Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Չեմպիոնական մրցավազքը դառնում է անհույս

Չեմպիոնական մրցավազքը դառնում է անհույս
09.01.2018 | 10:12

Ամանորյա ու Ծննդյան տոների հետ կապված՝ մենք մի փոքր «գծերից» ընկանք սպորտային աշխարհի անցուդարձը ներկայացնելու տեսանկյունից, սակայն եթե այս աշխարհում ինչ-որ բան խոչընդոտ է լինելու, Աստված տա, այս կարգի արգելքներից լինի, քանզի նման դեպքերում կորուստը կամ կորցրածը հեշտ է հետ բերելը: Արդ, համարյա կենացի պես հնչած այս նախաբանից միանգամից անցնենք, պայմանականորեն ասած, մեր հավերին ու ձվերին: Ճիշտ է, այն ամբողջական չի լինի, քանի որ Գերմանիայում դեռևս շարունակվում է ֆուտբոլի միջսեզոնային ընդմիջումը, իսկ Ֆրանսիայում թիմերը երկրի գավաթի 1/32 եզրափակչի խաղերն են անցկացնում, որոնց չենք անդրադառնում շատ հասկանալի պատճառով: Թե որն է այդ հարգելի պատճառը, հեշտությամբ կարելի է տեսնել նյութի Անգլիային վերաբերող բաժնում:

ԱՆԳԼԻԱ
Աշխարհում գրեթե ամեն ինչով բոլորից տարբերվող մառախլապատ Ալբիոնը ֆուտբոլասերի համար ամանորյա տոները վիրտուոզ բեմադրված այն կարգի հանդիսության վերածեց, որ միայն երազել կարելի էր: Եթե հեքիաթ չէր, բա ի՞նչ էր դեկտեմբերերեսունմեկյան «Կրիստալ Պալաս»-«Մանչեստր Սիթի» դիմակայությունը, որտեղ առաջինը կանգնեցրեց հյուրերի հաղթական 19 հանդիպումից բաղկացած մրցելույթների շարքը ¥սա պրեմիեր լիգայի նոր ռեկորդ է, նախորդը «Արսենալի» կատարմամբ բաղկացած է եղել 16 հանդիպումաշարից¤՝ ստիպելով գոլազուրկ ոչ-ոքիով գոհանալ մի թիմի, որի գոլային միջին թվաբանականը մեկ խաղում անցնում է երեքի սահմանը:
Այս ֆենոմենալ հանդիպումից երեք օր անց սրերն են խաչաձևում «Արսենալն» ու «Չելսին»՝ լուսատախտակին ի վերջո ֆիքսելով 2:2 հաշիվը: Այս հաշվի մեջ, թվում է, արտառոց ոչինչ չկա, սակայն որպեսզի ընթերցողը շոշափելիորեն պատկերացնի, թե բովանդակային առումով իրականում ինչ է նշանակել այն, մեջբերենք ֆուտբոլային աշխարհում ամեն ինչ տեսած այդ նույն «Արսենալի» գլխավոր մարզչի՝ Արսեն Վենգերի ասածը, որը նա հնչեցրել է հետխաղյա մամլո ասուլիսում՝ նկատի ունենալով վերջին վայրկյաններին մրցակցի կազմակերպած ֆանտաստիկ գրոհը. «Եթե չպրծնեինք դարպասաձողին գնդակի կպչելով, գնալու էի տուն ու դիմելու էի ինքնասպանության»:
Կրկնում ենք՝ սա ֆուտբոլում ամեն ինչ տեսած մարզչի ասած է: Ահա թե ինչ ասել է ֆուտբոլ:
Ամանորյա տոներից հետո ահագին ժամանակ է անցել, ֆուտբոլային կյանքն էլ Անգլիայում դադար չի առել: Առաջնության խաղերին այստեղ եկել են ընդմիջելու երկրի գավաթի խաղերը, սակայն մենք դրանց չենք անդրադառնա զուտ այն պատճառով, որ շատ վաղ փուլում են ¥1/32 եզրափակչի հանդիպումներն են¤, ու, խոշոր հաշվով, ինտրիգ չկա: Հետևաբար ներկայացնենք, թե 22 տուրից հետո առաջնության աղյուսակի առաջին վեցյակում ինչ իրավիճակ է: 62 միավորով պրեմիեր լիգան գլխավորում է «Մանչեստր Սիթին»: Նրան հաջորդող «Յունայթեդը» 15 միավոր պակաս ունի: Ըստ էության, հենց երկրորդ հորիզոնականից էլ սկսվում է Անգլիայի առաջնության ինտրիգը: Երկրի գործող չեմպիոնը՝ «Չելսին», 46 միավորով երրորդ հորիզոնականում է, նրանից երկու միավոր պակաս ունի «Լիվերպուլը»: «Տոտենհեմը» 41 միավորով հինգերորդ տեղում է, նրան երկու միավորով է զիջում «Արսենալը»: Ասել է թե՝ յուրաքանչյուր հաջորդ տուրում 2-6-րդ հորիզոնականներում գտնվող ցանկացած մեկի վրիպում հանգեցնելու է աղյուսակային փոփոխությունների:

ԻՏԱԼԻԱ
Իրենց հերթական հանդիպումները միանգամայն աշխատանքային գրաֆիկի սահմաններում են անցկացրել առաջատարությունը կրկին վերադարձրած «Նապոլին» ու չեմպիոնական մրցավազքում նրա թիվ մեկ հակառակորդ «Յուվենտուսը»՝ երկրի գործող չեմպիոնը: Առաջինը սեփական հարկի տակ 2:0 հաշվով հաղթանակի է հասել «Վերոնայի» նկատմամբ, երկրորդն արտագնայում գերազանցել է «Կալյարիին»: Ճիշտ է, «ծեր սինյորայի» առավելությունը եղել է նվազագույն հաշվով, բայց 1:0-ն էլ մյուս հաղթական հաշիվների պես հավասարապես երեք միավոր է բերում: «Նապոլին» ունի 51, «Յուվենտուսը»՝ 50 միավոր:
Արդեն քանի տուր մոտ լինելով չորրորդ հորիզոնականը երրորդով փոխելուն՝ «Ռոման» չի կարողանում անել վճռական քայլը՝ որպես վերջին տարբերակ պահելով պակաս անցկացրած մեկ խաղը, թեև նման գործելաոճի պարագայում ոչ ոք չի կարող երաշխավորել, որ պահուստում ունեցած այդ հանդիպումը իտալական «գայլերը» կարող են ավարտել հաղթանակով: Ահա այսպիսի «Ռոմա» ունի իտալացի ու ոչ միայն իտալացի ֆուտբոլասերը՝ անկանխատեսելի, անհասկանալի: Նման հանդիպման օրինակ էր «Ռոմայի» մրցակցությունն «Ատալանտայի» հետ, որն ավարտվել է հյուրերի հաղթանակով, 1:2 հաշվով, ու անգամ մեկ խաղակեսից ավելի ունեցած թվային գերազանցությունը հռոմեացիները չեն կարողացել օգտագործել գոնե միավոր վաստակելու համար:
«Ռոմայի» այս պարտությունը, բնականաբար, ձեռնտու էր մրցաշարային աղյուսակում նրանից մեկ սանդղակով վերևում գտնվող «Ինտերի» համար, որը, ի միջի այլոց, «Ֆիորենտինայից» պատասխան գնդակը «կերել» է հավելյալ ժամանակում ու բավարարվել միավոր վաստակելով: Սակայն տուրի արդյունքներով «Ինտերի» ու «Ռոմայի» միջև խցկվել է «Լացիոն»՝ ի դեպ, նույնպես մեկ հանդիպում պակաս անցկացրած: Դա եղել է այն բանից հետո, երբ թիմն արտագնայում հաղթանակ է տոնել սկուդետեի նորեկ ՍՊԱԼ-ի նկատմամբ՝ 5:2: «Ինտերը» 42 միավորով երրորդ հորիզոնականում է: Նրան են հաջորդում 40 և 39 միավոր ունեցող «Լացիոն» ու «Ռոման»:

ԻՍՊԱՆԻԱ
Լա լիգայում շարունակում է իր մենանվագը «Բարսելոնը»՝ գնալով ավելի ու ավելի հուսահատեցնելով չեմպիոնական մրցավազքի մյուս մասնակիցներին: Կատալոնացիների առաջ այս անգամ ծնկողը «Լևանտեն» էր ¥3:0¤, իսկ այս հաշիվը ձևավորողներն էին «Բարսելոնի» հարձակման գիծը կազմած` Մեսին, Լուիս Սուարեսն ու նրանց համարժեքորեն լրացնել սկսող Պաուլինիոն: Կատալոնացիների ակտիվում է 48 միավոր:
Աղյուսակի երկրորդ հորիզոնականն այստեղ օկուպացրել է Մադրիդի «Աթլետիկոն», ինչը նրա ձեռքից խլելը հեշտ խնդիրներից չես համարի: Դիեգո Սիմեոնեի սաները տուրում անհանդուրժող են եղել «Խետաֆեի» նկատմամբ՝ 2:0:
Երրորդ հորիզոնականում է 39 միավոր ունեցող և «Աթլետիկոյից» ընդամենը երկու նիշով հետ մնացող «Վալենսիան» ¥սեփական հարկի տակ 2:1 հաշվով առավելության է հասել «Ժիրոնայի» նկատմամբ¤, որն ակներևաբար հետագայում դժվար թե կարողանա մնալ նման բարձր դիրքում, որքան էլ որ, օրինակի համար, վեց միավորով առաջ է «Ռեալից»: Նախ՝ «արքայականն» այդ վեց միավորը կարող էր «Սելտայի» հետ տուրի հանդիպումում վերածել երեքի, իսկ ակտիվում ունեցած պակաս անցկացրած խաղում ընդհանրապես զրոյացնել: Կարող էր: Սակայն «Սելտան» սեփական հարկի տակ անցկացրել է որակյալ խաղ՝ թույլ չտալով «արքայականին» մեկ միավորից ավելի վաստակել՝ 2:2:
Ավելի քան գոլառատ է եղել մեկ օր առաջ կայացած «Սևիլիա»-«Բետիս» դիմակայությունը, սակայն սպասել, թե հյուրերն այդքան գնդակ կարող էին ուղարկել անդալուզցիների դարպասն ու, գումարած դրան, տանել հաղթանակ, վառ երևակայության շարքից էր: Վառ երևակայություն, թե մեկ այլ բան, փաստը մնում է փաստ, որ արձանագրված 5:3 հաշիվը հօգուտ «Բետիսի» է: Այնպես որ, «Սևիլիային» խոշոր հաշվով հաղթելն այլևս Մադրիդի «Ռեալի» մենաշնորհը չէ: Չնայած պարտությանը՝ «Սևիլիան» շարունակում է մնալ եվրագոտում, սակայն գնալով ավելի ու ավելի հետ է մնում առաջին եռյակը կազմած թիմերից: Նրա հետ եվրագոտում է նաև «Վիլյառեալը», որը սեփական հարկի տակ չի կարողացել կոտրել աղյուսակի ստորին հորիզոնականներում գտնվող «Դեպորտիվոյի» դիմադրությունը՝ 1:1:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2535

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ