Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրան` եկել է փոփոխությունների ժամանա՞կը

Իրան` եկել է փոփոխությունների ժամանա՞կը
04.01.2018 | 13:25

Նույնիսկ Ամանորը չկարողացավ ուշադրությունը Հայաստանում ու աշխարհում շեղել Իրանից, որտեղ 8-րդ օրը շարունակվում են զանգվածային բողոքի ցույցերը և արդեն 22 զոհ է եղել։ Միայն 7-րդ օրը Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ` մի շարք քաղաքներում ու բնակավայրերում փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր կառավարամետ ցուցարարներ՝ հակակառավարական ցույցերից ու բախումներից հետո: Պաշտոնական պատճառը գների կտրուկ բարձրացումն է, այսինքն` սոցիալական։ Արդեն հայտարարվել է, որ խորհրդարանը կարող է չեղարկել էլեկտրաէներգիայի և ջրի գնի բարձրացումը, հարցը պատգամավորները կքննարկեն առաջիկա օրերին, բայց գնաճը վերաբերում է և սննդին (օրինակ` ձուն թանկացել է 40 %), դադարեցվել է ամենամսյա նպաստը ամենաաղքատներին, որոշ բանկեր սնանկացել են։ Սահմանափակ տեղեկություններից հայտնի է, որ սոցիալական թեմաներից բողոքները վերաճել են քաղաքականի: Երկրի տարբեր հատվածներում պահանջում են հոգևոր առաջնորդ Ալի Համենեիի, նախագահ Հասան Ռոհանիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Սուլեյմանիի հրաժարականը։ Ցուցարարները պահանջում են դուրս բերել կորպուսի ուժերը այլ պետությունների տարածքներից, փաստացի` Սիրիայից:


Նախագահ Հասան Ռոհանին դատապարտեց բռնությունները և պահանջեց կառավարությունից՝ «ստեղծել հնարավորություններ օրինական քննադատության ու ցույցերի համար»: Առաջին տպավորությամբ` դեկտեմբերի 2-ին սկսված քաոսային ու անկազմակերպ զարգացող իրադարձություններին Իրանի հոգևոր առաջնորդը արձագանքեց հինգերորդ օրը` հայտարարելով, որ մեղավորը «երկրի թշնամիներն» են, որ «իրենց փողով, զենքով, քաղաքականությամբ և հետախուզական ծառայություններով երկրի գործերին են միջամտում»: «Թշնամին միշտ հնարավորության ճեղք է փնտրում՝ թափանցելու և հարվածելու Իրանի ժողովրդին»` ասաց Համենեին։ Դա թույլ հիմնավորում էր, թեպետ եզրակացության համար հիմքեր տվել էին ԱՄՆ նախագահն ու փոխնախագահը։ Դոնալդ Թրամփը ցույցերի առաջին օրերին արդեն Twitter-ում գրեց. «Երկար տարիներ Իրանի մեծ ժողովուրդը ճնշումների է ենթարկվել: Նա սննդի և ազատության կարիք ունի: Մարդու իրավունքների խախտման հետ մեկտեղ՝ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը»։ Մայք Փենսը 2018-ի առաջին թվիթով խոստացավ աջակցություն ցուցարարներին. «Քանի դեռ Դոնալդ Թրամփը նախագահ է, իսկ ես՝ փոխնախագահ, ԱՄՆ-ը չի կրկնի մեր անցյալի ամոթալի սխալները, երբ ոմանք մի կողմ են քաշվել և անտեսել իրանցի ժողովրդի հերոսական դիմակայությունը, որ պայքարել է իր դաժան ռեժիմի դեմ։ Իրանցի ժողովրդի աճող դիմակայությունն այժմ հույս ու հավատ է տալիս բոլոր նրանց, ովքեր պայքարում են ազատության համար և ընդդեմ բռնապետության։ Մենք չպետք է և չենք թողնի նրանց աղետի մեջ»։ Վաշինգտոնը պնդում է, որ պետք է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրել։ «Թեհրանը պետք է երաշխավորի խաղաղ ցույցեր ու հավաքներ անցկացնելու իրավունքը», - հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին: Ռուսաստանը, ինչպես վերջերս հաճախ է պատահում, չի շտապում մեկնաբանել։ Եվրամիությունը ևս հանդարտության և մարդու իրավունքների պաշտպանության կոչ արեց։ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի ժողովրդին հաջողություններ մաղթեց ազատության համար ազնիվ պայքարում։ Նա հրապարակավ աջակցություն հայտնեց ցուցարարներին և հայտարարեց, որ եթե իշխանությունը Թեհրանում փոխվի, իրանցի և իսրայելցի ժողովուրդների միջև բարեկամություն կհաստատվի։ Իսրայելի տրանսպորտի և հետախուզության հարցերով նախարար Իսրայել Կացը ցուցարարներին մաղթեց «հաղթանակ ազատության և ժողովրդավարության համար պայքարում»՝ ընդգծելով, որ իր երկիրը չի միջամտում Իրանի ներքին գործերին։ Նրա խոսքով՝ եթե իրանցի ժողովուրդը կարողանա հասնել ազատության և ժողովրդավարության, Իսրայելի և տարածաշրջանի համար շատ սպառնալիքներ կանհետանան։ Կացը ընդգծեց, որ Իսրայելը պահպանում է հարևան պետությունների ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը և բողոքի ակցիաների շարունակման բացահայտ կոչ չի անի։


Ամեն ինչ սկսվեց դեկտեմբերի 28-ին՝ փոքր ցույցից, որը կազմակերպվել էր Իրանի երկրորդ ամենամեծ քաղաքում՝ Մաշադում: Բողոքի ալիքը տարածվեց երկրով մեկ: Սկզբում իշխանություններն ընդվզման համար մեղադրում էին նախագահ Հասան Ռոհանիի գլխավոր մրցակցին՝ Էբրահիմ Ռաիսին: Ցուցարարները հիմնականում մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որ բողոքում են տնտեսական վիճակից ու պահանջում քաղաքական փոփոխություններ։ Գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում 40 % է։ Միայն Թեհրանում ձերբակալվել է 450 մարդ: Մի քանի հարյուր ցուցարար ձերբակալվել են այլ նահանգներում: Ի տարբերություն 2009-ի ցույցերի, իշխանությունները չեն խոչընդոտել լրատվամիջոցների աշխատանքը: Օտարերկրյա լրագրողները ևս անարգել լուսաբանել են հակակառավարական ցույցերը:


Տեղեկությունների սակավությունը թույլ չի տալիս ասել` իրադարձությունների զարգացումները կանխատեսել։ Առայժմ թվում է` ցուցարարները բացահայտ առաջնորդ չունեն և քաղաքական որևէ ուժ նրանց պայքարի պատասխանատվությունը չի ստանձնել, պահանջները չի ձևակերպել ու պայմաններ չի ներկայացրել իշխանությանը։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Ի՞նչ է կատարվում Իրանում, հերթական բողոքի բռնկու՞մն է, որ իշխանությունները մինչև այժմ կարողացել են ճնշել, թե՞ արաբական գարուն է և նոր հեղափոխության սկիզբ։
Տարբերակները մի քանիսն են.
1. Չի բացառվում, որ Իրանում սրվել է ներիշխանական պայքարը պահպանողականների ու բարեփոխիչների միջև` նախագահական ընտրություններից քիչ ժամանակ է անցել, իսկ ընտրություններում նախագահ Հասան Ռոհանիին կոշտ դիմակայում էր Էբրահիմ Ռաիսին։ Պահպանողականները պնդում էին` խոստացած բարեփոխումները Հասան Ռոհանին չի արել և չի կարող անել։ Նախագահը կարող է ցույցերն օգտագործել` գործելու ազատություն ստանալու ու պահպանողականների դիմադրությունը թուլացնելու համար։ Բայց և պահպանողականները կփորձեն թուլացնել Ռոհանիի դիրքերը` ավելի շատ իշխանություն ստանալու համար։ Բոլոր դեպքերում ներիշխանական պայքարը ցույցերից հետո որոշակի փոփոխություններ կրելու է` չեն բացառվում պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ։
2. Իրանի իշխանությունները միանշանակ մեղադրում են դրսի ուժերին, մասնավորապես՝ Սաուդյան Արաբիային ու ԱՄՆ-ին, Իսրայելին, մեջբերում են ԱՄՆ նախագահի ու փոխնախագահի թվիթներրը։ Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ը, Իսրայելը բազմիցս հրապարակավ հայտարարել են Իրանում իշխանափոխության անհրաժեշտության մասին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այդպես էլ առկախ թողեց միջուկային պայմանագրից դուրս գալու հարցը: ԱՄՆ-ԻԻՀ վերջին ՙբախումը՚ Երուսաղեմի հարցում էր, երբ Դոնալդ Թրամփը Երուսաղեմը ճանաչեց Իսրայելի մայրաքաղաք, իսկ Թեհրանը միանշանակ դեմ էր այդ որոշմանը։
3. Իրանի իրադարձությունները կարող են մաս լինել Մերձավոր Արևելքում սկսված փոփոխությունների։ ՌԴ նախագահ Պուտինն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պայմանավորվել են առաջիկայում հանդիպել ու քննարկել տարբեր հարցեր: Բնականաբար` օրակարգում լինելու է Իրանը։ Իսրայելը դեմ է Իրանի ռազմական ներկայության ընդլայնմանը տարածաշրջանում ու մասնավորապես` Սիրիայում` Նեթանյահուն հայտարարել է, որ կանխարգելիչ հարված կհասցնի Իրանի զինուժին Սիրիայի տարածքում, եթե իր անվտանգությունը հարցականի տակ լինի։ Հարցը մեկն է` Մերձավորարևելյան տարածաշրջա՞նն է Իրանի իրադարձությունների պատճառը, թե՞ այդ իրադարձությունները մասն են մեծ խաղի։


Բոլոր դեպքերում`
1. Ինչ շահեր էլ բախվեն Իրանում ու տարածաշրջանում, Հայաստանի համար կարևոր է ունենալ կայուն և կառավարելի իրավիճակ հարևան երկրում, որի հետ կապում են ոչ միայն բարեկամական, այլև քաղաքական ու առևտրատնտեսական շահերը։
2. Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է Արցախի խնդրում: Թեհրանում կայունությունից ու իրավիճակի կանխատեսելիությունից է կախված տարածաշրջանում Իրանի կենսունակությունն ու հզորացումը, որ հակակշռում է Անկարա-Բաքու տանդեմին և հավասարակշռում ուժերի դասավորությունը։ Իրանի թուլացումը իրավիճակ է փոխելու ի վնաս Հայաստանի։ Հայաստանը կարող է անկանխատեսելի և սպառնալից մարտահրավերների առաջ կանգնել հարավային սահմանների մոտ, ներառյալ Արցախը: Կարող է ծագել Արցախի սահմանակից Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանների հարցը: Ազգայնականության պոռթկումը այդ շրջաններում վտանգավոր իրավիճակ կարող է ստեղծել մեր հարավային սահմաններին։
3. Բոլոր դեպքերում` Իրանում փոփոխությունների անհրաժեշտությունը ակնհայտ է։ Իսլամական պետության` կրոնապետության կառավարման համակարգը բախվում է տնտեսական զարգացման անհրաժեշտությանը։ Քաղաքական փոփոխությունների տրամաբանությունը պահանջում է աշխարհիկ իշխանության ուժեղացում ու հոգևորականների կաստայի թուլացում, մինչդեռ Իրանում հենց նրանք են որոշումներն ընդունում։ Ժողովրդավար, կենսունակ ու զարգացող Իրանը Հայաստանի համար առավել գերադասելի հարևան է, քան կա։


Իրանը հայտնվել է տնտեսական ու քաղաքական փակուղում։ Կամ կարգուկանոնի վերականգնումը կհանգեցնի 1978-1979-ի իսլամական հեղափոխության արդյունքների վերանայման, կամ` կխորացնի հեղափոխության հետևանքները։ Նավթի վաճառքի եկամուտները իրանցիները ցանկանում են օգտագործել երկրի ներսում և ոչ թե արտաքին քաղաքականությանը նվիրաբերել (Հըզբոլլահ, Համաս, շիական աշխարհազոր Իրաքում ու հատկապես Սիրիայում)։ Սոցիալական բողոքն ունի նաև կառուցվածքային պատճառներ` կոռուպցիա և դժգոհություն իշխող էլիտայից, որ նավթային եկամուտները չի օգտագործում տնտեսությունը ոտքի հանելու և աղքատությունը նվազեցնելու համար` ստեղծելով անարդարության վիճակ։


Ի՞նչ կարող է անել երկակի փակուղում հայտնված Հասան Ռոհանին։ Երկրի ներսում սոցիալական բևեռացման ենատեքստում քավության նոխազ է, թերևս, կընտրվի ԱՄՆ-ը իր պատժամիջոցային քաղաքականության ու հակաիրանական հայտարարությունների հիմքով` արդարացնելու համար տնտեսական քաղաքականության ձախողումները։ Բայց մեղադրանքներից բացի քայլեր են պետք։ Կրոնապետությու՞ն, թե՞ կառավարման համակարգի փոփոխություն` սա է Իրանի գլխավոր ընտրությունը, որին 2018-ին երկիրը դեռ պատրաստ չէ իր ամբողջության մեջ։

Դիտվել է՝ 3683

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ