Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Հայաստանը պոկվում է շրջափակումից Վրաստանով

Հայաստանը պոկվում է շրջափակումից Վրաստանով
25.12.2017 | 11:24

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը երկօրյա աշխատանքային այցով մեկնում է Վրաստան։ Այցի շրջանակներում նա կհանդիպի Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլու, վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլու, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի ու Համայն Վրաստանի պատրիարք Իլյա 2-րդի հետ։ Բանակցություններում քննարկվելու են տարբեր ոլորտների առանցքային հարցեր։ Բոլոր առումներով այցը ճիշտ ժամանակին է։ Նախօրեին Կվիրիկաշվիլին ինտրիգային հայտարարություն արեց։ Նրա խոսքով` «Հայաստանը տեսականորեն կարող է օգտվել (բացառապես ֆորսմաժորային իրավիճակներում) Աբխազիայի ու Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներից` Ռուսաստանից ապրանքները փոխադրելու համար»։ Հիշեցնելով 2017-ի դեկտեմբերի 19-ին Բեռնում շվեյցարական SGS ընկերության հետ ստորագրած պայմանագիրը, որ պետք է ապահովի բեռների վերահսկողությունը` թե տարանցիկ, թե Հայաստանի ու Ռուսաստանի մատակարարած, Կվիրիկաշվիլին ճշտել է. «Մեր ստորագրած պայմանագրի ոչ մի կետը մեր պետության շահերի դեմ ուղղված չէ։ Ընդգծում եմ` ֆորսմաժորային իրավիճակում այդ միջանցքից Ցխինվալի տարածքով (Ռոկի թունելով) կարող են օգտվել Թուրքիան, Հայաստանը և մյուս երկրները` տարանցիկ երկրի կարգավիճակով»։

Մի քանի հարցեր են ծագում, քանի դեռ պայմանագրի տեքստը չի հրապարակվել։ Առաջին` ի՞նչ «ֆորսմաժորային իրավիճակների» մասին է խոսում Վրաստանի վարչապետը։ Միայն այն իրավիճակների՞, որ կապված են Ռուսաստանի ու Վրաստանի միջև Լարսի անցակետին, որ երբեմն փակվում է քարաթափման, ձյան ու ձնահոսքի պատճառով։ Իհարկե, այդ դեպքերում Ցխինվալի հատվածը կարող է օգտագործվել իբրև պահեստային տարբերակ առավել բարենպաստ կլիմայական պայմանների ու ռելիեֆի պատճառով։ Երկրորդ` ի՞նչ կապ ունի Թուրքիան։ Երկու եզրակացություն է առաջ գալիս` կամ ինչ-որ պայմանավորվածություն կա Թբիլիսիի ու Անկարայի միջև` Երևանի հնարավոր միացումով, կամ Թբիլիսին փորձում է նվազեցնել հավանական ռիսկերն ու Անկարայի ճնշումը, որ Բաքվի հետ Երևանի շրջափակման քաղաքականություն է վարում։ Վերջապես` երրորդ հարցը` վրացական քաղաքականության նկատելի շրջադարձի պատճառների վերաբերյալ, ոնց էլ պտտվես, դա չի կարող Բաքվի հետ հարաբերություններում լարվածություն չհարուցել։ Եթե Կվիրիկաշվիլին գնում է այդ քայլին, չի կարելի բացառել Ժնևի բանակցություններում ինչ-որ առաջընթացի հասնելը։ Բոլոր դեպքերում` Վրաստանի վարչապետի` Ռուսաստանի հետ կապերի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն տեղեկացրել է, որ վարչապետը պատրաստ է անձամբ ներգրավվել Ժնևի քննարկումներում։ Վրացի որոշ փորձագետներ կարծում են, որ «տվյալ դեպքում գործ ունենք առավել գլոբալ ենթատեքստի հետ, որ պայմանավորված է Հայաստանի ու Եվրամիության շրջանակային համաձայնագրի ստորագրումով, իսկ ավելի ճշգրիտ` տարածաշրջանային նոր ստատուս քվոյով, որ եվրաինտեգրման նոր մակարդակի հետևանքն է»։ «Մենք խորապես համոզված ենք, որ Թբիլիսիի այս նախաձեռնության հիմքում կա նաև Բրյուսելի գործուն միջամտությունը,- գրում է փորձագետներից մեկը։- Ստացվում է, որ ԵՄ-ն ջանքեր է գործադրում Հայաստանին այլընտրանքով ապահովելու համար, առավել ևս, որ Թուրքիան Երևանի համար առաջիկայում էլ դեպի արտաքին աշխարհ ճանապարհ չէ»։ Բայց Հայաստանը Անկարայի համար կարող է դառնալ ԵԱՏՄ-ի դարպասներ, եթե, իհարկե, երկու երկրների հարաբերությունները կարգավորվեն և սահմանները բացվեն։ Այդ դեպքում Կվիրիկաշվիլու` Թուրքիայի հիշատակումը պատահական չէ։ Չմոռանանք և Հայաստանի ու Իրանի սերտ առևտրատնտեսական կապերի մասին, ինչպես` Իրանի ու Վրաստանի։ Եթե այս տարբերակը ճշմարտանման է, Անդրկովկասում կարող են լուրջ աշխարհաքաղաքական փոփոխություններ լինել։ Առայժմ վարչապետը կոշտ տեղեկատվական գրոհի է ենթարկվում Վրաստանի ընդդիմության կողմից, որ պնդում է` «Հայաստանին` իր ապրանքները այլընտրանքային միջանցքով փոխադրելու թույլտվության որոշումը ոչ մի կապ չունի շվեյցարական SGS ընկերության հետ դեկտեմբերի 19-ի համաձայնագրին»։

Դժգոհություն է հայտնում և Ադրբեջանը, որ Ռուսաստանից Հայաստան, բացի ամեն ինչից, կարող է ռազմական արտադրանք փոխադրվել։ Չի բացառվում, որ Վրաստանում քաղաքական սկանդալ սարքելու փորձերի հետևում երրորդ ուժ կա։ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեծացել է առևտրի ծավալը ԵԱՏՄ երկրների հետ, իսկ Վերին Լարսի անցակետը բեռնափոխադրումների ծավալները չի հաղթահարում։ Բայց կարևոր նրբերանգ կա։ Երբ Կվիրիկաշվիլին խոսում է, որ ձեռքբերված պայմանավորվածությունները «թույլ են տալիս բեռները ուղղել Գորի-Ցխինվալի-Վլադիկավկազ երթուղով», բոլորը հասկանում են, որ խոսքը ավտոմայրուղում երթևեկության վերականգնման մասին է 2008-ի օգոստոսի 5-օրյա պատերազմից հետո։ Թբիլիսիում Հայաստանի նախագահը կարևոր բանակցություններ է վարելու։ Հավանաբար, այդ բանակցությունների արդյունքներից է կախված` որքան արագ Մոսկվան իր ստորագրությունը կդնի SGS ընկերության հետ կնքված համաձայնագրի տակ։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արդեն հայտարարել է, որ Մոսկվան «դրական է գնահատում պայմանագրի ստորագրումը` առաջինը փաստաթղթերից, որ պետք է ընդունեն վրացական, ռուսական, շվեյցարական կողմերը համաձայնագրի լայնամասշտաբ իրականացման համար»։ Սպասենք` ինչ կլինի հետո։
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Իսկ հետո կլինի` ինչպես միշտ: 2013-ին Հայաստանի Մաքսային միությանն անդամակցելու հաղթաթղթերից էր ռուս-վրաց-աբխազական երկաթուղու վերագործարկումը: Չստացվեց: Վերին Լարսը հավիտենապես վտանգավոր է ու հաճախ է փակվում թե ամռանը, թե ձմռանը ռուսական հատվածում` անբարեկարգության պատճառով։ Սահմանային անցակետի վատ աշխատանքի: Հազիվ թե Սերժ Սարգսյանն ու Գեորգի Կվիրիկաշվիլին այդ հարցը քննարկեն։ Տարածաշրջանում իսկապես սկսվել են փոփոխություններ և նոր իրավիճակ է ձևավորվում ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից հետո, այդ առումով այցը ոչ միայն ճիշտ ժամանակին է, այլև ժամանակի համար է, երբ հայ-վրացական ժամացույցները կարող են շատ հարցերում նույն ժամանակը ցույց տալ։ Չսպասեք պաշտոնական տեղեկություններում հարցերի պատասխաններ։ Վստահաբար սա այն դեպքն է, որ պետք էլ չէ հայտարարել պայմանավորվածությունների մասին, ամեն ինչ ինքն իրեն հայտնի կդարձնի, եթե բացվեն ճանապարհները։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 7008

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ