«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Լուռ մեծամասնությունը»… լռեց

«Լուռ մեծամասնությունը»… լռեց
24.12.2017 | 10:05

ՈՒրբաթ օրը, դեկտեմբերի 22-ին, Ֆրանսիայի թերթերի առաջին էջերում Կատալոնիայի ընտրություններն էին, որոնց արդունքները դժվար էր կանխատեսել` հարցումների համաձայն անջատականներն ու Իսպանիայի միասնության կողմնակիցները պետք է հավաքեին հավասար ձայներ: Անջատականների հաղթանակը հին հարցերին չի պատասխանում, ավելի շուտ նոր հարցեր են ծագում։


Le Figaro-ն ամփոփում է քվեարկության արդյունքները։ Երեք անջատական կուսակցությունները համատեղ ստացել են մանդատների մեծամասնությունը խորհրդարանում։ Կուսակցությունների մեջ ավելի շատ ձայներ է ստացել աջկենտրոնամետ «Քաղաքացիները», որ Կատալոնիայի ու Իսպանիայի միասնության կողմնակից է։ Մինչև այժմ հայտնի չէ` ո՞վ է կառավարությունը ձևավորելու։ «Միասին հանուն Կատալոնիայի» կոալիցիան, որ ղեկավարում էր Կառլես Պուչդեմոնը, անջատական կուսակցություններից առաջինն է և ստացել է 34 մանդատ։ Պուչդեմոնի կողմնակիցները պնդում են, որ նա պետք է վերադառնա իր պաշտոնին։ Իրականում դա կարող է անհնար լինել։ Պուչդեմոնը մինչև հիմա Բրյուսելում է և հենց վերադառնա, նրան կարող են ձերբակալել` կարծում է Le Figaro-ն։ Ինչպես ձերբակալել են երկրորդ անջատական կուսակցության նախագահ Օրիոլա Ժունկերասին։ ՈՒստի նա ևս չի կարող Ժեներալիտետը գլխավորել։ Le Figaro-ն հարց է տալիս` կարո՞ղ են անջատականներն ընտրացուցակի երկրորդ համարներին առաջադրել կառավարության ղեկավարների պատասխանատու պաշտոններում, թե՞ փորձելու են ճնշում գործադրել Մադրիդի վրա, որ դադարեցնի դատական գործերը կատալոնյան ազգայնականների նկատմամբ։


Le Figaro-ն նաև հրապարակում է ընտրությունների գլխավոր հերոսուհու` Ինես Արիմադասի` «Քաղաքացիների» կատալոնյան մասնաճյուղի ղեկավարի լուսանկարը` անվանելով «անդալուզուհի, որ երազում է կառավարել Կատալոնիայում»։ 36-ամյա Արիմադասը կուսակցության անդամ է 2010-ից և հետևողականորեն կուսակցության երիտասարդական թևից հասել է Կատալոնիայի տարածքային ճյուղի ղեկավարի պաշտոնին։ Կարճ ժամանակում Ինես Արիմադասը մեծ հաջողության է հասել, հատկապես վերջին 2 տարում` քաղաքական ճգնաժամի ընթացքում։ 2015-ին «Քաղաքացիները» 25 % ստացավ, 2017-ին` 37 %։ Սակայն ոչ բոլորն են նրան աջակցում, սոցիալական ցանցերում նա բազմիցս քննադատվել է իր երիտասարդության ու գրավիչ արտաքինի պատճառով։


Le Monde-ը վերլուծում է աջերի իշխող «Ժողովրդական կուսակցության», որին անդամակցում է Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը, արդյունքները։ «Մարիանո Ռախոյի ամենամեծ պարտությունը իր քաղաքական կարիերայում»` մեջբերում է Le Monde-ն իսպանական թերթերից։ Կատալոնիայի ընտրություններում Ռախոյի կուսակցությունը ռեկորդային քիչ ձայներ է ստացել: Նախորդ խորհրդարանում, որ լուծարեց Ռախոյը, «Ժողովրդական կուսակցությունն» ուներ 11 մանդատ, նոր ընտրություններից հետո` 3: Թվում էր` կուսակցությունն առանց այդ էլ քիչ ձայներ ուներ և այդ տատանումները մեծ նշանակություն չունեն, բայց Le Monde-ը ճշտում է, որ Ռախոյի կուսակցությունը ոչ միայն 8 մանդատ է կորցրել, այլև 165000 կողմնակիցների ձայները, որ Կատալոնիայի համար կարևոր է։ Այդպիսի պարտությամբ Ռախոյը տանուլ տվեց բոլոր ճակատներում։ Արտահերթ ընտրութունների նպատակը անջատականներին հեռացնելն էր, բայց նրանք ավելի ուժեղացրին իրենց դիրքերը։ Ռախոյը պարտվեց ոչ միայն անկախության կողմնակիցներին, այլև, որ գուցե ավելի կարևոր է երկրի մակարդակով, «ժողովրդական կուսակցության» թույլ արդյունքների համապատկերում հատկապես հաջող է ընդգծվում աջկենտրոնամետ «Քաղաքացիների» հաղթանակը։ Դաշնային մակարդակում հենց այս կուսակցությունն է «Ժողովրդական կուսակցության» գլխավոր մրցակիցը իշխանության համար պայքարում։ «Իսպանիային պետք է ապագայի նախագիծ, որ ոգևորությամբ կընդունեն երկրի բոլոր քաղաքացիները», մինչև ընտրությունները ասում էր «Քաղաքացիների» դաշնային ղեկավար Ալբերտ Ռիվիերան։ Հենց նրա կուսակցությունն է հավակնում այդ նախագիծը դառնալ։
RFI


Հ.Գ. Իսպանիայի վարչապետ Մարիանո Ռախոյը հրաժարվել է Կառլես Պուչդեմոնին հանդիպել։ Դեկտեբերի 22-ի մամլո ասուլիսում նա հայտարարեց. «Ես պետք է բանակցությունների սեղանի շուրջ նստեմ նրա հետ, ով հաղթել է ընտրություններում` տիկին Արիմադասի»։
Անջատականների 3 կուսակցությունների կոալիցիան ունի 165 մանդատներից 70-ը։
Արդյունքների հրապարակումից հետո Կառլես Պուչդեմոնը մամլո ասուլիսում ընտրությունների արդյունքները անվանեց «Իսպանիայի պարտություն ու Կատալոնիայի հաղթանակ», որ ոչ ոք չի կարող վիճարկել և Իսպանիայի վարչապետին բանակցությունների կոչ արեց։ Նա հույս ունի վերադառնալ իր պաշտոնին, երբ կատալոնացիները վերջնականապես «նվաճել են լսված լինելու իրավունքը»։ Նա պատրաստ է Բարսելոն վերադառնալ, եթե «Մադրիդը հարգի ընտրությունների արդյունքները»։
Եվրահանձնաժողովը շարունակում է կատալոնական հարցը համարել Իսպանիայի ներքին գործը։ «Մեր դիրքորոշումը կատալոնական հարցում, որ լավ հայտնի է և բազմիցս բարձրաձայնվել է տարբեր մակարդակներով, չի փոխվել»` հայտարարել է Եվրահանձնաժողովի մամլո քարտուղար Ալեքսանդեր Վինտերշտեյնը։


Ընտրությունների արդյունքները քաղաքական ճգնաժամը չհաղթահարեցին։ Ռախոյը հույսը դրեց «լուռ մեծամասնության» վրա, որ միասնական Իսպանիայի կողմնակից է, իսկ նրանք իսկապես լռեցին, թեպետ մասնակցությունն ընտրություններին 80 % էր։
Եվրոպացի վերլուծաբանների կարծիքով` հարուստ և զարգացած երկրամասում արտահերթ ընտրություններ անցկացնելը վարչապետ Ռախոյի լուրջ սխալն էր:
Reuters-ը նշում է` նա արել է նույն սխալը, որը վերջին տարիներին թույլ են տվել Հունաստանի, Բրիտանիայի և Իտալիայի ղեկավարներ Ալեքսիս Ցիպրասը, Դեյվիդ Քեմերոնն ու Թերեզա Մեյը, Մատեո Ռենցին, որ, արտահերթ ընտրություններ նշանակելով, ընտրողների վրա էին դրել ներքին հիմնախնդիրները լուծելու պարտավորությունը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2847

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ