Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիայի ինչի՞ն է պետք Իրանի հետ սահմանին պատը

Թուրքիայի ինչի՞ն է պետք Իրանի հետ սահմանին պատը
11.01.2018 | 08:38

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է Իրանի հետ սահմանային նահանգներ Ագրա ու Իգդիր և տեղեկացել` ինչ վիճակում է երկու երկրների միջև բետոնի պատի շինարարությունը: Թուրք-իրանական սահմանը 500 կիլոմետր երկարություն ունի, պատը կառուցվում է միայն 144 կիլոմետր: Սահմանի մնացած հատվածներում պահակային աշտարակներ կկառուցվեն, մետաղե արգելապատնեշներ և լուսարձակներ կտեղակայվեն: «Վերջին 8 ամսում կառուցվել է պատի 50 %-ը, 70 % -ով պատրաստ են բետոնե բլոկները, որ տեղակայվելու են շինաշխատանքների ընթացքում»` հայտարարել է Սուլեյման Սոյլուն: Նա ասել է, որ Ագրայի ու Իգդիրի երկայնքով լրացուցիչ պատնեշը անհրաժեշտ է «և ահաբեկչության դեմ պայքարի տեսակետից, և մաքսանենգությունը ու անօրինական միգրացիան կանխելու ենթատեքստում»:

Hurriyet Daily News-ը հղում անելով կառավարությունում իր աղբյուրին` գրել է, որ Քրդստանի աշխատավորական կուսակցությունը բազում ճամբարներ ունի Իրանի տարածքում` սահմանի երկայնքով: «Այդ ճամբարներում 800-1000 քուրդ զինյալներ կան»` հայտարարել է թերթը: Նրանք մտնում են Թուրքիա, գրոհներ կազմակերպում ու վերադառում: Բայց Իրաքում ու Սիրիայում պատերազմ է: Ինչի՞ց է վախենում Թուրքիան Իրանի կողմից: Բացատրել այդ վախը մաքսանենգների դեմ պայքարով կամ փոքրաթիվ քուրդ զինյալներով, որ ապաստանել են Իրանում, անլուրջ է: Առավել ևս, որ Անկարան ու Թեհրանը դաշնակիցներ են սիրիական ու կատարական ուղղություններում, կարող էին այդ խնդիրները լուծել այլ միջոցներով: Որոշ ժամանակ թուրքական ու իրանական ԶԼՄ-ներում շրջանառվում էին լուրեր, որ երկու երկրները լուռ համաձայնության են հասել ընդհանուր թշնամու` ՔԱԿ-ի ու նրա իրանական թևի, Քրդստանի ազատ կյանքի կուսակցության դեմ պայքարում:


Թուրքիայի ՆԳ նախարարի այցը սահմանային նահանգներ ժամանակի մեջ համընկնում է Իրանում բողոքական շարժման բռնկման հետ, իսկ այցը ստուգիչ էր: Այսինքն` Անկարան զգուշանում է Իրանում իրադարձությունների հետագա զարգացումից բացասական սցենարով: Որ սահմանամերձ գոտում ապրող քրդերը կարող են ԱՄՆ-ից նույնպիսի աջակցություն ստանալ, որ հիմա ստանում են սիրիացի քրդերը: Asharq al-Awsat միջարաբական թերթը, հղում անելով բարձրաստիճան արևմտյան ներկայացուցչի, գրում էր, որ Վաշինգտոնը «առաջիկայում մտադիր է քայլեր ձեռնարկել` ուղղված Սիրիայի հյուսիսի դիվանագիտական ճանաչմանը, որ գտնվում է Սիրիայի դեմոկրատական ուժերի ջոկատների վերահսկողության տակ»: Սպիտակ տունը հիմա մշակում է նոր ռազմավարություն Սիրիայի առնչությամբ` ներառյալ ՙքրդական նախագիծը»: Իսկ հետո` ինտրիգն է:


Իրանի շահերի որոշարկման խորհրդի գլխավոր քարտուղար Մուխսին Ռիզաին հայտարարել է, որ «իրանյան հանրահավաքները ղեկավարվում են Էրբիլից», հետո այդ լուրը հերքեց ինքնավարության վարչապետ Նեչիրվան Բարզանին: Բայց բավական է ծանոթանալ նյութերին, որ հիմա հայտնվում են քրդական տեղեկատվական տարբեր ռեսուրսներում, համոզվելու, որ իրավիճակը Իրաքի, Սիրիայի, Թուրքիայի, Իրանի սահմանին բարդ է: Մի կողմից Էրբիլը կողմ է Անկարայի հետ հարաբերությունների վերականգնմանը, որ վատացել են սեպտեմբերի 25-ի անկախության հանրաքվեից հետո, մյուս կողմից, Իրաքում հայտնված իրանական քրդերի որոշ ղեկավարներ, օգտագործելով իսրայելական ԶԼՄ-ները` հայտարարում են, որ «կարևոր մասնակցություն ունեն Իրանի բողոքական շարժմանը» և ՙսպասում են, որ ԱՄՆ-ն ու միջազգային հանրությունն իրենց աջակցեն»: Հաշվի առնելով, որ «բողոքները կընդլայնվեն», դա պետք է օգնի «իրանցի քրդերին` օգտագործել իրավիճակը, քանի դեռ վարչակարգը զբաղված է ընդվզումները ճնշելով»: Իրադարձություններն Իրանի շուրջ զարգանում են բավականին դինամիկ և հանգեցնում են նոր աշխարհաքաղաքական իրավիճակի ի հայտ գալուն, որը ճնշելու է իրադարձությունների ընթացքը Իրանում: Թուրքիային, որ իրեն համարում է տարածաշրջանի առաջատար պետություն, հեշտ չէ ընդունել փաստը, որ ԱՄՆ-ի հովանավորությունն ունեցող քրդական նախագիծը սկսում է ոչ միայն շրջապատել իրեն գործնականում բոլոր կողմերից, այլև ներքին լուրջ ցնցումների է տանում: Նույնիսկ եթե Թեհրանը ներկա ընդվզումները հաղթահարի, իսկ Անկարան ավարտի Իրանի սահմանին պատը, հազիվ թե դա երկու երկրներին տարածաշրջանային ու միջազգային մակարդակում ճկունություն տա Մերձավոր Արևելքում ձևավորվող աշխարհաքաղաքական նոր դասավորության պայմաններում: Տարածաշրջանում նոր ժամանակներ են սկսվում:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Տարածաշրջանում նոր ժամանակները վաղուց են սկսվել: Պարզապես` ոչ մի կերպ չեն ավարտվում: Եվ դա ոչ պատերի հետ կապ ունի, ոչ քրդերի: Արաբական գարունը փոխեց Մերձավոր Արևելքում ուժերի դասավորությունը և սիրիական պատերազմի տեսքով շարունակում է ազդել բոլոր իրադարձությունների վրա: Տարածաշրջանն ինքն իրենով վաղուց կարգավորված կլիներ, եթե չլինեին դրսի ազդեցությունները: Իսկ Թուրքիայի ու Իրանի սահմանի պատը Էրդողանի նախընտրական հնարքներից է: Կտեսնեք, թե 2019-ին նախընտրական շրջանում քանի անգամ է այդ պատը հիշատակվելու իբրև պայքար ահաբեկչության, մաքսանենգության ու քրդերի դեմ: Կարծես ահաբեկիչները, մաքսանենգներն ու քրդերը այլ ճանապարհ չեն գտնելու:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2657

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ