Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ազնավուրի հարցազրույցը Le Telegramme-ին

Ազնավուրի հարցազրույցը Le Telegramme-ին
11.01.2018 | 08:53

Շառլ Ազնավուրի համար երգն իր օդն է և սիրուհին, բացի երգելուց այլ աշխատանք չի կարող կատարել: Le Telegramme-ին տված հարցազրույցում նա ասել է. «Ես չեմ կարող այլ բան անել, բացի այս աշխատանքից, ես ոչինչ չգիտեմ, և չեմ էլ ցանկանում իմանալ»,- ասել է Ազնավուրը՝ պատասխանելով հարցին, թե ինչ մոգական ուժ է օգնում իրեն երգել բեմում: Լրագրողը շանսոնիեից հետաքրքրվել է՝ պատկերացնու՞մ էր այսքան մեծ փառք: «Ոչ: Որովհետև, նախ չեմ երազել, ես ցանկանում էի անել աշխատանք, որը կձգվի երկար: Փառքի գաղափարը շատ ուշ է եկել, բայց դա ինքնանպատակ չէ, այլ պարզապես գագաթնակետ»,- պատասխանել է Ազնավուրը:


Լրագրողը հիշեցրել է Ազնավուրի խոսքերը, թե երգն առաջին հերթին տեքստ է, հետո նոր մեղեդի, շանսոնիեն ավելացրել է, որ մեղեդին գալիս է, իսկ առաջինը տեքստն է. «Կոմպոզիտորը պետք է հարմարվի իմ տեքստի երկարությանը, և մեղեդին բնականաբար ձգվում է: Եթե չափազանց երկար է, չի աշխատում: Մենք երգում կարող ենք շատ բան ասել, բայց մենք պետք է գտնենք դյուրացումներ, էլիպսներ»: Ազնավուրը համաձայն չէ, թե երգը երկրորդական արվեստ է: Նրա խոսքով, երգն ունիվերսալ արվեստ է. «Մենք ծնվում ենք երգով և մահանում երգով, երգն ուղեկցում է մեզ մեր ողջ կյանքում՝ օրորոցային, մանկական երգեր, քայլ դեպի քայլ, ամուսնություն, հնարավոր է ամուսնալուծություն և վերջապես…»:
Լրագրողը նկատել է, եթե կա ֆրանսիական երաժշտության միայն մեկ հսկա, Ազնավուրն է: «Չափազանց ծանր չէ՞ դա կրելը»,- հարցրել է նա: «Ես վերջին հսկան չեմ: Մյուս կողմից, ես, առանց կասկածի, ֆրանսիական երաժշտության առաջին դասականն եմ: Ես կարդացել եմ դասական շատ գրողների՝ Լա Ֆոնտեն և Վիկտոր Հյուգո, Մոլիեր, և իհարկե ռուս գրողների՝ Տոլստոյ, Դոստոևսկի: Նրանք հարստացրել են ինձ»,- ասել է Ազնավուրը՝ ավելացնելով, որ իր աշխատանքը կոմեդիան է, ինչը բնականաբար տանում է իրեն մարմնավորման, որ ժեստերի ու դիմախաղի միջոցով իր երգերը լինեն կենդանի: Հարցին, թե մեր ժամանակներում ի՞նչն է իրեն դուր գալիս և հակառակը՝ Ազնավուրը նշել է. «Շատ բաներ ինձ չեն վախեցնում: Ես մի երգ եմ գրել, որը կձայնագրեմ իմ հաջորդ ալբոմի համար: Այն կոչվում է՝ «Մենք պարում ենք ժամանակով»: Ես նշում եմ բռնության, մարդկային արժեքների կորստի, ամեն ինչ վաճառելու, սոցիալական ցանցերի միջոցով վախկոտության վերաբերյալ, որտեղ հնարավոր է թաքնվել և վատ խոսել ողջ աշխարհի մասին: Չխոսեմ արդեն մի քանի չափազանց գռեհիկ հեռուստածրագրերի մասին»:

Նախանձու՞մ է Բոբ Դիլանին, որ արժանացել է Նոբելյան մրցանակի և հիանում է Ազնավուրով` հարցին ի պատասխան, շանսոնիեն շեշտել է. «Ոչ, ես ուրախ եմ նրա համար: Դա ինձ պետք չէ: Ես ունեմ Նոբելյան մրցանակ տանը՝ իմ կինը, նա շվեդուհի է»:

Դիտվել է՝ 727

Մեկնաբանություններ