Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դավիթ Հարությունյանը ողջ խորհրդարանին «սխալ հանեց»

Դավիթ Հարությունյանը ողջ խորհրդարանին «սխալ հանեց»
22.12.2017 | 10:42

Մինչ ընդդիմությունն իշխանության հետ կատաղի մարտեր էր մղում, ԱԺ «Ծառուկյան» խմբակցությունում «շունը տիրոջը չէր ճանաչում», արտահերթ նիստում այս շաբաթ կառավարության ներկայացուցիչ, արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մեկ քայլով ողջ խորհրդարանին «շախ» և «մատ» արեց: Պարզվեց՝ անտեղի էին ընդդիմադիրները մեկ ձայնի համար գլուխ կոտրում, իսկ Նապոլեոն Ազիզյանն էլ «մեղայական» նամակ գրում, թե «կողմ ըլալլով՝ դեմ է»: Այն օրենքը, որը համարվում էր ընդունված արդեն 54 ձայնով, 63 «կողմ» քվեարկության կարիքը չուներ, այն պարզ պատճառով, որ սահմանադրական օրենք չէր, որ պահանջեր պատգամավորների ձայների 3/5-ը:


Այս ամենում, սակայն, առավել ուշագրավ են ներիշխանական կսմիթները: Այն, որ ԱԺ խոսնակը չգիտեր այս մանրամասները, բնականաբար, արդարացում չէ, ոչ էլ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Հրայր Թովմասյանի լռությունն էր հասկանալի: Ի վերջո, նրա ղեկավարած հանձնաժողովով է անցել այս նախագիծը և արդեն «միս ու արյուն» ստացած ներկայացվել ԱԺ ղեկավարությանը: Դահլիճում բարձրացրած աղմուկը նա ոչ մի բառով չպարզաբանեց: Սա բազմաթիվ հարցեր է առաջացնում, հատկապես այն առումով, որ իրեն սահմանադրական բարեփոխումների «հայր» համարող Հրայր Թովմասյանը «չգիտեր», որ սա «սահմանադրական օրենք» չէ: Մինչդեռ Դավիթ Հարությունյանը մոտեցավ ամբիոնին ու ասաց, թե իրականում ով է մեր երկրում բոլոր իրավական փաստաթղթերի «հայրն» ու «մայրը», ով կարող է իրավական բոլոր խութերը հարթել` սեփական թիմակիցներին ևս հասկացնելով, թե ով ինչ կշիռ ունի այդ ոլորտում: Առաջին հայացքից իրավական թվացող վեճը շարունակվեց նաև երեկ: Պարզվեց՝ Դավիթ Հարությունյանի խոսքերից շատ էր ազդվել նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը:


«Ցավում եմ, որ նման վրիպումներ տեղի են ունենում այս դահլիճում, և մարդիկ չեն իմանում, թե որ օրենքի նախագիծն են քվեարկում: Քննադատություններ էին հնչում, որոնք այդ օրենքով չէին կարգավորվում»,- հայտարարել է Հարությունյանը` փաստորեն կասկածի տակ դնելով առաջին հերթին ՀՀԿ խմբակցության իրավաբան պատգամավորների մասնագիտական կարողությունները: Իսկ նախարարի վերջին միտքը, թե «քննադատություններ էին հնչում, որոնք այդ օրենքով չէին կարգավորվում», առնչվում էր նախ և առաջ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանին, քանի որ հենց նա նախագծի քվեարկության ժամանակ բովանդակային քննարկման մեջ մտավ «Ելքի» պատգամավորների հետ: «Կառավարությունը չի որոշում, թե մենք որ ռեժիմով պետք է օրենք ընդունենք»,- երեկ մեկ օր ուշացումով արձագանքեց Կոստանյանը: Ակնհայտ է, որ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը խիստ է վիրավորել կուսակիցների իրավական հեղինակությունը: Հաշվի առնելով Դավիթ Հարությունյանի գործունեությունը՝ կարելի է հանգիստ փաստել, որ այս վեճից ևս նա շահած է դուրս գալու: Իսկ մինչ այդ գրեթե բոլոր կառավարությունների առանցքային դեմք դարձած Դավիթ Հարությունյանը մեկ հայտարարությամբ կասկածի տակ դրեց ողջ խորհրդարանի պրոֆեսիոնալիզմը, փաստեց բոլորի անտեղյակության չափը և օրենսդրական աշխատանքից գլուխ չհանելու իրողությունը, Հրայր Թովմասյանին ու Գևորգ Կոստանյանին էլ հասկացրեց, որ թերացել են իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու հարցում:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3874

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ