Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տարեվերջի հարցը` ինչու՞ են անընդհատ մի պատճառ գտնում, որ ամեն ինչ երկուշաբթիից սկսեն

Տարեվերջի հարցը` ինչու՞ են անընդհատ մի պատճառ գտնում, որ ամեն ինչ երկուշաբթիից սկսեն
29.12.2017 | 13:41

Ո՞վ կմտածեր, որ այսքան հարթ ու հանգիստ անցած 2017-ի վերջին հանկարծ ինչ-որ հարց կծագի։ Խիստ փիլիսոփայական` կա՞ն, թե՞ չկան անփոխարինելի մարդիկ, որ շատ կոնկրետ ենթատեքստ ունի` անփոխարինելի՞ է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, թե՞ ոչ։ Իսկ տարին այնքան գեղեցիկ էր ստացվել։ ՈՒ` առատաձեռն։ Շռնդալից հաջողություն խորհրդարանական ընտրություններում, շատ քիչ ծախսերով։ Ոչ մի հետընտրական գործընթաց։ Գագիկ Ծառուկյանի վերադարձ` իբրև ՀՀԿ-2: ՀՅԴ-ն լիովին ներդաշնակում է ՀՀԿ-ին, անցած 100-ամյակը չլիներ, կարող էին ձուլվել։ Իդիլիան փչացնողը «Ելքն» է, բայց 9 հոգով 101-ի դեմ ի՞նչ պիտի անի։ 20 րոպեներով արտահերթ նի՞ստ վարի տա, նախագահի իր թեկնածուն առաջադրելով Գագիկ Ծառուկյանի «ընդդիմադիրությու՞նը» վարի տա, հարցեր տա ու պատասխաններ չստանա՞։

Հետո՞։ Դրանից ՀՀԿ-ի քունը չի փախչում: ՀՀԿ-ի քունը կոնկրետ խանգարում է ուրիշ հարց` Սերժ Սարգսյանի՞ն, թե՞ Կարեն Կարապետյանին, ու՞մ են «շեֆ» ասելու։ Մինչև վերջերս խմբերգը հնչում էր միաձայն, բայց հայտնվեցին անկապ «սոլոներ»` ՀՀԿ խմբակցության ղեկավարի, արդարադատության նախարարի կատարմամբ: Ամենաանսպասելին` ՀՅԴ-ն հայտարարեց, որ անփոխարինելիներ չկան: Մինչ Սերժ Սարգսյանն ասում է «Տեսնենք», Կարեն Կարապետյանն իր նախարարներին առաջարկում է լավ վայելել Ամանորը` «Քանի որ սա վերջին նման երկար արձակուրդն է լինելու, 2019-ի հունվարի 3-ին լինելու ենք աշխատանքի»։ ՈՒշադրություն դարձրի՞ք` 2019-ի հունվարի 3-ին։ «Վստահ եմ` բոլորդ շատ ուրախ եք այդ նորության համար»` ասել է վարչապետը ու երբ ոչ ոք չի արձագանքել` կարծես, մի քիչ հասկացել է պատճառը` «Ոնց որ այնքան էլ ուրախ չեք, պարզ է»։ Ոչինչ էլ պարզ չէ։ Իշխանության ձևավորման համակարգային խնդիրների մասին խոսում է ոչ միայն արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը, այլև պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Վարչապետ Կարեն Կարապետյանն էլ խմբակային հարցազրույցում խնդիրներ դրեց. «Որքան հասարակությունն անձնավորված է, այնքան ռիսկերը շատ են։ Հիմա մենք փորձում ենք համակարգ ձևավորել։ Իհարկե, անձը միշտ դեր ունի։ Բայց անձի դերը որքան մինիմիզացվում է, որքան համակարգը կարողանում է անձի լավ կարողությունները մեծացնել, և հակառակը՝ ամորտիզացնել կամ սահմանափակել (եթե երկրի գլուխ որևէ պատահական մարդ հայտնվի), այդ համակարգն ավելի կանխատեսելի է և հեռանկարային»։ Ի՞նչ է սա նշանակում, եթե ոչ` անփոխարինելիներ ոչ միայն չկան, այլև չպիտի լինեն։ Վիգեն Սարգսյանն էլ խոսում է… պատասխանատվության մասին. «Բոլոր դեպքերում՝ այն թիմը, այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդարանական մեծամասնության վստահությունը, որոնք ձևավորել են այդ մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդելով կուսակցությունը, առաջնորդելով նախընտրական գործընթացը, պետք է կրեն հանրային պատասխանատվություն այդ մեծամասնության կայացրած որոշումների և դրանց իրականացման որակի նկատմամբ»:


Իսկ Կարեն Կարապետյանի ամբողջ հարցազրույցը ծայրից ծայր խոսակցություն է ապագայի մասին։ Հասարակության։ Տնտեսության։ Բիզնեսի։ Ներդրումների։ Կյանքի որակի։ Ծրագրերի։ Էներգետիկ անվտանգության։ Վաղվա օրը կառուցելու:
Ջրի պահպանման ծախսերի։ Հայաստան-Վրաստան բարձրավոլտ օդային գծի կառուցման։ Հասարակության սպասելիքների։ Ներքին ներդրողին ոգևորելու։ Ընտանեկան ներդրումների` Գյումրիում ու Վանաձորում։ Տեսանելի, շատ տեսանելի ապագայում։ Հարկային ու մաքսային մարմինների փոփոխությունների։ Եվ այլնի, և այլնի` մարդը պատրաստվում է ու պատրաստ է աշխատել մինչև 2022-ը։ Եվ ոչ միայն նա, նաև` փոխվարչապետն ու նախարարները։ Հիմա` կա՞ն, թե՞ չկան անփոխարինելիներ։ ՈՒ ընդհանրապես` ինչպե՞ս եք գնահատում, երբ վարչապետն ասում է. «Մեր տնտեսության վիճակը, եթե պատկերավոր ասեմ, նման է չորացած, չմշակված դաշտի, որի վրայից մենք պետք է և քարերը հավաքենք, և ջրենք, և պարարտանյութ տանք, որ հետո սերմը ցանենք և այդ սերմից օգուտ ստանանք»։ Նախորդ վարչապետները ասելիք չունե՞ն այդ «չորացած, անմշակ դաշտի» մասին։ Եթե նրանք նախորդ են ու կարող են ոչինչ չասել, մեղադրանքը ուղղված չէ՞ նախագահին, որ գործադիր իշխանության ղեկավարն է։ Իսկ վարչապետը խոստանում է. «2018-ը լինելու է շատ հետաքրքիր, բայց գուցե ավելի դժվար տարի, քան 2017-ը, որովհետև մենք այս տարի հետագա կայուն աճի համար անհրաժեշտ շատ հիմքեր դեռ չենք դրել։ 2018-ին դա անելու ենք, օրինակ՝ կապիտալ ծախսերը 2017-ի համեմատ՝ 70 %-ով ավելացրել ենք։ Մենք պետք է մի քանի տարի քրտնաջան աշխատենք, հիմքերը ստեղծենք՝ սա է ամբողջ «գաղտնիքը»։ «Կարծում եմ՝ 2019-ին շատ ավելի մեծ թվով մարդիկ կզգան, որ մենք տնտեսությունը տարել ենք և տանում ենք ճիշտ ուղղությամբ։ Եթե մենք 2018, 2019 թվականներին նույն քաղաքականությունը վարենք, մարզպետներն ու համայնքապետերը աշխատեն այդ ուղղությամբ, ներքին ներդրողի ակտիվությունն աճի, պետական կառավարման համակարգում բյուրոկրատիան նվազեցնենք, օրենսդրական դաշտը բարելավենք՝ այդ ամենը ժամանակ է պահանջում»։ Եվ եթե ժամանակ լինի, կունենանք «Տրամաբանական, զարգացող, պոպուլիզմից հեռու, իլյուզիաներով չապրող երկիր», որին կհասնենք տարեկան միջինը 5 % իրական տնտեսական աճ ապահովելով։ Եվ այլն, և այլն։ ՈՒ` ի՞նչ։ Ոչինչ։ Տարեվերջին նախագահը հանդիպում է երեխաներից մարզիկներ` բոլորին ոլորտ առ ոլորտ, կոչումներ, նվերներ է տալիս, ամանոր է շնորհավորում, իսկ վարչապետն ասում է. «Շատ կցանկանայի, որ կարողանանք ներշնչել մարդկանց, որ ամեն ինչ իրենց ձեռքում է։ Դա պետք է անենք ձեր՝ լրատվական դաշտի օգնությամբ։ Լրագրողների ու, մասնավորապես, տնտեսական լրագրողների միջոցով միայն կարող ենք հասարակությանը ներկայացնել՝ որտեղ ենք և ուր ենք գնում, և հետադարձ կապը ստանանք՝ թեկուզ օբյեկտիվ քննադատություններով ու դիտողություններով։ Նորից ասեմ, այդպիսի հրաշք չի լինում, որ մարդ ալարի, առավոտը շուտ չզարթնի, չաշխատի ու բոլորին մեղադրելով՝ իր վիճակը բարելավի։ Յուրաքանչյուրից շատ բան է կախված, սա է իմ ամենակարևոր մեսիջը»։


Եվս մեկ հարցազրույց է պետք, որ վարչապետին հարց տրվի` իսկ եթե մարդը չի ալարում, առավոտյան վաղ արթնանում է, ուզում է աշխատել, իսկ աշխատանք չկա, ի՞նչ անի։ Կամ էլ` աշխատում է, աշխատում է, աշխատում է ու չի վարձատրվում այնքան, որ նորմալ ապրի, ի՞նչ անի։ Սպասի երկուշաբթիի՞ն։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Կա՞ն, թե՞ չկան անփոխարինելիներ` թող ՀՀԿ-ն պատասխանի։ Ես գիտեմ, որ կան անկրկնելի մարդիկ։ Եվ` բոլոր մարդիկ անկրկնելի են, ոմանց բախտը բերում է` ինքնադրսևորման հնարավորություն են ստանում, ոմանց բախտը քարով խփում է։ Երկուշաբթիից` երկուշաբթի: Առանց կիրակիի։ Եվ այդ մարդիկ մեծամասնություն են։ Մնացածը բառեր են, բառեր, բառեր։

Դիտվել է՝ 3992

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ