Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«ԵՄ-ի փաստաթուղթը չէ, որ մեզ պետք է ստիպի դատաիրավական բարեփոխումներ անել»

«ԵՄ-ի փաստաթուղթը չէ, որ մեզ պետք է ստիպի դատաիրավական բարեփոխումներ անել»
26.12.2017 | 10:40

Հայաստանի արդարադատության համակարգն ամենախնդրահարույց ոլորտներից մեկն է, որտեղ արտացոլված են կառավարման բոլոր «հիվանդությունները»: Հետաքրքիր է, որ արդարադատության վերաբերյալ օրենքների փոփոխություններն ամենաշատն են խորհրդարան բերվում: ԵՄ-ի հետ ստորագրված նոր համաձայնագրով ևս կարևորվում է արդարադատության խնդիրների լուծումը: ՀՀԿ խմբակցության, պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովի անդամ ՌՈՒՍՏԱՄ ՄԱԽՄՈՒԴՅԱՆԻ հետ «Իրատեսը» զրուցեց ոլորտի խնդիրներից:


-Խորհրդարան ներկայացված նախագծերի առյուծի բաժինը «քննում է» պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի ԱԺ մշտական հանձնաժողովը, սակայն արդարադատության համակարգից դժգոհությունը չի նվազում: Ինչու՞, ո՞րն է պատճառը:
-Պատճառներից մեկն այս նախագիծն է, որն ընդունվեց (դատական օրենսգրքի փոփոխությունների մասին է խոսքը-Ռ.Խ.), մյուսը քաղաքացիների իրավագիտակցության մակարդակի բարձրացումն է, որն էլ հանգեցնում է դիմում-բողոքների, հայցադիմումների թվաքանակի աննկարագրելի ավելացմանը: Այսօր շատ են դեպքերը, երբ մարդիկ տեր են կանգնում իրենց իրավունքներին, ունեն իրավական կրթվածություն և գիտելիքներ: Իսկ այս թվաքանակով դատավորների պայմաններում անիրատեսական է ապահովել արդարադատությունից հանրության սպասելիքները:
-Համակարգի հանդեպ վստահության պակասը դատավորների քանակո՞վ է պայմանավորված, թե՞ ավելի շատ ոչ իրավաչափ որոշումներով:
-Չեմ կարծում, թե այդ հանգամանքն այսօր արդիական է` հաշվի առնելով հակակոռուպցիոն ծրագրերը, այս տարիների ընթացքում դատավորների աղմկահարույց ձերբակալումները: Այս ամենը խոսում է այն մասին, որ պետությունը փորձում է հետամուտ լինել բոլոր այն արատավոր երևույթների վերացմանը, որոնք կան արդարադատության համակարգում: Երեք տարի առաջ մոտ 70-80 հազար գործ էր մուտքագրվել, իսկ այս տարի` 132 հազար: Մարդը ֆիզիկապես ունակ չէ այդքան գործ ժամանակին քննելու, երբ իր վարույթում կա 2000-2500 գործ: Իսկ այս ձգձգումն իր հետ բերում է դժգոհության ալիք, քանի որ դատական նիստը կարող է նշանակվել վեց ամիս հետո և այլն: Այս ամենը մարդն է անում, ոչ թե տեխնիկան, ու ֆիզիկապես անհնար է այդ ամենը ժամանակին կազմակերպել:
Եթե Դուք նայեք վճռաբեկ և վերաքննիչ դատարանների քննած գործերը, կտեսնեք, որ առաջին ատյան մուտքագրված գործերի ընդամենը երեք տոկոսն է բողոքարկվում ու բավարարվում: Ձեր դիտարկումը տեղին կլիներ, եթե ոչ թե երեք, այլ գործերի յոթանասուն տոկոսը բողոքարկվեր ու բավարարվեր: Վճռաբեկ և Վերաքննիչ դատարանները նաև դատական սխալի վերհանման ու շտկման նպատակ են հետապնդում:
-Ամենամեծ խնդիրը նաև դատական համակարգի անկախությունն է, որ ոչ մի օրենքով կարծես չի կարգավորվում: Ինչպե՞ս անել, որ արդարադատության համակարգը կախում չունենա իշխանությունից:
-Ես դրան դատական անկախություն չէի ասի, սակայն չենք կարող հերքել, որ այո, համակարգից դժգոհություններ կան: Բայց ամեն ինչ պետք է համեմատության մեջ դիտել, տարիների դինամիկայով պետք է թվերին հետևել, այսինքն` ինչ ունեինք նախկինում, ինչ ունենք հիմա: Փաստ է, որ վերջին տարիներին նշանակված երիտասարդ դատավորների անաչառությունից, համակարգի առողջացման քայլերից հասարակությունը գոհ է:
-Ձեր խոսքը վերաբերում է օրենքների կատարելագործմանը, բայց ողջ խնդիրն այն է, որ օրենքներով չէ, որ շատ հաճախ այդ համակարգում խնդիրներ են լուծվում:
-Խնդիրը նաև օրենքների և մեր մեջ է: Ժամանակին քաղաքացիները, կարծես, չէին հաշտվում դատական պարտության հետ: Ցանկացած հասարակությունում, եթե կա երկու կողմ, մեկը անպայման պետք է դժգոհի:
-ԵՄ-k փաստաթղթում արդարադատության համակարգի բարեփոխումները կարևորվում են: Ի՞նչ եք կարծում, դրսի օգնությամբ հնարավո՞ր է արդարադատության համակարգը կայացնել:
-ԵՄ փաստաթուղթը չէ, որ մեզ պետք է ստիպի, որ դատաիրավական բարեփոխումներ անել: Այդ բարեփոխումները սկսվել են 2005-ից, այնուհետև շարունակվել 2012-2016 թթ. նախագահի հրամանագրով նախատեսված միջոցառումների ցանկով: Գումարած դրան դատաիրավական համակարգի որոշակի սահմանափակումներ ենք նախատեսում, զորօրինակ գործերի էլեկտրոնային մակագրումը, որը, հավատացնում եմ, կոռուպցիայի դեմ պայքարի ամենակարևոր ուղղություններից մեկն է: Դատարանի նախագահն այլևս իր համար ցանկալի մարդու գործը մակագրելու և իր վարույթում քննելու հնարավորություն չունի: Որևէ մեկը չի կարող կանխատեսել, թե գործը որ դատավորի մոտ է գնում: Ժամանակին դատավորն էր մակագրում, հիմա` համակարգը: Պրակտիկա կա, որ երբ փաստաբանը գործը բերում էր ոչ ցանկալի դատավորի մոտ, հետո գալիս ու հրաժարվում էին հայցադիմումից: Այնքան էին տանում տարբեր դատավորների մոտ, մինչև իրենց համար ցանկալի դատավոր էին գտնում: Հիմա համակարգն այնպիսին է, որ եթե ձեր գործը գնաց իքս դատավորի մոտ, որքան էլ վերցնեն, տանեն-բերեն, էլի նույն դատավորի մոտ է լինելու:
-Ի՞նչ եք կարծում, Հայաստանը, որպես իրավական պետություն, քանի՞ տոկոսով է կայացել:
-Դժվարանում եմ պատասխանել: Նայած թե որ թվերի հետ ենք համեմատում, եթե 1998-2000-ին ու հիմա, ապա 80-90 տոկոսով:
-Հասարակության վերաբերմունքն ու Ձեր նշած թվերը մի տեսակ չեն համընկնում:
-Կարծում եմ, որ հասարակության վերաբերմունքն էլ է փոխվել: Եթե նայեք հետազոտական տվյալները, կտեսնեք, որ հանրության վերաբերմունքը արդարադատության հանդեպ փոխվել է:


Զրուցեց Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԸ

Դիտվել է՝ 6380

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ