Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հանրապետական ցուցահանդես` նվիրված նկարիչների միության հիմնադրման 85-ամյակին

Հանրապետական ցուցահանդես` նվիրված նկարիչների միության հիմնադրման 85-ամյակին
22.12.2017 | 12:40

2017 թ. դեկտեմբերի 15-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց միության 85-ամյակին նվիրված հոբելյանական ցուցահանդես: Երկու հարկերում ներկայացված էին կերպարվեստի տարբեր ճյուղեր` գեղանկար, քանդակ, տարբեր նյութերով արված գրաֆիկական աշխատանքներ, կիրառական արվեստի նմուշներ: Ցուցադրված էին տարբեր սերունդների ներկայացուցիչների ստեղծագործություններ: Ընդ որում՝ ցուցադրությունում միայն միության անդամների գործեր չէ, որ ընդգրկված էին:

Ցուցահանդեսին ներկայացված էին տարբեր ժանրերի գեղանկարչական և գրաֆիկական (թուղթ, պաստել, գուաշ, ջրաներկ) աշխատանքներ` դիմանկարներ, բնանկարներ, նատյուրմորտներ, պատմական և կենցաղային ժանրերի գործեր: Ընդ որում` երկու ցուցասրահներում տեղ էին գտել ինչպես ռեալիստական, այնպես էլ մոդեռնիզմի տարբեր ուղղություններին (աբստրակցիոնիզմ, կուբիզմ, էքսպրեսիոնիզմ) հարող աշխատանքներ: Որոշ արվեստագետների ստեղծագործություններում զգացվում էր ինչպես հայ դասական, այնպես էլ եվրոպացի վարպետների ազդեցությունը` դրական իմաստով:
Ցուցահանդեսում ներկայացված դիմանկարներից հարկ է նշել Արամ Իսաբեկյանի` Կոմանդոսին պատկերող ռեալիստական ինքնատիպ դիմանկարը, որում հոգեբանական վերլուծության է ենթարկված կերպարը: Հայացքի խորությունը, ձեռքերի երակների թրթիռները և այլ կարևոր մանրամասներ այնքան վարպետորեն և բնական են արված, որ անմիջապես գրավում են դիտողին:


Ցուցադրված դիմանկարներից նշենք նաև Սերգեյ Նարազյանի` նարազյանական ոճին հատուկ «Կարմիր շապիկը» դիմանկարը և Արամ Ապարանցու ինքնադիմանկարը:
Ռեալիստական տպավորիչ բնանկարներ են Լորիկ Մինասյանի` վառ գույներով արված «Խուստուփի աշունը» կտավը, Արտակ Տիրատուրյանի «Սևանա լիճ. Շորժա» աշխատանքը և Մանուկ Քարամանյանի «Ձմռան շունչը»:
Ցուցահանդեսում տեղ գտած նատյուրմորտներից հարկ ենք համարում նշել Հովհաննես Մալխասյանի` ռիթմիկ վրձնահարվածներով արված «Ծաղիկները»:
Պատմական ժանրի հետաքրքիր, էքսպրեսիայով լի, դինամիկ հորինվածքով գրաֆիկական աշխատանք է ներկայացրել Դավիթ Ստեփանյանը, որ վերնագրված է «Գիշերային հարձակում»:


Թեմատիկ-կոմպոզիցիոն ինքնատիպ աշխատանքներ են Կարեն Աղամյանի «Հարազատ միջավայրը», Խաչատուր Ազիզյանի` խաղաղ տրամադրությամբ տոգորված «Պուրակը», Արծրուն Սեդրակյանի «Մայրությունը»: Վերջինս հետաքրքրական է նրանով, որ շեղված է այս թեմայով արվող գործերին հատուկ կանոնիկ պատկերագրությունից. այստեղ «Մայրություն» խորագրի ներքո տեսնում ենք ոչ թե հայ կնոջ ավանդական կերպար, այլ մերկ և կիսամերկ երկու «ժամանակակից» կանանց:
Ժանրային (կենցաղային ժանրի) աշխատանքներից նշենք Ալբերտ Հովսեփյանի «Դե գնա, Նազան ջան» գյուղական կյանքի մի դրվագ ներկայացնող կտավը և Հենրիկ Ավագյանի` զուսպ գունաշարով արված «Հիշողությունը», ուր ողջ հորինվածքը լցված է ռիթմիկ, խաղացկուն, մանր, բարակ վրձնահարվածներով, որոնք նմանվում են նախշի և աշխատանքն աղերսում «ար նուովո» ոճի գործերի հետ:


Ցուցահանդեսում ընդգրկված աբստրակտ աշխատանքներից հարկ է նշել Սերգեյ Խաչատրյանի էքսպրեսիայով լի «Զոլաքար» և Սերվետ Պողոսյանի «Սիրո արձագանք երազում» գործերը:
Հարություն Բոյաջյանը ցուցահանդեսին ներկայացել է կուբիստական ուղղությանը մոտ մի գործով` «Գունային հավասարակշռություն»: Թերեզա Բաղդասարյանի «Սիրո պոեմ» գրաֆիկական աշխատանքն էլ մոտ է սյուրռեալիզմին:
Էքսպոզիցիայում աչքի են զարնում մի շարք այլ տպավորիչ, ինքնատիպ աշխատանքներ, որոնցից նշենք Էդիկ Վարդանյանի` լոկալ, հնչեղ գույներով արված «Մոռացված աշունը», Վահե Թևոսի «Երեքը կարմիրում» խորիմաստ աշխատանքը, Մուշեղ Սարգսյանի` սառը գույների ներդաշնակությամբ արված «Զատիկը», Մարիամ Գալստյանի «Ներքին բնություն» գրաֆիկական կոմպոզիցիան, Արփի Վարդանյանի` երկրաչափական աբստրակցիային մոտ «Ճանապարհ» աշխատանքը:
Ցուցահանդեսում ընդգրկված էին նաև կրոնական թեմաներով աշխատանքներ:
Այս ցուցահանդեսում արվեստասեր հասարակության դատին էին ներկայացվել քանդակի տարբեր տեսակներ ու ժանրեր: Տպավորիչ են Տարիել Հակոբյանի «Լոռիս-Մելիքով» քանդակը, Գարեգին Դավթյանի «Լեդան», Գևորգ Քասաբյանի մինիմալիստական ոճի, նյու ժանրի աշխատանքը: Արման Համբարձումյանը ներկայացրել է խոր գաղափարներ ամփոփող «Առաջին ծանոթություն» քանդակը: Ինքնատիպ քանդակներ է ներկայացրել նաև Նարեկ Կնյազյանը: Խորիմաստ աշխատանք է հատկապես վերջինիս` հանդարտ ռիթմով աչքի ընկնող «Լուսաբաց» քանդակը: Բավական կենդանի տպավորություն են թողնում Հովհաննես Գասպարյանի քանդակները:


Այսպիսով, հոբելյանական ցուցահանդեսը հնարավորություն տվեց մի հարկի ներքո մեկտեղելու Հայաստանում ապրող տարբեր սերունդների արվեստագետների ստեղծագործությունները:


Սիլվա ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆ
արվեստաբան
Լուսանկարները` Արուս ՄԵԼԻՔԲԵԿՅԱՆԻ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 4728

Մեկնաբանություններ