«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

«Երանելի է նա, ով ինձ դեռ չտեսած է հավատում»

«Երանելի է նա, ով ինձ  դեռ չտեսած է հավատում»
26.12.2017 | 08:48

Եդեսիան նշանավոր քաղաք է, Աստվածաշնչում անվանվում է ՈՒր: Պատմական գրականության մեջ անվանվում է նաև ՈՒրհա, ՈՒրֆա: Եդեսիան գտնվում է Դաշտային Կիլիկիայում, հիմնել է Տիգրան Մեծը: Աստվածաշունչը վկայում է, որ Եդեսիայում որոշ ժամանակ ապրել է նաև հավատի հայր Աբրահամը: Եդեսիան եղավ նաև քրիստոնեության առաջին հայկական կենտրոնը, քանի որ աշխարհի թագավորներից հայոց Աբգար թագավորը, ապրելով Խաչելության ժամանակներում, հավատաց Աստծո Որդուն և նրան նամակ գրելով` Հայաստան հրավիրեց: Եդեսիա եկավ մեր Փրկչի ուղարկած Սուրբ Թադեոս առաքյալը և կառուցեց առաջին քրիստոնեական եկեղեցին: Եվ երբ այս ամենին ավելացնենք, որ Մեսրոպ Մաշտոցն իր աշակերտների հետ եկավ Եդեսիա և, ինչպես նրա աշակերտ Կորյունն է պատմում, Բանն Աստծո` Քրիստոս մեծ սրբին այստեղ տվեց հայոց տառերը, ապա Եդեսիան առավել ևս է համահայկական և աստվածային նշանակություն ստանում, մեր մշակույթի պատմության մեջ դառնում հիշատակելի: Եդեսիայի արքունի դիվանի ձեռագրերից է օգտվել Մովսես Խորենացին:


Եվ բնավ պատահական չէ, որ Շնորհալին բավական ծավալուն պոեմ գրեց Եդեսիայի մասին, որ ինչպես Երեմիա մարգարեն էր ողբում հավատի անկման պատճառով եկած խոշոր աղետները, նույնպես և Շնորհալին փարթամ ու նշանավոր այս քաղաքի անկումն է ողբում:
Սակայն Եդեսիան ողջ աշխարհում նշանավոր է եղել մեկ այլ բանով էլ` Եդեսիայի Սրբազան Դեմքով, որի մասին մեր պատմության մեջ շատ քիչ է խոսվել: Քրիստոնյա աշխարհի համար այդ եզակի և սրբազան մասունքի մասին է մեր այս զրույցը:
Վկայության բուն նյութը քաղել ենք պատմաբան Անջելո Սերատիի «Ինչպիսին էր Քրիստոսի դեմքը» գրքույկից, որ հրատարակվել է նաև հայերեն։ Հավելել ենք նաև իմացություններ ավետարանից և Հայոց պատմությունից:


Երբ Տերն սկսեց իր երեքամյա քարոզչական և բժշկությունների գործունեությունը, նույն ժամանակում Եդեսիայի հայոց թագավոր Աբգարը հիվանդ էր բորոտությամբ, որ ստացել էր իր հաղթական արշավանքներից մեկի ժամանակ: Եվ երբ արքան լսեց, որ Հիսուսը կույրերին տեսնելու շնորհ է պարգևում, բժշկում կաղերին, անդամալույծներին ոտքի է հանում, անգամ կենդանացնում մեռելներին, և առհասարակ, առանց դեղերի բժշկում է բոլոր հիվանդությունները, նամակ գրեց նրան, որ գա Եդեսիա և իրեն ևս բժշկի և ապրի Եդեսիայում, որպեսզի ազատվի հրեաների հալածանքներից, քանի որ լսել էր, թե հրեաները ուզում են Հիսուսին սպանել.
-Ես մի փոքր ու գեղեցիկ քաղաք ունեմ,- գրում է արքան,- երկուսիս էլ կբավարարի:
Այդ օրերին աշխարհում չի եղել Աստծուն հավատալու որևէ թագավորի նման փառավոր ըմբռնում և հստակ դիրքորոշում, որ մեր Աբգար արքան ուներ:
Ինչպես Խորենացին է վկայում, Փրկիչը Աբգարի նամակին պատասխանում է. «Երանելի է նա, ով ինձ դեռ չտեսած է հավատում... սակայն ես այժմ գալ չեմ կարող, որովհետև պիտի կատարեմ այն ամենը,՝ ինչ մարգարեների կողմից և սաղմոսներում գրված է իմ մասին: Եվ երբ մեռելներից հարություն առնեմ, կուղարկեմ իմ այս աշակերտներից մեկին, որ կբժշկի քեզ և կուսուցանի Լույսի Վարդապետությունը»:


Հեռատես էր Աբգար արքան, քանի որ սիրտն էլ վկայում էր նման մի պատասխան, ապա նախօրոք էլ, իր ճամփած պատվիրակության կազմում ընդգրկեց պալատական իր նկարիչ Անանին, որ երբ Հիսուսը հնարավորություն չունենա Եդեսիա գալու, գոնե Անանը Նրա դեմքը նկարի ու բերի արքային, և արքան նկարին նայելով մխիթարություն գտնի: Գիտնական Անջելո Սերատին պատմում է Աբգարի քարտուղար՝ Լաբուբնիայի հիշատակարանի մասին, որի տարբեր լեզուներով թարգմանությունները գտնվել և պահվում են աշխարհի ամենահռչակավոր գրապալատներում: Ըստ հիշատակարանի՝ Անանը վրձնում և իր արքային է բերում Փրկչի դիմանկարը: Այս դրվագի մասին հետագա դարերի այլազգի պատմիչներ էլ են գրել, իբր Անանը չէր կարողանում Տիրոջը նկարել, և Հիսուս, տեսնելով նրա տառապանքները, կտավը նրա ձեռքից վերցնում ու դեմքին հպելով վերադարձնում է: Կտավի վրա պատկերվում են Սրբազան Դեմքի գծերը` աստվածային ներազդող կնիքով: Ճշմարտությունն այս հարցում միայն Աստծուն է հայտնի: Փրկչի համար բնական էր և չէր զարմացնում նման հրաշքը, սակայն հարկ է նաև հաշվի նստենք Աբգարի քարտուղար Լաբուբնիայի հիշատակարանի հետ, որում ասվում է, թե Անանը նկարեց Տիրոջ դիմանկարն ու բերեց իր արքային: Մեր համոզմամբ, ժամանակակցի վկայությունն ավելի է ճշմարիտ, քան հետագա դարերի այլազգի պատմիչներինը: Ըստ հին այդ պատմիչների վկայության էլ, թե կտավը Տերն իր դեմքին հպելով վերադարձրեց Անանին, և դիմանկարը տպվեց կտավին, տասներորդ դարում բյուզանդացիների կողմից կառուցվել է նկարի շրջանակը, որի վրա նկարների մի ամբողջ շարք է և ամեն մի դրվագում պատմվում է, թե ինչպես Անանը անկարող եղավ նկարել, և Տերն ինչպես կտավը վերցնելով հպեց իր դեմքին ու վերադարձրեց Անանին: Այնուամենայնիվ, հարկ է մեզ հիշատակել Անջելո Սերատիի խոսքը, թե. «Նկարի վրա նկատելի են վրձնի նուրբ հետքեր», այդպես ավելի շեշտելով համաքրիստոնեական այս մասունքի հայկական ձեռակերտ ծագումը:


Եվ երբ Փրկիչն իր հարությունից հետո, ինչպես խոստացել էր, Հայոց աշխարհ ուղարկեց իր առաքյալներից Թադեոսին, սուրբ առաքյալը հասնելով Եդեսիա՝ բժշկեց թե Աբգարին, թե հիվանդ եդեսիացիներին և քարոզեց Լույսի Վարդապետությունը: Ապա կառուցեց եկեղեցի, և Եդեսիայի հայկական առաջին այս եկեղեցու բեմում դրեց Փրկչի սրբազան դիմանկարը:
Աբգարի մահից հետո, երբ նրան հաջորդող Սանատրուկը մեծ հալածանք սկսեց սուրբ քրիստոնեության դեմ, քանի որ դիվապաշտ և նույնն է թե` կռապաշտ մարդ էր, վիժվածքի մի տեսակ, որ իր մանկամարդ դստերն էլ սպանել տվեց, երբ իմացավ, որ դուստրը աշակերտում է Թադեոս առաքյալին: Այնուհետ կեղծ այս թագավորը նահատակեց նաև Հայոց սրբալույս առաքյալին` սուրբ Թադեոսին: Այսժամ եդեսիացի քրիստոնյաները Փրկչի Սրբազան Դիմանկարը շարեցին մի սյան մեջ, որպեսզի կռապաշտ արքան և նրա չարասեր հետևորդները այն չպղծեն: Սանատրուկի պատճառով Եդեսիան իր Աստվածապաշտության Լույսը կորցրեց և սկսեց մատնվել տարատեսակ աղետների՝ թե բնության կողմից երաշտի, որի պատճառով էլ` սովեր և բազմաքանակ մահեր, համաճարակներ և թե տարբեր արքաների կողմից՝ հարձակումներ և սրածումներ եղան:


545 թվականին Պարսկաստանի Խոսրով թագավորն էլ՝ իր հերթին, Միջագետքի վրա հարձակումից հետո, գալիս պաշարում է Եդեսիան: Քաղաքն այլևս դիմագրավել չէր կարող, և միակ խելամիտ ելքը, որով կարող էին սովամահությունից ազատվել, հանձնվելն էր: Եդեսիայի Եվլալիոս սուրբ եպիսկոպոսը պահք ու աղոթքով աղաչեց Աստվածածնի միջնորդությունը Հոգիների Արքայի՝ Հիսուսի առաջ: Եվ ի պատասխան նրա խնդրանքի երազում Աստվածածինը երևաց, խոսեց նրա հետ և ասաց, թե՝ քաղաքի այսինչ սյան մեջ է շարված Սրբազան Դեմքի Նկարը և պատվիրեց քանդել սյան շարվածքը, հանել Սուրբ Դեմքի Նկարը և առավոտյան բարձրացնելով քաղաքի պարսպի վրա՝ ցուցադրել թշնամու բանակին: Եվ թշնամին պիտի թողնի պաշարումն ու խուճապահար փախչի: Եվ Եվլալիոս եպիսկոպոսը արթնանալով, առանց պահ իսկ կորցնելու՝ Մայր Աստվածածնի պատվիրածի պես էլ անում է: Եվ երբ սյան միջից հանելով Սուրբ Պատկերը բարձրացրին պարսպի վրա, Սուրբ Պատկերից ճառագայթներ առաջացան դեպի թշնամին: Եվ հանկարծահաս խուճապ ընկավ պաշարող բանակի մեջ, և բանակը պաշարումը թողած, թողած իրենց վրաններն ու սննդի ամենայն պաշար` վայնասունով փախուստի դիմեց: Եվ Եդեսիան այսպես, Աստվածածնի միջնորդությամբ սքանչելիորեն ազատվեց բնաջնջման ակնհայտ վտանգից: Ավելացնենք միայն, որ Եդեսիայի Սուրբ Դեմքի Պատկերը այսօր էլ կա:


... 944 թ. եդեսիացիները նկարը փոխանակեցին 200 բանտարկյալների, 1200 արծաթ դրամի և այն խոստման դիմաց, որ՝ բյուզանդացիները քաղաքի վրա չեն հարձակվի: Նկարը Բյուզանդիայի կայսերական պալատում մնաց գրեթե 400 տարի: Այնուհետև ճենովացի զորավար Լեոնարդո Մոնտալդոն Բյուզանդիայի որոշ բնակավայրերից վռնդեց թուրքերին և, փոխարեն այս ծառայության, Հովհաննես 5-րդ պապը նկարը նվիրեց նրան: Լեոնարդո Մոնտալդոն Սրբազան Դեմքը տեղադրեց Ճենովայի Ս. Բարդուղիմեոս հայկական եկեղեցում, որտեղ է մինչ օրս: Ցուցադրվում է տարին միայն մեկ անգամ` հոգեգալստյան շաբաթվա օրերին:


Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3901

Մեկնաբանություններ