Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Տարեվերջին ընդդիմությունը իշխանության «հախից» եկավ

Տարեվերջին ընդդիմությունը իշխանության «հախից» եկավ
21.12.2017 | 20:34

Խորհրդարանի տարեվերջյան արտահերթ նիստը վերածվեց մի քանի արարով ներկայացման: Եզրափակիչ արարում հանրապետականն էր` իր ողջ «հմայքով»: Բոլորին վերստին պարզ դարձավ, որ այս խորհրդարանի մակարդակը զիջում է նախորդ գումարման բոլոր ԱԺ-ներին: Իշխանությունն իր տեղում չէր, ընդդիմությունն էլ անհասկանալի քաոսում հայտնվեց: Նախ բոլորը խառնվեցին իրար անտեղյակության պատճառով, հետո պարզվեց, որ Նապոլեոն Ազիզյանի մատը պատահաբար է քվեարկել, ինչի պատճառով իրարանցում սկսվեց, բայց այդպես էլ քվեարկության պատկերը չփոխվեց: Այսինքն, նախագիծն անցավ «պատահականության» արդյունքում, հա, ինչ կա որ, մատ է, կպել է: Բայց հայտնի ֆիլմի հերոսը կասեր. «Էդ ոնց է, որ հանցանքը փոքր է, եթե պատահաբար մոլորված ոչխար է եկել, մոլորված եզ չի եկել, ուրեմն հանցանքը փո՞քր է»: Այսինքն, ի՞նչ է նշանակում արդարացումը, թե պատահաբար է քվեարկել, մատը «կպել է», իսկ այդ պատգամավորը գիտի՞, որ իր մատի մեկ հպումից մարդկային ճակատագրեր են որոշվում, օրենքներ ու որոշումներ են փոխվում: Ասել է` պատասխանատվության ոչ մի նշույլ չկա: Չնայած սա միայն այս պատգամավորի «հիվանդությունը» չէ, իշխանության բոլոր կոճակ սեղմող պատգամավորները մի վայրկյան իսկ երբևէ մտածու՞մ են, որ մատի մեկ հպումով մի ողջ ժողովրդի ճակատագիր են որոշում: Ոչ, քանի որ այդ քվեարկությունն ընդամենը կողմ ձայներն ապահովելու համար է, ոչ թե գիտակցված որոշման արտահայտություն:


Մատը հետո վերածվեց բռունցքների: «Ծառուկյան» խմբակցության անդամները խորհրդարանում հարցեր պարզեցին բռունցքների միջոցով, հետագայում, իհարկե, հերքեցին, բայց դրանից իրավիճակը չի փոխվում: Հո չէին ասի, հա, բա ի՞նչ, իրար կերել ենք: Փաստորեն, այդ մարդիկ չեն էլ հասկացել, որ խորհրդարանը բազմակարծության ամբիոն է, եթե անգամ իրենց կուսակիցը քվեարկել է ոչ այնպես, ինչպես իրենք են որոշել, դա հայհոյելու և իրար գզելու առիթ չէ, այն էլ խորհրդարանում: Թաղային ռազբորկաների վայր չէ խորհրդարանը, ոչ էլ հարցերը «ճշտով» լուծելու «բեսեդկա»: Լավ է, որ «Ծառուկյան» խմբակցությունը նիստի վերջին օրը սուսուփուս բոյկոտեց քվեարկությունները, թե չէ մեկի ձեռքն էլի պատահական կկպչեր կողքի կոճակին, իսկ մյուսն էլ դա կպարզաբաներ բռունցքների միջոցով:


Իսկ արտահերթ նիստի վերջին օրը կատարյալ խաղ ցուցադրեց դահլիճում մնացած միակ ընդդիմությունը` «Ելքը»: Օգտագործելով ԱԺ կանոնակարգ-օրենքը, ընդդիմադիրները տապալեցին խորհրդարանի աշխատանքը, կես ժամվա «կոճակ սեղմելու» գործը ձգելով հինգ ժամից ավելի: Իշխանության ներկայացուցիչները կատաղեցին, հայտարարեցին, թե այդ իրավունքից էլ նրանց կզրկեն, բայց ելքականները, իշխանության յուրաքանչյուր միտքն ու խոսքը սադրելով, արեցին իրենց գործը: Հետաքրքիր իրավիճակ էր ստեղծվել. մշտապես օրենքները դակող խորհրդարանի մեծամասնությունը կրակն էր ընկել ընդդիմության ձեռքը, ոչինչ չէր կարող անել, ոչ մի ելք չկար, քանի որ ամեն ինչ օրենքի շրջանակում էր: Ընդդիմադիրներն իրենց «մուռն» էին հանում այն բանի համար, որ իշխանությունը ցանկացած հարցում անտեսում է նրանց, ինչպես ուզում անցկացնում է օրենքները, բոլոր հարցերը հօգուտ իրեն է լուծում, իսկ ահա մի «սողանցք» էր գտել ընդդիմությունը և իշխանության «հախից» էր գալիս: Ողջ տարվա կուտակածը մեկ օրում թափեց իշխանության գլխին:


Խորհրդարանում արտառոց պատկեր էր, երբ ընդդիմությունն էր իր օրակարգը թելադրում իշխանությանը, վերջիններս էլ խելոք համակերպվել էին իրենց ճակատագրի հետ: Ոմանք էլ ճակատագրի այդ դառնությունը «խեղդում» էին խմիչքի մեջ: Մինչ ընդդիմադիրները հինգ րոպեն մեկ քսան րոպե ընդմիջում էին վերցնում, օլիգարխները դադարի ժամանակ հարբեցողությամբ էին զբաղվում ԱԺ-ում: Այդ մարդիկ, պարզվում է, խորհրդարանում այդ երկու գործն են լավ անում` հարբել և կոճակ սեղմել: Լավ է գոնե, որ խմիչքի ազդեցության տակ նրանց մատն էլ «դիմացի» կոճակին չի կպել: Թե չէ մի ներկայացում էլ դրա համար կբեմադրվեր:
Ամեն դեպքում տարեվերջյան խորհրդարանը հիշեցնում էր հայկական հեռուստաընկերությունների Ամանորի հումորային անհաջող հաղորդում, որը այդքան ծիծաղելի չէր լինի, եթե ամեն ինչ այդքան տխուր չլիներ:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 10058

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ