Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ո՞վ է ասում ընդդիմություն չունենք

Ո՞վ է ասում ընդդիմություն չունենք
22.12.2017 | 02:08

Պարզապես, մեր ընդդիմությունն էլ է ուրիշ: Շատ ուրիշ: Այն «զետեղված» է իշխանության մեջ, առավել ստույգ` ՀՀԿ-ում: Եվ սահմանադրական նոր փուլի անցման էտապում` վարչապետի, ԱԺ նախագահի, ՀՀ նախագահի «շուրջ» տեղի ունեցող ՀՀԿ-ական «ընդդիմադիր» պարադիգման միանշանակ հավաստում է` բացարձակ իշխանությունը, այո, բացարձակ է այլասերում, և որքան Սերժ Սարգսյանը ձգում է «անիմանալիության» պաուզան, այնքան ՀՀԿ-ում ապագա պաշտոնների համար պայքարը դառնում է է՛լ ավելի համառ ու անզիջում:
Սկսենք, սակայն, պետության գլխի համար «պայքարից», ուր չափորոշիչները փոքր-ինչ այլ են: ՀՀԿ-ում նախագահի թեկնածուների առնչությամբ նույնպես դեբատները բուռն են, դեբատավորներն այս դեպքում ևս լավ գիտեն` խորհուրդ` իրենց, կամք` Սերժ Սարգսյանի:

Եվ այնուհանդերձ, այս պայքարում խաղաքարտերն ամբողջովին բաց չեն. բանն այն է, որ իրական խաղացողները վերին «դո»-ի «տղերք», իրականում` լուրջ դիվանագետներ են, բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով ու խաղի բոլորովին այլ մոդերացիա են նախընտրում:
Գագիկ Հարությունյան. նա շատ վաղուց է պատրաստվում սրբազան այդ «արարողությանը», և այնպիսի մի հետաքրքիր ֆիլմ է նկարահանել («Այբբենարան բոլորի համար») իր խոհա-փիլիսոփայա-բանաստեղծա-անդրսահմանային ուղու մասին, որ քարերն իսկ կզարմանան` նրա արժանիության մասին աղաղակելով: Հիշենք նաև, որ հայաստանյան քաղաքական «դեպրեսիաների» ժամանակ Գագիկ Հարությունյանը կարողանում է դառնալ ուրույն ալքիմիկոս, «ժամանակներին» անհրաժեշտ ռեակցիաներ ստանալու համար: Սակայն նրան այսօր, իհարկե, մի քիչ «կխանգարեն» ԱԱԾ-ում «տեղակայված»` տեղակալ եղբայրը և էներգետիկայի նախարարությունում արևային էներգետիկա «ժայթքող» տեղակալ եղբորորդին, մանավանդ, եթե վարչապետ «դառնա» Կարեն Կարապետյանը (Կարապետյանն ու Հարությունյանը խնամիներ են), զի այդ դեպքում ժամանակակից եզրույթով ձևակերպած, կունենանք կարապետյանահարությունյանական «ցանց», սակայն այսօր մենք խնդրի այդ կողմը չենք քննարկում (ժամանակ կունենանք) ու անցնում ենք առաջ:


Էդվարդ Նալբանդյան. հիշենք` Աղվանիչը անձամբ եղել է Իսրայելի «մայրաքաղաք» Երուսաղեմում, անձամբ տեսել է Իշտոյանին, ներեցեք` Նեթանյահուին, որը, ճիշտ է, Ադրբեջանն ավելի է գերադասում, քան Հայոց ցեղասպանության ճանաչումը, բայց նման պահի նման տեղում հայտնվելը Մոսկվայում երկու հայտնի ԳՌՈՒ-ական «զարմիկներ» ունեցող Նալբանդյանի համար հենց այնպես չի կարող անցնել` ոչ միայն Ֆրանկոֆոնիայի համաշխարհային համաժողովի, այլև նախագահի մունդիրի զգեցման առումով, զի տեղյակ ենք` Էդվարդ Աղվանիչը շատ է ցանկանում զգենալ զայն: Չմոռանանք` արտաքուստ անհաղորդ Աղվանիչի ենթագիտակցական արեալները խիստ բաց ու զգայուն են անհրաժեշտ տրանսֆորմացիաների համար, ընդ որում` ֆրանկոֆոնիան, մեր տեղեկություններով, բերվել է Հայաստան` հատկապես Աղվանիչին նախագահ դարձնելու սրբազան արարողությանը ծառայելու դևիզով` «Նալբանդյան լինել լավ նախագահ»` «երազ իմ երկիր, հայրենիի» համար:


Եվ վերջապես, Արկադի Ղուկասյան. «գորշ կարդինա՞լ» Է նա: Ինչ-որ առումով` այո: Առավել ստույգ` բուֆերային գոտի է, դիդակտիկ հետաքրքիր «պաշար», Քոչարյան-Սարգսյան «փուլերի» անցման պատմական հզոր «նյութ», Սամվել Բաբայանի էքստրեմիզմի առաջին կենդանի վկա և այդպես շարունակ, որը, առաջին հայացքից, Բրոդսկու ասած` «не мятежная душа», բայց և` «օ՜հ, հատակն են յուր փրփուրներ». զի նա ևս դեմ չէ նախագահ դառնալուն, մանավանդ որ, համբերատար, իշխանությունների կողքին կանգնած, երիտթոշակառուի մունդիրի մեջ ոչ մի կերպ չմտած իր տեսակն այս անգամ գոնե պետք է նաև իր վարձքն առնի: Այո, ըստ տեղեկության, նա ևս դեմ չէ նախագահ դառնալուն, չնայած, ոմանց հավաստմամբ, նրան առաջարկվել է ԱԱԽ քարտուղարի պաշտոնը (հիշենք` նոր Սահմանադրությամբ Ազգային անվտանգության խորհուրդը խիստ առանցքային նշանակության կառույց է), բայց վերջինս մերժել է:

Մենք այսօր նաև այս բաղադրիչներին չենք անդրադառնա:
Ամբողջացնելով վերոշարադրյալները, փաստենք` նախագահի պաշտոնի «հավակնորդներն» ու նրանց կողմնակիցները բավականին էլեգանտ պայքար են մղում, թույլ տանք մեզ ասել` անգամ գաղափարական-փակ «փիար», և ինտրիգները գրեթե բացակայում են (մամուլում, այլուր, ամենուր), ինչն ահավոր ակնառու է վարչապետի, ԱԺ նախագահի` իշխանական-ՀՀԿ-ական «պայքարի» մատրիցայում, որին կանդրադառնանք հաջորդիվ:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 5527

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ