Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Առանց փողկապի

Առանց փողկապի
09.01.2018 | 08:55

Ամբողջ տարվա ընթացքում պատգամավորներին ու նախարարներին դիմում ենք լուրջ, ծանր հարցերով, որոնց պատասխանն ակնկալում է նաև ժողովուրդը, սակայն, կարծում ենք, տարվա մեջ կա մեկ օր, որը թույլ է տալիս բոլորիս մոռանալ խնդիրները։ Եվ հենց այդ ժամանակ հետաքրքիր է զրուցել պետական այրերի հետ ոչ թե ոլորտային խնդիրների, այլ կյանքի շուրջ։ Ի վերջո, պակաս կարևոր չէ իմանալ, թե ինչպիսին են նրանք ոլորտից դուրս։

«ԱՄԵՆԱՄԵԾ ՀՐԱՇՔԸ ՀԱՎԱՏՆ Է»
ՎԱՀԱՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ (ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար)
-Բոլորս ունենք սիրելի տոներ, օրինակ, ինձ համար ամենա-ամենան իմ ծննդյան օրն է և Նոր տարին։ Իսկ Ձե՞զ համար, պարոն նախարար։
-Թեև խորհրդային տարիներին եկեղեցական տոները պաշտոնապես չէին կարևորվում, սակայն ժողովուրդը միշտ էլ նշում էր Սուրբ ծնունդն ու Զատիկը։ Ինձ համար այդ երկու տոներն առավել սիրված են, առանձնակի ջերմություն և խորհուրդ կա այս տոների մեջ։ Իհարկե, Նոր տարին, որպես առանձին տոն, ևս կարևոր է, և չկա մարդ, որի համար այդ օրը տոնական չլինի։
-Մինչ նախարար լինելը Դուք գործարար եք եղել, որպես գործարար Նոր տարվա հրաշքին հավատու՞մ եք, քանի որ այդ հրաշքը գործարարն իր փողով է ստեղծում։
-Բոլոր դեպքերում, հրաշքի պետք է հավատալ։ Հավատացեք, փողը կարող է և հրաշք չգործել։ Հրաշքին պետք է հավատալ` աշխատել, որ այն իրականություն դառնա։
-Սիրում եք հրաշք նվիրե՞լ, թե՞ ստանալ։
-Նվիրել։
-Իսկ ո՞րն է Ձեր նվիրած ամենամեծ հրաշքը։
-Ինչպես էլ այդ հարցին պատասխանեմ, ինքնագովազդի կվերածվի, ինչը դեմ է իմ սկզբունքներին։
-Այդ դեպքում ի՞նչ մեծ հրաշք են Ձեզ նվիրել։
-Կարծում եմ` ամենամեծ հրաշքը հավատն է, որն առաջացնում է վստահություն, ինչն էլ դառնում է աշխատելու գլխավոր շարժառիթը` նպատակների իրականացման համար։
-Եվ արդյունքում դառնում եք նախարար։
-Նախարար դառնալը իմ երազանքը երբևէ չի եղել։ Կյանքիս ամենամեծ հրաշքը իմ բալիկն է։
-Իսկ ի՞նչն է Ձեզ համար ամենամեծ արժեքը։
-Պարկեշտությունը։ Մարդն առաջին հերթին պետք է պարկեշտ լինի ինքն իր առջև և շրջապատի։
-Հնարավո՞ր է պահպանել պարկեշտությունը` լինելով քաղաքական գործիչ կամ բարձրաստիճան պաշտոնյա։ Արդյոք այս դեպքում մարդն իր խղճի հետ հաճախ կոմպրոմիսների չի՞ գնում։
-Կոմպրոմիսների կարելի է գնալ` չկորցնելով պարկեշտությունը։
-Մարդու հոգու փոփոխությունը երևում է նրա հայացքից։ Մի քանի տարի հետո կնայեմ Ձեր աչքերին...
-Ձեզ ընդհատեմ` իսկ հիմա ինչպիսի՞ն է իմ հայացքը։
-Դեռևս առողջ է։
-Աշխատում եմ չփոխվել։ Իհարկե, իմ մասին գնահատականը ես չէ, որ պետք է տամ, կարևորը դիմացինների կարծիքն է։ Եվ հետո, պարկեշտություն պահելը հարաբերական է։
-Ներեցեք, ո՞րն է պարկեշտության հարաբերականը։ Դա նույնն է, թե ասեք բարությունը հարաբերական է։ Կարծում եմ, սրանք այն կատեգորիաներն են, որ երկրորդ երես չունեն։
-Ընդհանուր առմամբ, Դուք իրավացի եք, պարկեշտությունը հարաբերական չի լինում։ ՈՒղղակի լինում են դեպքեր, որ դիմացինն այդ պարկեշտությունը ճիշտ չի ընկալում։
-Պարոն նախարար, այս տոնական օրերին հիշել էի մի ասացվածք. ասում են, եթե տղամարդը սեղանի շուրջն իր ընկերների հետ չխմեց, զգուշացիր նրանից։ Դուք Ձեր աշխատակիցների հետ սեղանի շուրջ խմու՞մ եք։
-Ամեն ինչ իր չափն ունի, և ամեն բան չափի մեջ է գեղեցիկ։ Ձեր հարցը մի անեկդոտ հիշեցրեց։
-Պատմեք։
-Ընկերներից մեկը մյուսին հարցնում է. «Ի՞նչ ես կարդում»։ «Լոգիկայի մասին գիրք»։ «Ինչպե՞ս»։ «Օրինակ, դու գարեջուր խմում ես»։ «Այո»։ «Եթե գարեջուր խմում ես, ուրեմն ընկերներով ես խմում, հետևաբար շրջապատ ունես, ուրեմն նորմալ մարդ ես»։ Ընկերոջն այս մոտեցումը դուր է գալիս և փորձում է կիրառել իր մեկ ուրիշ ընկերոջ վրա` հարցնելով` գարեջուր սիրու՞մ ես։ «Ոչ»։ «Դե ուրեմն կարգին մարդ չես»։


«ՕԳՏԱԿԱՐ ԼԻՆԵԼՈՒՑ ՀԱՃՈՒՅՔ ԵՄ ՍՏԱՆՈՒՄ»

ՀԱԿՈԲ ԲԵԳԼԱՐՅԱՆ (ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ)
-Պարոն Բեգլարյան, գիտեմ, որ չեք սիրում խոսել Ձեր բարեգործություններից, մի՞թե չգիտեք, որ դա PR է, ուրեմն ինչու՞ չեք ներկայացնում:
-Կշարունակեմ այդ ավանդույթը և կհրաժարվեմ ներկայացնելուց, թե ինչ եմ անում: Բարեգործությունը քրիստոնեական մշակույթի կարևորագույն տարրերից եմ համարում, և դրա մասին խոսելը ավելորդ է: Մարդկանց ինչ-ինչ հարցերում օգտակար լինելուց ես մեծ հաճույք եմ ստանում:
-Աշխարհում արժեքային համակարգի փոփոխություն է տեղի ունեցել, և ասում են, որ այսօր փողն է ամեն ինչ որոշում: Համամի՞տ եք այդ կարծիքին:
-Ոչ, համամիտ չեմ: Կարծում եմ` հայ ազգն ունի իր ուրույն պատկերացումը արժեքների մասին: Մեր հայրենիքը, որը մեր ընտանիքն է, մեր հարազատների, բարեկամների, ընկերների բարօրությունը, առողջությունը` սրանք են արժեքներ: Դա պետք է մենք սերմանենք մեր ապագա սերունդների մեջ: Ցավոք, այսօր շատ բան է փոխվում: Բնականաբար, փողը ունի շատ կարևոր նշանակություն, բայց որպես արժեք այն ներկայացնելը ես համարում եմ շատ սխալ:
-Ի՞նչն է Ձեզ կյանքում ամենաշատը ուրախացնում կամ տխրեցնում:
-Ինձ ուրախացնում են երեխաներիս հաջողությունները, ձեռքբերումները: ՈՒրախանում եմ, երբ տեղեկանում եմ, որ հարազատներս, ընկերներս առողջ են ու երջանիկ: ՈՒրախանում եմ երկրիս հաջողություններով ամենատարբեր ոլորտներում: Տխրում եմ, երբ մեր երկիրը անհաջողություններ է ունենում, երբ մեր իրականացրած ծրագրերը, ժողովրդի բարեկեցությունը բարձրացնելու նպատակով, չեն բերում կոնկրետ և արագ արդյունք:
-Եթե ինքներդ Ձեզ կողքից դիտեք, ինչպե՞ս Ձեզ կբնութագրեք, ինչի՞ց կուզեիք ազատվել և ի՞նչ ձեռք բերել:
-Ես կնախընտրեի, որ իմ բնութագիրը իմ կողմից չհնչեր: Ինձ ավելի լավ կարող են բնութագրել այն մարդիկ, ովքեր ինձ ճանաչում են, ինձ հետ առնչվել են, շփվել են:
- 2017-ը ինչո՞վ Ձեզ համար կարևորվեց:
-Շատ կարևոր տարի էր ինձ համար: Սա նոր փուլ է իմ կյանքում: Ես բազմաթիվ ոլորտներում փորձ եմ ձեռք բերել առայսօր և հիմա հնարավորություն ունեմ այդ փորձս կիրառելու օրինաստեղծ գործունեության մեջ:
-Ո՞րն է 2018-ի Ձեր մաղթանքը:
-ՈՒզում եմ, որ 2018 թվականն իր հետ մեր երկրին բերի խաղաղություն, բարեկեցություն, բոլոր հայ ընտանիքներին՝ առողջություն, բազում հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ:

Ճեպազրուցեց
Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4069

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ