ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Պարզապես հնարավորինս բարելավել եմ իմ գյուղացիների կենցաղային պայմանները

Պարզապես հնարավորինս բարելավել եմ իմ գյուղացիների կենցաղային պայմանները
22.12.2017 | 11:35

Հայտնի Լի Կուան Յուն Սինգապուրի վարչապետն էր: Մարդ, որն ընդամենը 20 տարում Սինգապուրը դարձրեց օրենքի երկիր, ծաղկած երկիր, անկոռուպցիոն երկիր: Երբ 2008 թվականին ընտրվեցի Այգեստանի գյուղապետ, լցված էի իմ գյուղը շենացնելու Լի Կուան Յուի օրինակով: Հաղթանակից հետո, գյուղացիներիս ասացի, թե ինչ կատարվում է երկրում, մեզ չի վերաբերում, ով որքան է թալանում, մեր հարցը չէ: Պատկերացրեք մեր գյուղը աշխարհն է, որն ունի ընդամենը 490 հեկտար հող, երեք հազարից ավելի բնակիչ, մենք պետք է մեր ապրուստը հոգանք մեր աշխատանքով, լինենք մեր իրավունքների և պարտականությունների տերը: Գյուղում չպիտի լինի կոռուպցիայի որևէ դեպք: Բացատրեցի նաև, որ կոռուպցիան միայն կաշառք ուտելը չէ, այն նաև մարդու ծախվածությունն է, բարոյական անկումը:

Չգիտեմ, անցած ինը տարում ես հասե՞լ եմ հարցադրումներս կյանքի կոչելուն, թե՞ ոչ, բայց երևի այո, որովհետև, չունենալով գյուղում որևէ բարեկամ ընտրող, չմոտենալով և չխնդրելով որևէ ընտրողի, անգամ հրապարակավ հանդիպումներ չկազմակերպելով, հենվելով ազնիվ մարդկանց խղճին ու բանականությանը, 2016 թվականի ՏԻՄ ընտրություններում ես հաղթեցի: Ինչու՞: Որովհետև ութ տարվա իմ անբասիր աշխատանքով ես կատարել էի այնպիսի ծավալի աշխատանքներ, որ չէին կատարվել անգամ լեն ու բոլ խորհրդային տարիներին: Անկախության տարիներին թալանված, քայքայված գյուղում լուծեցի գյուղացու համար ամենակարևոր կենսական հարցերը: Բայց ավելի լավ է ամեն ինչ հերթով:
Երբ 2008 թվականի հոկտեմբերին ընտրվեցի գյուղապետ, գյուղի բյուջեում կար ընդամենը 23 հազար դրամ: Ընդամենը 23 հազար դրամ, բայց դա չխանգարեց նորընտիր գյուղապետիս գյուղում սկսելու լայնածավալ աշխատանքներ: Ընդամենը ութ ամիս և հիմնանորոգվեց գյուղապետարանի շենքը, որի նախագծային արժեքը կազմել էր 41 մլն ՀՀ դրամ: Երևի ոմանք հարցնեն՝ որտեղի՞ց այդ գումարները: Պատասխանեմ՝ հաղթողին չեն դատում, բայց կմանրամասնեմ՝ նշված գումարի 40 %-ը որպես կանոն վճարվում է կատարած աշխատանքների համար, մինչդեռ այդ աշխատանքները կատարվել են անվճար: Անհրաժեշտ մի քսան KAMAի ավազը բերվել է անվճար, հինգ տոննա գաջը՝ անվճար: Եվ այդպես շատ բաներ ընկերական շրջապատը հայթայթել է անվճար, բայց Հովսեփյան Սոկրատն իր գրպանից օրական երկու անգամ պատիվ է տվել մոտ 15 աշխատողի: Սննդի մենյուի մեջ որպես պարտադիր ատրիբուտներ եղել են օղին ու ծխախոտը: Այդ գործի համար ներդրել եմ կենսաթոշակի անցնելիս միանվագ ստացած պարգևավճարը՝ 10 մլն ՀՀ դրամ, 2008-ին «Հայբիզնես բանկից» ստացած 8 մլն վարկը, ինչպես նաև գյուղատնտեսությունից ստացած խնայած միջոցները: Երևի ոմանք չհավատան, նշավակեն ինձ իրենց արժանի բնութագրական բառերով, բայց դա է իրողությունը:

Ինձ ճիշտ կհասկանա նա, ով կարդացել է «Հայի իմ տեսակը» ինքնակենսագրական գիրքս: Փոքր-ինչ առաջ ընկնեմ և նշեմ, երբ 2016 թվականի հոկտեմբերի 15-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ-ի աշխատողները ուշ երեկոյան մտան իմ աշխատասենյակ, որ առգրավումներ կատարեն (այդ նույն թվականին գյուղապետի ընտրություններում պարտված կողմը գործող գյուղապետի տեղակալի օգնությամբ կարողացել էր տիրապետել որոշ «փաստերի» և այդ «փաստերի» հիման վրա տրված հայտարարության արդյունքում քրեական գործ էր հարուցվել), խմբի ղեկավարն ասաց.
-Եկեք և մասնակցեք փաստաթղթերի առգրավմանը։

Պատասխանեցի.
-Ես դրա ցանկությունն ամենևին չունեմ: Ինչ փաստաթղթեր պետք են, կարող եք վերցնել,- նույնիսկ ավելացրի,- կարող եք նախապես առաջարկել առգրավման դատարկ բլանկը, ես կստորագրեմ, իսկ թե ինչ կգրեք այնտեղ, ես գրվածի տերն եմ:
-Անգամ այդպե՞ս,- զարմացավ խմբի ղեկավարը:
-Անգամ այդպես: Ես որևէ բանից վախենալու հիմքեր չունեմ:
Մինչ քննիչը հաշվապահի սենյակում կատարում էր իր գործողությունները, այդ նույն ղեկավարը (ասեմ, որ յոթ հոգուց բաղկացած խմբի բոլոր աշխատողներն իրենց իսկական ջենթլմենի պես էին պահում՝ կոռեկտ և հարգալից) խոսքի մեջ հարցրեց.
-Պարոն գյուղապետ, ո՞վ է այսքան գեղեցիկ վերանորոգել գյուղապետարանի շենքը:
-Ես: Վերանորոգման արժեքն ըստ նախագծի կազմել է 40 մլն դրամ, և այդ բոլոր ծախսերը կատարվել են իմ անձնական միջոցներով, իմ կազմակերպչական աշխատանքի շնորհիվ:
-Էլ ի՞նչ աշխատանքներ են կատարվել:
Հարգելի պաշտոնյային ցույց տվեցի հիանալի վերանորոգված մանկապարտեզը, սպորտդահլիճը։ Չցանկանալով շարունակել հետագա դիտարկումները՝ ասաց.
-Բայց որքա՞ն անբարո են (նա արտաբերեց մեր լեքսիկոնում հաճախ օգտագործվող երեք տառից բաղկացած բառը) ձեր գյուղացիները, որ այդքանից հետո Ձեզ վրա գրում են։
-Հարգելիս, ոչ բոլորը,- ասացի ես,- հակառակ պարագայում ինձ նորեն չէին ընտրի գյուղապետ:
Բայց ինչպես կասեին հին եգիպտացիները՝ պապիրուս էր օգտագործվել, գործը պիտի քննվեր մինչև վերջ:


Իսկ մինչ գործի քննությունը կշարունակվեր ավելի քան տասն ամիս, ես կփորձեմ թվարկել այն աշխատանքները, որ կատարվել են իմ գլխավորությամբ:
Երեք տարում անցկացվել է 20 կմ խմելու ջրագիծ, որի նախագծային արժեքը կազմում է (ըստ Արտաշատի ջրային տնտեսության նախկին պետ Ֆելիքս Մելիքյանի) մոտ 500 հազար ԱՄՆ դոլար: Հավատացնում եմ, այդպիսի ջրային համակարգ չկա Հայաստանի որևէ գյուղում, բոլոր ութ հորիզոնական և ուղղահայաց փողոցներով իրար հետ միանալով՝ անցկացվել են խողովակաշարերն այնպես, որ մի կաթիլ ջուրն անգամ հավասար է բաշխվում և ոչ ոք չէր կարող ասել, թե իմ ջուրը քիչ է: Օգտվեցի նաև ինձ արված առաջարկից. ջուր տալ Պռոշյանի կոնյակի գործարանին, որը գտնվում է Մրգավան- Այգեստան գյուղերի հատվածում: Ինձ առաջարկեցին երեք մլն դրամ գործարանին խմելու ջուր տալու համար: Գործարանը գյուղից գտնվում էր ընդամենը մեկ կիլոմետր հեռու: Անձամբ ինձ որևէ գումար պետք չէր: Ասացի՝ տալիս եք մեկ կիլոմետր 110 չափի խողովակներ և 1,5 կմ 0,63 չափի խողովակներ, ջուրը կհասցվի մինչև գյուղի ներքևի մասը, որից հետո դուք կանցկացնեք ձեր հաշվին մնացած մեկ կիլոմետրը: Անկեղծ ասած, գյուղին ամենևին էլ պետք չէին 110 մմ չափի խողովակներ, ես պարզապես խորամանկել էի և այդ նշված չափի խողովակները փոխանակեցի նույն գումարին համարժեք 0,63 չափի խողովակներով: Փաստացի երեք կմ խողովակ ես նվեր ստացա օդից: Մինչդեռ կարող էի ինձ առաջարկվող երեք մլն դրամը գրպանել, չէ՞ որ վերջին հաշվով գյուղապետարանը պիտի ջրագծեր անցկացներ իր բնակիչների համար: Նշեմ, որ գործարանին ջուր տալով ես լուծում էի նաև ամենակարևոր մի հարց. խողովակների մեջ ջուրը չէր կուտակվի, չէր տաքանա: Կենտրոնական ճանապարհի ասֆալտը չքանդելու համար մասնագետ եմ հրավիրել, որն իր հնարած գործիքով թունել է տվել և անցկացվել է խողովակաշար, հաճախ էլ նախկին գազատարների ասֆալտի տակ մնացած կտրված խողովակները օգտագործել ենք որպես անցումներ:


Արժե հիշել մի դեպք: Գյուղի ելքի մոտ, դեպի Դվին տանող ճանապարհին, այնպիսի ցանց էր ստեղծվել, որ ոչ մի կերպ հնարավոր չէր լինում կտրել հին խողովակներից հոսող ջուրը: Այդտեղ էլ գնացի հարցի լուծման ռիսկային տարբերակին, չդադարեցնելով փողոցի ավտոերթևեկությունը, հատված-հատված քանդեցի կենտրոնական փողոցի ասֆալտը և գցեցի 20 սմ-անոց երկաթյա խողովակ, որի միջով պիտի անցկացվեր ռետինե ջրատարը: Նոր էի ավարտել աշխատանքները, երբ բջջայինիս վրա հնչեց զանգը: Զանգողը ներկայացավ որպես ՀՀ տրանսպորտի նախարարության աշխատակից և խիստ տոնով ասաց.
-Դուք քանի՞ գլխանի եք, որ համարձակվել եք առանց որևէ թույլտվության քանդել հանրապետական նշանակության ճանապարհը, դրա համար Ձեզ դատի եմ տալու:
-Ոչ մի ճանապարհ էլ քանդված չէ: Վաղն առավոտյան կարող եք մարդ ուղարկել և կհամոզվեք, որ Ձեզ կեղծ ինֆորմացիա են տվել:
ՈՒշ երեկոյան, ընդամենը 60 սմ լայնքով և 12 մ երկարությամբ ճանապարհը լրիվ ասֆալտապատված էր: Այդ աշխատանքների համար կանխիկ Հովսեփյան Սոկրատն ընդամենը 70 հազար դրամ վճարեց կատարողին: Խոսքը, պատիվն ու արժանապատվությունը թանկ բան են, որը, ցավոք, ընկալելի չէ շատերին:


Սոկրատ Հովսեփյանին մեղադրում են նաև նրանում, որ հղի կանանց ընդունել է աշխատանքի և պետական բյուջեին վնաս է տվել: Քննիչի մոտ հարցաքննության ժամանակ ասացի, եթե այսօր որևէ հղի կին դիմի ինձ այդ հարցով, ես նորեն նույն կերպ կվարվեմ: Ես հպարտ եմ, որ պետական բյուջեին նման առիթով «վնաս» եմ տվել: Դա մեկ հարց է և բոլորովին այլ հարց՝ գյուղապետն այդ հարցում ձեռքերը տաքացրե՞լ է, թե՞ ոչ: Պարզվել է քննությամբ, որ որևէ հղի որպես շնորհակալություն գյուղապետին անգամ մեկ բաժակ դառը սուրճ չի տվել: ՈՒրեմն, փա՜ռք ու պատիվ Սոկրատին, որ իր արարքով խթանել է գյուղում ծնելությունը: Եթե մեկ-մեկ թվարկեմ իմ կատարած աշխատանքները, հավանաբար, շատ թուղթ ու թանաք կօգտագործվի, բայց մի երկու փաստ չեմ կարող չնշել: Ինձ մեղադրում են, որ մանկապարտեզի շենքի մի մասը վաճառել եմ, իհարկե, չնշելով, թե ում: Ասեմ, մանկապարտեզի շենքի մի մասը՝ մոտ 280 քառակուսի մետր, վաճառել եմ Հալեպից փախած մի սիրիահայ ընտանիքի: Ես նախարար չեմ և խոսքով չեմ ասում՝ վերադարձիր տուն: Ես գյուղապետ եմ, այն էլ եզակի տիպի հայ, որ կարելվույն չափ ցանկացել եմ օգնել այդ ընտանիքին: Թե նախարարն ինչպես է պատասխանել այդ հային այդ հարցում օգնելու դիմումին, թողնենք իր խոսքին և ոչ թե գործին:
Ինձ մեղադրում են օրենքը խախտելու մեջ: Ասեմ, որ գյուղում վերանորոգվել են չորս խմբասենյակներ: Ներկա պահին մանկապարտեզում գործում է երեք խումբ, որտեղ դաստիարակվում է մոտ 90 երեխա: Այն էլ ասեմ, որ երեսուն երեխա մերձակա գյուղերից է: Չտնօրինվող մասը քայքայումից փրկելու համար ավագանու որոշմամբ օտարվել է և օտարված չորս միլիոն դրամով կատարվել են քսան միլիոն դրամ նախագծային արժեքով վերանորոգման աշխատանքներ:


«Օրենքն արգելում է նախադպրոցական հիմնարկների օտարումը»,- կասեն շատերը: Մեռնեմ օրենքին` ասում եմ ես: Բայց և կասեմ այն, ինչ ասել եմ նախաքննության ժամանակ: Հովսեփյան Սոկրատին մեղադրում են մանկապարտեզի օտարման հարցում, այդ դեպքում կհարցադրեմ՝ օրենքն ու՞մ էր թույլ տալիս Երևան քաղաքում Նալբանդյան-Սայաթ-Նովա փողոցների հարակից բակում գտնվող երկհարկանի մի քանի մլն դոլար արժողությամբ ներքին գործերի նախարարությանը պատկանող մանկապարտեզի շենքը քանդել և նույն տեղում էլիտար բարձրահարկ շենք կառուցել: Բնականաբար հարց է առաջանում. քանդել կարելի է, իսկ օտարել՝ ո՞չ: Չգիտեմ շենքի քանդման ժամանակ որ պաշտոնյան որքան է ձեռքը տաքացրել, բայց օտարման հարցում սիրիացի Ճորճ Կոլտալեանը քննիչի իրեն ուղղված հարցին՝ որքա՞ն եք շահագրգռել գյուղապետին, տվել է ուղղամիտ և միամիտ պատասխանը.
-Սոկրատն ինձի համար բաբա (այսինքն՝ հայր) եղած է: Ան ինձ շատ է օգնել և օգնում է:
Իսկ Հովսեփյանը ոչ միայն օգնության ձեռք է մեկնել գաղթական հային, այլև բոլոր նրանց, ովքեր կարիք են ունեցել օգնության: Հովսեփյանին մեղադրում են նաև նրանք, որոնց ուղեղի ծալքերը, եթե ոչ պակաս, ապա ավելի էլ չեն: Ի՞նչ անուն տաս այն երկոտանուն, որը ինձ միշտ ներկայացել է որպես ազնիվ մարդ, բայց որն ամենակեղտոտ ցուցմունք է տվել քրեական գործով:


Քննիչի հարցին՝ ո՞րն է Հովսեփյանի մեղքը, որ 10 մլն արժողությամբ մեկ կմ գազատարը անցկացրել է 2 մլն դրամով: «Բա ութ միլիոնն ի՞նչ է արել»,- հնչել է այդ մարդու պատասխանը:
Եվ ի՞նչն է զարմանալի, որ «Արմենիա» հեռուստաալիքով «Հերթապահ մաս» ծրագրով ¥17.12.2017 թ.) եթեր սփռված հաղորդման մեջ ասվել է, որ Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանը, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, գյուղի սեփականություն հանդիսացող գազատար խողովակները հանել և վաճառել է: Ակամայից մտածում ես` նման սուտը եթեր սփռած անձն ինչո՞վ է տարբերվում իմ գյուղի կոտոշավորից:
«Փաստերը» հեռուստաալիքը ձեռք է բերել դեռևս 2016 թվականի հոկտեմբերին, իսկ այդ օրից անցել է ավելի քան մեկ տարի, մի՞թե չէր կարելի ստուգել դրանք, գոնե բարեհաճեին փաստերը ճշտել գյուղի իրենց գործակալների միջոցով: Խողովակների մասին հայտնեմ, որ մինչև անկախությունը, իրոք, խողովակները հանդիսացել են գյուղի սեփականությունը, որը մինչ իմ գյուղապետ լինելը հիմնականում հանվել և վաճառվել է: Ես դեռևս 2012 թվականին նամակ եմ գրել ՀՀ վարչապետին և ասել, բարոյական ո՞ր իրավունքով է գյուղի սեփականություն հանդիսացող գազատարը հանձնվել «ՀայՌուսգազարդին», նշելով նաև, որ Խորհրդային Միությունում կար սեփականության մի ձև, որը բացառիկ էր, և դա կոլտնտեսության սեփականությունն էր, և առանց կոլտնտեսության ժողովի (համայնքի) ոչ ոք իրավունք չուներ այն տնօրինելու: Հավելել էի նաև, որ եթե մեզ չվերադարձնեք այդ սեփականությունը, ապա դատարան կդիմեմ կառավարության թիվ 51 որոշումը անվավեր ճանաչելու համար: Արդյունքում, գյուղապետին թույլատրեցին հանել խողովակները և անցկացնել վերգետնյա գծեր: Խողովակների արժեքը՝ հանելու, ապամոնտաժելու, տեղափոխելու ժամանակ որևէ ծախս չի մտել գազագծի արժեքի մեջ: Այդ կարգի բոլոր ծախսերը կատարել եմ իմ հաշվին: Այ դրա համար էլ, հարգելի զրպարտիչներ, գազի մեկ կմ գիծը արժեցել է 2 մլն դրամ, ոչ թե 10 մլն:


Հիմա ասեմ, Հովսեփյան Սոկրատը մեղավոր է, որ իր շրջապատում տգետների պակաս չի զգացվում: Շարունակե՞մ թվարկել կատարած մյուս աշխատանքները, թե՞ վերջակետ դնեմ: Բայց չեմ կարող չնշել այն արժեքը՝ մոտ 30 հազար ԱՄՆ դոլար արժեցող հորատանցքի մասին, որի ծախսերը լրիվ կատարվել են իմ և եղբորս միջոցով: Երբ հարուցված քրեական գործով եղա ՀՀ գլխավոր դատախազի մոտ (նա էր կանչել), պարզապես ասաց` ես քրեական գործի ընթացքին հետևել եմ սկզբից մինչև վերջ և տեսել եմ, թե ինչ ծավալի աշխատանքներ ես կատարել գյուղում, ինչո՞ւ են ոմանք քեզնից դժգոհ: Պատասխանն ավելի քան հստակ էր: Ինձ համար գյուղում չկան արտոնյալներ, լինի դատախազ (իսկ այդպիսին կա և փորձել է իրեն արտոնյալ զգալ), թե խանութպան Համոյի հոգեբանությամբ անձինք, կամ մի պլանքյաշ, միևնույն է, հարկերը պիտի տան, իսկ եթե չեն տալիս, նրանց կուտակված պարտքերի գանձմանը հասնում եմ ԴԱՀԿ-ի միջոցով:


Պատմությունը հուշում է, որ Վենետիկի դոժերի պալատում աստվածաշնչյան թեմաներով նկարազարդման պատվերը հանձնարարված էր Միքելանջելոյին: Վենետիկի կառավարիչը նկատում է, որ պատվերի կատարումը ձգձգվում է: Հետաքրքրվում է, թե որն է պատճառը: Կառավարչի հարցին նկարիչը պատասխանում է` ես օրերով ման եմ եկել քաղաքի հետնախորշերում, պանդոկներում, բայց Հուդայի կերպարին վայել ոչ մեկին չեմ գտել:
Եթե այսօր սիրելի նկարիչը լիներ Այգեստան գյուղի ցանկացած խաչմերուկում, հաստատ կգտներ իր պատկերած Հուդային: Ցավոք, աշխատող, դատող, տքնող այգեստանցու կողքին նմանները քիչ չեն: Այդ դրանք են, որ չեն տեսնում իմ գյուղապետության տարիներին մոտ 200 մլն դրամի արժողությամբ գյուղում կատարված աշխատանքները, չստանալով որևէ տեղից անգամ մեկ լումա: Իսկ կատարած աշխատանքները «խենթացրել» և գրգռել են հուդաների ախորժակը, որոնք մեկ անգամ չէ, որ կրկնել են. «Էդ ինչքա՞ն օգնություն է գալիս, որ այդքան գործ է անում, եթե այդքանն անում է, ուրեմն որքանն է ուտում»: Անշուշտ, ազնիվ մարդու համար դժվար է նման միջավայրում աշխատելը, բայց ժողովրդական «Դու քո գործն արա և ամեն հաչող շան քար մի՛ գցիր» խոսքն ինձ համար կյանքի ուղեցույց է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. Սույն թվականի դեկտեմբերի 19-ին մարդու պատիվն ու արժանապատվությունը անարգելու, սուտ լուրեր տարածելու կապակցությամբ դատական հայց եմ ներկայացրել Աջափնյակ և Դավթաշեն համայնքների առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և պահանջել եմ պարտավորեցնել «Արմենիա» հեռուստաընկերությանը` ներողություն խնդրել Արարատի մարզի Այգեստանի գյուղապետ Սոկրատ Հովսեփյանից և պատիվս ու արժանապատվությունս վիրավորելու համար 3 մլն ՀՀ դրամ գանձել պատասխանողից հօգուտ Ս. Հովսեփյանի:

Դիտվել է՝ 10998

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ