Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Այսբերգի խոցելի հատվածը

Այսբերգի խոցելի հատվածը
22.12.2017 | 18:19

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան քվեարկության դրեց բանաձևը, որը կոչ է անում ԱՄՆ-ին հրաժարվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումից, կողմ քվեարկեցին 128, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 35 երկրներ: Արտահերթ նիստը հրավիրված էր արաբական և մահմեդական երկրների պահանջով, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ԱՄՆ-ը վետո դրեց որոշման վրա։ Նիստի նախօրեին Դոնալդ Թրամփը սպառնաց կրճատել այն երկրների ֆինանսական օգնությունը, որ կողմ կքվեարկեն բանաձևին: Դա, իհարկե, ամենախելամիտ դիվանագիտական քայլը չէր, որովհետև նշանակում էր` ԱՄՆ-ը ՄԱԿ-ում փողով է գնում իրեն «դեմ» ձայներով աջակցելը։ Փոխարենը` շատ բնորոշ էր միլիարդատեր նախագահի բիզնես պրագմատիզմին` ՄԱԿ-ը Նյու Յորքում է, ամենամեծ հարկատուն ԱՄՆ է և ԱՄՆ-ի դեմ որոշու՞մ է ընդունում: Քվեարկությամբ ոչ միայն արաբական ու իսլամական երկրները նրան «ոչ» ասացին, այլև` քրիստոնյա Եվրոպան։ Եվ սա ոչ թե ԱՄՆ-ի դիվանագիտության, այլ` անձամբ Դոնալդ Թրամփի պարտությունն է: Նա իրականությանը բաց աչքերով նայելու իր մարտավարության մեջ առաջ է ընկնում բոլորից, իսկ հետ մնացածները ոչ թե ջանում են առաջ գնալ, այլ խաղն ընդհատում են իրենց գտնված կետում։ Անիմաստ է սպասել, որ ՄԱԿ-ի այս բանաձևը որևէ ազդեցություն կունենա Իսրայելի վրա և Բենիամին Նեթանյահուն Մահմուդ Աբասի հետ կնստի Երուսաղեմի կարգավիճակի շուրջ բանակցելու։

Կամ էլ` Իսրայելի որևէ վարչապետ առաջիկա տասնամյակներում կհամաձայնի Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք հռչակելուն։ Բենիամին Նեթանյահուն քվեարկությունից առաջ էր հայտարարել, որ ՄԱԿ-ը «ստի տուն» է դարձել և քվեարկությունը որևէ նշանակություն չունի Իսրայելի համար։ Նրա հայտարարությունը, իհարկե, տարօրինակ է հնչում, որովհետև նույն այդ «ստի տան» որոշումով է ստեղծվել Իսրայել պետությունը, բայց ժամանակները փոխվում են ու փոխում են գնահատականները։ Բանաձևին 128 «կողմ» քվեարկողներից մեկը Հայաստանն էր։ Մեկնաբանելով Հայաստանի քվեարկությունը` ԱԳՆ մամլո խոսնակ Տիգրան Բալայանը ասաց, որ Հայաստանն արդեն իսկ հայտնել էր Երուսաղեմի կարգավիճակի վերաբերյալ դիրքորոշումը, որը մնացել է անփոփոխ։ «Երուսաղեմի կարգավիճակի հարցը միջազգային օրակարգի կարևորագույն խնդիրներից է և կարող է լուծում ստանալ բանակցությունների միջոցով՝ իսրայելա-պաղեստինյան հակամարտության կողմերի համար ընդունելի կարգավորման համատեքստում։ Դա կարող է ճանապարհ հարթել տևական անվտանգության և խաղաղության հաստատման համար»` ըստ ՀՀ ԱԳՆ-ի։ Տիգրան Բալայանը միանգամայն ճիշտ է, որ «Երուսաղեմում առկա է բազմադարյա հայկական ներկայություն, հարուստ հայկական պատմա-մշակութային ժառանգություն։ Հայ առաքելական եկեղեցին հանդիսանում է Սուրբ վայրերի իրավատեր եկեղեցիներից մեկը:

Բնականաբար, մենք ուշադրությամբ ենք հետևում Երուսաղեմին առնչվող բոլոր զարգացումներին։ Նկատի ունենալով Երուսաղեմի վերաբերյալ վերջին շրջանում արտահայտված դիրքորոշումները` ընդունում ենք, որ դրանք չեն կանխորոշում բանակցությունների միջոցով Երուսաղեմի վերջնական կարգավիճակի սահմանումը»։ Բայց դա որևէ կերպ չի բացատրում «կողմ» քվեարկելը։ Նույնիսկ հակառակը։ Երուսաղեմի պատրիարքի ընտրությունը, օրինակ, բացի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, հաստատում է Իսրայել պետությունը, և մինչև չստացվի Իսրայելի համաձայնությունը, պատրիարքը չի կարող սկսել պաշտոնավարումը։ Բայց դա հարցի մի կողմն է: Մյուս կողմում արաբական աշխարհն է, որտեղ կան հայկական համայնքներ։


ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Գլխավոր ասամբլեայի նիստում հայտարարեց. «ԱՄՆ-ը կհիշի այս օրը։ Այս քվեարկությունը կազդի ՄԱԿ-ի նկատմամբ ամերիկացիների վերաբերմունքի և այն երկրների նկատմամբ մեր վերաբերմունքի վրա, որոնք չեն հարգում ՄԱԿ-ում մեր որոշումները»։ Բնականաբար, հակառակ կարծիքին էր Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասի ներկայացուցիչ Նաբիլ աբու Ռուդեյնան, նա որոշումն անվանեց «Պաղեստինի հաղթանակ»։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ինչու՞ Հայաստանը «կողմ» քվեարկեց, որքանո՞վ էր այդ քվեարկությունը բխում մի երկրի շահերից, որ երբեք ներգրավված չի եղել և առաջիկայում էլ չի լինելու Իսրայել-Պաղեստին կոնֆլիկտում ու բանակցություններում։ Հաշվի առնելով Հայաստանի արտաքին քաղաքական խնդիրները, դիվանագիտության այսբերգի ստորջրյա հատվածը ևս, Հայաստանի համար լավագույն տարբերակները երկուսն էին` կամ չմասնակցել քվեարկությանը, կամ ձեռնպահ քվեարկել։ Խնդիրն այն չէ, որ 127 երկրների հետ հարցերը լուծելով` ԱՄՆ-ն անցնելու է Հայաստանի նկատմամբ «պատժիչ գործողությունների»։ Դոնալդ Թրամփը կարող էր և իր սադրիչ հայտարարությունը չանել, այդ դեպքում էլ մեզ պետք չէր ոչ կողմ, ոչ դեմ լինել մի որոշման, որը ցանկացած քվեարկության դեպքում Հայաստանը կողմերից մեկի առաջ դարձնում է խոցելի։ Առավել ևս` ստացվում է, որ Հայաստանը ՄԱԿ-ում կողմ է քվեարկում մի բանաձևի, որ Թուրքիան ու Եմենն են ներկայացրել։ Եթե 127 երկրներ հրաժարվում են «ճանաչել իրականությունը» տարբեր պատճառներով, Հայաստանը լրիվ հակառակ խնդիրն ունի աշխարհում` ճանաչելի դարձնել Լեռնային Ղարաբաղի անկախ պետությունը, որը ևս իրականություն է։ Եվ այդ պետության անկախության պահպանության ու ստատուս քվոյի երկարաժամկետ գոյության համար ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ ԱՄՆ-ի դերը վճռական է։ Արաբական աշխարհի ըմբռնումը ստանալը «կողմ» քվեարկությամբ միրաժ է անապատում` իսլամական երկրները չեն դադարի պաշտպանել դավանակից Ադրբեջանին` ինչ է թե Հայաստանը «կողմ» է քվեարկել Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք չճանաչելուն։
Փոխարենը հայ-իսրայելական հարաբերությունների զարգացումը կարող էր լինել փաստ, որը այժմ դառնում է կասկածելի։ Խնդիրն այն չէ, որ Իսրայելը չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, խնդիրն այն է` ինչպես է Իսրայելը վերաբերվում աշխարհաքաղաքական ներկա վիճակին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարեց, որ Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ որպես «սև բիծ» կմնա:


«Ես իմ ու իմ ժողովրդի անունից շնորհակալություն եմ հայտնում Երուսաղեմի կարգավիճակը չճանաչող բանաձևի օգտին քվեարկած երկրներին»,- ասաց Էրդողանը: Մեզ պե՞տք է շնորհակալությունը մի երկրի նախագահի, որ բոլորովին վերջերս ՄԱԿ-ում փորձում էր ԼՂ հարցով բանաձև ներկայացնել` Մինսկի խմբի ձևաչափի փոփոխության վերաբերյալ։

Դիտվել է՝ 2933

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ