերի թեկնածու Խոսե Անտոնիո Կաստը, որ իրեն անվանում է Աուգուստո Պինոչետի հետևորդ։ Սեբաստիան Պինիերայի եղբայր Խոսե Պինիերան Աուգուստո Պինոչետի օրոք աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար էր և կենսաթոշակային բարեփոխման հեղինակը։ Պինիերային ֆավորիտ էին համարում ընտրություններից մի քանի ամիս առաջ, սակայն առաջին փուլում նրա արդունքը անսպասելի համեստ էր։ Ընտրարշավի ժամանակ նա նյարդային ու անհետևողական էր։ Հետո սրբագրեց ծրագիրը ու խոստացավ անվճար բարձրագույն կրթություն, որին դեմ էր։
RFI


Հ.Գ. Պինիերան ընտրողներին իր կողմը տարավ առաջին հերթին տնտեսական ծրագրով, նրա հիմնական խոստումը նոր աշխատատեղերն էին։ Պինոչետի 17 տարվա բռնապետությունից ու նեոլիբերալ բարեփոխումներից հետո, 90-ականների սկզբից Չիլին քաղաքական կայունության ու տնտեսական աճի կղզյակ է Լատինական Ամերիկայում։ ՄԱԿ-ի հաշվարկներով` 4 տարի ՀՆԱ-ի 1,8 % աճը 2,8 %-ի կհասնի 2018-ին։ Միլիարդատեր Դոնալդ Թրամփն էլ աշխատատեղերի խոստումով հաղթեց ԱՄՆ-ում։ Գուցե միլիարդատեր նախագահների ակումբ բացելու ժամանա՞կն է։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ