Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Դիտակ Թիֆլիսի-2

Դիտակ Թիֆլիսի-2
22.12.2017 | 12:07

(նախորդ մասը)

Հոգևորական, մանկավարժ Եղիշե ավագ քահանա Գեղամյանցը (Հովակիմ Աղաբաբի Հովհաննիսյանց, 1844, Ախալցխա-1920, Թիֆլիս) պատմագիտական արժեքավոր աշխատությունների, հրապարակախոսական հոդվածների հեղինակ է, 1876-1880 թթ. եղել է Ախալցխայի քաղաքագլուխ: Սակայն մինչև գիտական, հասարակական գործունեությամբ զբաղվելը` 1864-1870 թթ., հանդիսացել է Ախալցխայի Մութաֆյան առևտրային տան գործակալը Թիֆլիսում և այդ տարիների մասին գրել «Յիշողութիւններ», որը տպագրվել է մամուլում:

Ստորև ներկայացնում եմ մի հատված այդ հուշագրությունից` կատարելով որոշ խմբագրումներ, որն ուշագրավ պատկերացում է տալիս թիֆլիսահայոց մասին:

«ԷԼԻ՝ ԳԻՆԻ…»
Այդ տարիներին Թիֆլիսում բիրժա չկար, ոչ էլ կանոնավոր միջնորդներ: Այլ վաճառականները սովորաբար հավաքվում էին Սիոնին կից Արծրունու քարվանսարայում, զրուցում, նարդի խաղում, միմյանց լուրեր հաղորդում, հիմնականում` առևտրական աշխարհից, ու ցրվում: Փոխարժեքների վրա հիմնված այժմյան առքուվաճառքը, սպեկուլյացիաները այն ժամանակ Թիֆլիսում գոյություն չունեին: Եվ չէին կարող ունենալ, քանի որ Թիֆլիսի հայ վաճառականները հումքը տեղափոխում էին Ռուսաստան և արտասահման, իսկ այնտեղից ստացած պատրաստի ապրանքները վաճառում թիֆլիսցի ու գավառացի վաճառականներին: ՈՒրիշ ոչինչ:
Բայց եթե վաճառականներին զբաղեցնող միջնորդներ չկային, դրա փոխարեն մի բնիկ թիֆլիսցի հայ կար, որ հարկ եղած ժամանակ թե՛ միջնորդի դեր էր կատարում շուկայում, թե՛ կենդանի լրագրի պաշտոն վարում, թե՛ հաճախ միմոսի ու խեղկատակի դեր ստանձնում ու լավ էլ խաղում և թե միաժամանակ փոխարժեքների, տոկոսների, թվաբանական կնճռոտ հաշիվներն ու հարցերը րոպեապես բանավոր լուծում-վճռում էր: Նա Պառավ Յովանե անունով մի ծերունի էր, վերին աստիճանի ծեր, կենսուրախ ու լեզվանի, որ օրական առնվազն 5-10 ռուբլի փող էր գջլում վաճառականներից և այդպիսով պահում իր գլուխը: Նա ինքն էլ մի ժամանակ վաճառական էր եղել, բայց սնանկանալով` աղքատացել էր: Մի որդի ուներ, որ, կարծեմ, Մարսելում վաճառական էր, բայց ծերունի հորը ոչ մի օգնություն չէր հասցնում: Գոնե այդպես ասում ու հավատացնում էր ինքը` Պառավ Յովանեն: Թիֆլիսցիների նախկին նիստուկացի, նրանց ընտանեկան ու հասարակական կյանքի մասին Յովանեն այնպիսի մանրամասնությամբ ու զվարճալիությամբ էր պատմում, որ գոնե ես մեծ հետաքրքրությամբ լսում էի:


Իր գլխով անցած չարն ու բարին Յովանեին մի տեսակ փիլիսոփա էին դարձրել, որն իր կյանքի նշանաբան էր ընտրել հետևյալ դարձվածքը, որ թյուրքերենով անդադար կրկնում էր.
Քանի սաղ եմ,
Մեռածի հերն անիծեմ,
Երբ որ մեռա,
Սաղի հերն անիծեմ:

Թիֆլիսում ապրել և գինի չգործածել` դա անկարելի բան էր: Մինչև անգամ ծիծաղելի էր, գոնե այն ժամանակվա համար: Նկատի առնելով մանավանդ Քռի ջրի աղտոտությունը, այնքան էլ զարմանալի չպիտի թվա թիֆլիսցիների գինեսիրությունը. մինչև այն աստիճանի, որ պատմում էին, թե աղքատ մարդկանց ճաշը հաճախ բաղկացած է լինում գինու մեջ թաթախած ցամաք հացից:
Բայց թիֆլիսցիք ոչ միայն գինի գործածողներ էին, այլև գինի ճանաչողներ:
Այդ շնորհքից միանգամայն զուրկ էինք ինչպես ես, այնպես էլ Մինասյանը (հեղինակի վաճառական գործընկերը- Խ. Դ.): ՈՒստի և անդադար շիրաճիներից (գինեգործներից- Խ. Դ.) խաբվում էինք: Այդ վարպետորդիները շատ լավ ճանաչելով իրենց հաճախորդների հասկացողությունն ու ճաշակը` սկզբում լավ գինի էին ցույց տալիս և էժան գին ասում, իսկ հետո վատ գինի ցույց տալիս ու բարձր գին նշանակում: Քանի որ ես, Մինասյանն ու մեր ծառան օրական հազիվ երկու շիշ էինք կարողանում խմել, ուրեմն, ըստ շիրաճիների տրամաբանության, մեզ նման հաճախորդին խաբելը և մի բան ավելի գջլելը… առաքինություն էր:


Շիրաճիների մասին մի օր Պառավ Յովանեի հետ զրուցելիս` նա ինձ խորհուրդ տվեց գինի գնել Պետրոս Մակարյանից, որ Գոլովինսկի պողոտայի վրա, «Փարիզ» հյուրանոցի տակ գինու նկուղ ուներ: Եվ հանձն առավ հայտնել նրան, որ ամեն անգամ մեր տան համար անարատ ու լավ գինի բաց թողնի:
Ես գնացի, Մակարյանի հետ ծանոթացա, որը հայտնեց, թե Պառավ Յովանեն իմ մասին արդեն իր հետ խոսել է: Նա ինձ ցույց տվեց իր ունեցած գինիների բոլոր տեսակները` նշելով ամեն տեսակի վերջնական գինը:
Ես մի տեսակն ընտրեցի և շարունակ գործածում էի: Ինձնից լսելով կամ ինձ մոտ խմելով` ծանոթ վաճառականներից շատերն իմ օրինակին հետևեցին և նույնպես Մակարյանից սկսեցին գնել: Այսպիսով Պետրոս Մակարյանը հայ վաճառականների գինի մատակարարողը դարձավ, ինչպես ասում էր` իմ շնորհիվ: Եվ ի տրիտուր իմ արած լավության, Մակարյանը ժամանակ առ ժամանակ ինձ արտալա (տավարի սրունքների ջլուտ մասերից պատրաստված ջրալի կերակուր- Խ. Դ.) ուտելու էր հրավիրում ու ճաշը մեծարում ամենաընտիր գինով ու Երևանի ամենաընտիր դեղձով:
Ահա այսպես սկսվեց իմ ու Պետրոս Մակարյանի բարեկամությունը:
Մակարյանը ամուրի երիտասարդ էր, որի ծնողները Թիֆլիսում չէին: Մոտիկ ազգականներ էլ չուներ քաղաքում և ապրում էր գինետանը կից մի փոքրիկ սենյակում:
Մի օր նրա Վասո անունով պատանի ծառան եկավ ու հայտնեց, որ աղան խնդրում է ջափա քաշել (նեղություն կրել- Խ. Դ.) և այսօր իրեն այցելել: Պարզվեց, որ Մակարյանը մի շաբաթից ավելի հիվանդ էր, ու բժիշկներ էին գնում-գալիս:


Գնացի: Հիվանդին շատ լուրջ վիճակում տեսա: Յոթ օրվա մեջ երեք բժիշկ էր հրավիրել: Եկել-տեսել էին, դեղատոմսեր գրել ու հեռացել` առանց հիվանդին որևէ օգնություն ցուցաբերելու:
Ինձ տեսնելով` հիվանդը լաց եղավ, պաղատելով, որ կյանքը փրկեմ: Բայց միաժամանակ հույսը կտրել էր ապրելուց: ՈՒստի, իր վերջին կամքը հայտնեց ինձ` խնդրելով նոտար բերեմ և իր կտակը գրել տամ, իսկ առավոտյան էլ քահանա հրավիրեմ, որ սուրբ հաղորդություն տա:
Հուսադրելով հիվանդին և իր հանձնարարությունը ճշտիվ կատարելու խոստում տալով` ես նույն երեկո իսկ տեսա բժշկապետ Մարկոսյանցին, որը խոստացավ գիշերվա ժամը 11-ին այցելել հիվանդին:
Մարկոսյանցը մանրազնին քննեց հիվանդին, պատվիրեց այլևս չգործածել իրենից առաջ եկած բժիշկների գրած դեղերը և ինքը նոր դեղատոմս գրեց` միանգամայն հավաստիացնելով, թե հիվանդությունը վտանգավոր չէ: Նա հանձն առավ ամեն օր այցելել հիվանդին: Այցելության այդ ժամերին, հիվանդի թախանձանքով, ես միշտ ներկա էի լինում:
Մեկ շաբաթ անց հիվանդի դրությունը բարելավվեց, և նա գինի խմելու ցանկություն հայտնեց: Բժիշկը կտրականապես մերժեց:


-Գոնե մի երկու բաժակ,- պաղատում էր հիվանդը:
-Ո՛չ մի կաթիլ,- պնդում էր բժիշկը:
Հիվանդը երբեմն վատանում էր, երբեմն` լավանում: Բժշկի կասկածը, թե նրան գաղտագողի գինի են տալիս, հերքում էին թե ծառան և թե հիվանդը:
Մի ֆելդշեր վարձեցի նրան հսկելու: Ի միջի այլոց, բժիշկը ֆելդշերին պատվիրել էր երբեք թույլ չտալ գինի խմել:
Սակայն գնալով հիվանդը ծանրանում էր: Բժշկական խորհուրդ հրավիրեցի: Երեք բժիշկներն էլ Մարկոսյանի գործադրած միջոցներն ու դեղերը ճիշտ ու տեղին համարեցին: Բայց բժիշկները Մարկոսյանցի մի կասկածն էլ հաստատեցին` որ հիվանդը, բացի տիֆից, մեկ այլ հիվանդություն էլ ունի, ինչի հետևանք են նրա դրության հաճախակի տատանումները: Նրանք էլ արգելեցին գինու գործածությունը և վճռեցին, թե հիվանդի կյանքին վտանգ չի սպառնում:
Բժիշկների խորհրդակցումից երեք օր անց ֆելդշերը հրաժարվեց, որովհետև իր տանն էր հիվանդություն պատահել: Մինչ նոր գիշերապահ ճարվելը Մարկոսյանցն ինձ պատվիրեց գինետան բանալին հիվանդի մոտ չթողնել, այլ, եթե ազգական չունի, ինքս վերցնեմ:
Այդպես էլ արեցի: Եվ որովհետև առքուվաճառքը լիովին ընդհատված էր Մակարյանի հիվանդության պատճառով, ուստի բանալին միշտ մոտս էի պահում: Անհրաժեշտության դեպքում ինքս գալիս դուռը բացում էի, ծառան էլ հաճախորդներին էր սպասարկում: Վաճառված ապրանքի փողն ստանում էի, դուռը կողպում ու գնում բանուգործիս:
Մի առավոտ լուսադեմին Վասոն հևիհև եկավ ինձ մոտ ու լալագին հայտնեց, թե «բատոնոն խեղդվել է պադվալում»:
-Ինչո՞վ, այ տղա, թոկո՞վ, թե…
-Գինիով…


Ձեռաց հագնվեցի, ոտքերիս ուժ տալով հասա հիվանդի կացարան և… ի՜նչ տեսնեմ: Նկուղի դռան կողպեքը կոտրված, հատակը կիսով չափ գինով լցված, իսկ Պետրոս Մակարյանը դիակնացած` դեմքն ի վեր տարուբերվում է գինու երեսին: Նկուղում եղած կախեթի ամենալավ տեսակ գինու ռումբին (գոմշի կամ եզան կաշվից կարված տիկ- Խ. Դ.) դատարկված է: Պարզ էր ուրեմն, որ ծառայի քնած ժամանակ հիվանդը գիշերը դռան կողպեքը ոլորել-կոտրել էր, ռումբիի բերանը բացել, գինին խմել, հարբել կամ մեռել էր: Գինին թափվել էր, նկուղը կիսով չափ լցրել:
Փողոցի ոստիկանին կանչեցի ու դռան մոտ նրան կանգնեցնելով` փութացի ոստիկանատուն: Հերթապահը խոստացավ արագ գալ: Գնացի բժշկի տուն, քնից հանեցի, ամեն ինչ պատմեցի: Խոստացավ մի ժամից գալ, տեսնել ու այնպիսի մի թուղթ տալ, որ կարելի լիներ դիակը թաղել առանց ճղելու: Իրավունք տվեց դիակը նկուղից տանել սենյակ` մինչև իր գալը:
Դարձա մեռելատուն: Բավական մարդիկ էին հավաքվել: Ոստիկանատան պաշտոնյան թույլ չտվեց դիակին ձեռք տալ, մինչև դատական քննիչի գալը:
Բայց մինչև քննիչի գալը բժիշկը եկավ: Տախտակներ շարեցինք նկուղի մեջ, որոնց վրայով բժիշկը գնաց հիվանդի զարկերակը բռնեց և, ո՜վ զարմանք, հայտնեց, որ հիվանդը ոչ թե մեռած է, այլ ընդհակառակը` շատ խոր և հանգիստ քնած է:
Պետրոսիս հանեցինք նկուղից, տարանք իր սենյակ, շորերը փոխեցինք, անկողին դրինք, բայց նա բնավ չարթնացավ:


Երկուսուկես օր քնած մնաց, ապա արթնացավ: Բժշկի պատվիրածի համաձայն մի քանի օր կերակրեցինք: Ապա Պետրոս Մակարյանը ոտքի կանգնեց և անցավ իր գործին:
Առողջանալուց հետո նա սովորություն դարձրեց ամեն տարի 100 շիշ Կախեթի անարատ գինի հատկացնել հիվանդների համար: Եվ դիմողին միշտ տալ ձրիաբար: Նա համոզված էր` ամեն տեսակ հիվանդության միակ դեղը միմիայն գինին էր:
Մի օր էլ հեգնելով նրան հարցրի.
-Պետրոս, եթե մարդու եղունգները հիվանդանան` էլի՞ գինի տանք:
-Էլի՝ գինի:
-Իսկ եթե մազերը հիվանդանա՞ն:
-Էլի՛ գինի:
Թիֆլիսից հեռանալուցս հետո այլևս Պետրոս Մակարյանին չտեսա: Բայց լսեցի, որ ամուսնացել, զավակներ է ունեցել և Մեծ Իշխանի պալատի խմիչք մատակարարող դառնալով` խիստ հարստացել է:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 4539

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ