Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մշակութային ահաբեկչության հուսո դռները

Մշակութային ահաբեկչության հուսո դռները
26.12.2017 | 10:41

Այո, ՀՀ-ում, ի թիվս այլ գործընթացների, նաև մշակութային ահաբեկչություն է իրականացվում։ Մերթ ՀՀ մշակույթի նախարար հարգարժան տիար Արմեն Ամիրյանը սպառնում է Օպերային թատրոնում ռեստորան գործարկել, մերթ էլ ճանաչված քանդակագործ Լևոն Թոքմաջյանն է ցնցում հայ գեղարվեստասեր հանրության միտքը` հերթական անբնական և անբանական արձանը տեղադրելով այս ու այն տեղ։ Ի մասնավորի, նշյալ վաստակաշատ «վարպետը» թիրախավորել է ազգային-ազատագրական պայքարի երևելիներին։

Մայրաքաղաքում նրա քարեղեն ձոներգերն ակնթարթորեն արժանացել են հանրության գնահատմանը։ Այսպես, Աջափնյակ վարչական շրջանում տեղադրված Սողոմոն Թեհլերյանի արձանը բնակչության կողմից արժանացավ «պլանքաշ» տիտղոսին, նույն շրջանում խոյացած Գևորգ Չավուշի ժայռակոփ գլուխկոտրուկը ոչ պակաս նշանակալից կոչում ունի` «Քինգ քոնգ»։ Իսկ Լեոնիդ Ենգիբարյանին և Կարաբալային հավերժացնող ցնցակաթվածնե՞րը։ Թե ինչու է ի բնե շնորհալի և նախաձեռնող այս արվեստագետը, որի «Կոմիտաս» փայլուն գործն արժանի էր մայրաքաղաքում տեղադրվելու (գտնվում է ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտում), համառորեն հակաարվեստ ստեղծում Երևանում և ամենուր, ուր ձեռքը հասնում է, բավականին բարդ հոգեբանական խնդիր է և պահանջում է արհեստավարժ մասնագետների ուշադրությունը։ Մեր խնդիրն այլ է` սահմանափակել տիար Թոքմաջյանի գործողությունները` նրա հայտնի և անհայտ հովանավորներին դարձի բերելով։ Հակառակ պարագայում տեսանելի ապագայում և՛ մայրաքաղաքը, և՛ երկիրը կդառնան վերոնշյալ մշակութային ահաբեկչության թանգարան բաց երկնքի տակ։

Վերջերս Դիլիջանում տեղադրվեց Մոնթե Մելքոնյանի արձանը։ Անըմբռնելի, գեղարվեստազուրկ և գաղափարապես իմաստազուրկ սույն թնջուկն էլ ընդունվեց «հիացմունքով» և համալրեց թոքմաջյանական խճողանքների պատկերասրահը։ Եվ քանի որ ախորժակն ուտելիս է բացվում, նա նախաձեռնել է Արցախյան ազատամարտի և ապրիլյան հերոսամարտի ասպետների հուշապատը ստեղծել և տեղադրել տեսանելի մի վայրում։ Կստեղծի, չկասկածեք, զի բազմափորձ է մեծավորներին համոզելու, իր հակաարվեստի երկրպագուն դարձնելու գործում։ Առայժմ բանից անտեղյակ լրագրողներին է հավատաքննության ենթարկում, բախում է վերին ատյանների դռներն ու պատուհանները, տանջահարված դիմախաղով ներկայացնում է իր հերթական «գլուխգործոցը» և համբերատար սպասում, թե երբ իր առջև կբացվեն հակաարվեստի հուսո դռները։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 2327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ