Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Թեմա` տարբերակների կաղապարներում

Թեմա` տարբերակների կաղապարներում
26.12.2017 | 10:22

Ամանորը ժամանակ է, երբ գնում ես ոչ մեկին պետք չեկող ու ստանում նույնքան անպետք նվերներ, երջանիկ ժպտում ես հյուրերիդ ու հորդորում ուտել` ինչ կա ծանրաբեռ սեղանին, իսկ մտքումդ մտածում ես` ե՞րբ են գնալու, որ ափսեները հասցնես լվանալ` քնելուց առաջ։ Դա անձնական ու պայմանական պատկերացում է տոնի մասին, որ տուն է մտնում իր կանոնակարգով։ Կենցաղային մակարդակից վեր Ամանորը ստիպում է մտածել` ինքդ քո կյանքի մասին, երբեմն էլ երկրի ու պետության։ Եվ, ուրեմն, 17 տարին քի՞չ, թե՞ շատ ժամանակ է ամփոփելու 21-րդ դարի սկիզբը։ Կրկնում եմ` սկիզբը։ 20-րդ դարում 1917-ին արդեն մեկ ցեղասպանություն ու երկու հեղափոխություն էին եղել, որ փոխեցին ոչ միայն աշխարհի կեսի, այլև ամբողջ աշխարհի պատմությունը։


Իսկ ի՞նչ կա 2017-ին։
1. Նոր գաղափարներ չկան` քաղաքական, աշխարհաքաղաքական, տնտեսական ու պատմամշակութային զարգացման, նույն շրջապտույտն է` դարերի կնիքը վրան։
2. Համաշխարհային պատերազմները վերածվել են հիբրիդայինի ու շարունակում են նույն ավերիչ, բնույթի բերումով` անդադար ընթացքը։
3. Մարդկությունը դեռ չի լուծել իրեն կերակրելու հարցը, տեխնոլոգիական առաջարկներ կան ու հայտնի չէ` գենետիկ ինչ հետևանքներ կունենան։
Ի՞նչ կա Հայաստանում։ Դարաշրջան է փակվում, բայց այդ զգացողությունը համարյա չկա, եթե կա, չի դրսևորվում։ 2015-ի սահմանադրական հանրաքվեից հետո 2018-ին Հայաստանն անցնում է խորհրդարանական կառավարման, այսինքն` 3 նախագահների էջը փակվում է: Գոնե մեկ տասնամյակ: Հետո չի բացառվում, որ նախագահական կառավարման համակարգը կվերադառնա` քաղաքականության մեջ անդառնալի ոչինչ չկա։ Քաղաքագետները պարտավոր են գնահատական տալ Հայաստանի նախագահական համակարգին` դրականն ու բացասականը, մնայունն ու ընթացիկը անվանելով։ Փոխարենը շարունակվում է ջութակի մեկ լարի սիմֆոնիան` ասպարեզում մեկ հարց է` ո՞վ է լինելու ՀՀ վարչապետը 2018-ի ապրիլին։ Կարևոր հարց է, որի պատասխանից կախված են Հայաստանի զարգացման սցենարները, բայց առանցքային չէ` ով էլ լինի վարչապետը, նրան առաջադրելու ու նշանակելու է ՀՀԿ-ն։ ՀՀԿ-ի գերակայություններն ու կառավարման մեթոդները հայտնի են։ ՈՒ չեն փոխվում։ Համակարգային փոփոխություններ Հայաստանում չեն լինի, կլինեն կադրային տեղափոխություններ, որ եղել են ու կլինեն առաջ ու հետո։ ՈՒ` ի՞նչ։ Մինչև 2022-ի ընտրությունները` ոչինչ։


Եթե համակարգենք, հրապարակային քաղաքականության մակարդակում ունենք փաստեր, ու` եզրակացությունների իրավունք։ Վարչապետի 2 թեկնածուներ կան` գործող նախագահը և գործող վարչապետը։ 2015-ին Սերժ Սարգսյանը հրապարակավ հայտարարեց, որ նախագահի ու վարչապետի պաշտոնին չի հավակնում, որ երկու ժամկետից ավելի որևէ մեկը չպետք է պաշտոնավարի, 2016-ին Արցախում ասաց, որ անվտանգային ու պաշտպանական համակարգում է իրեն տեսնում, 2017-ին մի քանի անգամ անորոշ պատասխաններ տվեց` հղում անելով ժամանակին ու կարճ ամփոփեց` «Տեսնենք»։ Զուգահեռ` ելույթներում, հարցազրույցներում, քննարկումներում նա առաջադրում է ծրագրեր, որ 10-20-30 տարվա ընդգրկում ունեն։ Բացի այդ` հեռացող նախագահը բարոյական պարտականություն ունի «տեղավորել» թիմին` ապահովել աշխատանքով։ Նախագահականում բոլորը պաշտոնավարում են, ավելին` թիմը համալրվում ու պատրաստվում է նոր աշխատանքի։ Զորացրում չկա։ ՀՀԿ-ից ստեպ-ստեպ հնչում են հայտարարություններ, որ Սերժ Սարգսյանը պիտի մնա` նա անփոխարինելի է ու միակը։ Դա վաղուց Գալուստ Սահակյանի «մենաշնորհը» չէ` «ծերերից» բացի «երիտասարդներն» էլ են ակտիվ։ Նրանց անկեղծությունը կասկածի տակ չդնելով` ընդունեք, որ հայտարարությունները ինքնապահպանության բնազդի հետևանք են։ Փոփոխություններից վախի և իրենց դիրքի ու հնարավորությունների կորստի։ Երբ ներքին ազդանշան չկա, որ որոշումն ընդունվել է, բուրգը տարտղնվում է տիրոջ որոնումներում: Հայաստանում ավանդույթ է, որ անփոխարինելիներ չկան, կան ուժերի կենտրոններ, մի քանի ժամում իրավիճակ կարող է փոխվել ու ուժի նոր կենտրոն ձևավորվել` առանց երևացող պատճառների։ Կա՞ այդ հեռանկարը Կարեն Կարապետյանի համար։

Կա նրա հայտարարությունը, որ ինքը Սերժ Սարգսյանին համոզողներից մեկը չէ` վարչապետ դառնալու, որ ինքը պատրաստ է ու ցանկանում է աշխատել, ծառայել հայրենիքին։ Կարեն Կարապետյանը չի արել ու չի անելու կտրուկ քայլեր։ Նա նախագահի հետ նախնական պայմանավորվածությունների սահմաններից դուրս չի գալիս ու… չի մտնում քաղաքականություն։ Թեպետ դա նոնսենս է վարչապետի համար։ 2016-ից նախագահի հետ որևէ հակասություն նա չունեցավ: Պայմանավորվածությունը պահպանվեց երկուստեք` Կարեն Կարապետյանը դարձավ ՀՀԿ առաջին փոխնախագահ, ՀՀԿ-ի դեմքը ԱԺ ընտրություններում, կադրային հարցերում ազատության հետ ստացավ 0 պատասխանատվություն տնտեսության համար` նրա առաջ միայն արդյունավետ կառավարման խնդիր դրվեց, տնտեսական աճը թողնելով հանգամանքների դասավորությանը։ 2016-ից մինչև այսօր` նրա այցերի աշխարհագրությունը ԱՊՀ-ից դուրս մեկ հասցե ունի` Թեհրան։ Փաստացի` վարչապետը ԵԱՏՄ շրջագծից դուրս չի տեսնում տնտեսական կապերի զարգացումը, և դա են վկայում նրա պաշտոնավարման օրոք Հայաստանի ընդերքին, տարածքին ու երկնքին վերաբերող պայմանագրերը` ստորագրված միայն ու միայն Ռուսաստանի ու ռուսական ընկերությունների հետ։ Դա ևս պայմանավորվածություն է, որին Կարեն Կարապետյանը հավատարիմ է` հույսը դրած ՌԴ քաղաքական էլիտայում «Գազպրոմի» խմբի վրա։ Որոշակի ու պայմանական «անհնազանդության» դրսևորումներ եղան, երբ նա ՊՆ գնաց` հայկական նոր զինատեսակներին ծանոթանալու, Մեղրիում ազատ տնտեսական գոտու բացումից հետո մեկնեց Արցախ` Բակո Սահակյանի հետ քննարկելու տնտեսական ու պաշտպանական հարցեր։ Այս ընթացքում հայ սոցիոլոգիական «հանճարը» հասարակական կարծիքի ուսումնասիրման, իրականում` ուղղորդման նպատակով հավասարեցրեց Սերժ Սարգսյանի ու Կարեն Կարապետյանի վարկանիշները։ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց տնտեսական ցուցանիշները, աճ կա գրեթե բոլոր ոլորտներում։

Շատ ոլորտներում աճը երկնիշ է: Տնտեսական ակտիվության ցուցանիշը` 7,3 տոկոս: Դա, իհարկե, Կարեն Կարապետյանի ակտիվում է, բայց պայմանական ցուցանիշ է, բազում աճերը չեն ազդում կենսամակարդակի վրա, միջին վիճակագրական հայի կյանքի որակի փոփոխություն չկա, գնաճի հեռանկարը կյանքի որակի անկում է բերելու, ուստի պաշտոնական թվերով դատել կառավարության հաջողությունների մասին հոգեկան, բայց ոչ նյութական հաճույք է։ Արտաքին ներգործությունների առումով ևս Սերժ Սարգսյանի հաղթաթղթերը բարձր են վարչապետի խաղաքարտերից։ Բացի ՌԴ նախագահ Պուտինի «հավաստիացումից», որ նախագահականից խորհրդարանական կառավարման անցումը կգլխավորի Սերժ Սարգսյանը, ռուս փորձագետներն ու քաղաքական գործիչները «նշանակումներ» են անում` խախտելով ՀՀ ինքնիշխանությունը: Նրանց միակ թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Ինչու՞ ոչ մի հայ փորձագետ ու քաղաքական գործիչ իր պարտքը չի համարում տեսակետ հայտնել, թե Ռուսաստանում ո՞վ և ինչու՞ պիտի ընտրվի նախագահ։ ԵՄ-ի հետ համաձայնագրից հետո Արևմուտքը ևս Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետին բացահայտ առարկություններ չի ունենա` որքան էլ հակասում է ժողովրդավարական նորմերին։ Արևմուտքը հավասարահեռության հարաբերությունները պահպանել է նաև վարչապետի հետ` միջազգային կազմակերպությունների ղեկավարներն ու դեսպանները մշտապես հանդիպել ու նրա հետ ծրագրեր են քննարկել։ «Վարչապետը չունի իր թիմը» գնահատականը վիճելի է` ոչ ոք չի կարող պնդել, որ վարչապետը համախոհների չի «հավաքագրել», որ պատրաստ են անհրաժեշտ պահին անհրաժեշտ տեղում լինել, ԱԺ մեծամասնությունը վերաձևավորելը տեխնիկայի հարց է` պատգամավորները իրենց պարտքը կհամարեն «հանուն հայրենիքի» «ճիշտ» ընտրություն անել` ուժի կենտրոնի փոփոխության դեպքում։
Փորձենք հասկանալ, թե ի՞նչ տարբերակներ կան։ Որոշակիություն կլինի, երբ հայտնի դառնա` ո՞վ է ՀՀ նախագահը: Բացառվում է, որ Սերժ Սարգսյանը նախագահ ընտրվի: Նոր նախագահը, ըստ Սահմանադրության, անկուսակցական պետք է լինի, Սերժ Սարգսյանը երբեք ՀՀԿ-ի լծակը ձեռքից բաց չի թողնի։ ՀՀ նախագահի ընտրությունն անցկացվելու է նախագահի լիազորությունների ավարտից ոչ շուտ, քան 40, ոչ ուշ, քան 30 օր առաջ` նոր նախագահին ԱԺ-ն պետք է ընտրի 2018-ի փետրվարի 28-ից մարտի 10-ը։ Նախագահի ընտրությունից հետո հրաժարական կներկայացնի կառավարությունը։

Չի բացառվում` փոխարինողների կարգավիճակով կառավարությունը պաշտոնավարի մինչև ապրիլի 9-ը։ Ոչ վարչապետը, ոչ կառավարությունը անփոփոխ չեն պաշտոնավարելու մինչև 2022-ը։ Կարող է լինել անցումային շրջան ու տարբերակների փորձարկում։ Ընդունեք նաև, որ հիմք չկա ԱԺ նախագահի փոփոխության։ ՀՀԿ-ում կան բաց աչքերով նրա աթոռը երազողներ, բայց այդ երազները 2018-ին չեն կատարվի` Արա Բաբլոյանը հրաշալի աշխատում է` հակառակ ոմանց կարիերային ձգտումների։ Առանցքային նշանակումները վերաբերելու են նախագահին, վարչապետին, ԱԳ և պաշտպանության նախարարներին։ Տարբերակ 1` Էդվարդ Նալբանդյանը` նախագահ, Սերժ Սարգսյանը` վարչապետ, Վիգեն Սարգսյանը` ԱԳ նախարար, Դավիթ Տոնոյանը` պաշտպանության նախարար: Տարբերակ 2` Վիգեն Սարգսյանը` նախագահ, Կարեն Կարապետյանը` վարչապետ, Սերժ Սարգսյանը` պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը` ԱԳ նախարար: Տարբերակ 3` Արկադի Ղուկասյանը` նախագահ, Սերժ Սարգսյանը` վարչապետ, Վիգեն Սարգսյանը` պաշտպանության նախարար, Էդվարդ Նալբանդյանը` ԱԳ նախարար։ Տարբերակներն անվերջ են` ելակետ ընդունելով, որ Սերժ Սարգսյանը բոլոր դեպքերում կպահպանի ՀՀԿ-ի նախագահությունը` առանց պաշտոնի, թե որևէ պաշտոնում վերահսկողությունն իր ձեռքում պահելով։ Հանուն ապահովության նա երբեք ձեռքից բաց չի թողնի ուժային լծակները։ Բանակը նրա հիմնական խաղաթուղթն է` ներքին ու արտաքին կայունության գործոնը: Ղարաբա՞ղը։ Ո՞վ ասաց, որ նախագահ Էդվարդ Նալբանդյանը չի կարող բանակցել` մանրամասնորեն տեղյակ լինելով բոլոր գործընթացներին։
Իշխանափոխություն չի լինելու և չի լինելու քաղաքականության փոփոխություն` ԱԺ ընտրությունները 2017-ին ապահովել են շարունակականությունը, առավելագույնը իշխանական էլիտայում տեղափոխություններն են։

Նախկիններից ոմանք կվերադառնան, ներկաներից ոմանք կհեռանան։ Կոնկրետ անուն-ազգանունները կարևոր են անձնական կարիերայի համար, պետության համար բոլորն ունենալու են ընթացիկ նշանակություն։ Կարևորը 2022-ն է` նաև 2022-ին իշխանությունը պահելու առավելագույն նպատակահարմար տարբերակն է որոնվելու 2018-2022-ին վարչապետի, կառավարության կառուցվածքի ու նախարարների փոփոխություններով` նոր դեմքերի ներգրավումով։ Անձնական հավակնությունները, հավատարմությունն ու դավաճանությունը, դատարկության հանիրավի գերագնահատվածությունն ու փորձի, մտքի, տաղանդի ստորադասումը, ֆինանսական ու քաղաքական կապիտալի բազմապատկումն ու կորուստը, շահերի բախումն ու խաղի ընթացքում խաղի կանոնների փոփոխությունը եղել են, կան ու կմնան անփոփոխ քաղաքականության մեջ ու կյանքում։ Հավելեք ֆորս մաժորի ու անակնկալի գործոնը ու կստանաք ամբողջական պատկերը ողջ հմայքով` իշխանության համար երևացող ու չերևացող պայքարով, որ կարող է X պահին X տեղում ասպարեզ բերել իշխանական հավասարման մեջ դեռ անհայտ X մնացող իրական իրավահաջորդին։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Բարի Կաղանդ ձեզ ու բարի պատրանք։ Մինչև 2022-ը: Ելք գտնելու ժամանակն է։

Դիտվել է՝ 4969

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ