Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Երբ արվեստագետն ընչազուրկ քաղաքացուց ավելի կարիքավոր է

Երբ արվեստագետն ընչազուրկ քաղաքացուց ավելի կարիքավոր է
26.12.2017 | 16:26

Երևանի ավագանու հերթական նիստում կրկին վեճ է ծագել ՀՀԿ և «Երկիր ծիրանի» խմբակցության անդամների միջև: Վերստին թեման նույնն էր. որոշ մտավորականների բնակարան նվիրելը: Ամենևին նպատակ չունենալով բնակարան նվեր ստացած մտավորականների տարիների վաստակը նսեմացնելու կամ «Երկիր ծիրանի» խմբակցության անդամներին պաշտպանելու, պետք է փաստել, որ նրանց բողոքի մեջ որոշակի տրամաբանություն կա (ի հեճուկս ՀՀԿ խմբակցության կեղծ հայրենասիրական պաթոսով, բայց խիստ անպարկեշտ մի քանի անդամների հայտարարությունների, որոնց քծնանքից իշխանությունն էլ հավանաբար հոգնել է): Ոչ մեկը դեմ չէ, որ իրական արվեստագետը գնահատվի, և եթե իսկապես վատ պայմաններում է ապրում, նաև բնակարան ստանա, սակայն երբ նրանց վիճակը համադրում ես Երևանում ապրող հազարավոր անապահով, բնակարանի խիստ անհրաժեշտություն ունեցող, անմարդկային պայմաններում ապրող, միաժամանակ բազմազավակ ընտանիքների հետ, հասկանում ես, որ քաղաքապետարանը, մեղմ ասած, անարդար է վարվում: Առաջնահերթությունը հենց այս ընտանիքներին պետք է տալ, հենց նրանք են, որ իսկապես մի փոքր տնակի կարիք ունեն:

Լավագույն արվեստագետները, մտավորականները իրենց տարիների ընթացքում ու նաև հիմա իրենց վաստակի շնորհիվ հաստատ կարողացել են ունենալ այն պայմանները, որոնք կերաշխավորեն իրենց բարեկեցիկ միջավայրը (էլ չենք խոսում, որ արվեստագետներից ոմանք ոչ թե մեկ, այլ մի քանի բնակարան ունեն և ամենևին էլ հերթականն ունենալու կարիքը չունեն, բայց սա այլ թեմա է): Կամ առնվազն ապրում են այնպես, ինչպես Երևանում բնակվող շարքային, միջին խավի քաղաքացին:

Մայրաքաղաքի իշխանությունը նախ և առաջ պետք է մտածի գոնե նախատոնական օրերին իր բնակիչներից առնվազն երեք-չորս ծայրահեղ ծանր ապրող ընտանիքների Ամանորի հրաշք պարգևել: Այն ընտանիքներին, որտեղ ապրող երեխաները տաք անկողնու և գլխավերևում կտուր ունենալու երազանքով են ապրում: Սա կլիներ մայրաքաղաքի իշխանությունների նվերը, հոգածությունը, մտահոգությունը սեփական բնակիչներին: Եթե նրանց հետ մի անապահով արվեստագետի էլ բնակարան նվիրեին, ապա «Երկիր ծիրանին» չէ, ոչ մեկի մտքով իսկ չէր անցնի դեմ խոսել այս կամ այն արվեստագետին բնակարանով «լավություն» անելու մասին: Տարվա մեջ հարկավոր է գոնե երկու անգամ ավելի շատ այսպիսի ընտանիքների ուշադրություն դարձնել, քան տարբեր արվեստագետների բնակարան նվիրել ու այդ փաստով ավելի զայրացնել ոչ միայն ընդդիմադիր խմբակցությանը, այլև այն երեխային, որի մանկությունն անցնում է սարսափելի բնակարանային (եթե, իհարկե, դա կարելի է բնակարան համարել) պայմաններում: Այլ խոսքով, քաղաքականություն ու մտածողություն է պետք փոխել, որի հիմքում պետք է լինեն նախ և առաջ խոցելի խմբերը: Որքան էլ քաղաքապետարանից վստահեցնեն, որ այս կամ այն սոցիալական ծրագիրն են իրականացնում մայրաքաղաքի բնակիչների համար, դրանք չեն կարող հավասարազոր լինել բնակարան ունենալու հետ: Ասել է`բնակարանով ապահովվող քաղաքացիներն ավելի արտոնյալ վիճակում են հայտնվում, քան առանց այն էլ արտոնություններից զրկված, բնակարան չունեցող ընտանիքը: Սա ճիշտ քաղաքականություն չէ, դրա համար ոչ միայն «Երկիր ծիրանին», այլև հանրության մեջ է ամեն անգամ դժգոհության ալիք բարձրանում, երբ այս կամ այն արվեստագետին բնակարան են նվիրում:

Հավարտ ասվածի. բնակարան նվիրելու քաղաքապետարանի նախաձեռնությունը մի տեսակ նմանվում է նախագահի կողմից վաստակավորի կոչում շնորհելու գործընթացին: Գուցե մի քիչ ծայրահեղ է ստացվում, բայց ասոցիացիան նույնն է: Բաշխում են, առանց հասկանալու, թե ով է իսկապես դրան արժանի:

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2595

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ