Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Վոժդիզմը վտանգավոր կատեգորիա է և ցույց է տալիս, որ քաղաքական կուսակցությունում քաղաքական գործընթաց չկա»

«Վոժդիզմը վտանգավոր կատեգորիա է և ցույց է տալիս, որ քաղաքական կուսակցությունում քաղաքական գործընթաց չկա»
22.12.2017 | 10:36

«Իրատեսի» զրուցակիցն է քաղաքական վերլուծաբան և քաղտեխնոլոգ ՎԻԳԵՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով` մենք հիմա ի՞նչն ենք ամփոփում` 2017-ի քաղաքական տարի՞ն, ՀՀ նախագահի 10-ամյա՞կը, թե՞ ՀՀ 3 նախագահների պաշտոնավարումը, որովհետև այլևս չենք ունենալու համաժողովրդական ընտրված ու պետության ղեկավար նախագահ։ Դարաշրջա՞ն ենք փակում, թե՞ ընթացիկ քաղաքական անցուդարձ։
-Եթե գնահատում ենք Հայաստանի քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական իրավիճակը, ուրեմն` 3 նախագահների գործունեության արդյունքը, որովհետև երեքն էլ իրենց լավ կամ վատ ներդրումն ունեն, և մեկը մյուսի օրգանական շարունակությունն է եղել այս կամ այն չափով: Այնպես չէ, որ նույն օլիգարխիկ համակարգի հիմքերը Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք չեն դրվել, զգալիորեն ամրագրել է Ռոբերտ Քոչարյանը և զարգացրել Սերժ Սարգսյանը։ Մյուս կողմից` ամփոփում ենք 3-րդ նախագահի 10-ամյակը և շատ որոշակիորեն դարաշրջան ենք փակում, իսկ ի՞նչ դարաշրջան կբացենք` ցույց կտա ժամանակը։
-Կարո՞ղ եք 3 հիմնարար քայլ նշել, որ միշտ կապվելու են Սերժ Սարգսյանի անվան հետ։
-Կարծում եմ` առաջինը ԵԱՏՄ-ն է, երկրորդը` ԵՄ-ն, երրորդը` Սահմանադրության փոփոխությունը, հետևաբար` պետական կառավարման համակարգի փոփոխությունը։ Այս 3 նախագծերը կարող են երկարաժամկետ լինել, սա լավ է թե վատ, այլ խնդիր է։ Եթե չորրորդն էլ հարցնեիք, կասեի` հիմնականում պահպանվեց ստատուս քվոն Ղարաբաղում։
-2022-ից հետո Ձեր նշած 3 նախագծերը կմնա՞ն անշրջելի։
-Այսօրվա շատ արագ փոփոխվող աշխարհում ոչինչ անփոփոխ չէ` տեսեք ինչ արագությամբ են դաշինքներ ստեղծվում ու քանդվում աշխարհում։ Այնուամենայնիվ, կարծում եմ` մինչև 2022-ը այս նախագծերը թերևս կգործեն։ Նախ և առաջ այն պատճառով, որ հեղինակներն ակտիվ քաղաքականության մեջ լինելու են: ԵԱՏՄ-ն Պուտինն է, ու ես չեմ կարծում, որ որևէ մեկը կասկածում է 2018-ին նրա ընտրությանը։ ԵՄ-ն, չնայած բարդագույն խնդիրներին, դեռևս կենսունակ է։ Սերժ Սարգսյանը, վստահ եմ, որ քաղաքականության մեջ կմնա, չեմ կարող հստակ ասել` ո՞ր պաշտոնում, բայց առնվազն` ՀՀԿ նախագահ: Հաշվի առնելով, որ Սահմանադրության համաձայն իշխող կուսակցության ձեռքում են պետական կառավարման բոլոր լծակները, անվերջ վարիացիաներ կան, թե Սերժ Սարգսյանը որ պաշտոնում կլինի։ Հայաստանը այնպիսի երկիր է, որ ֆորսմաժորային իրավիճակներ միշտ էլ հնարավոր է ստեղծել, եթե արտաքին քաղաքական ուժերը ցանկանան։ Մեր տնտեսական, ֆինանսական և քաղաքական իմունիտետը ցածր է դիմադրողականության համար։
-Քառորդ դարում ինչու՞ է մեր դիմադրողականությունը այդքան ցածր` խնդիր չի՞ դրվել։
-Մինչև 2016-ը Սերժ Սարգսյանն էլ խնդիր չէր դնում, կարծես, 2016-ի փետրվարին միայն նրա ծրագրային ելույթում փոփոխությունների խնդիր դրվեց` առաջիկա մարտահրավերներից պաշտպանված լինելու համար: Երբ շատերն ասում են, որ կառավարության փոփոխությունը, ռեբրենդինգի փորձերը պայմանավորված են ապրիլյան պատերազմով և հուլիսյան դեպքերով, ես ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2016-ի փետրվարին են այդ խնդիրները դրվել և ասվել է` փոփոխություններ պիտի անենք շատ չշտապելով, այդ իրադարձություններից հետո ընկալվեց, որ փոփոխություններ են պետք և` շատ շտապելով։ Մնում է կռահել` 2016-ի փետրվարյան թեզերը հենց Սերժ Սարգսյանի՞ նախաձեռնությունն էին, թե՞ նրան նաև դրսերից էին հուշել:
-Ցանկացած երկրում, երբ ամբողջ իշխանությունը կուտակված է մեկ կուսակցության ձեռքում, կարճ ժամանակից կամ լճացում է սկսվում, կամ կուսակցության ներսում են սկսում խմբավորումներ առաջանալ։ Չե՞ք կարծում, որ իր իշխանությունն ավելի ապահով ու լեգիտիմ դարձնելու համար ՀՀԿ-ն պետք է որոշ լծակներ տա այլ ուժերի։
-ՀՀԿ-ում, չեմ կարծում, որ նման զգացողություն կա: Ի՞նչ է մտածում իրավիճակին ավելի լավ ծանոթ Սերժ Սարգսյանը և ի՞նչ են մտածում ՀՀԿ-ականները, կարծում եմ, տարբեր իրողություններ են։
-Իսկ ՀՀԿ-ականները Սերժ Սարգսյանից դուրս մտածու՞մ են։
-ՀՀԿ-ում ուզում են շարունակել` ինչպես կա, չնչին փոփոխություններով, որ փոփոխությունների մասին ասելիք լինի, դժգոհությունն էլ բախումների չհասնի: Սերժ Սարգսյանը 2016-ից սկսած փորձում է կուսակցությունում ինչ-որ փոփոխություններ անել` անգամ որոշ հենասյուներ փոխել: ԱԺ ընտրություններում ՀՀԿ-ի ընտրացուցակը դրա վկայությունն էր` օդիոզ ֆիգուրներից ազատվել կամ հետ մղելու փորձը ակնհայտ էր, նա ուզում է սեփական ռեսուրսներով անել փոփոխությունները։ Գուցե առայժմ ավելի շատ կոսմետիկի են նման այդ փոփոխությունները:
-Կա՞ն ռեսուրսներ։ ՀՀԿ-ի երիտասարդ կադրեր համարվողները վաղուց արդեն հրաժեշտ են տվել երիտասարդությանը` տարիքի ու մտածողության առումով։
-Ես արդեն դժվարանում եմ գնահատել, թե որքանով են նրանք ավելի լավ փորձառուներից, որ թոշակի են ուղարկվում։ Ես միշտ վտանգավոր եմ համարում, որ կուսակցությունից ինչ-որ մեկը հայտարարում է, որ Սերժ Սարգսյանը ոնց որոշի` այնպես էլ կլինի։ Վոժդիզմը վտանգավոր կատեգորիա է և ցույց է տալիս, որ քաղաքական կուսակցությունում քաղաքական գործընթաց չկա։
-Չե՞ք կարծում, որ ՀՀԿ-ում դա ոչ թե վոժդիզմ, այլ հավատարմության ու նվիրումի դրսևորում է, որ բարձր էլ գնահատվում է։
-Ես ուզում եմ սպասել մինչև 2018-ի ապրիլ ու հետո ասել` գնահատվու՞մ է, թե՞ չի գնահատվում։ Կան գործիչներ, որ նման հայտարարություններ անելն իրենց պարտքն են համարում, բայց ինձ թվում է, որ Սերժ Սարգսյանը, օրինակ, այնքան էլ չէր ցանկանա Գալուստ Սահակյանից լսել իր անփոխարինելի ու միակ լինելու մասին, որովհետև հասարակության մեջ դա հակագովազդ է ընկալվում։ Կարեն Կարապետյանի անհամեմատ բարձր վարկանիշը ոչ միայն պայմանավորված էր նրա անձնական խարիզմայով ու արժանիքներով, այլև այն իրողությամբ, թե ում է հասարակությունը նրան մրցակից դիտարկում։ Ընդդիմադիր դաշտը, ընտրությունների արդյունքներից ելնելով, վարչապետի թեկնածու կարող է առաջադրել, բայց սեփական վարչապետի շանսեր չունի, իշխանական դաշտից հնչող անունները ստիպում են մտածել, որ համեմատության մեջ` գործող վարչապետը դեռ լավատեսություն է ներշնչում։ ՀՀԿ-ում կատարվողը նորություն չէ։ Հետխորհրդային տարածքում իշխող կուսակցություններում միշտ խմբակային պայքար կա` տնտեսական, ֆինանսական լծակների համար, բոլորն ունեն իրենց կոնկրետ շահերը, և ամեն մեկը ցանկանում է մեծացնել սեփական բաժնեմասը իշխանության մեջ: Այդպես է Ռուսաստանում, ՈՒկրաինայում, այլ երկրներում` իշխանական մեծ կուսակցություններում միշտ կա շահերի բախում` ռեսուրսները բաժանելիս։ Որոշ դեպքերում կուսակցություններում այդ վտանգը գիտակցվում է` մրցակից չունենալը խանգարում է կոնսոլիդացիային։ Որպեսզի թիմը աշխատի, խթան է պետք։
-Ժողովրդավարության տեսակետից` ինչպե՞ս եք գնահատում փաստը, որ Լեռնային Ղարաբաղում Սահմանադրության փոփոխությունից հետո Բակո Սահակյանը մնում է նախագահ, Հայաստանն էլ գնում է այդ ճանապարհով: Դա կայունությու՞ն է, թե՞ նահանջ, երբ հայտարարում ենք, որ համաեվրոպական արժեքներ ենք դավանում ու գնում ենք ասիական պետությունների ճանապարհով, որտեղ առաջին դեմքը իշխանությունից հեռանում է կյանքից հեռանալով։
-Ժողովրդավարական չափանիշներով լավ էլ երկրներ կան, որտեղ կանցլերը կարող է չորրորդ անգամ ընտրվել, ինչպես Գերմանիայում, ԱՄՆ-ում էլ Ռուզվելտի մասին չեմ ասում։ Ղարաբաղում իրավիճակը ուրիշ է: Նրանք անընդհատ ժողովրդավարությունը կարևոր արժեք են հայտարարում, ու ընտրությունները վկայում են, որ այդպես է, բայց կա, այնուամենայնիվ, ավելի բարձր արժեք` անվտանգությունը։ Ղարաբաղում, կարծում եմ, ամենաճիշտ մոդելն է ընտրված` պայքարող, կռվող պետությանը պետք է նախագահական ուժեղ կառավարում։ «Ազգ-բանակն» այնտեղ փաստացի իրագործվում է վաղուց: Ապրիլյան պատերազմից հետո իրենք էլ հստակ հասկացան, որ խորհրդարանական մոդելի պարագայում որոշ հանգամանքներ կառավարման լուրջ խնդիրներ կարող էին ստեղծել պատերազմի ժամանակ: Բակո Սահակյանը, կարծում եմ, այն գործիչն է այսօրվա Ղարաբաղում, ում պարագայում ավելի կարևոր է տեսությունն անտեսել: Առավել ևս, որ Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ տառը խստորեն պահպանվում է:
Մենք միշտ պետք է հասկանանք` ո՞րն է գերակայությունը։ Անվտանգությու՞նը, թե՞ ձևական խաղեր տալը, ինչ-որ մեկին դուր գալու համար։ Ես կարծում եմ` առաջինը։ Ղարաբաղում «թիթեռ նկարելու» ժամանակ չունեն` զգալով կոնկրետ վտանգը, և անում են շատ ճիշտ քայլեր։
-Հայաստանում թիթեռ նկարելու ժամանակ կա՞։
-Այսինքն՝ Դուք միանշանա՞կ եք համարում, որ վարչապետը հենց Սերժ Սարգսյանն է լինելու։
-Դատելով կատարվող քայլերից` այո: Հակափաստարկը միայն իր խոսքերն են, որ ոչ նախագահ, ոչ վարչապետ չի դառնա։
-Սահմանադրությունը թույլ է տալիս, խորհրդարանական մեծամասնությունը ՀՀԿ-ինն է, և դա թույլ է տալիս ոչ միայն վարչապետի, այլև նախագահի պաշտոնին հավակնել։ Փաստ է, որ նրա որևէ որոշում լեգիտիմ է լինելու` իրավական տեսակետից։ Չեմ կարծում, որ ԵՄ-ի հետ սկսված մեղրամսի պարագայում Արևմուտքում էլ որևէ մեկը կասկածի տակ դնի Սերժ Սարգսյանի կամայական որոշումը, այլ խնդիր է` ինչպե՞ս է ընկալվելու երկրի ներսում։ Որպեսզի երկրի ներսում որևէ կերպ ընկալվի, կար մեկ մեխանիզմ` ընտրությունները։ Դու այդ կուսակցությանը ձայն չէիր տալիս, ու իշխանությունը փոխվում էր, գոնե դրա համար քաղաքական և իրավական հիմքեր էին դրվում։ Բայց ժողովրդի զգալի մասը փողը վերցրել ու ձայնը տվել է ՀՀԿ-ին և հիմա ոչինչ չունի ասելու։ Իրավական ու քաղաքական տեսակետից` ինչ որոշում էլ Սերժ Սարգսյանն ընդունի, լեգիտիմ է լինելու, բայց դա փաստ չէ, որ նա վարչապետ կլինի։ Սովորաբար ելակետ է ընդունվում, որ Սերժ Սարգսյանը չէր փոխի սահմանադրությունը, եթե չուզենար իշխանությունը պահել։ Սա որպես աքսիոմ է ընդունվում` մենք բացառում ենք, որ նա կարող է Իվանիշվիլու պես թայմ աուտ վերցնել` ցանկացած պահի վերադառնալու հեռանկարով։
-Այս պահին Իվանիշվիլին չունի Աբխազիայի ու Օսիայի հարցով բանակցելու խնդիր, մենք ունենք Ղարաբաղի հարցով շարունակվող բանակցություններ։
-Սերժ Սարգսյանը սահմանադրություն փոխելով կարող է լինել վարչապետ, և այդ պարագայում ես չեմ հասկանում` ի՞նչ է նշանակում, որ Կարեն Կարապետյանը նրա մրցակիցն է։ Եթե նախագահն է նշանակել վարչապետին ու ինքն էլ կարող է պաշտոնանկել, ի՞նչ խնդիր։ Վարչապետը այն պաշտոնն է, որ ցանկացած պահի նրա աշխատանքը կարող ես գնահատել լավ, շատ լավ, վատ, շատ վատ։ Բոլորովին տրամաբանական չէ խոսել մրցակցության մասին, երբ նախագահը մրցակցին ասպարեզից հանելու լծակներ ունի ու չի օգտագործում։
-Ի՞նչ մրցակցություն, երբ Կարեն Կարապետյանը նշանակումից հետո շատ արագ ծալեց իր հրեշտակի թևերն ու իր համար գծված ճանապարհով գնաց։
-Ինչու՞ գնաց, որովհետև, կարծում եմ, կար հստակ պայմանավորվածություն ու որոշ երաշխավորներ և երկուսն էլ կատարում են պայմանները` Կարեն Կարապետյանը չի մտնում քաղաքականություն, Սերժ Սարգսյանը նրան տվել է ազատություն տնտեսության մեջ։ Մենք չգիտենք` ի՞նչ պայմանավորվածություն կա 2018-ի ապրիլից հետոյի վերաբերյալ։ Բայց տեսնում ենք, որ բոլոր կարևոր հարցերում և փուլերում Սերժ Սարգսյանը թիկունք է կանգնում վարչապետին։ ՀՀԿ-ում նրան առաջին տեղակալի հատուկ կարգավիճակ տրվեց, քարտ բլանշ տրվեց կադրային հարցում, նախընտրական արշավի առաջին դեմքն էր, տնտեսության մեջ էլ ազատ է` ասենք նրան 7 տոկոս տնտեսական աճի պայման չի ներկայացվել: ՈՒ հենց դա է նյարդայնացնում ՀՀԿ-ի տարբեր ազդեցության խմբերին և դեմքերին: Ինչու՞ են իրար հետևից հայտարարում` խնդրենք-աղաչենք Սերժ Սարգսյանին, որ վարչապետ դառնա։ Դա նշանակում է, որ որոշում իրականում ընդունված չէ։ Տասնամյակների քաղաքական ու պալատական ինտրիգներում թրծված` նրանք ներքուստ զգում են վտանգը, որ իրադարձությունները կարող են զարգանալ ոչ իրենց ցանկալի սցենարով։ Բայց որ պահին զգան, որ քամին փոխում է ուղղությունը, փոխելու են կողմնորոշումը, հնչելու են նույն դիֆիրամբները և տեքստերը` ուրիշ անուն-ազգանունով։ Մենք դա մի քանի անգամ տեսել ենք անցած 20 տարիներին։ Ինչ վերաբերում է Ղարաբաղի հարցով բանակցելուն` Սերժ Սարգսյանը հավերժ չի լինելու, իսկ գործընթացը կարող է շատ երկար լինել, ու ի՞նչ, բանակցող չի՞ գտնվելու։
-Չե՞ք կարծում, որ Ադրբեջանում ու Հայաստանում բանակցողների փոփոխությունը կարող է բանակցային գործընթացը փոխել։
-2018-ի ապրիլից հետո սպասվող փոփոխությունների սցենարը գուցե մի քիչ հասկանալի կդառնա, երբ պարզվի` ո՞վ է լինելու ՀՀ նոր նախագահը։ Եթե ամբողջ խնդիրը բանակցություններն են ու ՀՀ նախագահ է դառնում, օրինակ, ինչպես հիմա շատ է խոսվում, Էդվարդ Նալբանդյանը, ո՞վ է բանակցելու։ Այսօրվա ԱԳ նախարարը այն 4-5 մարդկանցից մեկն է, որ բանակցությունների գործընթացը ուղնուծուծով գիտի։ Ի վերջո` նաև մենք չպետք է մոռանանք, որ նոր սահմանադրությամբ վարչապետը չի նշանակվում մինչև 2022-ը։ ՀՀԿ-ն մի քանի անգամ կարող է վարչապետ փոխել` իրավիճակից ելնելով: Իսկ ո՞վ է ասել, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանա վրացական մոդելին դիմել` Իվանիշվիլու պես, ձեռքում պահելով իշխանության բոլոր թելերը` չլինել իշխանության մեջ։ Նրան պետք է իշխանության առանցքային պաշտոններում ունենալ անվերապահորեն վստահելի մարդիկ, թեպետ քաղաքականության մեջ անվերապահ վստահության կատեգորիա չկա, այն էլ հայաստանյան «քաղաքական էլիտա» կոչեցյալում։
-Ազգային համաձայնության կառավարություն կլինի՞ Հայաստանում։
-Եթե լինի հստակ սահմանում` ի՞նչ է նշանակում ազգային համաձայնություն, գուցե հնարավոր լինի այդ հարցին պատասխանել։ Ի՞նչ է դա նշանակում` ԱԺ բոլոր ուժերը մտնում են կառավարությու՞ն։ Եթե ԲՀԿ-ից կամ «Ելքից» մարդ չլինի, ո՞րն է ազգային համաձայնությունը։ Շատ է խոսվում, որ 2018-ին «Ծառուկյան» դաշինքը կարող է կառավարություն մտնել, բայց դա էլ դեռ ազգային համաձայնություն չէ։ Եթե Սերժ Սարգսյանն ասի` ի՞նչ է պատկերացնում «ազգային համաձայնության» տակ, ես կարող եմ գնահատել` կլինի, թե չի լինի։
-Իսկ եթե դա մի կառավարություն է, որ ձևավորվելու է մինչև Հայաստանի երրորդ Հանրապետության 100-ամյա՞կը։
-ՈՒ ի՞նչ։ Սերժ Սարգսյանը վերջին ելույթներում ամբիցիոզ նպատակներ է դնում, որ ավելի շատ ազգային նախագծեր են ու պետք է միավորեն թե հայաստանցիներին, թե սփյուռքին։ Այլ հարց է` կմիավորե՞ն, թե՞ ոչ։
-Հավատ կա՞, թե՞ չկա։
-Ընդհանուր մթնոլորտի փոփոխություն է պետք հավատի համար, ռազմավարական առումով Սերժ Սարգսյանը գուցե փոփոխություններ` նույնիսկ էական, ուզում է, բայց ուզում է երաշխիքներ, որ գրեթե բոլոր ազդեցիկ կենտրոնների շահերը կպաշտպանվեն: Կարծում եմ` նա ուզում է պահպանել իշխանությունը կամ ազդեցությունը իշխանության վրա և աստիճանաբար դեյուրե փոխանցել լիազորություններն ավելի նոր ուժերի և ավելի էֆեկտիվ խմբերի։ Մենք ունենք իրավիճակ` շրջանառվում է երկու թեկնածու` Սերժ Սարգսյան, որ 2015-ին ավելի քան հստակ հայտարարել է, որ չի հավակնելու ոչ նախագահի, ոչ վարչապետի պաշտոնին, Ղարաբաղում ասել է, որ ամենայն հավանականությամբ կլինի անվտանգության և պաշտպանության հարցերի համակարգողի պաշտոնին, մի քանի անգամ ասել է, որ դեռ չի որոշել ու մտածում է, և ունենք Կարեն Կարապետյան, որ ասել է` պատրաստ է ու ցանկանում է վարչապետ մնալ, ծառայել հայրենիքին։ Չոր հաշվարկում իրավիճակը սա է, մնացածը ոմանց ցանկությունն է, մնացածի մեկնաբանությունները` իրենց շահի տեսակետից։ ժամանակից շուտ ոչ ոք ոչինչ չի ասելու` դա նշանակում է ռեսուրսների փոշիացում և մի քանի ամիս պետական ապարատի կաթված, որովհետև բոլորը սկսելու են տիրոջ որոնում։
-2018-ը Շան տարի է, Ձեր կարծիքով` մեր շունիկը ու՞մ կկծի և ու՞մ կնվիրվի շան հավատարմությամբ։
-Հույս ունեմ, որ մեր շունը արտաքին դաշտում կծան կլինի, ներսում կծոտվածներ չեն լինի։
Ներսում առանց այդ էլ կծող կենդանիներ շատ կան։

Զրույցը՝
Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6564

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ