Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իրանն իբրև «սև արկղ»

Իրանն իբրև «սև արկղ»
05.01.2018 | 06:45

Բողոքները, որոնցով պարուրված է Իրանը, ամենամասշտաբայինն են վերջին տասնամյակում` գրում է Der Spiegel-ը։ Բայց մեկ շաբաթ անց էլ պարզ չէ` ի՞նչ են իրականում ցանկանում ցուցարարները և բողոքի ցույցերը ի վերջո չե՞ն ծառայի իշխանությանը։ 2017-ը Իրանի իշխանության համար հաղթական ավարտվեց` Թեհրանի աջակցությունն ունեցող զինյալները վերահսկում են Լիբանանի, Սիրիայի, Եմենի և Իրաքի տարածքի մի մասը։ Իրանը նշանակալից ամրապնդել է դիրքերը իշխանության համար տարածաշրջանային պայքարում իր հավերժական մրցակից Սաուդյան Արաբիայի հետ պայքարում։ 2018-ը վարչակարգի համար կարող է ավելի բարդ տարի լինել` հիմնականում ներքաղաքական իրավիճակի պատճառով։ Բողոքի ակցիաները նախագահ Ռոհանիի գլխին թափվեցին` ինչպես ձյունն ամռանը։

Վարչակարգի համար, որ ինչպես երբեք վստահ էր թվում իր ուժերին, 2009-ից հետո ամենաբազմամարդ ցույցերը ցնցում էին։ Այն ժամանակ միլիոնավոր իրանցիներ փողոց դուրս եկան բողոքելու նախագահական ընտրություններում իբր հօգուտ Մահմուդ Ահմադինեժադի ձայները կեղծելու դեմ։ Մի շաբաթ անց էլ հասկանալի չէ` ինչքան մասնակիցներ կան ցույցերին։ Ի տարբերություն 2009-ի` ցույցերը Թեհրանով չեն սահմանափակվում։ 2009-ին Թեհրանում իրենց դժգոհությունն էին արտահայտում հիմնականում սոցիալական միջին ու բարձր խավերի ներկայացուցիչները, հիմա փողոց են դուրս գալիս գերազանցապես չունևորները: Գոնե այդպես են ասում իրադարձությունների ականատեսները: Վարչակարգը նշանակալից սահմանափակում է բողոքների լուսաբանումը, արգելափակում ինտերնետն ու արգելում տեսանկարել բողոքի գործողությունները։ Դժվար է կազմել կատարվողի հստակ պատկերը։ Եթե ինտերնետի տեսագրություններով դատենք` իրանցիները դժգոհ են սոցիալական մեծացող անհավասարությունից։ Նրանք դժգոհ են, որ իշխանությունը միլիոններ է ծախսում Սիրիայի պատերազմի և Լիբանանի «Հըզբոլլահի» վրա։ Բողոքների գործողոթյունների լուսանկարներից ու տեսանկարահանումներից երևում է, որ նաև կանայք են մասնակցում։ Նրանք բողոքում են նաև գլխաշոր կրելու դեմ։ Որքան են տարածված հնչող կարգախոսները` «Մահ բռնակալին» և «Մենք իսլամական հանրապետություն չենք ուզում», դժվար է ասել։ Իսլամական հեղափոխությունից 40 տարի անց քաղաքական համակարգը այդպես էլ չի ապացուցել, որ ի վիճակի է այնպիսի քաղաքական ու տնտեսական բարեփոխումներ անել, որից կշահեն հասարակության լայն խավերը։ Վարչակարգը բացահայտորեն նյարդայնացած է։ Իրավապահները ցուցարարների դեմ ուժ են կիրառում։ Պաշտոնական տվյալներով` մի շաբաթում 21 ցուցարար է սպանվել։ Եթե 2009-ին բողոքի ակցիաները սկսվեցին և տեղի էին ունենում Թեհրանում օտարերկրյա լրագրողների ներկայությամբ, այսինքն` համաշխարհային հանրության աչքի առաջ, ներկա ակցիաները հիմնականում նահանգային քաղաքներում են, որ իշխանությանն առավել կոշտ գործելու հնարավորություն է տալիս։

Բացի այդ` ակցիաների մասնակիցները առավել ագրեսիվ վարքագիծ ունեն, քան 2009-ին: Շատ քաղաքներում նրանք արդեն հարձակվել են ոստիկանական տեղամասերի, հրշեջ կայանների ու բանկերի վրա։ Դա թույլ է տալիս մտածել, որ հիմա ակցիաներին մասնակցում են նրանք, որ արդեն ոչինչ չունեն կորցնելու։ Վարչակարգը բողոքները հրահրելու մեջ մեղադրում է արտասահմանյան ուժերին։ Ապացույցներ չկան, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երբեք չի թաքցրել, որ ցանկանում է վարչակարգի փոփոխություն Իրանում։ 2017-ին Սպիտակ տունը Իրանի օպերատիվ բաժնի նոր ղեկավար է նշանակել Մայքլ Դ'Անդրեային` «այաթոլա Մայք» մականունով: Որոշ տվյալներով` նա պետք է զբաղվի Իրանում ԱՄՆ հատուկ ծառայությունների ազդեցության ընդլայնմամբ։ Մինչ այդ նա ղեկավարում էր ԿՀՎ-ի հակաահաբեկչական ստորաբաժանումը, համակարգել է ՈՒսամա բեն Լադենի «որսը» և Ալ Քաիդայի դեմ դրոնների պատերազմը։


Թեհրանում վարչակարգի փոփոխության շանսերը չափազանց քիչ են։ Բողոքողների շահերը շատ տարբեր են, շատ ազդեցիկ է մնում իշխող էլիտան, շատ լավ են զինված իրավապահ մարմինները, որոնց ներկայացուցիչները մարտական գործողությունների փորձ ունեն Իրաքում ու Սիրիայում։ Ապագայում ցույցերը կարող են նույնիսկ ձեռնտու դառնալ նախագահ Ռոհանիին` կարծում է իրանագետ Սորեն Ֆայկը։ «Ընդվզումները ցույց են տալիս, որ Իրանին անհրաժեշտ են բարեփոխումներ ու ազատականացում։ Ռոհանին հենց դա է ուզում։ Նախագահը անկարգություններից կարող է քաղաքական կապիտալ աշխատել` նրանք խարխլում են պահպանողական ուժերի դիրքերը, որ մինչև հիմա հակառակվում են Ռոհանիի առաջարկած ազատականացման քաղաքականությանը»` կարծում է Սորեն Ֆայկը։
Der Spiegel


Հ.Գ. Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հավելյալ ուժեր է տեղակայել բախումների էպիկենտրոն դարձած երեք նահանգներում, զգուշացնելով՝ ցուցարարները կպատժվեն: «Մեր թշնամիները պիտի իմանան, որ այս կարգի ապստամբություններն Իրանում չեն աշխատում»,- հայտարարել է կորպուսի հրամանատար Մոհամեդ Ալի Ջաֆարին՝ պնդելով, թե բողոքի ալիքն արդեն մարել է, ապստամբության փորձն էլ՝ ճնշվել: Քանի դեռ սոցիալական ցանցերն ու անկախ լրատվամիջոցներն Իրանում արգելափակված են, տեղեկությունը դժվար է ճշտել: Պետական լրատվամիջոցները պատմում են միայն իշխանություններին աջակցելու համար փողոց դուրս եկած ցուցարարների մասին: «Մահ ԱՄՆ-ին, Իսրայելին ու Սաուդյան Արաբիային: Մեր երակներով հոսող արյունը մեր նվերն է առաջնորդ Խամենեիին»,- վանկարկում են նրանք: Թեհրանը շարունակում է պնդել, թե բողոքի ալիքը կառավարվում ու հովանավորվում էր արտաքին ուժերի կողմից: ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Գոլյամ Ալի Հոշրուն բողոքի նամակ է հղել Անվտանգության խորհրդին՝ նշելով, թե ԱՄՆ-ը նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ «անամոթաբար ու զավեշտալի միջամտում է Իրանի ներքին գործերին՝ ցուցարարներին սադրելով բռնության ու անկարգությունների»:


Սպիտակ տան ներկայացուցիչներից մեկը, անանուն մնալու պայմանով, չի բացառել, որ Թրամփի վարչակազմը կարող է հավելյալ պատժամիջոցներ սահմանել իրանցի պաշտոնյաների ու կազմակերպությունների նկատմամբ, որ ոտնահարել են խաղաղ հանրահավաքների անցկացման ու խոսքի ազատության իրավունքն ու ճնշել ընդդիմադիր ցուցարարներին:
«Այս ամենի պատճառն իշխանությունն է, որը մտածում է միայն իր մասին»,- «Ռոյթերզի» հետ զրույցում ասել է Իրանի հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի ավագ որդին՝ ԱՄՆ-ում բնակվող թագաժառանգ Ռեզա Փահլավին:


«Գործող վարչակազմն օգտագործում է երկրի ռեսուրսները՝ միայն հանուն իր իշխանության, իր բանակի, իր ծառաների ու իր նպատակների` Սիրիայում, Լիբանանում, թե այլուր: Երկրի հարստությունը չի հասնում ժողովրդին: Ձեր կարծիքով մարդիկ որքա՞ն կարող են համբերել, ձեր կարծիքով որքա՞ն կարող են դիմանալ տնտեսական այդ դժվարություններին, գործազրկությանը, գնաճին, դիմանալ մի իրավիճակի, երբ նրանց շարունակաբար կոտրում ու ճնշում են»,- ասել է նա: Այժմ, երբ բողոքի ալիքը փոքրիշատե մարել է, ավելի հաճախ են հնչում կարծիքներ ու վերլուծություններ՝ հակաիշխանական ցույցերի հնարավոր պատճառների մասին: Քաղաքագետների մի մասը պնդում է, որ սա ոչ այնքան սոցիալական բունտ է, որքան կուլիսային պայքար՝ իշխանության թևերի միջև: Ոմանք համոզված են, որ այս ընդվզման թիրախն իրականում բարեփոխական նախագահ Հասան Ռոհանին է, հիշեցնելով՝ ցույցերը սկսվեցին Մաշհադից՝ Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքից, որտեղ ուրբաթօրյա աղոթքն առաջնորդում է նախագահական ընտրություններում Ռոհանիի մրցակից, Իրանի նախկին գլխավոր դատախազ Էբրահիմ Ռաիսիի խնամին՝ Այաթոլլահ Ահմադ Ալամոլհոդան:
Իրանցի տնտեսագետ, նախկին բարեփոխական նախագահ Մոհամադ Խաթամիի խորհրդական Սաեդ Լայլազը «Ալ Ջազիրայի» հետ զրույցում նշել է՝ ցույցերը սկսվեցին, երբ Ռոհանին ներկայացրեց հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, որ մի շարք ապրանքների թանկացումներից ու հարկերի ավելացումից բացի նաև ամենաթափանցիկն էր երկրի պատմության մեջ: Առաջին անգամ Ռոհանին բացահայտեց, թե ինչ հսկայական գումարներ են ստանում կրոնական կառույցները, որ նրանց համար ամենևին ցանկալի չէր: Նախագծով կրճատվում է իշխանության մյուս թևերի, օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը, որին բանակը կտրականապես համաձայն չէ:
Վերլուծաբանների մի մասն էլ վստահ է, թե մարդկանց իրականում փողոց է դուրս բերել սոցիալ-տնտեսական վատթարացող վիճակը: Ցույցերի նախաշեմին «Թվիթերում» հազարավոր մարդիկ էին միացել կառավարության տնտեսական քաղաքականությունը քննադատող արշավին՝ հիշեցնելով նախագահ Ռոհանիի նախընտրական խոստումները՝ աշխատատեղեր բացելու և կոռուպցիան վերացնելու մասին: Ընտրություններից երկու տարի անց, ըստ վիճակագրության, 80- միլիոնանոց Իրանում յուրաքանչյուր չորրորդն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ: «Ստեղծված իրավիճակում Իրանի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն ու միայն իր վրա»,- Ռոյթերզին ասել է թագաժառանգ Ռեզա Փահլավին, հավելելով․ «Իմ ուղերձն է իրանցիներին՝ եթե Արևմուտքը որոշի օգնել, շատ լավ է, և ակնկալում եմ՝ այդպես էլ կլինի, բայց եկեք հույսներս չդնենք դրա վրա»:
Փաստացի` բոլորն ունեն բողոքելու և իրենց անհրաժեշտությունը ապացուցելու խնդիր միաժամանակ, համաժողովրդական ընդվզումը ևս քաղտեխնոլոգիա է, որ կարող է օգտագործել չնախաձեռնած կողմը նույնպես։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4994

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ