Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Սա իմ վարկածն է այն մասին, թե ինչպես եմ տեսնում «Մեծապատիվ մուրացկաններն» այսօր՝ անցյալի, ներկայի ֆոնին»

«Սա իմ վարկածն է այն մասին, թե ինչպես եմ տեսնում «Մեծապատիվ մուրացկաններն» այսօր՝ անցյալի, ներկայի ֆոնին»
22.12.2017 | 12:00

«Իրատեսի» հյուրը Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ ԱՐՄԵՆ ԷԼԲԱԿՅԱՆՆ է: Հանդիպման առիթը օրեր առաջ մայր թատրոնում կայացած հերթական պրեմիերան է՝ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» երկի հենքով:

«ՀԱՅ ԴԱՍԱԿԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԳՐՈՂՆԵՐԻ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ՝ ՍՈՒՆԴՈՒԿՅԱՆ ԹԱՏՐՈՆԻ ԲԵՄՈՒՄ»


-Պարոն Էլբակյան, շնորհավորում եմ հերթական պրեմիերայի առիթով՝ ըստ Հակոբ Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկաններ» ստեղծագործության: Դուք, փաստորեն, հետևողակա՞ն եք հայ դասական գրականության գոհարները մայր թատրոնի բեմում ներկայացնելու հարցում:
-Այո՛, հետևողական եմ, և հիմա էլ երիտասարդ ռեժիսոր Սամսոն Մովսիսյանն է պատրաստում «Սասնա ծռեր» բեմադրությունը՝ մեր ազգային էպոսի մոտիվներով: Այսինքն՝ մենք շարունակում ենք հայ դասական և ժամանակակից գրողների ստեղծագործությունները ներկայացնել Սունդուկյան թատրոնի բեմում: Մեր գրական և դրամատուրգիական ստեղծագործությունները բեմահարթակ բարձրացնելով՝ փորձում ենք դրանք վերադարձնել երիտասարդությանը: Իհարկե, վստահ եմ, որ դպրոցական ծրագրում դասական գործերն ընդգրկված են, մեր կրտսեր սերունդը ծանոթ է դրանց, բայց թատրոնն իր մեկնությունն ունի, և հետաքրքիր է իմանալ, թե քո ժամանակակիցներն ինչպես են ընկալում այդ ստեղծագործությունները թատրոնի դահլիճում:

«ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ ՈՒՆԵՆՔ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԻ ԽԱԽՏՈՒՄ, ՀԻՆ ԺԱՄԱՆԱԿԻՑ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ ԵՆՔ ԱՅՍՕՐ ԵՎ ԱՅՍՕՐՎԱՆԻՑ ԳՆՈՒՄ ՀԵՏ»


-Հասկանալի է, որ դասական որևէ գործ մերօրյա հանդիսատեսի դատին հանձնելիս դրանում այս կամ այն կերպ ներդրվում են ժամանակակից տարրեր: «Մեծապատիվ մուրացկանների» դեպքում հակառակ տպավորությունն էր. ասես դասական գործն էր ներդրված ժամանակակից նյութի մեջ. Աբիսողոմ աղան, նրա միջավայրն ու հոգեբանությունը մի տեսակ ֆոն էին դարձել արդի անհանգստությունները երևակելու համար:
-Շատ շնորհակալ եմ, սա իմ լսած ամենաբարձր գնահատականներից մեկն է ներկայացման մասին: Եթե մեզ դա հաջողվել է, ուրեմն վստահ կարող եմ ասել, որ ներկայացումն ստացվել է: Ճիշտ է, այս աշխարհում անթերի ոչինչ չկա, բայց և այնպես… Ինչ վերաբերում է Պարոնյանի ստեղծագործությանը հավատարիմ մնալուն, ապա ներկայացման ազդագրի վրա գրված է, որ այն վարկած է: Այսինքն՝ Արմեն Էլբակյանը վարկածի հեղինակն է: Սա իմ բեմադրությունը չէ, իմ վարկածն է այն մասին, թե ինչպես եմ տեսնում «Մեծապատիվ մուրացկաններն» այսօր՝ անցյալի, ներկայի ֆոնին: Այդ տեսանկյունից էլ հենց գրվել է վարկածը. շատ բաներ կան, որ խիստ հարազատ են հեղինակին ու նրա երկին, և կան բաներ, որ իմպրովիզացիայի միջոցով տալիս են մեր այսօրվա քաղաքացիական դիրքորոշմանը, մեր ժամանակի իրավիճակներին համահունչ երևույթներ: Ասեմ, որ այս համարձակությունը ես ձեռք եմ բերել Հակոբ Պարոնյանի «թույլտվությամբ»: «Մեծապատիվ մուրացկանների» առաջին իսկ տողերը մեզ հուշում են, որ այն դուրս է ժամանակից. դասական գործերը բոլորն են դուրս ժամանակից: Բայց այս գործում ուղղակիորեն էլ չկա ժամանակային հստակություն, որովհետև հեղինակն իր պատումն սկսում է տարեթվի, ամսաթվի ոչ ճշգրիտ հիշատակությամբ, և մենք էլ ներկայացումն այդպես ենք ավարտում՝ մերօրյա ժամանակի ոչ հստակ հիշատակությամբ: Այսինքն՝ մենք ներկայացման մեջ ունենք ժամանակների խախտում, հին ժամանակից տեղափոխվում ենք այսօր և այսօրվանից գնում հետ: Սա նշանակում է, որ բոլոր ժամանակներում էլ այս ամենը կատարվում է, ցավոք: Եվ քանի դեռ անփոփոխ են այն բարոյական օրենքները, որոնք մեզ տրված են ի վերուստ, ապա այս գործը, ցավում եմ, բայց կլինի միշտ արդիական:

«ԵՍ ԿՈՆԿՐԵՏ ՈՐԵՎԷ ՄԵԿԻՆ ՆԿԱՏԻ ՉԵՄ ՈՒՆԵՑԵԼ. ՈՎ ԻՐ ՎՐԱ ԿՎԵՐՑՆԻ, ԹՈՂ ՎԵՐՑՆԻ»


-Ակնարկներն առավել քան թափանցիկ են Ձեր բեմադրության մեջ, և նախատիպերն ակնհայտորեն ճանաչելի են երբեմն. վենդետայի չե՞ք սպասում:
-Ես կոնկրետ որևէ մեկին նկատի չեմ ունեցել. ով իր վրա կվերցնի, թող վերցնի: Շեքսպիրն ասում է՝ որպեսզի հասնես քո նպատակին, պետք է ճիշտ թարգմանը լինես քո ժամանակի: Ներկայացման մեջ կան շեշտադրումներ, ակցենտներ, ու յուրաքանչյուրը դրանցում կարող է տեսնել և՛ իրեն, և՛ իր հարևանին: Երբ մենք գնում ենք կինո, թատրոն և տեսնում ենք բաներ, որոնք կատարսիս են առաջացնում մեր մեջ, մտածում ենք. «Դա ես չեմ, դա կողքիս նստածն է»:


«ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԵՍ ԿԱՐԵՎՈՐՈՒՄ ԵՄ ՄԹՆՈԼՈՐՏԸ ԹԱՏՐՈՆՈՒՄ, ՄԹՆՈԼՈՐՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՄԵՋ»


-Խոսենք բեմանկարչի աշխատանքի մասին: Ինչպես և Ձեր «Պեպո» ներկայացման մեջ, այնպես էլ «Մեծապատիվ մուրացկաններում» բեմի ձևավորումն ասես մի առանձնացող ստեղծագործություն է՝ ինքն իրենով շատ խոսուն, աչք շոյող և միաժամանակ համաձույլ բեմում կատարվող գործողություններին: Ինչպե՞ս են գտնվել այդ լուծումները:
-Բեմանկարչության հեղինակը մեր թատրոնի գլխավոր նկարիչ Գարիկ Եվանգուլյանն է: Մենք միասին հինգ-վեց բեմադրություն ենք արել, և ինձ համար միշտ հաճելի է նրա հետ աշխատելը: Ընդհանրապես ես կարևորում եմ մթնոլորտը թատրոնում, մթնոլորտը ներկայացման մեջ, որովհետև մթնոլորտը հուշում է նաև այն իրականը, որը գեղարվեստական լեզվով պիտի փոխանցես ունկնդրին: Բեմանկարչությունն այս ներկայացման մեջ և՛ ինքնուրույն, և՛ համատեղ աշխատանք է: Ինքնուրույն է, որովհետև նկարիչն ինքն է այն իրագործել: Համատեղ է, որովհետև, ի վերջո, այն տեղը, որում պիտի կայանար այս ամենը, բխում է իմ հեղինակած վարկածից: Արդյունքում մենք նորից ու նորից դարձանք համախոհներ և ստեղծեցինք այն աշխարհը, որտեղ գործում են մեր հերոսները:
-Դուք նաև վերապրեցրել եք Ստեփան Լուսիկյանի երբեմնի գրած երաժշտությունը՝ Պարոնյանի անվան թատրոնի «Մեծապատիվ մուրացկաններ» ներկայացման համար:
-Այո՛, ինքս եմ տարիներ առաջ այդ ներկայացումն արել Պարոնյան թատրոնում: Ցավոք, կորել էին և՛ կլավիրը, և՛ պարտիտուրը, պահպանվել էին շատ վատորակ հին ձայնագրություններ, որոնք կարողացանք մի կերպ վերծանել, գործիքավորել նորովի: Կոմպոզիտոր Լևոն Խաչատրյանը, որի հետ նույնպես բավական շատ ենք աշխատել, իրականացրեց այդ դժվարին գործը: Իհարկե, փորձել ենք առավելագույնս հարազատ մնալ Ստեփան Լուսիկյանին: Եթե այսօր մեր կողքին լիներ կոմպոզիտորը, գուցե ցանկանայինք, որ մի քիչ ավելի մոտեցներ մեր ժամանակին իր երաժշտությունը: Բայց այս պարագայում մեզ թույլ չտվեցինք կոպտորեն միջամտել նրա գրած երաժշտությանը:
-Ներկայացման մեջ զբաղված էին ոչ միայն մայր թատրոնի, այլև ուրիշ թատրոնների դերասաններ՝ Աննա Էլբակյանը, Դավիթ Հակոբյանը, գուցե նաև ուրիշներ: Դուք տարբեր թատերական կոլեկտիվների համագործակցության ջատագո՞վ եք:
-Կարծում եմ՝ պետք է ավելի ուժեղացվի թատերախումբը, դառնա ավելի բազմաշերտ՝ դերասանների առումով: Մենք պիտի շարունակենք այս մոտեցումը: Այդ դերասանները համատեղությամբ աշխատում են նաև Սունդուկյան թատրոնում:
-Թատրոնի խաղացանկում ընդգրկված ներկայացումները հասցեագրված են տարբեր ճաշակների տեր հանդիսատեսի: Ինքներդ ունե՞ք ներկայացման Ձեր նախընտրած տեսակը, թե՞ ամեն ինչ հարմարեցվում է հանրության պահանջներին:
-Այս պահին ես ծրագիր եմ անում, որի նպատակն է պատկերացնել, թե ուր պիտի գնա թատրոնը: Այո՛, առաջին տեղում ազգային դրամատուրգիան է, բայց, միևնույն ժամանակ, փորձում ենք մեր թատերախմբում դնել հիմքեր՝ այսօրվա ժամանակակից թատրոնի, կենդանի խոսքի, կենդանի իմպրովիզացիայի, հանդիսատեսի հետ բացարձակ շփման համար: Այդ հիմքերը միանգամից չեն դրվում, մի օրում չեն ստեղծվում: Մի օրում հնարավոր է ամեն ինչ քանդել, բայց ստեղծել՝ ոչ: Դա երկարատև ծանր տքնանք է ենթադրում: Իմ նպատակն է ստեղծել թատրոն ժողովրդի համար: Այսինքն՝ ելնել այն նախասիրություններից, որոնք ունի նաև ժողովուրդը: Չեմ ասում, թե պետք է պարզունակ դարձնել մեր ներկայացումները, բայց և պետք է մատչելի լինել ժողովրդի համար, նրա հետ շփման մեջ մտնել, ոչ թե փորձել նրանից անջրպետված մնալ ինտելեկտուալի և անհասկանալիի սահմաններում: Որովհետև թատրոնը, մանավանդ այսպիսի մեծ թատրոնը, այնուամենայնիվ, նաև արտադրություն է և ունի նաև բիզնես նպատակներ: Եվ այդ նպատակները մենք փորձում ենք իրականացնել նաև մեր թատրոնի նոր տնօրեն, երիտասարդ արվեստագետ Վարդան Մկրտչյանի հետ: Նա գործունյա, թատրոն իմացող, դերասանի ընտանիքից դուրս եկած մարդ է, որը ոչ միայն վարչական աշխատող է, այլև դերասան: Նա լծվել է այս գործին, և հույս ունեմ, որ այն կունենա արդյունք: Իհարկե, սրա համար մեզ ժամանակ է պետք:


Զրույցը վարեց
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 6969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

>Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում