Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Պարզվում է` Հայաստանում եղել է Ժուռնալիստների միություն

Պարզվում է` Հայաստանում եղել է Ժուռնալիստների միություն
29.12.2017 | 13:45

Տարեվերջը լիքն է անակնկալներով` մեկ նախագահն է Վրաստան գնում, մեկ վարչապետն է հարցազրույց տալիս, իսկ երեկ պարզվեց, որ Հայաստանում նաև ժուռնալիստների միություն կա։ Եվ ի՞նչ միություն: Պարզապես` ցնցող։ Մի միություն, որ 40 տարի ղեկավարում է նույն մարդը, և մի միություն, որ 20 տարի համագումար էլ չի արել։ Բայց տարածք ունի, գույք, սեփականություն ու իրավունքներ, նույնիսկ` անդամներ։ Եվ հզոր է այնքան, որ սեփական համագումարի համար ժամուկեսով վարձակալում է գրողների միության դահլիճը։ Իսկ միության արդեն նախկին նախագահը հավարտ համագումարի բողոքում է, ոնց է բողոքում, թե ինչ երկրում ենք ապրում` ժուռնալիստների միությունը հայտարարություն է անում, ոչ ոք բանի տեղ չի դնում։ Երբ հարցնում են` ի՞նչ է արել, արված գործերի ամենավերջին օրինակը բերում է 1988-ից։ Հանճարեղ է, չէ՞, փաստորեն մարդիկ կարողացել են Հայաստանում կանգնեցնել ժամանակը, բայց իրենց գյուտը չեն պատենտավորել: Եվ` ինչու՞։

Ի սկզբանե ասեմ` երբեք ժուռնալիստների միության անդամ չեմ եղել ու 12-րդ համագումարին էլ, բնականաբար, ներկա չեմ եղել, բայց այն, ինչ հայտնվել է կայքերում, չափազանց զվարճալի կլիներ, եթե այդքան տխուր չլիներ։ Ժուռնալիստների միության նախագահը չգիտի` քանի անդամ ունի միությունը, որ հասկանան` համագումարը իրավազո՞ր է, թե՞ չէ։ Ոչ օրակարգ, ոչ հաշվետվություն, լրագրության հետ միայն իբրև ընթերցող կապ ունեցող անդամներ, աղմուկ-աղաղակ, բայց այդ աղմուկ-աղաղակի միջից էլ հայտարարում են, որ համայն հայության ուշադրության կենտրոնում են, իրենց նայելով լրագրողների մասին են դատում։ Պատվի, հեղինակության։ Հեռացող նախագահն էլ հայտարարում է, որ արժանապատիվ է հեռանում։ Լավ, ու՞մ էր պետք այս զավեշտը։ Մի՞թե հնարավոր չէր նորմալ կազմակերպել 20 տարվա մեջ հրավիրվող առաջին համագումարը, նորմալ ընտրություններ անել` ի վերջո: Երևի ոչ: Փաստացի` Հայաստանում ժուռնալիստների նոր միություն պետք է ստեղծվի, եթե ընդհանրապես պետք է լրագրողին միություն` իրեն լրագրող զգալու կամ լրագրող աշխատելու համար։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ. Ինքներդ որոշեք` ցավակցե՞լ, թե՞ շնորհավորել անկապ համագումարում, որի ներկաների թիվը հայտնի չէր, 57 կողմ, 1 դեմ ձայներով նախագահ ընտրված Սաթիկ Սեյրանյանին, որ արագ-արագ կարդում էր իր ծրագիրը, հետո էլ հարցազրույց էր տալիս ու համոզում էր, թե ինչքան անելիք կա։ Հավելեմ, որ ժողովրդավարական ընտրությունն ապահովեց ինքնառաջադրված Հարություն Ծատրյանը, որ 3 տարի առաջ էր անդամակցել միությանը ու Միության կանոնադրության համաձայն իրավունք չուներ լինել թեկնածու, բայց նիստը վարող Նաղաշ Մարտիրոսյանի համար կանոնադրությունը կապ չուներ և քվեարկության դրեց նաև նրա թեկնածությունը: Հարություն Ծատրյանը ստացավ 0 ձայն:

Դիտվել է՝ 6494

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ