Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Եվրոպան ինքն էլ շահագրգռված է իր սահմանների ընդլայնմամբ»

«Եվրոպան ինքն էլ շահագրգռված է իր սահմանների ընդլայնմամբ»
26.12.2017 | 10:35

Երբ Հայաստանն անդամակցեց ԵԱՏՄ-ին, իսկ ԵՄ-ը Հայաստանի նկատմամբ նեղացածի կեցվածք էր ընդունել՝ 2013-ին «Վեդի ալկո» ընկերության նախագահը մեզ հետ զրույցում նշեց, որ եթե հնարավոր լինի իրականացնել «և՛-և՛»-ի քաղաքականությունը, Եվրոպան կգտնի համագործակցության տարբերակ նոր ձևաչափով: Այսօր «և՛-և՛»-ի քաղաքականությունն իրականություն է դառնում: Ինչքանո՞վ այն Հայաստանի համար օգտակար կլինի քաղաքական և տնտեսական դաշտում: Այս հարցի շուրջ զրուցեցինք «Վեդի ալկո» ընկերության նախագահ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆԻ հետ:

-Երբ խոսում ենք տնտեսական շահից, բնականաբար, դրա տակ ենթադրվում է նաև քաղաքականը,- ասաց պարոն Ղազարյանը:- Երբ ցանկացած երկիր, հանդիսանալով որևէ խոշոր կառույցի անդամ, մտադրություն է ունենում զուգահեռաբար անդամակցելու նաև մեկ այլ խոշոր կառույցի, ապա, ինչպես ընդունված է գործակցության սկզբունքից ելնելով, քննարկում է այդ հարցը այն կառույցի հետ, որին անդամակցում է: Այս տեսակետից, կարծում եմ, քաղաքական դաշտում լուրջ խնդիրներ չեն առաջանա: Ճիշտ է, ռուսական որոշ լրատվամիջոցներ այլ գնահատականներ են հնչեցնում, համեմատելով Հայաստանը ՈՒկրաինայի և Վրաստանի հետ, սակայն չմոռանանք, որ աշխարհի բոլոր երկրները հետապնդում են իրենց շահերը, սրանից ելնելով, ռուսական որոշ լրատվամիջոցների հիստերիան կարող է սպասարկել և՛ թուրքական, և՛ ադրբեջանական դաշտում մեկ այլ խոշոր խաղացողի շահերը: Հայաստանը ՈՒկրաինայի և Վրաստանի հետ համեմատվելու եզրեր չունի: Ավելին, ՌԴ-ի հետ մեր փոխհարաբերությունները շատ ավելի բարձր մակարդակի վրա են և ավելի ամուր, քան որևէ վերլուծաբան կարող է պատկերացնել: Այո, և՛ ԵԱՏՄ-ի, և՛ ԵՄ-ի հետ անդամակցության մեջ որևէ վտանգ չեմ տեսնում: Հակառակը, շատ ողջունելի է, որ Եվրոպան կարևորում է Հայաստանը, որպես հնագույն և եվրոպական արժեքներ կրող երկիր, և գտնվեց մեզ համար համագործակցության հստակ ձևաչափ: Հայաստանը թեկուզ փոքրիկ, բայց կամրջի դեր կարող է ունենալ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև: Այնպես որ, վստահ եմ՝ թե՛ Մոսկվան, թե՛ Բրյուսելը համաձայն էին այդ գործընթացին: Չմոռանանք նաև, որ Եվրոպան ինքն էլ շահագրգռված է իր սահմանների ընդլայնմամբ: Ի վերջո, սա փաստում է նաև Հայաստանի արտաքին քաղաքականության ճկունության մասին, ինչը շատ կարևոր է քաղաքական դաշտում:
-ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև փոքրիկ կամրջի տնտեսական դիվիդենդները զգալի կլինե՞ն: Ի դեպ, ԵԱՏՄ-ին անդամակցության դեմ եղողներն այսօր էլ պնդում են, որ տնտեսական զարգացման և ապրանքաշրջանառության ծավալների ավելացման սպասումները չարդարացան: Կիսու՞մ եք այս տեսակետը:
-Այսինքն, ի՞նչ էին սպասում, սպասում էին, որ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո երկնքից երեք խնձոր պետք է ընկներ, որից մեկը գոնե մե՞րը պետք է լիներ: Ընդհանուր վիճակագրական թվերին չեմ տիրապետում, սակայն վստահաբար կարող եմ ասել՝ ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո ապրանքաշրջանառության ծավալները զգալիորեն աճել են: Մասնավորապես, զգալիորեն ավելացել է հայկական գինիների իրացումը ռուսական շուկայում: Երբ Հայաստանը սկսեց գինի արտահանել, ռուսները զարմանում էին և ասում. «Հայկական կոնյակը գիտենք, բայց գինու մասին նոր ենք լսում»: Սակայն այսօր արդեն հայկական գինին տարածված է Ռուսաստանում: Ի դեպ, հայկական գինու և գյուղմթերքների իրացմանը նպաստում է նաև զբոսաշրջությունը, որի ծավալների աճը այս տարի նկատելի էր: Սրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ, որ ԵԱՏՄ-ն ընդամենը մի քանի տարվա պատմություն ունի, հետևաբար, ընթացքում պետք է ի հայտ գային խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Այո, շատ բաներ կան, որոնք դեռևս կայանալու գործընթացում են: Միևնույն ժամանակ պետք է նկատեմ, որ այս կառույցի միջոցով մենք՝ գործարարներս, ստացել ենք ապրանքների իրացման շատ լայն հնարավորություն: Երբ խոսվում է ընդհանուր տնտեսական դաշտի զարգացումից, ապա պետք է նկատենք, որ Հայաստանը վերջին 20 տարում, կամա թե ակամա, վերածվել է գյուղատնտեսական երկրի: Սա ոչ թե ներքին, այլ արտաքին քաղաքականության արդյունք է, որն ուղղված չէ միայն Հայաստանի դեմ: Եթե ուշադիր հետևենք ընթացող գործընթացներին, ապա պարզորոշ է, որ Արևմուտքին ձեռք չի տալիս, որ հետխորհրդային երկրները լինեն տնտեսապես հզոր, ունենան զարգացած արդյունաբերություն: ՈՒկրաինան հզոր արդյունաբերական երկիր էր մինչ ԵՄ-ի հետ ասոցացման պայմանագրի կնքումը, վստահ եմ, որ Արևմուտքին բոլորովին էլ պետք չէ հզոր արդյունաբերությամբ ՈՒկրաինան: Այս մոտեցումը պայմանավորված է նաև սեփական արտադրողներին հնարավոր մրցակցությունից զերծ պահելու խնդրով: Բոլոր դեպքերում, ես լավատես եմ ու վստահ, որ պետության և գործարար հատվածի արդյունավետ աշխատանքի արդյունքում կունենանք լավ արդյունք: Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ հնարավոր անդամակցությունից հետո Հայաստանի տնտեսական շահին, ապա դա ևս նկատելի կլինի: Եթե մենք Եվրոպայից ուրիշ ոչ մի ակնկալիք չունենանք, և միայն «էժան փողեր» Հայաստան ներմուծվեն, արդեն ձեռքբերում է: Այսինքն, եթե եվրոպական բանկերը Հայաստան գան, հնարավորություն կստեղծվի, որ ժողովուրդն օգտվի շատ ցածր` 1-5 տոկոսադրույքով վարկերից: Բնականաբար, սա կմեծացնի մրցակցությունը ՀՀ-ի բանկային համակարգում: Պարզ է, որ ցածր տոկոսադրույքով վարկերը կնպաստեն տնտեսության զարգացմանը: Բոլորս էլ գիտենք, որ մեր ժողովուրդը աշխատասեր, երկիր շենացնող ժողովուրդ է, և այս գործոնն աշխատեցնելու համար անհրաժեշտ են «էժան փողեր»: ԵՄ-ի շուկան մեզ համար ավելի գրավիչ է, քանի որ այստեղ գներն ավելի բարձր են: Հայաստանի գյուղատնտեսական արտադրանքն իր համային հատկանիշներով և որակով ևս բարձր է, քանի որ էկոլոգիապես մաքուր է, հետևաբար, ավելի համեղ է եվրոպականի համեմատ: Սակայն այս շուկայում պահանջարկ ձևավորելու համար ևս ժամանակ է պահանջվում, քանի որ կա ճանաչելիության խնդիր:


Զրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 4090

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ