Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Խորհրդարանի ութսուն տոկոսը հոդաբաշխ նախադասություն դժվարանում է ասել, բայց նույնքան մարդ էլ ինքն իրեն վարչապետ է կարծում»

«Խորհրդարանի ութսուն տոկոսը  հոդաբաշխ նախադասություն դժվարանում է ասել, բայց նույնքան մարդ էլ ինքն իրեն վարչապետ է կարծում»
26.12.2017 | 10:25

2017-ը քաղաքական առումով բավական հագեցած տարի էր, տարեվերջն էլ պակաս աղմկոտ չստացվեց: Քաղաքական գլխավոր ամբիոնում` խորհրդարանում, կրքերը թեժացան, ընդդիմությունը, օրենքով տրված լիազորությամբ, իշխանությանը «նեղը» գցեց, սակայն վերջում, ինչպես միշտ, շահած դուրս եկավ իշխանությունը: Խորհրդարանական վերջին զարգացումների համապատկերում քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի գնահատականը տվեց, որը, մեղմ ասած, հօգուտ նրանց չէ:

-Այն խառնաշփոթը, որը ԱԺ արտահերթ նիստում եղավ, ինչի՞ մասին է վկայում:
-Քաղաքական պայքար, ըստ էության, չկա: Դրանք խմբեր են, որոնցից ամեն մեկը իշխանության մեջ տեղ ունենալու կռիվ է տալիս: Այս ամենն անձնական և կորպորատիվ շահերը բավարարելու համար է: Տրամաբանությունը հետևյալն է` որքան շատ քաոս լինի, այնքան լավ: ՀՀԿ-ն շռնդոցով աթոռի «գույնը» փոխում է` նախագահի աթոռ էր, հիմա կփոխարինեն վարչապետի աթոռով:
-Իսկ ընդդիմությու՞նը:
-ՈՒ՞ր է էնտեղ ընդդիմություն: Ընդդիմադիրները բանտում նստած են: ՀՅԴ-ն ի՞նչ է: Գոյություն չունի, նոնսենս: Ինչպես կարող է սոցիալիստական կուսակցությունը օլիգարխիկ համակարգի հիմնական հենարաններից մեկը լինել: Սա որպես չափ ես վերցնում ու չափում բոլորին: Հայաստանում կա մի կազմակերպված ուժ` ՀՀԿ-ն իր կորիզով: ԲՀԿ-ն ժամանակին գնում էր կուսակցություն դառնալու ճանապարհով, բայց հայտնի միջամտությամբ այդ կուսակցությունն էլ է դադարել գոյություն ունենալուց: Հիմա խորհրդարանում ընդդիմադիր դաշտն ապահովում է «Ելք» դաշինքը, բայց նա էլ քանակ չունի: Այսպիսով, ՀՅԴ-ն հանուն ազատ, անկախ Հայաստանի կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, «Ծառուկյան» դաշինքն այս կամ այն չափով կազմալուծված կլինի, մանավանդ որ իրենց մեջ վարչապետի թեկնածու չի նշմարվում (կարծում եմ` Ծառուկյանը վարչապետ դառնալու ցանկություն չունի), բայց դեռ նախկին վիրավորանքը մնում է, այսինքն` ինչու պետք է մեծ եռանդով պաշտպանի այդ թեկնածությունը, ուստի պարզապես մի կողմ կքաշվի:
-Տարօրինակ չէ՞, որ խորհրդարանում թվաքանակով երկրորդ ուժը, այն էլ իրեն ընդդիմություն համարող «Ծառուկյանը» կարող է վարչապետի թեկնածու չունենալ:
-Իհարկե, կարող էին ունենալ, բայց, կարծում եմ, ֆորս մաժորից վախենում են, որովհետև գործ ունենք խորհրդարանական հանրապետության հետ: Երևի խորհրդարանի ութսուն տոկոսը բարձրագույն կրթություն չունի, հայերեն հոդաբաշխ նախադասություն դժվարանում է ասել, բայց նույնքան մարդ էլ ինքն իրեն վարչապետ է կարծում: Որքան ցածր է գիտակրթական մակարդակը, այնքան հավակնություններն ավելի մեծ են: Դրա համար զգուշանում են, որ ֆորս մաժոր չլինի: Նախագահն ունի արդեն երեսուն տարվա կառավարման փորձ և վարպետորեն կառավարում է, բայց սա կոչվում է կառավարում քաոսով: Ասել է` քաոս ես առաջացնում, հարցերդ լուծում ես:
-Այն, ինչ տեղի ունեցավ արտահերթ նիստում, իմա` անտեղյակություն, խառնաշփոթ, «պատահական» քվեարկություն, նույնիսկ պատգամավորների ծեծ, կառավարելի՞ քաոս է:
-Կառավարելի քաոսի տարրեր կային: Նապոլեոն Ազիզյանի (հսկա Նապոլեոնի անունը դարձրեց Հայաստանի Նապոլեոնիկ) քվեարկությունը ցույց է տալիս, որ մարդկանց կառավարում են: Հետաքրքիր է, որ այդ մարդիկ նույնիսկ տեղյակ չեն, թե իրենց ինչպես են կառավարում: Սերժ Սարգսյանը և նրա մտերիմները, ոչ թիմը (դա վտանգավոր է քաղաքականության մեջ), գիտեն` ինչ են անում, մնացածներին ինչ դերեր են բաշխում, իսկ դրանց ամեն մի խմբի մեջ էլ մի Նապոլեոն կլինի, էլի, որ չհասկանալով քաոս սարքի: Նմանների համար Հայաստանն այն նախատոնական ապրանքն է, որի վաճառքից պետք է անպայման շահույթ ստանալ: Այսինքն, հայրենիք, արժանապատվություն, հայրենասիրություն գոյություն չունեն, այլապես նրանք պետք է վատ զգային, թե ինչու է հայ ժողովուրդն այսքան աղքատ: Տասնյակ տարիներ այս գիտակցությունն է` ժուլիկությամբ փող աշխատել:
-Ստացվում է` ընդդիմությունն աշխատում է իշխանության գծած սցենարով և նույն տրամաբանությա՞մբ:
-Այո, կառավարելի քաոսում: Հիշում եք հայտնի ցուցակի պատմությունը, երբ այդ Նապոլեոնին չէին բերում խորհրդարան, տնով-տեղով լացուկոծ էին անում: Տեսարաններ էին սարքում, որ խորհրդարան անցնեն: Նրանց տիպի մարդկանց համար խորհրդարանն աշխատանքի բորսա է, որտեղ մանր-մունր, ժուլիկական հարցերի վերաբերյալ գործարքներ են կայանում, որոնք Հայաստանի շահերի հետ ոչ մի առնչություն չունեն: Որ ընկերությանը «քցեն», ումից ինչ տանեն: Վաղուց եմ ասել, որ այս վիճակում անթույլատրելի է անցնել խորհրդարանական հանրապետության, սա կարող է պետության փլուզման բերել: Գորբաչովից ուժեղ և խելացի չլինեն, ԽՍՀՄ-ը փլուզվեց անկառավարելի դառնալու պատճառով:
-Այս քայլերով նոր համակարգը հեռանկար չունի՞:
-Կտանի դիկտատուրայի կամ պետության ոչնչացման: Ռուսը ուզում է ԽՍՀՄ-ը վերականգնել, կարող է այնպիսի քաոս առաջանալ, որ ասենք` եկեք, մեզ փրկեք: Բայց հուսանք, որ Հայաստանի նոր սերունդը մի բան կանի, ափսոս, որ նրանք էլ կորիզ չունեն: Խայտառակություն է, դաշնակցությունը սպասարկում է նապոլեոնազիզյանների շահերը, երկրի զարգացումը չի թողնում: Այնինչ հիմա մեզ պետք է ղեկավարեր սոցիալիստական թևը, բայց նա փնովում է «Ելքին», որն իր հասկացածի չափով կռիվ է տալիս պետականության համար: Սա աբսու՞րդ չէ: ՀՅԴ-ի հանդեպ ոչ մի հանրային վստահություն, հարգանք չկա: Իմ շրջապատում շատ են դաշնակցականները, նրանցից ոչ մեկը հետաքրքրություն չունի այդ քաղաքական ուժի ու նրա ասածների հանդեպ: Մնում է ի՞նչ, միակ «փրկարարը»` Սերժ Սարգսյանն իր թիմով:
-Ի վերջո, որո՞նք են Հայաստանի քաղաքական ուժերը:
-ՀՀԿ-ն, ճիշտ է, օլիգարխիկ է, բայց քաղաքական ուժ է: Լավ կամ վատ իր տեսլականը ունի: Օրինակ, առևտրով խեղդել երկիրը, չթողնել Հայաստանը զարգանա, արտագաղթի ֆոնին անընդհատ խոսել հաջողության մասին: ԲՀԿ-ն առաջին հերթին կազմակերպական ճգնաժամ է ապրում, ՀՅԴ-ն վերածվել է հակահեղափոխական ուժի, «Ելքն» էլ կռիվ է տալիս, բայց չունի խորհրդարանում ծանրակշիռ ներկայություն: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ դատարանում անարդարության դեմ է կռիվ տալիս: Ոչ մեկն էլ չի հասկանում, թե ինչ են անում այդ դատարաններում, չկա դատական գործընթաց, դատարանը դարձել է պատժամիջոցներ կիրառող մարմին: Իսկ այս ամենի մեջ Նապոլեոն Ազիզյանն ասում է, թե «չի ուզել կողմ քվեարկել, մատը կպել է»: Նրանց նմանների մատն իսկապես կպչում է, բայց յուղոտ պատառին, այդպես են ասում, որ չասեն` ծախվել է:
-Այս ամենի պատճառով վարկաբեկվում է նաև պետական կառույցը` խորհրդարանը: Սա լուրջ մարտահրավեր չէ՞ այն դեպքում, որ խորհրդարանական կառավարման համակարգին ենք անցնում:
-Պետությունն ինստիտուցիոնալ առումով շարունակում է վարկաբեկվել, հեղինակությունը կորցնել, որի հեռանկարը մահացու է, պետականությունը սկսում է լեգիտիմությունը կորցնել: Դա նման է այն ամուսիններին, որոնք տանն իրար հետ չեն խոսում, չեն շփվում, թշնամիներ են, բայց երբեմն իրար հետ հարսանիքի են գնում, որովհետև չգնալու տարբերակ չունեն:
-Ողջ ներկայացվածի ֆոնին փորձենք հստակեցնել` Հայաստանը զարգանալու հնարավորություն ունի՞:
-Կախված է Սերժ Սարգսյանի տաղանդից ու շնորհքից և նրա մտերիմներից: Այս պայմաններում, երբ նաև մյուս ուժերը կազմալուծված են, իրար փորոտիք են թափում, այն մարդը, ում ձեռքին են բոլոր լծակները, մոբիլիզացիայի լավ հնարավարություն է ստանում, որ երկիրը տանի արդիականացման ճանապարհով: Սա է Հայաստանի զարգացման շանսը: Ղեկավարը նաև պետք է թիմը փոխի, եթե անգամ նրանք սուրբ են, միևնույն է, ժողովուրդը նրանց միշտ վատ կողմից է պատկերացնում: Իսկ սա հնարավոր է միայն ընտրությունների միջոցով: Մենք չունենք քաղաքական էլիտա, պետք է այն ձևավորվի:
-Հնարավո՞ր չէ ներիշխանական զտման պարագայում ձևավորել էլիտա:
-ՈՒմո՞վ պետք է փոխեն, ենթադրենք Ազիզյանին հանեցին, Մազիզյանին բերեցին, դրանից ի՞նչ է փոխվում: Չեն կարող երկու հայերեն նախադասություն ասել: Ընտանեկան բռնության մասին աղմկահարույց օրենքի քննարկման ժամանակ իբր իրենց խելքով հայ ընտանիքի պաշտպաններ են, բայց հայ ընտանիքի պաշտպանն առաջին հերթին պետք է լինի պետականության նվիրյալ: Ցույց տուր մեկին, որ չարաշահումներ թույլ չի տալիս, պետական բյուջեից չի գողանում: Սրան գումարած մեկն անկապ մատներ է շարժում, մյուսներն ասում են` ժողովուրդը պետք է կարագ ու միս չուտի: Իրենց ասածը հակասահմանադրական է, քանի որ, ըստ սահմանադրության, Հայաստանը սոցիալական պետություն է: Իրենց մատներով, ասածով ու արածով պետությունը քանդում են` հանուն իրենց բարեկեցության, որը սահմանափակվում է լիքը փորով, չկա որևէ բարոյական արժեք: Սխտոր վաճառողը ժուլիկությամբ փող է աշխատում ու դառնում է պատգամավոր, բայց, միևնույն է, վրայից սխտորի հոտը գալիս է: Մինչդեռ ի՞նչ է կատարվում աշխարհում: Իսրայելը համաշխարհային գերտերության հայտ է ներկայացրել` վայելելով ԱՄՆ-ի լիարժեք վստահությունն ու օժանդակությունը, իսկ Հայաստանում դեռ մատների «անկապ» շարժումներ են:


Զրույցը` Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7517

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ