Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որքա՞ն Գերմանիան կմնա առանց կառավարության

Որքա՞ն Գերմանիան կմնա առանց կառավարության
11.01.2018 | 08:35

Ե՞րբ Գերմանիան կունենա նոր կառավարություն` այս հարցը վերջին օրերին սկսել է ավելի ու ավելի հաճախ հնչել: Շաբաթվա վերջին Անգելա Մերկելը սկսում է կոալիցիայի ձևավորման բանակցությունների նոր փուլ: Գուցե դա կանցլեր մնալու նրա վերջին շանսն է: Ընտություններից անցել է 5 ամիս: Գերմանիայի պատմության մեջ դեռ չի եղել առանց գործող կառավարության այսքան երկար շրջան: Քաղաքական տեսակետից երկիրը քնած է թվում, սակայն ճնշումը քաղաքական գործիչների վրա մեծանում է, ընտրողներն անհամբերություն են դրսևորում: Եվրոպայի մյուս երկրները սպասում են, որ Գերմանիան վերադառնա Եվրոպայի առաջատարի իր կարգավիճակին: Մերկելի աջկենտրոնամետ քրիստոնեադեմոկրատական միությունը, ձախկենտրոնամետ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունն ընտրություններում անհաջողության մատնվեցին` ստանալով վերջին 50 տարիների ամենավատ արդյունքը: Սակայն կառավարման ճգնաժամի ու Մերկելի հեռանալու մասին խոսակցությունները վաղաժամ են: Գերմանիան կառավարում է ժամանակավոր կառավարությունը` ՔԴՄ-ի, բավարական ՔՍՄ-ի ու ՍԴԿ-ի` այս կոալիցիան կառավարում էր մինչև ընտրությունները: Գործազրկությունը ռեկորդային ցածր ցուցանիշի վրա է, բյուջեի հարկային եկամուտները աննախադեպ բարձր են: Ներքին քաղաքականության տեսակետից երկրում ամեն ինչ կարգին է, իսկ կառավարության ձևավորմանը կարելի է սպասել: Բայց Եվրամիությունը չի ուզում սպասել: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է ԵՄ-ի հեռագնա բարեփոխումների ծրագիր, որ առանց Գերմանիայի մասնակցության հնարավոր չէ իրականացնել:


Երկրի ներսում էլ ավելանում է կարևոր երկարաժամկետ ծրագրերի թիվը, որ կապված են տնտեսությանը և լուծում են պահանջում: Որքա՞ն ծախս է պահանջում ինֆրակառույցների զարգացումը: Ո՞ր հարկերը կրճատել առաջին հերթին: Ի՞նչ անել բյուջեի ռեկորդային պրոֆիցիտը: Այս խնդիրներին միայն նախանձել կարելի է, բայց նրանք լուծումներ են պահանջում, որ կարող է տալ միայն օրինական և ոչ ժամանակավոր կառավարությունը:
Բունդեսթագում ներկայացված են 7 քաղաքական կուսակցություններ: Երկու հիմնական կուսակցությունների անհաջողությունը սեպտեմբերի ընտրություններում նոյեմբերին բարդացրեց իշխող կոալիցիայի ձևավորման գործընթացը: Իրավիճակը առավել բարդացրեց լիբերալ ազատ դեմոկրատական կուսակցությունը, որ անսպասելի հրաժարվեց բանակցություններից: Դա նշանակում է, որ Անգելա Մերկելի գլխավորած ՔԴՄ/ՔՍՄ միության միակ ելքը սոցիալ դեմոկրատների հետ բանակցությունների վերսկսումն է: Սակայն կողմերից որևէ մեկը դա չի ցանկանում: «Մեծ կոալիցիան» Գերմանիան կառավարել է վերջին 12 տարիներից 8-ում: Այդ տարիներին երկու միություններն էլ տեղաշարժվել են քաղաքական ասպարեզի կենտրոն, որ համապատասխանում է Գերմանիայի ընդհանուր քաղաքական միտումներին: Սակայն կուսակցությունների շարքային շատ անդամներ` ձախից ու աջից, դժգոհ են ու սահմանազատում են պահանջում: Դա պրագմատիկ փոխզիջման երկարամյա քաղաքականության բնական արդյունքն է: ՔԴՄ-ի ներսում Անգելա Մերկելի հասցեին առավել հաճախ են ավանդական պահպանողական արժեքներին դավաճանության և աջարմատական «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությանը դիրքերը հանձնելու մեղադրանքներ հնչում: Ձախերի կողմնակիցները մեղադրում են սոցիալ-դեմոկրատներին, որ հանուն իշխանության հրաժարվել են իրենց սոցիալիստական սկզբունքներից: Հենց այդ պատճառով Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Մարտին Շուլցը ընտրություններից անմիջապես հետո բացառեց նոր կոալիցիան Մերկելի կուսակցության հետ և հայտարարեց ընդդիմություն դառնալու մասին: Կուսակցության անդամների հրճվանքն այնքան մեծ էր, որ կարելի էր կարծել, թե սոցիալ-դեմոկրատները հաղթել են ընտրություններում, ոչ թե իրենց պատմության ամենամեծ ձախողումն են ունեցել: Նոյեմբերին կոալիցիայի ձևավորման բանակցությունների տապալումը Շուլցին ստիպեց կուսակցության ապագայի մասին նորից մտածել ու փոխել դիրքորոշումը:


Կոալիցիոն քաղաքականության ասպարեզում Գերմանիայում կան դեմոկրատական պատասխանատվության չգրված կանոններ: Մասնակցությունը ընտրություններին, հետո կառավարության ձևավորումից հրաժարումը ընտրողները կարող են ընկալել անպատասխանատու վարքագիծ: Շատ գերմանացիներ կարծում են, որ ազատ դեմոկրատական կուսակցությունը, հրաժարվելով բանակցություններից, խախտել է այդ կանոնները և հիմա վճարում է ծայրահեղ ցածր վարկանիշով: Կուսակցության վրա ավելի մեծ ճնշում է գործադրվում` ստիպելու վերադառնալ բանակցությունների սեղանին: Այդ պատճառով առաջիկա բանակցություններում Մերկելն ու Շուլցը դժվար ընտրության առաջ են` նրանք պետք է փոխզիջման հասնեն կամ ծայրահեղ դեպքում ցույց տան փոխզիջման հասնելու պատրաստակամություն և համոզեն կուսակցությունների շարքային անդամներին, որ չեն հրաժարվում իրենց հիմնարար սկզբունքներից:
Միգրանտների խնդիրը ամենաբարդերից մեկն է` բավարական ՔՍՄ-ն պահանջում է միգրանտների սոցիալական նպաստների կրճատում, երկիր նրանց ազգականների մուտքի արգելք և նոր միգրանտների թվի լիմիտավորում:


Հարկերի հարցը նվազ վիճահարույց չէ: Սոցիալ-դեմոկրատները պահանջում են հարուստների հարկերի բարձրացում: Իսկ Մարտին Շուլցի «Եվրոպայի միացյալ նահանգներ» ստեղծելու վերջերս հնչեցրած կոչը հարուցում է պահպանողական ընդդիմության բողոքը, որ դեմ է եվրոպական ինտեգրման: Երկու կողմներն էլ արտաքին քաղաքականության շատ հարցերում և ինֆրակառույցներում ներդրումներ անելուն համաձայն են:
Կոալիցիոն պայմանավորվածության հանգելու գլխավոր պատճառը, սակայն, փաստն է, որ այլընտրանքը համարյա անհավանական է: Փոքրամասնության կառավարությունը ռիսկային է` կարճաժամկետ ու անկայուն կարող է լինել: Նոր ընտրությունները կարող են հանգեցնել քաղաքական անկայունության երկարատև շրջանի ու ավարտվել համանման արդյունքով:
Այնուամենայնիվ, ե՞րբ Գերմանիան նոր կառավարություն կունենա: Եթե բանակցություններում անակնկալ չլինեն, նոր կոալիցիային կարելի է սպասել մինչև Զատկի արձակուրդները: Եթե բանակցությունները ձախողվեն, այդ հարցը կմնա գլխավորը 2018-ին:
Դեմիան ՄԱԿԳԻՆԵՍ, BBC


Հ.Գ. Բայց աբսուրդ է, չէ՞, հաղթել ընտրություններում, ունենալ պրոֆիցիտով բյուջե, գործազրկության ամենացածր մակարդակ, Եվրոպայի ամենահզոր տնտեսությունն ու 5 ամիս չկարողանալ կառավարություն կազմել, որովհետև միգրանտների, հարկերի ու արտաքին քաղաքական հարցերում կան կուսակցական տեսակետների անհամաձայնություններ: Ազատ դեմոկրատները չեն ուզում իշխանություն մտնել` մեծամասնության պատասխանատվությունը չստանձնելու համար: Սոցիալ-դեմոկրատները վախենում են իշխանություն մտնել` հաջորդ ընտրություններում ձայներ կորցնելու հեռանկարով: Մերկելը, որ նոյեմբերին կտրականապես հրաժարվում էր փոքրամասնության կառավարություն կազմելուց ու հայտարարում էր, որ արտահերթ ընտրություններն է նախընտրում, հիմա զգուշանում է նոր ընտրություններում ավելի շատ ձայներ կորցնել կամ նույն արդյունքն ունենալ: Սա էլ քեզ խորհրդարանական կառավարման հմայքը: Բայց դա միայն Գերմանիայի խնդիրն է:

Հայաստանում խորհրդարանական կառավարումը երբեք նման խնդիրներ չի հարուցի` ընտրող հայերը գիտեն հրաժարվել սկզբունքներից ու «ճիշտ» ընտրություն կատարել, ընտրված հայերը գիտեն իշխանությունից չհրաժարվելու ու իշխանություն դառնալու առավելությունները: Ժողովրդավարության հարցերում մենք ոչ միայն Գերմանիային, բոլոր մյուսներին էլ «ծալել» ու առաջ ենք գնում: Մեր ժողովրդավարությունը «խելամիտ» է ու հնարագետ: Հայաստանին 5 ամիս չէ, 5 օրն էլ հերիք էր կառավարություն կազմելու: Բայց մեր «խելամիտ» հնարագիտությամբ մենք 100 տարում էլ պրոֆիցիտով բյուջեի ու գործազրկության զրոյացման չենք հասնի: ՈՒրեմն` ո՞րն է նախընտրելի: Հերթական գնաճից առաջ նաև այս մասին մտածեք: Արտաքին քաղաքական գերակայությունների ու ներքին քաղաքական կայունության` սկզբունքներին ու գաղափարներին հավատարմության, ոչ թե կլանային-օլիգարխիկ համաձայնությունների հաշվին: Ընտրությունը ձերն է: Գերմանիան մտածելու ու եզրակացություններ անելու ձրի օրինակ է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ