Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Բյուրակն»` այստեղ իրար են հանդիպում ուսուցիչն ու աշակերտը

«Բյուրակն»` այստեղ իրար են հանդիպում ուսուցիչն ու աշակերտը
26.12.2017 | 10:16

«Բյուրակն» կրթահամալիրում դեկտեմբերի 22-24-ը հրավիրված էր միջազգային գիտաժողով` «Նոր կրթական իրողության կայացման հիմնախնդիրները» թեմայով։ Գիտաժողովի թեմաները, մասնակիցների ցանկն ու աշխարհագրությունը ի սկզբանե խոստանում էին մասնագիտական մանրամասն ու հիմնավոր քննարկումներ և անսպասելի ու հետաքրքիր լուծումներ մ.թ.ա. անհայտ է, թե որ դարում սկսված գործընթացում, որ միշտ երկու կողմ ունի` ուսուցիչ ու աշակերտ։ Դեկտեմբերի 22-ի նիստը առանձնահատուկ էր` «Բյուրակն» կրթահամալիրն անվանակոչվեց մեկ տարի առաջ անժամանակ կյանքից հեռացած տնօրեն ՍՊԱՐՏԱԿ ՄԿՐՏՉՅԱՆԻ անունով։ Գիտաժողովի առաջին նիստը նախագահող ԿԳ փոխնախարար Վահրամ Մկրտչյանը հատուկ շեշտեց, որ կրթահամալիրը կայացել է Սպարտակ Մկրտչյանի ջանքերով, և նրա ավանդը ենթակա չէ ժամանակի քննությանը ու շարունակվելու է` քանի կա կրթահամալիրը։ Վարդան եպիսկոպոս Նավասարդյանը ուսուցչի գործը որակեց գաղափարախոսություն, որ ազգություն չի ճանաչում, համամարդկային հոգևոր արժեք, որ դաստիարակում է մարդ արարածին, մարդակերտումի առաքելություն։ «Սպարտակ Մկրտչյանը հարազատ անձնավորություն էր, ընկեր ու աշխատակից, որպես Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի ենթակայությամբ գործող կրթական հաստատության հոգաբարձուների խորհրդի անդամ, տարիներ շարունակ առիթ ենք ունեցել ականատես լինելու նրա` կրթության նկատմամբ հավատին ու վերաբերմունքին։ ՈՒրիշ որևէ հատուցում նրա հիշատակին ավելի վայել չէր լինի, քան նրա հավատի հավատակիցների հավաքույթը և մեր մտածումների բարձրաձայնումը։ Յուրաքանչյուր կրթության մշակ այն կրթահամալիրում, որտեղ աշխատել ու իր երազներն է իրագործել Սպարտակ Մկրտչյանը, այս օրերից կտանի իրեն անհրաժեշտը որպես զորություն ու որպես դիմակայություն արդի մարտահրավերներին։ Սպարտակ Մկրտչյանը իր կյանքով ապացուցել է իր հավատքը, մենք ենք պատասխանատու հիմա ճանաչելու, իմանալու ու կյանքի կոչելու նրա կիսատ թողածը»։


Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշեց, որ դահլիճում հավաքված են կրթական համակարգի նվիրյալները, ու շնորհակալություն հայտնեց նրանց, նախ և առաջ Մանուկ Մկրտչյանին` շեշտելով, որ անժամանակ կյանքից հեռացած որդու հիշատակը հարգելու առավել արժանավայել ձև դժվար էր պատկերացնել։ «Սպարտակ Մկրտչյանը ինձ համար մնում է որպես մարդկային հարաբերությունների էտալոնային կերպար, որ կարողացել էր իր շուրջը ձևավորել շատ հետաքրքիր միջավայր, և այդ միջավայրը նաև այս դպրոցն է, որ իր մեթոդոլոգիայով, տարիների աշխատանքով ձևավորել է շատ հետաքրքիր ուղղություն կրթական համակարգում: Այդ ուղղության կրողը կոնկրետ անձինք են` աշակերտը և ուսուցիչը»։ Լևոն Մկրտչյանը հանգամանալից ներկայացրեց «ՈՒսուցիչ» ծրագիրը` որպես ՀՀ հանրակրթության զարգացման համակարգաստեղծ բաղադրիչ։


Գիտության և կրթության փոխնախարար Մանուկ Մկրտչյանը գոհ էր, որ հաջողվել է գիտաժողովում ներկայացուցչական լսարան հավաքել, նա խոսեց նոր կրթական իրողությունների կայացման քաղաքական ու գաղափարախոսական հիմքերի մասին։
Ռուսաստանի ու Ղազախստանի տարբեր քաղաքներից Հայաստան եկած մանկավարժներից բացի` գիտաժողովի առաջին նիստին ներկա էին Հայաստանի դպրոցների տնօրեններ ու մանկավարժներ, բուհերի ռեկտորներ։ Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանին հարցրի.
-Ո՞րն էր այսօր Ձեզ համար գլխավորը ելույթներում ու կրթահամալիրի անվանակոչության մեջ։
-Կրթությունը` առաջընթացի, անհատի, ազգայինի, ամեն ինչի զարգացման երաշխիքը կրթությունն է: Համակարգ, որի մեջ ձևավորվում է անհատը։ Անհատ, որ կատարելագործում է համակարգը։ Այսօր մեր կրթության ամենամեծ թերությունների պատճառը ուսուցիչն է։ Մեր բոլոր ջանքերը պիտի ուղղվեն ուսուցչի կատարելագործմանը։ Երբ երեխան հայտնվում է ուսուցչի ձեռքում, նա և կրթություն է ստանում, և դաստիարակվում է։ Մեր կազմակերպական, իրավական, ֆինանսական ներդրումները պիտի ուղղվեն դպրոցին ու ուսուցչին։ ՈՒսուցիչը դպրոցի կենտրոնն է։
-Սպարտակ Մկրտչյանը այդ ուսուցիչների՞ց էր։
-Այո, ես նրա հետ ընկերություն ու բարեկամություն եմ արել և վստահ եմ, որ «Բյուրակնը» կշարունակի նրա ավանդը, վաստակը, գործն ու հիշատակը։ Ցավալի, շատ ցավալի է, որ նա այդքան շուտ հեռացավ։
«Ֆլեշ» ընկերության տնօրեն, բարերար Բարսեղ Բեգլարյանին հավարտ հանդիսության խնդրեցի իր կարծիքը հայտնել օրվա խորհրդի վերաբերյալ.
-Ամենակարևորը` պետք է ուսուցչի դերը բարձրացնել իրեն վայել մակարդակի, ինչպես 30-40-50 տարի առաջ էր, Խորհրդային Հայաստանում ուսուցիչը եղել է սիմվոլ, նրան հարգել ու լսել են բանվորից նախարար։ ՈՒսուցչին պետք է վերադարձնել իր դիրքերը, դա շատ կարևոր է բոլորիս համար։ Հայաստանում ամենաբարձրը ազգային գոյության պահպանության, ազգային անվտանգության խնդիրն է, սրան զուգահեռ` կրթությունը չպետք է զիջի։ Մեզ ինչքան զենք է պետք, այնքան էլ ուսուցիչ է պետք։ Անգրագետ զինվոր մեզ պետք չէ։ Դա և բարոյական, և ֆինանսական խնդիր է, մենք ուսուցչին քիչ ենք վարձատրում` դա սոցիալական խնդիր է, որ այսօր պետությունը դեռ չի կարողանում լիարժեք լուծել, փոխարենը պետք է գոնե այլ առավելություններ տանք, որ դառնա անձեռնմխելի։ ՈՒսուցչին պիտի գուրգուրել ու փայփայել։
Մանուկ Մկրտչյանին ևս հարցրի` ի՞նչն է իր համար ամենակարևորը օրվա մեջ.
-Մեկ տարի առաջ գիշերը տղաս ինձ հրաժեշտ տվեց ֆիզիկական աշխարհում, բայց ես չեմ զգում նրա բացակայությունը, որովհետև հոգևոր աշխարհում մենք չենք բաժանվել։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Անկեղծ ասեմ` ինձ համար ամենահետաքրքիրը կրթահամալիրի սաներն էին, որ դիմավորում ու ճանապարհում էին հյուրերին և ստեպ-ստեպ հայացք նետում Մանուկ Մկրտչյանին` պարզելու` ամեն ինչ ճի՞շտ են անում։ Գուցե ուսուցիչ-աշակերտ կապի ամենագործուն տարբերակը այդ լուռ շփումն է։ Չգիտեմ։ Դպրոցը վաղուց եմ ավարտել։ ՈՒսուցիչներիս հիշում եմ սիրով, կարոտով ու երախտագիտությամբ։ Նրանցից շատերն արդեն հեռացել են, բայց Ալֆայից Օմեգա` աշխարհընկալման ու ինքնաճանաչության դպրոցը անցել եմ նրանց հետ։ Սպարտակ Մկրտչյանի անվան «Բյուրակն» կրթահամալիրի սաները նրան կհիշեն, կարծում եմ, հենց այդպես, իսկ ապագա սաներին նրա մասին կպատմի ոչ միայն հուշատախտակը, այլև նրա թողած ավանդն ու առասպելը ՈՒսուցչի մասին։

Դիտվել է՝ 5114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ