Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Երուսաղեմի հարցի» թաքնված հանգամանքները

«Երուսաղեմի հարցի»  թաքնված հանգամանքները
22.12.2017 | 10:57

(Նախորդ մասը)

Մահմեդական երկրները, նույնիսկ Թուրքիան, սպառնում են խզել հարաբերություններն ԱՄՆ-ի և նրանց հետ, ովքեր կորոշեն հետևել ԱՄՆ-ի օրինակին։ Իրանն արձագանքում է ոչ պակաս բուռն կերպով, բայց առանց հիստերիայի և սպառնալիքների։ Այդ օրերին Թեհրանում և այլ քաղաքներում հնչած ելույթներում ու կոչերում ոչ մի նոր բան չկա, և իմաստ էլ չունի անձամբ ինչ-որ բանով «զարմացնելը», եթե դրա համար քիչ չեն Իրանի դաշնակից ուժերն ու խմբերը։ Եվ ահա հայտարարություն է հայտնվում... Իրաքից։ Իրաքաշիական «Ալ Նաջաբա» զինյալ խմբի առաջնորդ Աքրամ Քաաբին պահանջեց, որ, ահաբեկչության բորբոքումից խուսափելու համար, ԱՄՆ-ի կառավարությունը փոխի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը։ Նա նաև հայտնեց. «Երուսաղեմը սիոնիստների մայրաքաղաք դարձնելու` Թրամփի հիմար որոշումը կդառնա այդ գոյությունը իսլամական ազգի մարմնից հեռացնելու շատ մեծ պատճառ և ամերիկյան զորքերի վրա հարձակվելու օրինական պատճառ»։

Իրաքի կառավարության հայտարարությունն իհարկե շատ ավելի մեղմ է և զուսպ, չնայած Բաղդադն էլ է պահանջում փոխել Թրամփի որոշումը։ «Մենք նախազգուշացնում ենք, որ այդ որոշումը վտանգավոր հետևանքներ կունենա տարածաշրջանի և աշխարհի կայունության համար,- ասվում է այդ հայտարարության մեջ։- ԱՄՆ-ի վարչակազմը պետք է հրաժարվի այդ որոշումից` կասեցնելու համար ցանկացած վտանգավոր ծավալում, որը կխթանի ծայրահեղականությունը և կստեղծի ահաբեկչության համար նպաստավոր պայմաններ»։ Հիշեցնեմ, որ այժմ Իրաքում կա ավելի քան 5000 ամերիկացի զինծառայող։ Իսկ մոտ 10000 մարտիկ ունեցող «Ալ Նաջաբա» շիական աշխարհազորն Իրաքում ամենակարևոր ուժերից մեկն է։ Համոզված ենք` նույնիսկ անզեն աչքով նկատելի է, որ Ռաքքայից ամերիկացիների փախուստը, Իրաքում ամերիկացի զինվորականների վրա հնարավոր հարձակումների մասին ԱՄՆ-ի հասցեին ինչ-որ մեկի ակնարկը, գեներալ Սոլեյմանիին հղված նամակի հետ կապված «տարօրինակ պատմությունը», Եմենի նախկին նախագահ Սալեհի «տարօրինակ կործանումը», ինչպես նաև Դամասկոսի արվարձանի վրա Իսրայելի հրթիռային անհաջող հարձակումը միևնույն շղթայի օղակներն են։

Այդ շղթայում է նաև Իրանի Մեջլիսի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության կոմիտեի նախագահ Ալաեդին Բորուժերդիի դեկտեմբերի 6-ի հայտարարությունն այն մասին, որ «քաղաքական տեսակետից Իրանին ռուսական սպառազինության մատակարարման որևէ արգելք չկա», իսկ «զինվորականները պետք է որոշումներ ընդունեն զենքի ապագա մատակարարումների մասին»։ Դա արդեն ոչ թե ակնարկ է, այլ մոտակա հեռանկարի ուղղակի ցուցում` առաջին հերթին Իրանի հնարավոր ռազմական և ռազմավարական հակառակորդների և դաշնակից ուժերի համար։ Բայց ասել, թե Թրամփի որոշումից հետո Մերձավոր Արևելքում պատերազմական նոր ճակատներ բացելու նախադրյալներն արդեն ստեղծված են, իսկ նոր պատերազմը սարերի հետևում չէ, հավանաբար կլինի չհիմնավորված շտապողականություն։ Իսկ Թեհրանում խոսում են ոչ թե նոր պատերազմի, այլ «պաղեստինյան նոր ինտիֆադի», այսինքն, այսպես կոչված «խաղաղ ապստամբության» մասին։ Եվ տեսնելով, որ Իրաքի Քրդական ինքնավարությունում իրենք են առաջարկում, որ քրդերի սեպտեմբերյան հանրաքվեի հետ կապված ամեն ինչը «սառեցվի» անորոշ ժամանակով, գումարելով Իրաքի սուննի առաջնորդ Աբդոլղադեր Հասանիի կողմից Իրանի ղեկավար դերի ճանաչումը և «Իրանի ու Իրաքի միասնության» հռչակումը, ակամա հանգում ես այն ենթադրության, որ ԱՄՆ-ը առիթ է փնտրում Իրաքից ու Սիրիայից իր զորքերն ամբողջովին հանելու համար։ Եվ դա չնայած այն բանին, որ Վաշինգտոնը հայտարարում է այդ երկու երկրում իր զինվորականներին թողնելու մասին, իսկ Սպիտակ տան մամլո քարտուղար Սառա Սանդերսը հայտարարել է, որ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու նախագահի որոշումը չի նշանակում, թե վարչակազմը դադարեցնում է մասնակցությունը մերձավորարևելյան խաղաղ գործընթացին։ Եվ առիթը կա. Սիրիայում ամերիկացիներին ընդհանրապես «չեն զգուշացնում»` չկա դրա անհրաժեշտությունը, ազատագրված է Աբու Քեմալը, հերթը Ռաքքայինն է։ Բայց Իրաքում ամերիկացիները գտնվում են օրինական հիմունքներով` Իրաքի համաձայնությամբ։ Եվ ահա հայտնվում է «Երուսաղեմի ճանաչումը», որին հետևում են իրաքցի շիաների սպառնալիքները։


Դեկտեմբերի 8-ին մուսուլմանական երկրների բազմաթիվ քաղաքներում «ցասման օր» էր Երուսաղեմի կապակցությամբ, հակաամերիկյան և հակաիսրայելական կարգախոսներով։ Իրանը հասկացնում է, որ Ռուսաստանից զենքի նոր մատակարարումներ է սպասում։ Մուսուլմանների բողոքները, ըստ էության, չեն հանդարտվում նաև հիմա։ Պաղեստինի ազատագրման կազմակերպությունը (ՊԱԿ) իր առաջնորդ Մահմուդ Աբասի շուրթերով հայտարարել է, որ պայքարելու է մերձավորարևելյան կարգավորման գործընթացի բանակցություններից ԱՄՆ-ի հեռացման համար։ Իսկ ՀԱՄԱՍ ազատագրական կազմակերպության մամլո քարտուղար Աբդուլատիվ Ալկանուն դեկտեմբերի 12-ին ի լուր աշխարհի հայտնեց, որ սկսվում է երրորդ ինտիֆադը` նպատակ ունենալով ճնշում գործադրելու ԱՄՆ-ի և Իսրայելի վրա, որպեսզի ԱՄՆ-ը փոխի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը։ «Մենք բողոքում ենք ԱՄՆ-ի այդ որոշման դեմ, որովհետև Երուսաղեմը համարում ենք Պաղեստինի մայրաքաղաքը»,- ասել է Ալկանուն։ Դրանից հետո Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու մասին հայտարարել են Իրանը, Թուրքիան և մի շարք արաբական երկրներ։


Թուրքիա, Եգիպտոս և Սիրիա ճեպայցերի ժամանակ Ռուսաստանի նախագահ Պուտինը ևս անդրադարձել է «Երուսաղեմի թեմային»։ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ-ի որոշումը նա անվանել է ապակայունացնող. «Վաշինգտոնի որոշումը չի նպաստում Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորմանը, հակառակը, ապակայունացնում է տարածաշրջանի առանց այդ էլ բարդ իրավիճակը»։ Պուտինի կարծիքով, Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը կարող է ջնջել պաղեստինա-իսրայելական խաղաղ գործընթացի հեռանկարները։ Լսելով Ռուսաստանի նախագահի խոսքը` կրկին արտահայտվեց Իրանը։ «Կոդս» հատուկ ջոկատի հրամանատար Սոլեյմանին ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի հրամանատարների հետ երկու հեռուստազրույցի ժամանակ հայտարարել է, որ Թեհրանը լիովին պատրաստ է սատարելու Պաղեստինի Իսլամական դիմադրության ուժերին։ Որպեսզի հասկանալի լինի, թե ինչքան լուրջ էին այդ հայտարարությունները, ընդգծեմ, որ գեներալ Սոլեյմանին այաթոլահ Խամենեիից ինչ-որ երաշխիքներ է փոխանցել «Իզզ ադ Դին ալ Կասամ» և «Իսլամական ջիհադ» բրիգադների հրամանատարներին։ Իրանցի գեներալը տարածաշրջանի դիմադրության բոլոր ուժերին Ալ Ակսա մզկիթը պաշտպանելու կոչ արեց, ընդգծելով, որ Պաղեստինի դիմադրության ճակատի մյուս խմբերը ևս պետք է միավորվեն և պաշտպանեն Ալ Ակսա մզկիթը։ Իսկ ի՞նչ է Ալ Ակսա մզկիթը։ Այն, Մեքքայից և Մեդինայից հետո, աշխարհի մահմեդականների գլխավոր սրբավայրն է հենց Երուսաղեմում։


Պաղեստինի ազատագրման ժողճակատի գլխավոր քարտուղարի տեղակալ Աբու Ֆուադը ողջունեց գեներալ Սոլեյմանիի հայտարարությունը և շնորհակալություն հայտնեց դիմադրության պաղեստինյան շարժումներին աջակցելու համար։ Նա ընդգծեց, որ դիմադրությունը միայնակ չէ և մեծ հնարավորություններ ունի. «Ինտիֆադի շարունակման ամենակարևոր պատճառներից մեկը դիմադրության բոլոր խմբերի միասնական ղեկավարության առկայությունն է»։ Ակտիվացավ նաև Պաղեստինի «Հըզբոլլահ» կուսակցությունը, որի գործունեությունը վերջին տարիներին սահմանափակել էին և՛ ՊԱԿ-ի ղեկավար Մահմուդ Աբասը, և՛ ՀԱՄԱՍ շարժման ղեկավարությունը։


Ինչպես տեսնում ենք, «Երուսաղեմի թեման» իսկապես կարող է պատերազմի նոր բռնկիչ դառնալ Մերձավոր Արևելքում, որովհետև եթե ենթադրենք, որ Իրանը և Թուրքիան առավելագույնս զուսպ կլինեն, ապա հազիվ թե նույնքան զուսպ լինեն ՊԱԿ-ը, ՀԱՄԱՍ-ը, Պաղեստինի և Լիբանանի «Հըզբոլլահ» կուսակցությունները, «Իզզ ադ Դին ալ Կասամի» և «Իսլամական ջիհադի» բրիգադները։ Զսպվածություն չի դրսևորի և Իսրայելը։ Նշեմ նաև, որ Թրամփի որոշման և «Երուսաղեմի թեմայի» իրարանցման ֆոնին կարծես աննկատելի մնաց ևս երկու հայտարարություն Թեհրանից։ Այնինչ գաղտնագրված տեղեկություն կա, թե ԱՄՆ-ին և Իսրայելին դիմադրելու էլ ինչ ճակատներ կբացի Իրանը։ Առաջինում (դեկտեմբերի 11) Իրանը հայտնեց աշխարհին, որ, «Թունիսի անվտանգության ծառայության աղբյուրների» տվյալներով, ԻՊ ահաբեկչական խմբավորման գլխավոր հիմնադիրներից ևս մեկը եղել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայության գործակալ։ «Աբու Աբդուլ Ռահման ալ Թունիսի» մականունով ոմն Հասան Բին Ալի Աբդուլ Սալամ, որը եղել է Դեյր էզ Զորում ԻՊ խմբավորման Էմիր և ավագ հրամանատար, Իտալիայի քաղաքացի և թմրավաճառքով կասկածյալ։ Շվեդիայում եղած ժամանակ Ալ Թունիսիին հավաքագրել է Իսրայելի ազգային հետախուզական գործակալությունը։ Ալ Թունիսին 2012-ին վերադարձել է Թունիս, այնուհետև գնացել է Սիրիա, որտեղ մի քանի պաշտոն է զբաղեցրել ԻՊ ահաբեկչական խմբավորման կազմում, այդ թվում` Դեյր էզ Զոր նահանգում ԻՊ-ի Էմիրի պաշտոնը։ Հիմնվելով առկա հետախուզական տվյալների վրա` Իրանը պնդում է, որ Հասան Սալամը եղել է Սիրիայում ԻՊ-ի հիմնադիրներից մեկը։ Նրա վերջն անփառունակ էր։ Սիրիայի բանակի և շիա աշխարհազորայինների հետ մարտերից մեկի ժամանակ նա փորձել է փախչել ԻՊ-ի հսկողության տակ գտնվող շրջանից` զավթելով հսկայական գումար, բայց ձերբակալվել է և մահապատժի ենթարկվել ԻՊ-ի կողմից։


Սակայն ալ Թունիսիի մահապատիժն օրակարգից չի հանում այն փաստը, որ նա «Մոսսադի» գործակալ է եղել։ Տվյալ դեպքում Իրանը հասկացնում է, որ պաշտոնական Թել Ավիվը ոչ մի կերպ չի խուսափելու և՛ ԻՊ խմբավորումն ստեղծելու, և՛ ահաբեկիչներին ռազմական օժանդակություն ցույց տալու պատասխանատվությունից։ Ամբողջ աշխարհը գիտի, որ Արևելյան Հալեպն ազատագրելիս իրանցիներն ու սիրիացիներն օտարերկրացի այլ զինվորականների թվում գերի են վերցրել նաև իսրայելցի երկու հատուկջոկատայինի։ Բայց ավելի հետաքրքիր է Թեհրանում կայացած համաժողովում Իրանի տեղեկատվության (այսինքն` հետախուզության) նախարար Սեյեդ Մահմուդ Ալավիի դեկտեմբերի 12-ի հայտարարությունը. նա նախազգուշացրեց, որ Սիրիայում և Իրաքում կրած ծանր պարտություններից հետո ԻՊ ահաբեկչական խմբավորումն այժմ փորձում է նոր ապաստան գտնել։ «ԻՊ-ը կորցրել է հողը, բայց զենքը չի հանձնել և ուզում է տարածքներ օկուպացնել Աֆղանստանում, Պակիստանում և այլ տեղեր` վերածնելու համար իսլամական խալիֆաթի գաղափարը»,- ասել է Ալավին։ Այսպիսով, ԱՄՆ-ի և Իսրայելի հետ ապագա պայքարի ճակատը Պաղեստինն է (Գազայի հատվածը, Հորդանանի արևմտյան ափը), Աֆղանստանը և Պակիստանը։ Եվ Իրանն իրավացի է, որ իր անվտանգության սպառնալիքները մտադիր է չեզոքացնելու իր սահմաններից հեռու, դրանց ամբողջ պարագծով:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 4280

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ