Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

«Իրանն այն պետությունն է, որը թույլ չի տա, որ իր հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին շատ այլ երկրների հետ»

«Իրանն այն պետությունն է, որը թույլ չի տա, որ իր հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին շատ այլ երկրների հետ»
09.01.2018 | 08:26

Ամանորյա տոներին միջազգային հանրության ուշադրության կենտրոնում Իրանն էր, գերտերություններն զբաղված էին իրադարձությունները «ծանրութեթև» անելով, գործը հասավ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ: Քննարկումների ծիրում էր նաև այն, որ իրանյան ցույցերն արտաքին ուղղորդում ունեն: ԱՄՆ-ի նախագահը բացահայտ աջակցություն հայտնեց ցուցարարներին, իսկ իրանյան կառավարությունը «մատ թափ տվեց»` չխառնվել իր ներքին գործերին:
ՀԴԿ նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում ասաց, որ իրանյան իրադարձությունները գնահատելու համար նախ պետք է հասկանալ, թե ինչպիսի երկիր է Իրանը, ինչ կառավարման համակարգ ունի:

-Իրանում առաջին անգամ չէ, որ նման ցույցեր են լինում, սակայն կառավարական ուժերին միշտ հաջողվում է դրանք խաղաղեցնել: Տեսակետ կա, որ այս անգամ ցույցերն ուղղորդվում են դրսից, մասնավորապես, ԱՄՆ-ի կողմից: Ինչպե՞ս կգնահատեք իրավիճակն Իրանում:
-1979-ին, երբ շահին հեռացրին, և այաթոլահ Հոմեյնին եկավ իշխանության, Իրանում հաստատվեց կրոնական կառավարման ձևը` ունենալով որոշակի գաղափարախոսություն: Հոմեյնին Ֆրանսիայում էր, տեսնում էր տեղի բարքերը, որոնք խորթ էին նրան, ազատությունների հետ միասին կար բարոյականության անկում, բարոյական նորմերի անտեսում: Սա դարձավ պատճառներից մեկը, որ Իրանում հաստատվեցին իսլամական կանոններ: 1979-ից մինչ այսօր այդ համակարգը գործում է, որը ոմանց համար լավ է, մյուսների համար` ոչ այնքան: Բայց եթե մեծամասնությունը այդ համակարգի կրողն է, մյուսները պարտավոր են ենթարկվել դրան կամ պետք է պայքարեն ու իրենք մեծամասնություն դառնան: Իրանում, բացի պարսիկներից, որոնք մեծամասնություն են, ապրում են 25 մլն թրքալեզու ժողովուրդ, հայեր, հրեաներ, քրդեր, այսինքն` բազմազգ պետություն է, տարբեր դավանանքի ժողովուրդներ կան: Այլ խոսքով, այս բոլոր ազգերին համակերպված պահելու համար պետք է ավտորիտար ռեժիմ: Սա լա՞վ է, թե՞ վատ, իրենք են որոշում: Ժամանակին արևմտյան երկրներն ասացին, թե Հուսեյնը Իրաքը դարձրել է եսիմինչ ու գնացին ազատելու Իրաքի ժողովրդին, ի՞նչ ստացանք դրա արդյունքում: Ամենօրյա պայթյուններից, ահաբեկչություններից արդեն քանի միլիոն մարդ է զոհվել այդ երկրում Արևմուտքի «ազատագրման» պատճառով: Իրաքում ժողովրդավարություն մտցնե՞լն էր արդյոք հիմնական նպատակը: Ոչ: Նավթի ահռելի պաշարներն էին, որոնց պետք էր տիրանալ ու օգտվել այդ բարիքից: Իրաքը չբավարարեց իրենց, անցան Լիբիային, Եգիպտոսին, Եմենին, Սիրիային: Ի՞նչ է կատարվում: ԱՄՆ-ը հայտարարում էր, թե պաշտպանում է մարդու իրավունքները, և իր համակարգն ամենալավն է, դրա համար բոլորը պետք է լինեն իրենց հետևորդները, թեկուզ պարտադրանքով: Հիմա Թրամփի ելույթներում ինձ դուր է գալիս այն գաղափարը, թե` այո, մենք լավն ենք, բայց չպետք է միջամտենք այլ երկրների գործերին: Բայց ԱՄՆ-ի պարագայում դա էլի չի ստացվում, այդ քաղաքականությունը իներցիայով շարունակվում է: Հիմա հասել է Իրանի հերթը: Չգիտես ինչու` Իրանը համարվում է վտանգավոր երկիր: Ինչու Հյուսիսային Կորեան, որտեղ ավելի ընդգծված տոտալիտար ռեժիմ է, այս իրադարձությունները հաշվի առնելով, ինքն է իր շահերը պաշտպանում, հասկանալով, որ բոլորին զսպող միակ բանը միջուկային զենք ունենալն է: Իրանն էլ դա հասկացել էր, սակայն համոզեցին, պատժամիջոցներ կիրառեցին, և նա հետ կանգնեց միջուկային զենք ստեղծելու մտքից, պայմանով, որ իր ներքին գործերին չեն խառնվի: Բայց պայմանը չպահեցին, պարոնները կարծում են, թե Իրանում էլ պետք է ռեժիմը փոխել, բայց թե ինչ նոր համակարգ պետք է լինի, պարզ չէ:
-Ցուցարարների բարձրացրած խնդիրները երկրում իսկապես կան, հարցն այն է, որ դրանցից օգտվում են նաև դրսի ուժերը` ավելի բորբոքելով իրավիճակը:
-Հավանաբար ինչ-որ ձևով օգտագործվում է այդ բողոքի ալիքը: Բայց Իրանի գլխավոր թշնամին Իսրայելն է և հակառակը: Իրանում ինձ միշտ ասում էին, թե իրենք հրեա ժողովրդի դեմ ոչինչ չունեն, իրենց խնդիրը սիոնիստական գաղափարախոսությունն է: Իսրայելում էլ կարծում են, թե Իրանն ամեն ինչ անում է, որ Իսրայելը ոչնչանա, «Հըզբոլլահ» է պահում, պաղեստինյան շարժմանն է սպասարկում: Այս տեսանկյունից ամեն մեկը փորձում է յուրովի պաշտպանվել: Իրանը հասկացավ, որ այն, ինչ Իրաքում արեցին, կանեն նաև իր հետ: Ցույցերի հիմնական պատճառը տնտեսական խնդիրներն են, որոնք չեն լուծվել, կա նաև բևեռացում, ինչպես բոլոր տեղերում: Միշտ այդպես է. երբ կա ներքին դժգոհություն, արտաքին աշխարհում հայտնվում է մեկը, որը ցանկանում է օգտվել դրանից` հետապնդելով սեփական շահը: Ցանկացած իշխանություն պետք է հասկանա, որ նման խնդիրները պարարտ հող են երկրի ներքին գործերին միջամտելու համար:
-Տեսակետ կա, որ ժողովրդավարության մակարդակը շատ ցածր է Իրանում:
-Ես համամիտ չեմ: Բազմազգ պետություն է Իրանը, ինչպե՞ս անել, որ մարդիկ գոհ լինեն իրենց ապրելակերպից: Կա ինքնության հաստատման խնդիր, Իրանն այս տեսակետից յուրօրինակ պետություն է: Դիտարկենք հենց հայերի օրինակով: Մեր հայրենակիցներից շատերը չգիտեն, թե իրանահայերն ինչ իրավունքներից են օգտվում: Իրավունքները տրվել են ոչ թե համայնքին, այլ կրոնական կազմակերպությանը, ինչպիսին է Հայ առաքելական եկեղեցին, որի կենտրոնը Անթիլիասն է, Մեծի Տանն Կիլիկիո թեմը: Թեհրանում, Սպահանում, Թավրիզում ու շատ այլ քաղաքներում կան տասնյակ հայկական գործող եկեղեցիներ: Թեհրանի հայկական մայր տաճարին իշխանությունը տվել է պետական գործելակերպի տարրեր, օրինակ, եկեղեցին արձանագրում է երեխայի ծնունդը, կնունքը, ամուսնությունները, մահը, ժառանգությունը: Հայերն Իրանի խորհրդարանում ունեն երկու պատգամավոր, թերթեր, դպրոցներ, մշակութային կենտրոններ: Առանձնահատուկ պետք է շեշտեմ Սպահանի վանական համալիրը, Սուրբ Գևորգ եկեղեցին` Էջմիածնի մայր տաճարից բերված քարերով: (Պատմությունը հետևյալն է. Շահ Աբասի ժամանակ, երբ հայերին բերել են Պարսկաստան, մի քանի ամիս հետո շահը հարցրել է, թե ինչպես են հայերը, ասել են, թե շատ տխուր են, դժգոհ են, որովհետև իրենց Էջմիածնին են կարոտում: Շահ Աբասն ասում է` գնացեք եկեղեցին քանդեք, բերեք այստեղ կառուցեք: Սուրհանդակ են ուղարկում Էջմիածին, թե գալիս են մայր տաճարը քանդեն, տանեն: Մեկ գիշերում հայերը հորինում են մի բան, որը թույլ չի տալիս դա իրականացնել: Եթե Շահ Աբասի դիմագիծը որևէ շինության վրա փորագրված է եղել, դա համարվել է սուրբ և դրան ձեռք տալ չէր կարելի: Մեկ գիշերում հայերը մայր տաճարի պատին փորագրում են Շահ Աբասի դիմագիծը: Այս մասին տեղեկացնում են շահին, նա էլ ասում է, լավ, մի քանի քար հանեք, բերեք: Այդ չորս-հինգ քարերն այսօր ամբողջովին սևացած են, քանի որ դրանք մասունք են, շատ մոմեր են վառվել դրանց վրա): Սպահանի եկեղեցում է նաև մեր որմնանկարչության անգերազանցելի օրինակներից մեկը:
Ընդամենը երեք հարյուր մետր հեռավորության վրա կա մի գողտրիկ եկեղեցի` Սուրբ Բեթղեհեմի, որն անգնահատելի հարստություն է: Մինչև հիմա այնտեղ մոմ չեն վառում, որովհետև դա արվեստի բարձրագույն նմուշ է: Ցավոք, այդ եկեղեցու մասին մենք քիչ բան գիտենք: Հայերը հաճախ պետք է գնան Իրան, որպեսզի մեր եկեղեցիները, ազգային հարստությունը տեսնեն, շնորհակալ լինեն Իրանի իշխանությանը, որ նման հոգածություն ունի մեր հարստության հանդեպ, նման իրավունքներ է տվել մեր կրոնական կազմակերպությանը: Հայաստանում ընդամենը մի Կապույտ մզկիթ կա, որը ոմանց կարծիքով անհրաժեշտ չէ: ՈՒրեմն պետք է իմանալ, ինչպես են ձեզ հարգում, թույլ տալիս ձեր ինքնությունը պահպանել և նույն վերաբերմունքն էլ ցուցաբերել նրանց նկատմամբ: Էլ չեմ խոսում Թեհրանի կենտրոնում կառուցված Արարատ մարզավանի մասին: Սա` ընդամենը հայերի մասով, նույնն է նաև մյուս ազգերի հարցում: Ինչու՞ դրա մասին չի խոսվում Արևմուտքում, թե Իրանի Իսլամական պետության ներքին համակարգն ինչպես է գործում: Եթե սկսեք այդ մասին խոսել, կպարզվի, որ այդքան էլ վտանգավոր, երկիր չէ Իրանը: Ցույցերի մասնակիցները փոփոխություն են ուզում իրենց երկրում, նրանց իշխանությունը պետք է որոշի, թե ինչ չափով փոփոխությունների անհրաժեշտություն կա: Սակայն, երբ այլ պետություն փորձում է չարախնդալ, թե ինչ լավ է` ցույցեր կան, այստեղ էլ կքանդենք, հարց է առաջանում` լավ, քանդեցիք, հետո՞ ինչ է լինելու: Ի՞նչ ստացաք, Լիբիա չկա, Եմեն, Սիրիա չկան, Եգիպտոսը նոր-նոր ուշքի է գալիս, իսկ Իրաքը ուշքի չի էլ գալիս: Ի՞նչ արեցիք: Ինչու՞ պետք է օրական վաթսուն-յոթանասուն իրաքցի զոհվի:
-Իրանի ցույցերի հարցը հասավ նաև ՄԱԿ: Որոշ պետություններ հայտարարեցին, թե դա Անվտանգության խորհրդում քննարկման հարց չէ, դա Իրանի ներքին խնդիրն է, իսկ ԱՄՆ-ը հակառակն էր պնդում: Ի վերջո, այդ քննարկումը ի՞նչ տվեց բողոքող իրանցուն:
-Ինչու՞ այդ հարցը բարձրացրին ՄԱԿ-ում: Ինչու՞, օրինակ, չեն քննարկում Եվրոպայում չափից դուրս մեծ իրավունքներ ունեցող անբարոյական այնպիսի խմբերի հարցը, որոնք մարդկանց ոչնչացման են տանում: Սա սոդոմ-գոմոր է, Հռոմեական կայսրությունը փլուզվեց այդ սոդոմ-գոմորի պատճառով: Հիմա նույն բանն է կատարվում: Օբաման ասում էր` ԱՄՆ-ը բոլորից բարձր է, լավը, բոլորը պետք է իրենց նման լինեն: Եղբայր, չենք ուզում ձեզ նման լինել, դուք արեք այնպես, որ մենք ուզենանք լինել ձեզ նման, ոչ թե դա պարտադրեք մեզ: Դուք դեռ պետք է կարողանաք Աֆրիկայի ժողովրդին, որին հալածել եք դարեր շարունակ, զարգանալու հնարավորություն տալ, ոչ թե բերեք Եվրոպա և դրանով համարեք, որ ձեր խղճի առաջ պատասխան եք տվել: Ի վերջո, պետք է հասկանալ, թե որպես մարդ մենք մեր առաջ ինչ նպատակ ենք դրել, որն է մարդկության առաքելությունը: Իրանն այն պետությունն է, որը թույլ չի տա, որ իր հետ վարվեն այնպես, ինչպես վարվեցին շատ այլ երկրների հետ:
-Ասել է` իրավիճակն Իրանում կկայունանա՞:
-Կարծում եմ` Իրանի իշխանություններն այս ամենից հետևություններ կանեն և համապատասխան քայլեր կձեռնարկեն: Իրավիճակը կխաղաղվի: Այդ պետության կառավարման ռեժիմը շատ ամուր է, երկրում բավական մեծ թվով մարդիկ կարծում են, որ ճիշտ համակարգ է: Էլի պետք է բերենք Հյուսիսային Կորեայի օրինակը. ի՞նչ արեց այդ երկրի ղեկավարը, որն իր հոր և պապի քաղաքականությունը շարունակեց` վախեցնելով, ինչպես ասում են, սոված ժողովրդին: Բայց այդ սոված ժողովուրդը կարողացավ բարձրագույն տեխնոլոգիան արագ յուրացնել և ստեղծել շատ բարդ միջուկային զենք, վերջերս էլ` նաև ջրածնային ռումբ, այնպիսի հրթիռներ, որոնք կարող են հասնել ԱՄՆ-ի ցանկացած կետ: Իհարկե, նա չի պատրաստվում այդ պատերազմը վարելու, բայց հաստատեց. «Եթե ուզում եք ինձ պատժել, ես դա թույլ չեմ տալու»: Եվ սաստվեցին, ու հիմա գնում են երկխոսության: Չեմ արդարացնում որևէ կողմին, բայց ուզում եմ բոլորը հասկանան, որ պարտադրանքով ոչինչ չի լինում: Հայկական իրականության մեջ էլ այսօր գնալով խորանում են «պապայի» փնտրտուքի տրամադրությունները:
Եթե G-20-ն իսկապես զբաղվեր երկրագնդի հարցերով, պետք է այսօր լրիվ այլ օրակարգ ունենային: Մինչդեռ այսօր նրանց թիվ մեկ խնդիրն է, թե ով կլինի առաջինը: ԱՄՆ-ն ասում է` Չինաստանն ու Ռուսաստանը մեր հակառակորդն են ու մրցակիցը: Հիմա ի՞նչ, աշխարհը պետք է միաբևեռ լիներ, ԱՄՆ-ը ինչ որոշի, մենք այդպե՞ս անենք: Միատարրության տեսությունն առաջ եկավ 80-90-ականներին, համաձայն որի, բոլորը պետք է նույն համակարգն ու ապրելակերպն ունենան: Բայց սա ռոբոտների աշխարհին է բնորոշ: Եթե G-20-ի երկրները կարողանան խաղի կանոնների վերաբերյալ պայմանավորվել և տրամաբանորեն երկրի հարստությունը տեղաբաշխել, այդ պարագայում լրիվ այլ աշխարհ կունենանք:
-Իրանը շատ կարևոր դերակատարություն ունի մեր երկրի համար: Իրանյան իրադարձություններին Հայաստանը պաշտոնապես չարձագանքեց: Ոմանք սա ճիշտ են համարում, մյուսները` ոչ: Այդուհանդերձ, Հայաստանի դիվանագիտական կորպուսը պե՞տք է արձագանքի դրանց:
-Նախ` մենք պետք է շահագրգիռ լինենք, որ Իրանում ամեն ինչ խաղաղ լինի, կայուն: Մեր երկրների հարաբերությունները պետք է զարգացնել: Սա միանշանակ է: Իսկ ինչ վերաբերում է արձագանքմանը, եթե Իրանի իշխանություններն այդ արձագանքի կարիքն ունենային, կարծում եմ, համապատասխան ձևը կգտնեին, և դա կարվեր: Այլապես կստացվեր, որ մենք էլ ենք միջամտում նրանց ներքին խնդիրներին: Մեր հայ համայնքն այնտեղ ևս մեծ դերակատարում ունի և լոյալություն է ցուցաբերում: Իրանցիները խորագետ ժողովուրդ են, բազմադարյան պատմություն ունեն, ամեն տեսակի փորձություններով անցել են: Այն ցույցերը, որոնք ի պաշտպանություն իշխանության են, և եթե անգամ դրանք կազմակերպված են նույն իշխանության կողմից, միևնույն է, ապացուցում են, որ կա լուրջ բազմություն, որն ուզում է պահել գործող ռեժիմը: Իհարկե, սա չի բացառում որոշակի փոփոխությունները երկրում:

*Ինչու՞, օրինակ, չեն քննարկում Եվրոպայում չափից դուրս մեծ իրավունքներ ունեցող

անբարոյական այնպիսի խմբերի հարցը, որոնք մարդկանց ոչնչացման են տանում: Սա սոդոմ-գոմոր է, Հռոմեական կայսրությունը փլուզվեց այդ սոդոմ-գոմորի պատճառով: Հիմա նույն բանն է կատարվում: Օբաման ասում էր` ԱՄՆ-ը բոլորից բարձր է, լավը, բոլորը պետք է իրենց նման լինեն: Եղբայր, չենք ուզում ձեզ նման լինել, դուք արեք այնպես, որ մենք ուզենանք լինել ձեզ նման, ոչ թե դա պարտադրեք մեզ: Դուք դեռ պետք է կարողանաք Աֆրիկայի ժողովրդին, որին հալածել եք դարեր շարունակ, զարգանալու հնարավորություն տալ, ոչ թե բերեք Եվրոպա և դրանով համարեք, որ ձեր խղճի առաջ պատասխան եք տվել:


Զրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 3870

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ