Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թե ինչիդ վրա էիր չեմպիոնական միջանցք ուզում

Թե ինչիդ վրա էիր չեմպիոնական միջանցք ուզում
26.12.2017 | 11:24

Վերնագրում ծրարված դիտողություն-հանդիմանությունը Քրիշտիանու Ռոնալդուին է ուղղված, որի ներկայացրած «Ռեալը», աշխարհի ակումբային թիմերի առանձնապես հեղինակություն չունեցող առաջնությունում նվաճելով չեմպիոնական տիտղոսը, այդ մրցակցության հաղթական գոլը խփած պորտուգալացուն պոետիկ եզրահանգումների էր մղել «Բարսելոնին» ուղղված դիմում-առաջարկի տեսքով: Ակնհայտորեն Ռոնալդուն չափազանց էր ոգևորված մեկ մրցաշրջանում նվաճած հինգ տիտղոսից՝ խոնարհման արժանի արդյունք, ու մասնավորապես նրանից, որ այդ տիտղոսներում նաև «Բարսելոնին» ծնկի բերելու փաստը կար ֆիքսված՝ ի դեմս Իսպանիայի սուպերգավաթի խաղերում տոնած հաղթանակների, սակայն նույնքան ակնհայտորեն աչքաթող էր արել, որ կատալոնացիները ոչ պակաս ծարավի են արյան:

ԻՍՊԱՆԻԱ
Անդալուզցիների պարտությամբ ավարտված «Ռեալ Սոսիեդադ»-«Սևիլիա» դիմակայությանը (3:1) դեռևս մեր նախորդ նյութում էինք անդրադարձել, քանի որ ընթացիկ օրացուցային տարում Լալիգայի 17-րդ տուրը լինելով վերջինը, առաջնության կազմակերպիչների կողմից բաժանվել էր օրերի անհամեմատ երկար շարքի, ինչ է թե Սուրբ ծննդյան, նրան հաջորդող ամանորյա տոներով պայմանավորված հանգստյան օրերի տևական այս միջակայքում ֆուտբոլասերն առանձնապես չհասցնի կարոտել սիրած մարզաձևը: Տոնական օրերին ընդառաջ կազմակերպիչները մի շատ կարևոր հանգամանք էլ էին հաշվի առել՝ «Ռեալ»-«Բարսելոն» էլ կլասիկոն բաժին հանելով այս օրերին:
Էլ կլասիկոն կայացավ՝ «արքայականի» համար վերածվելով դաժանագույն մղձավանջի: «Բարսելոնն» իր գերազանցությունը հաստատեց երեք անպատասխան գնդակով, երրորդ տարին անընդմեջ առաջնությունների շրջանակում կայացող էլ կլասիկոյում «արքայականին» հաղթելով «Սանտյագո Բեռնաբեուում»:
Սա անպատվությունների անպատվություն է, որի հետքերը ոչնչով չես վերացնի, վերքը ոչնչով չես դարմանի՝ անգամ Իսպանիայի սուպերգավաթի շրջանակում եղած դիմակայություններում տարած հաղթանակներով: Ովքեր մոռացել են, հիշեցնենք՝ երկխաղյա մրցակցությունը «Ռեալը» շահել է ընդհանուր 5:1 հաշվով:


Այս հիշեցնումն անում ենք հատուկ նրա ու նրանց համար, որ «սերուցքայինների» երկրպագուները չմտածեն, թե առ «կապտանռնագույներն» ունեցած սիրո մեջ մենք կորցրել ենք ճշտի զգացողությունը: Ոչ, բարեկամներս, եթե աշխարհում մի խաղ ողջ երկրագնդի հաշվարկով կարողանում է երեք միլիարդից ավելի մարդու պարտադրել նստել էկրանների առաջ, այդպիսի խաղում ո՛չ հաղթանակն է շարքային լինում, ո՛չ էլ պարտությունը: Այնպես որ, գուցե ոմանց համար ցավոտ կլինի շարունակելիքս, սակայն պիտի հանդուրժողականությունն ունենալ որպես ելած սրտի սփոփանք ու համակերպվել այն մտքի հետ, որ «Բարսելոնն» աշխարհի մեծագույն թիմն է, իսկ Մեսին համաշխարհային ֆուտբոլի մեծագույն ադամանդը: Ընդունեք այս պարզագույն ճշմարտությունը եզրագիծ գլորվող տարվա շեմին ու կտեսնեք, թե աշխարհում ինչքան լուսավոր բաներ կան:
17-րդ տուրից հետո «Բարսելոնը» 45 միավորով առաջին հորիզոնականում է: Նրանից 9 միավորով հետ է մնում «Էսպանյոլին» նվազագույն հաշվով զիջած «Աթլետիկոն», 11 միավորով հետ է մնում նույնպիսի հաշվով սեփական հարկի տակ «Վիլյառեալին» զիջած «Վալենսիան»: Վերջինիս օրինակով նույնքան միավոր կարող է ունենալ և «արքայականը», եթե բաց թողած խաղում կարողանա հաղթանակի հասնել, բայց սա արդեն հաջորդ տարի լինելիք բաներից է, իսկ օրացույցի վրա դեռևս 2017-ն է:

ԱՆԳԼԻԱ
Առաջնության առաջին վեցյակը կազմած թիմերի մասնակցությամբ խաղերից միայն երկուսն են հաղթանակով ավարտվել: Առանձնապես դժվար չէ գլխի ընկնել, որ այդ երկուսից մեկը Խոսեպ Գվարդիոլայի «Մանչեստր Սիթիի» կատարմամբ է, որի օրվա մրցակից «Բոռնմուտը» գլուխը պրծացրեց չորս գոլ «ճաշակած»: Այս հանդիպումից հետո «քաղաքաբնակները» խփած գոլերի թիվի հասցրին 60-ի, իսկ բացթողածները մնացին նույն 12-ը. գերազանց հարաբերակցություն:
Հաղթանակով է ավարտել օրվա դիմակայությունը և «Բյոռնլիի» հետ նրա իսկ դաշտում մրցած «Տոտենհեմը»: Այստեղ նույնպես արձանագրվել է խոշոր հաշիվ՝ 3:0, որը քիչ խփող, բայց և քիչ բաց թողնող տանտերերի համար (այս խաղից հետո է այդ հարաբերակցությունը դարձել 16:15) շատ մեծ թիվ է: Ի միջի այլոց նշենք, որ թոփ ակումբների համար ահեղի համբավ ունեցող այս թիմն իր ունեցած 32 միավորով այս մրցակցության շեմին «Տոտենհեմից» առաջ էր մեկ միավորով, ինչը նշանակում է մրցաշարային աղյուսակի բավականին վերին դիրքեր:
20 րոպեի չափ մեկ խաղացող պակաս ունեցող «Լեստերը», որ «Մանչեստր Յունայթեդի» հետ դիմակայությունում խփել էր հանդիպման առաջին գոլը, վերջին վայրկյաններին խփեց և վերջինն ու դրանով իսկ խուսափեց պարտությունից, իսկ սա նշանակեց, որ մանկունիացիները «Մանչեստր Սիթիից» հետ են արդեն 13 միավորով: Ի տարբերություն մյուս գործընկերների, թեպետ Ժոզե Մոուրինյոն չի համարում, որ ոսկե մեդալների համար պայքարն ավարտված է, մենք էլ նրա նման մեզ ձևացնենք անհույս լավատես՝ իրերի վիճակը սակայն որակելով այս կերպ՝ «Յունայթեդն» առաջինն է «Սիթիին» հետապնդողների մեջ:
«Մանչեստր Յունայթեդի» թեման փակենք երկու փաստի հիշատակումով, ապա նոր անցնենք առաջ: 83-րդ րոպեին խաղադաշտ է ելել Հենրիխ Մխիթարյանը, և դաշտում նրա առկայությունը թիմի երկրպագուները նշել են մեր ֆուտբոլիստին նվիրված երգի կատարմամբ, ինչը, այնուամենայնիվ, նշանակում է, որ հակառակ Մոուրինյոյի կողմից մեր ֆուտբոլիստին խաղաժամանակ չտրամադրելու պարագային, անգլիացի ֆուտբոլասերն ընդունում ու գնահատում է հայ ֆուտբոլիստին: Իսկ երկրորդ փոխանցելիքս այն է, որ ակումբի ղեկավարությունը սկսել է կասկածի տակ առնել պորտուգալացի մասնագետի հետ պայմանագիրը երկարաձգելու նպատակահարմարությունը: Նման դեպքերի համար ռուսները շատ լավ արտահայտություն ունեն. «Доигрались, допрыгались»:
«Էվերտոն»-«Չելսի» մրցակցությունը նույնպես չի կարողացել ի հայտ բերել հաղթողին: Այստեղ գրանցվել է գոլազուրկ ոչ-ոքի, որը սակայն պահպանել է մանկունիացիներից «ազնվականների» ունեցած երեք միավորի տարբերությունը: «Չելսին» 39 միավորով երրորդ հորիզոնականում է:


Արտակարգ լարվածությամբ արտակարգ գեղեցիկ մրցակցություն է եղել «Արսենալ»-«Լիվերպուլ» դիմակայությունում: Ընթացքում խաղը 2:0 հաշվով շահող լիվերպուլցիներին զինագործները պատասխանել են հանդիպման հաշիվը հավասարեցնող պատասխան երկու գոլով, ապա և անցել առաջ: Ի պատիվ իրենց՝ կտրուկ այս փոփոխությունը Յուրգեն Կլոպի սաներն արժանապատվորեն են ընդունել, կարողացել են համախմբվել ու հանդիպումը հասցրել ոչ-ոքիի հանգրվան, ինչը դաշտում ծավալված պայքարի պայմաններում եղել է լավագույն ելքը: 35 միավորով լիվերպուլցիները չորրորդ հորիզոնականում են, նրանցից մեկ նիշով են հետ մնում Արսեն Վենգերի սաները, որոնք իրենցից առաջ ևս մեկ թիմ ունեն՝ «Տոտենհեմը», որն առջևում է ի հաշիվ լավագույն գործակիցների:

ԻՏԱԼԻԱ
Ծանր հանդիպում անցկացրեց «Նապոլին», ու նրա նյարդերը սղոցողը «Սամպդորիան» էր, որն առաջին խաղակեսի 27-րդ րոպեին երկրորդ անգամ հասցրեց հաշվի մեջ առաջ անցնել: Պիտի նշել, որ այդ նույն առաջին խաղակեսում տանտերերը հասցրին ոչ միայն երկրորդ անգամ հավասարեցնել հաշիվը, այլև առաջ անցնել: 3:2 հաշիվն այլևս փոփոխման չենթարկվեց մնացած խաղաժամանակում՝ «Նապոլիի» միավորների թիվը հասցնելով 45-ի, ինչը մրցաշարային աղյուսակում նշանակում է միանձնյա առաջատարություն:
Սկուդետեի առաջին քառյակը կազմած թիմերից երեքի հանդիպումն ավարտվել է նվազագույն հաշվով: Մեկ տուր առաջ «Ինտերին» «ՈՒդինեզեն» էր պատժողը, մեկ տուր հետո նույնն արեց «Սասուոլոն»: Գրանցվել է նվազագույն հաշվով հաղթանակ՝ 1:0:
Նույնպիսի հաշիվ գրանցվեց և «Յուվենտուս»-«Ռոմա» մրցակցությունում:
Շատ ավելի գոլառատ էր «Լացիո»-«Կրոտոնե» դիմակայությունը, որտեղ իտալական «գայլերը» հյուրերին պարտության մատնեցին չորս անպատասխան գնդակի առավելությամբ:
«Յուվենտուսն» ունի 44 միավոր, ինչը չորս նիշով ավելի է «Ինտերի» ունեցածից: Պակաս անցկացրած մեկ խաղը հաղթանակով ավարտելու դեպքում միլանյան ակումբին երրորդից չորրորդ հորիզոնական կարող է մղել «Ռոման», որի միավորներն այդ դեպքում կդառնան 41: Եվրագոտում է և «Լացիոն», որի ունեցած 36 միավորը էականորեն ավելի է նույնպես եվրագոտում գտնվող «Սամպդորիայի» 27 միավորից:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3804

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ