Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սուրբծննդյան գիտությունը

Սուրբծննդյան գիտությունը
30.12.2017 | 11:50

Սուրբծննդյան ու տարեմուտի ավանդույթները դեկտեմբերի վերջին դառնում են Ֆրանսիայի թերթերի գլխավոր թեման: Libération-ը գրում է տարեմուտին եղևնի դնելու ավանդույթի մասին` զրուցելով պատմաբան Ալեն Կաբանտի` «Ամանոր` երկար պատմություն» գրքի հեղինակի հետ։ Պարզվում է` եղևնին միշտ չի եղել ամանորի խորհրդանիշ: Միջնադարում տարբեր շրջաններում ամանորի ծառի դերը կատարում էին օլեանդրը, սրատերևը կամ ձիթենին։ Կեսգիշերային պատարագից հետո եկեղեցիներում միստերիաներ էին կատարվում` ներկայացնելով երկրային դրախտը և ծառերից խնձոր էր կախվում` գիտելիքի խորհրդանիշը։ Ծառը զարդարելու սովորույթը այդպես է սկսվել։ Քրիստոնյաների տներում հայտնվում էին օմելայի կամ սրատերևի ճյուղեր։ Համարվում էր, որ այդպես տուն չեն կարող մտնել կախարդները։ Տերևների կանաչ գույնը խորհրդանշում էր կյանքը և խոստանում լույսի վերադարձը։ 17-րդ դարում սուրբծննդյան զարդարանքները սեղանի մի քանի ճյուղերն էին։ Ավանդույթը սկսել է հաստատվել 19-րդ դարում, հատկապես ոչ մեծ տներում ամանորյա եղևնիները կախվում էին առաստաղից ու զարդարում մոմերով, ընկույզով ու խնձորներով։ Անցած դարակեսից սկսվեց սուրբծննդյան զարդարանքների արտադրությունը։ 1812-ին ԱՄՆ-ում առաջին անգամ եղևնին զարդարեցին` օգտագործելով էլեկտրական լուսավորություն։
Սուրբծննդյան խորհրդանիշները քրիստոնեության տարբեր ճյուղերի համար տարբեր են։

Եղևնին համարվում է բողոքականներինը, մսուրը` կաթոլիկներինը։ Բայց անգամ Ֆրանսիայում այս բաժանումը չի պահպանվում։ Էլզասի կաթոլիկ եկեղեցիները զարդարում են եղևնիներով, իսկ Ֆրանսիայի մյուս տարածքներում եղևնին համարում են հեթանոսական խորհրդանիշ։ Մեկնաբանությունները շատ են, բայց եղևնին, որ խորհրդանշում է և Հիսուսի հարությունը, և կյանքի հաղթանակը մահվան նկատմամբ, ի տարբերություն քաղաքային հրապարակներում դրված մսուրների, տարաձայնություններ չի հարուցում։ Եղևնին միշտ եղել է ոչ միայն կրոնական, այլև քաղաքական խորհրդանիշ։ Ֆրանսիա այդ ավանդույթը եկել է Գերմանիայից` պատերազմի հետ։ Վերսալում առաջին անգամ իր զորքերի համար եղևնի դրեց Վիլհելմ կայսրը 1870-ին։ Ավանդույթը հյուսիսից հարավ տարածվեց։ Դեռ 50-ականներին Ֆրանսիայի հարավում ու Իտալիայում եղևնիներ չէին դնում։ Պատմաբանները վկայում են, որ երկու պատերազմների միջակայքում ոչ մի քրիստոնյա ծառ չէր կտրի, որ տանը դնի։ Բայց 20-րդ դարավերջին ավանդույթը գլոբալացվեց վերջնականապես, դարձավ ավելի աշխարհիկ, և հիմա ոչ միայն քրիստոնյաներինն է` եղևնի են զարդարում և Ասիայում, և արաբական երկրներում։


La Croix-ը ևս սուրբծննդյան խորհրդանիշների ու ավանդույթների մասին հրապարակումներ է արել։ La Croix-ի հեղինակները պատասխանում են ամենակարևոր հարցերին։ Օրինակ` ինչու՞ չի կարելի տոնին ձեզ նվիրած շոկոլադը կիսել շան հետ։ Շոկոլադում կա տեոբրամին, որ մարդու համար խթանիչ ազդեցություն ունի, բայց շները չեն մարսում, 10 կիլոգրամ կշռող շան համար 150-300 գրամ շոկոլադը մահացու է։ Անասնաբույժները վկայում են, որ տոներին շոկոլադով շների թունավորումը չորս անգամ ավելի հաճախ է պատահում, քան սովորաբար։ La Croix-ը պատմում է, որ եղջերուները, որ նույնպես տարեմուտի խորհրդանիշ են, ձմռանը փոխում են աչքերի գույնը։ Ամռանը նրանց աչքերը ոսկեգույն են, ձմռանը` երկնագույն։ Գիտնականներն ասում են, որ եղջերուները միակ խոտակերներն են, որ աչքերի գույնը փոխում են, դա նրանց թույլ է տալիս գիշատիչներից թաքնվել և ձմռանը, և ամռանը։
RFI


Հ.Գ. Դե իսկ Ձմեռ պապն ու Ձյունանուշիկը գալիս են, ասում են, Լապլանդիայից: Գուցե։ Կարևորը տարեմուտի հեքիաթը չկորցնելն է` փոքր ես, մեծ, թե շատ մեծ: Բարի Ամանոր։
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6869

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ