Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Նախագահական ընտրություններ Ռուսաստանում` ռեկորդային թվով առաջադրումներ Պուտինի դեմ

Նախագահական ընտրություններ Ռուսաստանում` ռեկորդային թվով առաջադրումներ Պուտինի դեմ
08.01.2018 | 22:43

Սուպերֆավորիտի կարգավիճակը, որ վերագրվում է Վլադիմիր Պուտինին 2018-ի մարտի 18-ի նախագահական ընտրություններում, չի վախեցնում նրա մրցակիցներին` Le Figaro-ում գրում է Պիեռ Ավրիլը: ԿԸՀ-ի վերջին տվյալներով` 64 մարդ արդեն առաջադրել է իր թեկնածությունը: Դա ռեկորդ է: 2012-ին կար ընդամենը 17 թեկնածու: Նախորդ` 2012-ի, բավականաչափ վիճահարույց հաղթանակից հետո Կրեմլի տերը պարզեցրել է քվեարկության մասնակցության ընթացակարգը և ընտրությունների օրենքի փոփոխությունները նպաստել են ակտիվության աճին: Իհարկե, բոլոր 64 թեկնածուները չեն հաղթահարի հաջորդ փուլը` շատերն արդեն հեռացվել են ընտրապայքարից: «Իսլամ» ամսագրի գլխավոր խմբագիր Այնե Համզատովային, որ գերազանցապես մուսուլմանաբնակ Դաղստանի մուֆտիի կինն ու խորհրդականն է, ներկայացրել են ընտանեկան ֆինանսական հայտարարագրերի անբավարար թափանցիկության մեղադրանք, իսկ Լակի Լի մականունով ստրիպտիզ ակումբի տերը, ԿԸՀ-ի եզրակացությամբ, փաստաթղթերը ներկայացրել է «քաոսային վիճակում»: «Այս ընտրարշավը վերածվում է գովազդային մրցավազքի այն մարդկանց համար, որ զրոյից սկսելով ուզում են փառքի հասնել»` Պիեռ Ավրիլը մեջբերում է քաղաքագետ Ստանիսլավ Բելկովսկու մեկնաբանությունը «Эхо Москвы» ռադիոկայանի եթերից:

Այլ փորձագետներ դատապարտում են «նախընտրական կառնավալը», և Կրեմլը լիովին համաձայն է այդ տեսակետին: Մինչդեռ ընդդիմության ամենահայտնի ներկայացուցիչը` Ալեքսեյ Նավալնին, չի կարող քվեարկվել` դատարանի վճռի պատճառով, որ ինքը համարում է շինծու: Ընդդիմադիր լրագրող Քսենիա Սոբչակը` Վլադիմիր Պուտինի քաղաքական կնքահոր դուստրը, փորձում է իր կողմը տանել կոռուպցիայի դեմ պայքարող փաստաբանի ձայները: ԿԸՀ-ն նրա հայտն ընդունել է, մնում է հավաքել 100000 ստորագրություն: Այդ գործընթացին շատ ուշադիր հետևում է Կրեմլը, որ, կարծես, Սոբչակին ազատություն է տվել` իր վերահսկողության տակ:
Պիեռ ԱՎՐԻԼ, Le Figaro


Հ.Գ. 64, թե 164 թեկնածուները Կրեմլի ու անձամբ Վլադիմիր Պուտինի համար ունեն 0 նշանակություն: Մարտի 18-ին նա ունի լուծելու 2 խնդիր` 1. ընտրողներին տանել ընտրատեղամասեր. Ալեքսեյ Նավալնիի` ընտրությունները բոյկոտելու կոչից հետո այդ խնդրի լուծումն առավել դժվարացել է, 2. ապահովել կողմ ձայների 80 տոկոսից ոչ պակաս ցուցանիշ` իբրև լեգիտիմության աներկբա պաշար երկրում ու հատկապես երկրից դուրս: Ինչպե՞ս այս խնդիրները կլուծվեն` մինչև ընտրություննե՞րը, թե՞ ընտրությունների օրը, նույնպես կարևոր չէ: Կարևորը ընտրակեղծարարության չդիմելն է: 2012-ի հետընտրական գործընթացները իրականում թուլացրին Պուտինի իշխանությունը: Գուցե 2016-ի ԱՄՆ նախագահական ընտրություններին ռուսական միջամտությունը (եթե միջամտություն իրականում եղել է, համենայն դեպս` դատելով ԱՄՆ-ում վարվող հետաքննություններից` փորձեր եղել են Թրամփին օգնելու և Քլինթոնի հաղթանակը բացառելու) հենց պատասխանն էր ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հեռակա աջակցության Ռուսաստանում հետընտրական բողոքների կազմակերպմանը: Կփորձի՞ ԱՄՆ-ը միջամտել ընտրական գործընթացներին Ռուսաստանում: Հարց է, որի պատասխանը դեմոկրատները հստակ ունեն` ոչ: Իսկ հանրապետականնե՞րը, որ ունեն բավարար ֆինանսական հնարավորություններ ու «պատասխանի» ցանկություն: Բոլոր դեպքերում` ցանկացած պետության կյանքում ընտրությունները ունենում են հնարավոր ֆորս մաժորների ռիսկ: Նույնիսկ սուպերֆավորիտների դեպքում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2510

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ