Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տոլմա` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական

Տոլմա` հայկակա՞ն, թե՞ ադրբեջանական
24.12.2017 | 10:15

Ղարաբաղը միակը չէ, որ բաժանում է հայ և ադրբեջանցի ժողովուրդներին։ Եվս մեկ կռվախնձոր է տոլման` ճաշատեսակ, որ երկու երկրները համարում են իրենց ազգայինը։ Խոհարարական կրակին յուղ լցրեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին որոշումը` տոլման ադրբեջանական ոչ նյութական մշակութային ժառանգություն է։


Տոլման խաղողի թփով փաթաթված մսի ֆարշ է, որ տարբեր վարիացիաներով եփում են շատ երկրներում` Չինաստանից Ալժիր։ Բայց այն պահից, երբ Կովկաս եկավ ինտերնետը, տոլման դարձավ հայերի ու ադրբեջանցիների ցանցային պատերազմների առիթ` բացառապես իրենց ժողովրդի սեփականությունը համարելու իրավունքի համար։ Եթե խաղողի թփերը կաղամբով փոխարինեք, կստացվի յուրաքանչյուր ռուսին լավ ծանոթ ճաշատեսակը, որը բնավ չի նվազեցնում բանավեճերի ջերմաստիճանը։


ՅՈՒՆԵՍԿՕ-ի վերջին նիստում քննարկվեցին Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ճանաչման հայտերը և ադրբեջանական տոլման ներառվեց այդ ցանկում, բայց դա բոլորովին չնպաստեց երկու ժողովուրդների հաշտեցմանը։
Մայկոպից բլոգեր Ռոզա Գրիգորյանը երկու կողմին էլ քննադատում է։ Վերջերս նա հայկական ու ադրբեջանական տոլմա էր եփել ու լուսանկարները դրել իր Ֆեյսբուքի էջում` հարուցելով բուռն քննարկումներ։ «Տոլմայի վերաբերյալ ճակատամարտերը տխմարության ցուցիչ են, այդ մարդկանց բուժզննություն է պետք,- ասում է նա։- Դա նաև մարդու ու ժողովրդի անլիարժեքության բարդույթի նշան է, ցավոք: Երբ Միջին Ասիայում կարդում են իմ պոստերը ու նրանց տակի վեճերը, շոկի մեջ են։ Նրանք էլ նման ճաշատեսակ ունեն, բայց ոչ մեկի հետ պատկանելությունը չեն վիճարկում»։


Եվս մեկ հարց է, թե ինչպես են տոլման պատրաստում։ Հայաստանում գլանաձև են փաթաթում, Ադրբեջանում ծրարում են։ Տոլմայի պատկանելության ցանցային վեճերը հասնում են նրա ամենաճիշտ ու կանոնիկ տարբերակի որոնումին, որ խիստ հիշեցնում է Սվիֆտի պատերազմը` ո՞ր կողմից է ճիշտ ձուն կոտրել։ «Իրականում այդ կռիվները ոչ մի իմաստ չունեն մի քանի պատճառներով,- ասում է պատմաբան Վուղար Ալիևը (նրա խնդրանքով` անունը փոխված է)։- Խոհանոցը, հատկապես մասնագիտական բարձր խոհանոցը, միշտ եղել է ոչ թե էթնոսների, այլ խավերի գործը»։ Իսկ խավերը ինքնորոշվել են ոչ թե էթնիկ պատկանելությամբ, այլ սյուզերենին լոյալության։ Նախաինդուստրիալ դարաշրջանում (200 տարի առաջ) մոլորակի բնակչության մեծ մասն աղքատ էր և կարող էր իրեն թույլ տալ խաշ (պարզ պատրաստվող կերակրատեսակ կենդանուց, որի ամբողջ միսը տարել է տերը)։
Մաթեմատիկոս Լեյլան Ֆեյսբուքում գրել է. «Երբ ես կարդում եմ «ՅՈՒՆԵՍԿՕ-ն ադրբեջանական տոլման աշխարհի ոչ նյութական ժառանգության մաս է ճանաչել», մեկնաբանում եմ, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն տոլմա եփելու ադրբեջանական ձևն է ճանաչել աշխարհի ոչ նյութական ժառանգության մաս։ Տոլմա միայն մենք չենք եփում` տարբեր ձևերով պատրաստում են և հույները, և արաբները, բոլորը, որ ծանոթ են մսին ու խաղողի թուփ ունեն։ Ամեն մեկը իր ձևով է եփում։ Պատրաստեք ձեր սիրած ճաշատեսակը ու հաճույքով կերեք` դա է կարևորը։ Նույնիսկ եթե Միջմոլորակային խորհուրդը երբևէ ճանաչի տոլման/խաշը/լավաշը/փիթին և այլն մեքսիկական, նրանք չեն դադարի մեր մշակույթի մաս լինել։ Եթե մեզ արգելեն եփելը, կարելի է ոչ միայն հիստերիկանալ ինտերնետում, այլև ցույցերի դուրս գալ ու ընդհանրապես հեղափոխություն սարքել»։


Տոլմայի թեման Եվրոպա էլ է հասել։ Համախոհների խումբը Գերմանիայում սերիալ է նկարահանում Ադրբեջանից, Հայաստանից, Վրաստանից երեք ուսանողների մասին, որ իրադարձությունների բերումով Բեռլինում հայտնվել են մեկ բնակարանում ու ստիպված են միասին ապրել ու սովորել։ Սերիալի հեղինակներից մեկը` Օլիվեր Մյուսերը, պատմում է, որ սցենարն արդեն պատրաստ է և 2018-ին ֆիլմը կհայտնվի YouTube-ում։ Անվանման առաջին տարբերակը Dolma Diaries է։ «Հայերն ու ադրբեջանցիները հակամարտում են իրար հետ տարբեր պատճառներով` տարածք, պատմություն, կերակուրներ, միջազգային ազդեցություն, մենք մտածեցինք, որ հենց սնունդը կարելի է օգտագործել կատակերգական սերիալն անվանելու համար»։
Տոլման ցանցային վեճերի միակ թեման չէ։ Կան լավաշը և այլ կերակուրներ, նաև` երգերը։ Իսկ տոլմա եփում են Թուրքիայում, Իրանում, Բուլղարիայում, Հունաստանում ու տասնյակ այլ երկրներում։ Տարբեր ձևերով։ Օրինակ, հունական տոլմայի մեջ ինչ ասես կա, բացի մսից, որ հակասում է կովկասյան խոհանոցի ոգուն։
Տոլմայի ֆարշը նաև բիբարի, պոմիդորի, սմբուկի, խնձորի, սերկևիլի ու նույնիսկ սոխի մեջ են դնում։


Ոչ միայն կովկասցիներն են իրենց խոհանոցային վեճերը ՅՈԻՆԵՍԿՕ հասցնում։ 2013-ին Հարավային Կորեան «ամրագրեց» ձմռան համար թթու բանջարեղենի պատրաստման տարածաշրջանային սովորույթը (նախ և առաջ` չինական կաղամբի) և այդ գիտելիքները սերնդեսերունդ փոխանցելը։ Ավելի ուշ ՅՈՒՆԵՍԿՕ-ն բավարարեց և ԿԺԴՀ-ի թթվի հայտը։
BBC, Մահերամ ԶԵՅՆԱԼՈՎ


Հ.Գ. ՈՒ որտե՞ղ էին կորեացիները, որ մենք տակառներում թթու էինք դնում: Ի՞նչ կաղամբ, ձմերուկներն էլ հետը։ Ֆեյսբուքն ու պարապ մարդկանց պատերազմները մի կողմ` կա շատ ավելի կարևոր ու սկզբունքային հարց` ինչի՞ համար է ՅՈՒՆԵՍԿՕ-ն, ժողովուրդներին հաշտեցնելու՞, թե՞ հակասությունները խորացնելու համար, ինչպե՞ս են կայացվում որոշումները` ինչի՞ հիման վրա։ Ընդհանրապես` ինչպե՞ս է սահմանվում մարդկության ոչնյութական ժառանգությունը և ի՞նչ նպատակով։ Տոլման հայկական է, թե ադրբեջանական` ամենահիմար հարցն է, որ հնարվել է, շատ ավելի կարևոր է` համով տոլման: Բարի ախորժակ։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7217

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ