Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պատմության միջակայքում

Պատմության միջակայքում
22.12.2017 | 02:13

Գուցե սխալվում եմ, բայց ինձ թվում է` պատմությունը նյութի ապրիորի վիճակ է ինքնակա գոյությամբ և ենթակա մշտական փորձարկումների։ Բոլորն ու յուրաքանչյուրն իրավազոր են կարծում իրենց` պատմությունից վերցնել անհրաժեշտը, մնացածը մատնել մոռացության կամ ժխտել։ Պատմությունը շահագործում են իրենց հայեցողությամբ` փաստարկների ու հակափաստարկների համաժամանակյա շտեմարան դարձնելով: Դա քաղաքականության «մենաշնորհը» չէ, բոլորս ենք այդպես վարվում մեր անձնական կյանքում։ Իսկ պատմությունն ապրում է իր կյանքով, մենք տեղավորվում ենք պատմության մեջ` կա՞րճ, թե՞ երկար ժամանակով, ոչ ոք չգիտի։ Տերն ու տնօրենը պատմությունն է, որ իր օրենքներն ունի` գլխավորի ու երկրորդականի իր չափանիշները, կարևորի ու անկարևորի իր դարակները, սիրո ու սիրո չգոյության իր գաղտնիքները։ Ստացվում է իրական ու ինքնակա կյանքի երկու չափում, եթե խորանանք` երրորդն էլ կա, չորրորդն էլ ու հավերժությունն էլ ձեզ ընծա։ Երբ ինչ-որ պատկեր եք տեսնում, որ չի եղել ձեր կյանքում, ձեզ այցելում է ձեր տոհմի անցյալը կամ ապագան։ Ի՞նչ պատմություն ենք այսօր ստեղծում` գիտակցելով, թե ինքնաբերաբար, ազգովին, թե մենակ` դասավորվելու է անհայտ դարակներում, և ոչ ոք չգիտի` երբ և ում համար է բացվելու։ Ոչինչ չի կորչում` նյութի գոյության ու փոխակերպումների օրենքով։
Դեկտեմբերի 19-ին նախագահ Դոնալդ Թրամփը ներկայացրեց ԱՄՆ-ի ազգային անվտանգության նոր հայեցակարգը։ Քաղաքականությունը դնենք մի կողմ, նրա երկար ելույթը թարգմանելու գայթակղությանը չտրվելով` խիստ կամայական ու կողմնակալ` ուզում եմ մի քանի հատվածներ միայն առանձնացնել։

Չգիտեմ ինչու` ի սկզբանե կարդացել եմ` ԱՄՆ-ի փոխարեն Հայաստան «տեղադրելով»: ԱՄՆ-ն ու Հայաստանը համեմատելը, մեղմ ասած, անհիմն է, բայց դուք չէի՞ք ցանկանա, որ ձեր նախագահը ձեզ ասեր. «Մենք հավաքվել ենք այստեղ, որ բոլորիս համար կենսականորեն կարևոր հարցեր քննարկենք։ Խոսքը ԱՄՆ-ի (դուք պատկերացրեք` Հայաստանի) անվտանգության, բարեկեցության ու աշխարհում ունեցած դերի մասին է։ Ես ուզում եմ այստեղ ու հիմա ասել` որտե՞ղ էինք մենք, ու՞ր ենք եկել ու, ի վերջո, ու՞ր ենք շարժվելու առաջիկա տարիներին»։ Ընդունեք, որ ինքներդ էլ ուզում եք ունենալ 3 հավերժական հարցերի պատասխանները, որ վերաբերում են բոլորիդ ու յուրաքանչյուրիդ անվտանգությանը, բարեկեցությանն ու կյանքի որակին։ Առավել ևս կարևոր ու հաճելի կլիներ լսել. «Մեր պատմության ամբողջ ընթացքում Ամերիկայի (կարդացեք` հայ) ժողովուրդն անփոփոխ եղել է ու կա ԱՄՆ-ի (այսինքն` Հայաստանի) մեծության իրական աղբյուրը։ Մեր ժողովուրդը զարգացնում է մեր մշակույթը ու պաշտպանում մեր արժեքները»: «Մեր ժողովրդի շնորհիվ Ամերիկան (ինչ-որ ժամանակ` գուցե նաև Հայաստանը) խաղաղության ու արդարության մեծագույն ուժերից մեկն է մարդկության պատմության մեջ: Ամերիկյան ժողովուրդը (ինչպես մենք) շռայլ է ու մեծահոգի, նպատակամղված, վճռական, խիզախ, ուժեղ ու իմաստուն։ Երբ խոսում է ԱՄՆ-ի (պատկերացրեք` Հայաստանի) ժողովուրդը, մենք բոլորս պիտի նրան լսենք»։

Որևէ մեկը ձեզ ասե՞լ է դա։ Հազիվ թե։ Դա նշանակում է հաշվի առնել ժողովրդի (հավաքականության մեջ յուրաքանչյուրիդ) տեսակետը։ Դուք ունե՞ք այդ տեսակետը, պատրա՞ստ եք արտահայտել ու պաշտպանել։ Հազիվ թե, այլապես ձեզ էլ լսելու անհրաժեշտություն կծագեր։ Եվ մի օր դուք էլ կլսեիք. «Մեկ տարի առաջ դուք բարձր ու շատ պարզ արտահայտեցիք ձեր տեսակետը։ 2016-ի նոյեմբերի 8-ին դուք քվեարկեցիք, որ Ամերիկան նորից մեծագույնը դառնա։ Դուք աջակցեցիք նոր ղեկավարությանն ու նոր մարտավարությանը, փառավոր ու նոր հույսերին։ Այդ պատճառով ենք մենք այսօր այստեղ։ Բայց ապագայի հնարավորություններն օգտագործելու համար մենք պետք է հասկանանք անցյալի անհաջողությունների ու ձախողումների պատճառները։ Երկար տարիներ մեր քաղաքացիները (ցավոք` նաև Հայաստանի) հետևել են` ինչպես Վաշինգտոնի (ձեր դեպքում` Երևանի) քաղաքական գործիչները չեն արդարացրել իրենց ակնկալիքները։ Մեր ղեկավարները, որ մոռացել են ում ձայնը պետք է լսեն և ում շահերը պետք է պաշտպանեն, կնքում էին աղետալից առևտրական համաձայնագրեր, որ վիթխարի շահույթներ էին բերում օտարերկրյա պետություններին, բայց ամերիկյան հազարավոր գործարաններ ու ամերիկյան աշխատատեղերը այլ երկրներ էին տեղափոխվում։

Մեր ղեկավարները զբաղված էին պետական շինարարությամբ արտասահմանում` մոռանալով ամրապնդել ու զարգացնել սեփական երկիրը»։ Ասե՞մ, որ Հայաստանի դեպքում դա նշանակել է «աշխատուժի ազատ տեղաշարժ», այսինքն` արտագաղթ, որ ոչ միայն աղետալի ժողովրդագրական վիճակ է ստեղծել, քաղաքականություն, որ կառուցվել է տրանսֆերտների վրա` գործարաններ կառուցելու ու աշխատատեղեր ստեղծելու փոխարեն սեփական երկրում` այլ երկրների շնորհելով շահույթի ու զարգացման հնարավորությունը։ Հավելեք` «Մեր ղեկավարները հեռացել են ամերիկյան սկզբունքներից։ Նրանք կորցրել են ԱՄՆ-ի նշանակությունը ու հավատը ԱՄՆ-ի մեծությանը։ Ի հետևանս` տանուլ են տվել և մեր քաղաքացիները։ Ժողովուրդը կորցրել է հավատը պետության ու կառավարության նկատմամբ, ժամանակի մեջ` նույնիսկ ապագայի»։ Կասեք` ի՞նչ տարբերություն ԱՄՆ-ի ու Հայաստանի միջև։ Չնչին` սկզբունքների։ Նրանք ունեն, մենք` ոչ։ Նրանք ուզում են իրավիճակ փոխել, մենք սպասում ենք` իրավիճակը փոխվի։ «Պաշտոնակալությունից հետո ես հայտարարեցի, որ ԱՄՆ-ը վերադառնում է շատ պարզ սկզբունքի` մեր պետության գլխավոր ու առաջնահերթ խնդիրը քաղաքացիներին ծառայելն է, նրանցից շատերը մոռացության էին մատնվել։ Մենք նրանց հիշել ենք։ Յուրաքանչյուր նոր որոշումով, յուրաքանչյուր քայլով մենք իրականացնում ենք «նախ և առաջ Ամերիկան» սկզբունքը։ Մենք վերականգնում ենք մեր երկիրը, մեր վստահությունը, աշխարհում մեր դիրքը։ Մենք օպերատիվ լուծում ենք ծագող խնդիրները, դեմ առ դեմ ենք պայքարում մարտահրավերների հետ»։ «Մենք լուծում ենք խնդիրները, որովհետև ընտրություն չունենք»` կցանկանայի՞ք այս սկզբունքով երբևէ ՀՀ նախագահն ասեր. «Ընտրություններից հետո մենք ստեղծել ենք 2 միլիոն նոր աշխատատեղ (ասենք` 2040-ին, երբ Հայաստանն ունենալու է 4 միլիոն բնակիչ)։ Գործազրկության այսքան ցածր մակարդակ 17 տարի չի եղել»։ Չէի՞ք ուզի, որ ձեր նախագահը տեղեկացներ. «Օրերս պատմական որոշում ենք ընդունելու ընտանիքների ու ընկերությունների հարկերի կրճատումների մասին»։ Կցանկանայի՞ք ձեր երկրի մասին իմանալ. «Երկրում մեծանում է լավատեսությունը, վերադառնում են վստահությունն ու հավատը: Օգտագործելով վստահությունը` մենք վերադարձնում ենք մտածողության հստակությունը»:

Պե՞տք է ձեզ էլ հիշեցնել. «Պետությունն առանց սահմանների պետություն չէ։ Երկիրը, որ չի պաշտպանում բարեկեցությունն իր տանը, չի կարող պաշտպանել իր շահերը դրսում։ Երկիրը, որ պատրաստ չէ հաղթել պատերազմում, չի կարող պատերազմը կանխել։ Երկիրը, որ չի հպարտանում իր պատմությամբ, չի կարող վստահ լինել իր ապագային։ Երկիրը, որ վստահ չէ իր արժեքներին, չի կարող կամքը բռի մեջ հավաքել` այդ արժեքները պաշտպանելու համար»։ Պատրա՞ստ եք ընդունել. «Ցանկացած ազգ, որ հրաժարվում է իր բարեկեցությունից հանուն անվտանգության, արդյունքում երկուսն էլ կորցնում է»։
Ի՞նչ սպասումներ կային Միլենիումից առաջ` 21-րդ դարը մարդկության պատմության նոր ու նախորդներից իր հումանիստական արժեքներով ու տեխնոլոգիաներով տարբերվող 100-ամյակ պիտի դառնար` երջանկության ու հրաշքի։ 17 տարվա մեջ զարգացան միայն տեխնոլոգիաները, նույնը մնացին քաղտեխնոլոգիաները։ Քաղաքականությունը չի թոթափել անցյալ դարերի ժանգը և գործում է նույն մեթոդներով, որ գրեթե հուսահատեցնող է` նույն մտածողությամբ։ Համաշխարհային պատերազմները վերածվել են հիբրիդային պատերազմների, որոնց տասնյակ առանձնահատկություններից մեկն էլ «Բոլորը բոլորի դեմ» սկզբունքն է: Կարևոր չեն սահմաններն ու տարածքները։ Կարևոր է արդյունքը։

Քաղաքականությունը իր ժանգոտ զինանոցից 21-րդ դար բերեց պատժամիջոցները, որ վաղուց արդեն նոնսենս պետք է լինեին քաղաքակրթության մակարդակի համար։ Ընդհանրապես պետությունների համակեցության մեջ վայրենություն է, երբ մեկ պետություն կամ պետությունների ինչ-որ միություն (ՄԱԿ-ը, ԵՄ-ն) տնտեսական պատժամիջոցներ են սահմանում որևէ այլ պետության նկատմամբ` պետությունը միայն իշխանությունը չէ, նախ և առաջ ժողովուրդն է, ո՞վ կամ ովքե՞ր իրավունք ունեն պատժել ժողովրդին` զրկելով նորմալ ապրելու ու կյանքի որակ բարելավելու իրավունքից։ Նույն շրջագծում են շրջափակումներն ու փակ սահմանները` դա վերադարձ է բարբարոսության ժամանակներին, երբ վայրենիներն իրար առաջ ուժի սահման էին գծում` իրենց որսը պահպանելու համար։ Քաղաքականապես մենք բոլորս` այս սքանչելի մոլորակի վրա դոփում ենք տեղում` «ՈՒժն է ծնում իրավունք» կասկածելի դոգմայի տիրապետության տակ։ Կրկնում եմ` մեջբերումները կամայական են ու առանց քաղաքական գերակայությունների` դա Դոնալդ Թրամփի ու ԱՄՆ-ի խնդիրն է, երկիր, որ 2016-ին իր ընտրությունն անվանեց «տխմարի ու ծաղրածուի» ընտրություն, համենայն դեպս` 50 տոկոսով և այսօր էլ հիացած չէ իր ընտրությամբ։ Դոնալդ Թրամփը 1 տարում հազիվ թե փոխել է համերկրացիների ու աշխարհի վերաբերմունքը իր նկատմամբ` նրա անկանխատեսելի քայլերն ու հայտարարությունները առաջին հերթին անակնկալի են բերում իր թիմին: Իր նշանակած պետքարտուղարն իրեն «հիմար» է անվանում։ Պաշտոնակալության առաջին օրից սկսվեցին սկանդալներն ու հետաքննությունները, մշտական պաշտոնանկությունները աշխատակազմում ու ռեկորդային թվով քրեական գործերը, որ հարուցվել են ԱՄՆ-ում` նախագահի հրամանագրերի դեմ։ Շոումեն ու միլիարդատեր նախկինում, ներկայում` նախագահ։ Աշխարհի քաղաքական էլիտան պատճառ չունի նրան համակրելու: Բացի մեկից` նա ԱՄՆ-ի նախագահն է։ Արկածախնդիր ու ապա «քաղաքական», բայց` ինքնատիպ ու գործող նախագահը, որ գիտի` ինչ է պետք մարդուն ու ինչ է պետք պետությանը, որ գտնեն ու հասկանան միմյանց։ «Նախ և առաջ Ամերիկան», մնացած աշխարհը կարող է ընդունել կամ չընդունել խաղի կանոնները, որոնց մնացել է 3, գուցե 3+4 տարի` ո՞վ գիտի` ընտրողն ինչպես կվերաբերվի իր «ծաղրածուին ու տխմարին» 2020-ին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ԱՄՆ-ի հիմնական մրցակիցներ Թրամփն անվանեց Ռուսաստանին ու Չինաստանին, նրանց արձագանքը չուշացավ: «Անշուշտ, մենք չենք կարող համաձայնել պնդումներին, թե Ռուսաստանը սպառնալիք է ԱՄՆ-ի անվտանգությանը: Ակնհայտ է փաստաթղթի կայսերական բնույթը, Վաշինգտոնը մտադիր չէ հրաժարվել միաբևեռ աշխարհից, ԱՄՆ-ը հաստատակամորեն չի ուզում ընդունել բազմաբևեռ աշխարհի գաղափարը»` ասաց ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Չինաստանի ԱԳՆ խոսնակ Հուա Չյունինգը ասաց. «Չինաստանի ու ԱՄՆ-ի համագործակցությունը միակ ճիշտ ընտրությունն է, որը կարող է տանել ավելի լավ ապագայի: Երկու տերությունները կարող են տարաձայնություններ ունենալ, սակայն նրանք պետք է կառուցողական քայլեր ձեռնարկեն ու համարժեք արձագանքեն դրանց՝ հարգելով միմյանց շահերն ու հիմնական մտահոգությունները: Մենք կոչ ենք անում ԱՄՆ-ին չաղավաղել Չինաստանի ռազմավարական նպատակները և հրաժարվել սառը պատերազմի հնացած գաղափարներից: Հակառակ դեպքում ԱՄՆ-ը կվնասի ինքն իրեն ու աշխարհի մյուս պետություններին»։ Ազգային անվտանգության հայեցակարգը փաստաթուղթ է, հազարավոր փակ ու բաց էջեր են գրվում պետություններում, ժամկետից հետո հանձնվում պետական արխիվ` 30, 50, 100 տարի անց հրապարակվելու իրավունքով։ Գլխավորը` պետություն-քաղաքացի հարաբերություններն են և վերաբերմունքը միմյանց նկատմամբ։ Կհավատա՞ն մեկ տարի առաջ Թրամփի խրտվիլակներն ու լուսանկարները այրող ամերիկացիները նրա խոսքին, չե՞ն հավատա։ Իրենց ընտրությունն է, բայց կա հետագիծ աշխարհում, որտեղ ոչինչ չի կորչում` նյութի գոյության ու փոխակերպումների օրենքով։ ՈՒրեմն` ի՞նչ է աշխարհն իր համար վերարտադրում` խաղաղությու՞ն, թե՞ պատերազմ։ Որևէ ղեկավար այդ հարցն իրեն չի առաջադրում։ Մինչդեռ սկիզբը դա պիտի լիներ, բոլորը խուսափում են պատմության տետ ա տետից։ Այսպես էլ ապրում ենք։

Դիտվել է՝ 3705

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ