Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Սննդի հետ պետք է խոսել բարի ժպիտով ու քաղցր տոնով»

«Սննդի հետ պետք է խոսել բարի ժպիտով ու քաղցր տոնով»
26.12.2017 | 10:38

ՀԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր ԴԱՎԻԹ ՊԻՊՈՅԱՆԻ հետ զրուցել ենք սննդամթերքի օգտակարության ու վնասների մասին: Որո՞նք են հայկական ավանդական կերակրատեսակները, ինչպե՞ս ենք դիմավորում Նոր տարին, ինչպիսի՞ն էր 2017-ը՝ սննդի փորձագետի գնահատմամբ:


-Մենք խոսում ենք թանկացումների մասին, բայց Նոր տարին դիմավորում ենք առատ սեղանով: Գուցե սա իր խորհու՞րդն ունի, թե չէ ո՞վ է գժվել խոհանոցում անցկացնել տարեմուտը, ծախսի տակ ընկնել և դեռ ստամոքսի խանգարման վտանգի առաջ կանգնել:
-Այո, խորհուրդ ունի, մենք ցուցամոլ ենք:
-Դուք ինչպե՞ս եք անցկացնում Ամանորը, հետևում եք ավանդույթի՞ն, թե՞ առողջ ապրելակերպի կանոններին:
-Ամեն տարի՝ տարբեր կերպ: Եթե արտերկրում եմ, բնականաբար, ավանդականի մասին խոսք չի կարող լինել, եթե Հայաստանում եմ, հյուր եմ գնում, հյուր ընդունում, բայց աշխատում եմ որկրամոլությամբ քիչ զբաղվել:
-Մեր ավանդական կերակրատեսակներն օգտակա՞ր են՝ սննդագիտության տեսանկյունից:
-Եթե խոսում ենք հայկական ավանդական կերակրատեսակների մասին, օգտակար են:
-Կմանրամասնե՞ք, թե որոնք են դրանք:
-Դրանք այն կերակրատեսակներն են, որոնցից ընդհանրապես չենք օգտվում՝ հայկական աղցանները՝ ավելուկով, նռով, լոբով, մածնով, թթուները, պասուց տոլման, որ հատուկենտ է պատրաստվում, աղանձը, որ կոնֆետի փոխարեն է օգտագործվել: Եթե խոսում ենք հայկական ավանդական կերակրատեսակների մասին, միանշանակ առողջարար են, եթե ժամանակակից՝ հիմնականում վնասակար:
-Նոր տարվա սեղանի ամենակարևոր բաղադրիչներից է մսով տոլման, պասուցը, կարծես, հետ է մղվել:
-Ավանդաբար հայերը տարվա այդ շրջանում՝ մինչև Սուրբ ծնունդը, պաս են պահել: Բայց հիմա մենք շեղվել ենք հին սովորույթներից, պաս քչերն են պահում: Նոր տարուն, բնականաբար, պասուց տոլմա են պատրաստել՝ բնական հատիկներից, մասնավորապես՝ բլղուրից, որին ավելացրել են թթու մրգեր, չրեր և լցոնը փաթաթել խաղողի տերևով: Նշված բաղադրիչները պարունակում են ածխաջրատներ, հակաօքսիդանտներ, թաղանթանյութ, ինտեգրալ հատիկները կարևոր վիտամիններ են պարունակում: Օրգանիզմի վրա այս ամենն ունի միայն դրական ազդեցություն:
-Հետաքրքիր օգտակար բաղադրատոմս կհուշե՞ք:
-Նախ՝ խորհուրդ կտայի «Մայրաքաղաքային» աղցան չպատրաստել, այն օգտակար չէ, իսկ այս օրերին, երբ երկար են պահում, դառնում է շատ ռիսկային մթերք, դրա փոխարեն կարելի է պատրաստել հայկական ավանդական աղցան՝ կանաչեղենով, թթվասերի փոխարեն օգտագործել մածուն, ավելացնել ընկույզ, որը բարորակ ճարպեր է պարունակում: Այս օրերին երեկոյան ժամերին ցանկալի է օգտագործել սպաս:
-Շատ է խոսվում պանիր-հացի անհամատեղելիության մասին. չես կարող չտարակուսել՝ մեր տատուպապերը հացուպանրով են ապրել, բայց ապրել են առողջ ու երկար:
-Դա ժամանակակից հայերի միֆերից է, այդպիսի բան գոյություն չունի: Պանիրը պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուց, հացը՝ ածխաջրատ: Սպիտակուցն ու ածխաջրատը կարելի է համադրել՝ առողջությանը վնաս չհասցնելով:
-Առողջ և ճիշտ սնունդը կապ ունի՞ գեղեցկության հետ:
-Ամենաուղիղ կապը, մանավանդ, եթե խոսում ենք չափավոր, բալանսավորված սնվելու մասին: Ազատ ռադիկալները վնասում են օրգանիզմի առողջ բջիջները, մի շարք հիվանդությունների պատճառ դառնում, ծերացնում օրգանիզմը, իսկ հակաօքսիդանտները ազատ ռադիկալներից մաքրում են օրգանիզմը: Հետևապես, որքան շատ եք օգտագործում ազատ ռադիկալներ պարունակող մթերք, այնքան շուտ եք ծերանում՝ կորցնելով նաև գեղեցկությունը: Եվ հակառակը, եթե նախապատվությունը տալիս եք հակաօքսիդանտներ պարունակող սննդատեսակներին, մնում եք երիտասարդ, առույգ և գեղեցիկ:
-Ի՞նչ կասեք սննդի հետ կապված հրապարակումների օգուտների ու վնասների մասին, մանավանդ եթե դրանք շատ հակասական են:
-Մեզ մոտ նման հայտարարությունները, հետազոտությունները չեն հենվում ապացուցողական սննդագիտական սկզբունքների վրա, հետևապես արժեք չունեն: Խորհրդատվությունները պետք է ապացուցված լինեն գիտականորեն, ավելին՝ ապացուցողական սննդագիտության վերջին համաժողովի ընթացքում որոշվեց, որ 2017-ից անգամ ինտերպոլացիա (վերարտադրում) չի թույլատրվելու, այսինքն, սննդի հետ կապված հետազոտությունը չի կարելի առնետի վրա իրականացնել և վերարտադրել այդ տվյալները մարդու վրա՝ միայն քաշի հարաբերությամբ: Որովհետև մարդը մարդ է, իսկ առնետը՝ առնետ: Հետևապես, ժամանակակից և ապացուցողական սննդագիտությունը առաջնորդվում է նոր մեթոդով, որը լինելու է բիոմարկերային, այսինքն, փորձաքննության են ենթարկվում մարդու արյան շիճուկը կամ օրգանիզմի որևէ բնական սուբստրատ:
-Կասկածելի ծագմամբ սննդի գովազդը վերահսկել կամ սահմանափակել հնարավո՞ր է:
-Կան երկրներ, որտեղ պարենամթերքի ոչ միայն գովազդը, այլև ամբողջ տեղեկատվությունը վերահսկվում է, բայց Հայաստանը շատ հեռու է նման գործելակերպից: Այստեղ դեռ անհայտ ծագմամբ ավանակի ու ձիու միս ենք ուտում՝ տավարի մսի անվան տակ:
-Իրազեկությունն ինչ-որ բան փոխե՞լ է մեր հասարակության մեջ:
-Երբեմն դրական է ազդում, երբեմն միայն խուճապ է առաջացնում:
- Բրինձը իսկական էր, բայց անորակ: Հավատու՞մ եք այդ փաստարկին:
-Բրինձը պլաստիկ չէր, բայց խնդրահարույց էր:
-Եթե ստիպված եք դրսում սնվել՝ ի՞նչ եք նախընտրում:
-Անկեղծ ասած՝ դժվարանում եմ այդ հարցին պատասխանել: Եթե հատուկ միջոցառման չեմ մասնակցում, աշխատում եմ դրսում չսնվել: Մենք կենտրոնում ունենք ֆունկցիոնալ սննդի ձևավորման լաբորատորիա, ֆունկցիոնալ սնունդ ենք պատրաստում, մեր արտադրանքն էլ փորձարկում և համտեսում: Երեկոյան էլ, ճիշտ է՝ ոչ միշտ, տանն եմ սնվում:
-Լաբորատորիայում պատրաստվող արտադրանքը վաճառվու՞մ է:
-Ոչ, նախատեսված է գիտական հետազոտությունների համար: Սննդի ձևավորման լաբորատորիան մեր ամենաերիտասարդ ենթակառուցվածքներից է, մի քանի ամիս է, ինչ գործում է:
-Սիրով պատրաստած կերակուրը համեղ է, համամի՞տ եք:
-Իհարկե, ոչ միայն համեղ է, նաև դրական լիցքեր է պարունակում և փոխանցում է դրանք օրգանիզմին: Սննդի հետ պետք է խոսել բարի ժպիտով Ու քաղցր տոնով:
-Առավոտյան ինչպե՞ս սկսել օրը՝ սու՞րճ, թե՞յ, նարնջի հյու՞թ, մեղրահյու՞թ:
-ՈՒտելիք, նոր միայն սուրճ, որովհետև ստամոքսի հատակը դեռ դատարկ է և գրգռիչ նյութը չի խրախուսվում: Շատ է խոսվում՝ քաղցր կարելի՞ է ուտել, թե՞ ոչ: Բլիթներ միանշանակ կարելի է օգտագործել: Այսպիսով, առավոտյան ճաշակեք քաղցր բլիթներ և սուրճ:
-Տարվա ամենավատ, ամենամութ լուրը՝ մասնագիտական ոլորտում:
-2017-ը առանձնահատուկ էր մթության և դեպրեսիայի առումով: Կառանձնացնեմ հինգը՝ թուրքական լոլիկ, ադրբեջանական խնձոր, կեղծ բրինձ, վարակված և հակաբիոտիկներ պարունակող հավ, կասկածելի ծագմամբ ձիու և ավանակի միս:
-Դրական հուսադրող փոփոխություն կամ տեղեկույթ եղե՞լ է:
-Այո, մեր կենտրոնը Իտալիայի հետ համագործակցության միջազգային ծրագիր շահեց:
-Համո՞վ որոշել, թե որ ընկերության արտադրանքն է լավը, թե՞ ըստ շրջանառվող լուրերի:
-Ես որոշում եմ գիտական փորձարկումներով, մյուսներին չեմ կարող օբյեկտիվ խորհուրդ տալ: Ամեն դեպքում, խորհուրդ կտայի հետևել մեր կենտրոնի հաղորդագրություններին:
-Օրգանիկ գյուղատնտեսությունն ի՞նչ կփոխի մեր կյանքում:
-Կփոխի մեր հարաբերությունները շրջակա միջավայրի հետ, մենք կսկսենք մի փոքր ավելի սիրել բնությունը, եթե, իհարկե, ունենանք կոմպետենտ գյուղնախարարություն:
-Մեր օրերում մարդիկ ուրախանում են, երբ մրգի մեջ որդ են նկատում, մի ժամանակ պայքարում էինք դրանց դեմ: Որդից կամ որդնած մրգից իսկապե՞ս վնաս չկա:
-Վնաս կա գյուղատնտեսության և արտադրողի համար՝ ապրանքային տեսքն է գցում, ապրանքի իրացման և այլ խնդիրներ է առաջացնում, բայց, անվտանգության տեսանկյունից, ավելի լավ է որդը, քան թունաքիմիկատը:
-Որքա՞ն կարելի է պատրաստի սննդամթերքը պահել. այս հարցը հատկապես ակնառու է Նոր տարվա օրերին:
-Ընդհանրապես՝ 24 ժամ, բայց, եթե ավելի երկար են պահում, գոնե պետք է զերծ մնալ այնպիսի բաղադրիչներից, որոնք շուտ են փչանում: Մասնավորապես, թթվասերը չխառնել աղցանին, ձու չօգտագործել, կանաչեղենը մատուցելիս ավելացնել: Բոլոր դեպքերում, աղցանները առավելագույնը պետք է պահել երեք օր:
-Նկատեցի՞ք, որ էշի և ձիու մսից մարդիկ առանձնապես չսարսափեցին: Խուճապ չկար:
-Ոչ թե խուճապ չկար, այլ մարդկանց մեջ արդեն դեպրեսիվ անտարբերություն է: Մենք օրական մոտ 40 զանգ ենք ստանում, մարդիկ հուսալքված են, չգիտեն՝ ինչ անեն արդեն:
-Ի՞նչ ծրագրեր ունեք Նոր տարում:
-Ծրագրերը շատ են: Հնարավոր ամեն ինչ անում են, որ մեր կենտրոնի համար խոչընդոտներ ստեղծվեն, բայց մենք ամեն տարի ապացուցում ենք, որ գնալով ամեն ինչ ավելի լավ է լինելու:

Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 6241

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ