Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Չեխիա` Միլոշ Զեմանը կարող է տանուլ տալ ընտրությունները

Չեխիա` Միլոշ Զեմանը կարող է տանուլ տալ ընտրությունները
12.01.2018 | 00:22

Մինչև վերջերս թվում էր, որ Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանի քաղաքական ապագան երաշխավորված և նա հեշտ ու հանգիստ կվերընտրվի երկրորդ ժամկետով: Բայց ընտրություններից առաջ պարզվում է, որ Զեմանը երկրորդ փուլում լիովին կարող է տանուլ տալ լիբերալ ու եվրալավատես Իրժի Դրագոշին: Չեխիայի նախագահական ընտրությունների առաջին փուլը հունվարի 12-13-ին է: 73-ամյա Միլոշ Զեմանը 9 թեկնածուներից առաջինն է, բայց բացարձակ մեծամասնություն չի հավաքում:

Սոցիոլոգները հաստատում են, որ երկրորդ փուլում Զեմանի ու հանրաճանաչությամբ երկրորդ` գիտությունների ակադեմիայի նախկին նախագահ, 68-ամյա Իրժի Դրագոշի շանսերը համարյա հավասար են: Որոշ հարցումներով հաղթում է Դրագոշը: Ընտրությունների երկրորդ փուլը առաջինից 2 շաբաթ հետո է:
Վերջին տարիներին Միլոշ Զեմանի մասին բավականին շատ է խոսվել ու գրվել: Նա էպատաժի սիրահար է և մեկն է սակավաթիվ եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներից, որ Մոսկվային հաճելի ելույթներ է ունենում: Զեմանը բազմիցս պահանջել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերացում, նույնը նա պնդել է նոյեմբերին Մոսկվա այցի ժամանակ: 2017-ի հոկտեմբերին Չեխիայի նախագահը ելույթ ունենալով ԵԽԽՎ-ում` Ղրիմի անեքսիան անվանեց «կատարված փաստ» և առաջարկեց հօգուտ ՈՒկրաինայի Ռուսաստանից գանձել ինչ-որ գումար իբրև փոխհատուցում թերակղզու դիմաց: ԵՄ-ի անդամակցության հարցով բրիտանական հանրաքվեից հետո Զեմանն առաջարկեց հանրաքվե անցկացնել ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Չեխիայի անդամակցության հարցով: Ճիշտ է` ընդգծեց, որ ինքը կողմ է, որ Չեխիան մնա և ԵՄ-ում, և ՆԱՏՕ-ում: Զեմանը քննադատում էր Բրյուսելի քաղաքականությունը միգրանտների հարցում: Թեպետ Չեխիայում համարյա չկան մերձավորարևելքցի ու աֆրիկացի միգրանտներ, դա դուր է գալիս ընտրողների մեծամասնությանը:


«Չեխ ընտրողների որոշ մասն ալերգիա ունի փախստականների ընդունման քվոտաների ու Բրյուսելի համանման գաղափարներից: Որ Զեմանը դեմ է այդ գաղափարներին, նրանց համար պլյուս է և նրանք ձայն կտան Զեմանին` հենց դրա համար»` կարծում է Պրահայի Կառլովի համալսարանի քաղաքագիտության ամբիոնի դոցենտ Էմիլ Սուլեյմանովը: Hospodarske Noviny-ի լրագրող Օնդրժեյ Սոուկուպը կարծում է, որ իրականում Զեմանի համար ԵՄ-ի ու Ռուսաստանի հետ հարաբերությունների թեման քաղաքականության գործիք է: «Արտաքին քաղաքական թեման ընտրարշավի մի մասն է, բնավ էլ ոչ ամենակարևորը: Զեմանը նպատակամետ բաժանում է հասարակությունը իր կողմնակիցների ու հակառակորդների և այդ առումով է օգտագործում արտաքին քաղաքական թեմաները: Երբ նրան ընտրեցին, նա հրամայեց Գրադում կախել ԵՄ դրոշը և ասում էր, որ պետք է արագ անցնել եվրոյի, նրա նախորդը եվրահոռետես էր: Բայց նրա ընտրողները` նույնպես, և այդ պատճառով Զեմանը հիմա խոսում է բրյուսելցի տխմարների մասին: ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին վերաբերմունքը կարևոր է միայն Զեմանի հակառակորդների մի մասի համար: Նախագահը դա տրոլինգի համար է օգտագործում»` ասում է Սոուկուպը: Չեխերի մեծամասնությունը, ըստ Սուլեյմանովի, կարծում է, որ իրենց երկիրը պետք է Արևմուտքի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի մաս դառնա: Նրանք Իրժի Դրագոշի ընտրողներն են:
«Մենք պետք է ակտիվ մասնակցենք եվրոպական քաղաքականությանը: ԵՄ մյուս երկրների հետ մեր հարաբերությունները մեզ հնարավորություններ են տալիս, որոնց մասին առաջ կարող էինք միայն երազել»` նշված է Դրագոշի նախընտրական մանիֆեստում: Դրագոշը կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների պահպանմանը: «Ռուսաստանի դեմ պատժամիջոցները մտցվել են, երբ կոպիտ խախտեց Բուդապեշտի 1994-ի համաձայնագիրը, որ երաշխավորում էր ՈՒկրաինայի տարածքային ամբողջականությունը: Իմ կարծիքով` պատժամիջոցների հիմքերը պահպանվում են»` ասել է Դրագոշը հեռուստաելույթում տարեմուտի նախօրեին: «Ինձ անհանգստացնում է նախագահի մերձավոր շրջապատը, որ Չեխիայի Հանրապետությունը բացահայտորեն ձգում են այնտեղ, ուր ես անձամբ չեմ ցանկանում: Ձգում են Արևելք, պուտինյան Ռուսաստանի, Չինաստանի կողմը»` ասաց Դրագոշը նոր տարում Actualne.cz-ին տված հարցազրույցում: Նախագահի կողմնորոշումը Արևմուտք կամ Արևելք, նրա աշխարհընկալումը կարող են կարևոր լինել չեխ ընտրողների համար, բայց արտաքին դիտորդների համար կարևոր է հիշել, որ նախագահը խորհրդարանական հանրապետությունում, որպիսին Չեխիան է, մեծ մասամբ արարողակարգային ֆիգուր է և չի ձևավորում ոչ ներքին, ոչ արտաքին քաղաքականությունը:
Եթե սոցիոլոգների կանխատեսումները ճիշտ են, և երկրորդ փուլ դուրս գան Զեմանն ու Դրագոշը, ֆինալի վրա կազդեն դեռ չկողմնորոշված քաղաքացիները: Նրանք, հարցման տվյալներով, շատ են` 10- 26 %: «Ամեն ինչ կախված է մասնակցությունից: Առայժմ շանսերը մոտավորապես հավասար են: Ես կարծում եմ` փուլերի միջև ինչ-որ սկանդալ կլինի»` ասել է Օնդրժեյ Սոուկուպը: Էմիլ Սուլեյմանովը ենթադրում է, որ երկրորդ փուլում «Բնակչության մի մասը կմոբիլիզացվի: Որովհետւ Զեմանը և նրա ռուսամետ ու չինամետ դիրքորոշումները նրանց համար բացարձակապես անընդունելի են»: Երկրորդ փուլում ընտրության կարող են գալ և Զեմանի չբացահայտված կողմնակիցները:


Միլոշ Զեմանից ու Իրժի Դրագոշից բացի, Չեխիայի նախագահի պաշտոնին հավակնում են ևս 7 թեկնածու: Նրանցից առավել հայտնի են արվեստագետ Միխալ Խորաչեկը և նախկին վարչապետ Միրեկ Տոպոլանեկը: Ոչ մեկին, ոչ մյուսին սոցիոլոգները եզրափակիչ դուրս գալ չեն խոստանում, բայց և չեն բացառում` բացատրելով չկողմնորոշվածների նույն մեծ թվով:
Յուրի ՎԵՆԴԻԿ, BBC


Հ.Գ. Ահա և խորհրդարանական հանրապետության մոդելի այն տարբերակը, երբ նախագահին ընտրում է ոչ թե խորհրդարանը, այլ` ժողովուրդը և նախագահը, փաստացի, ունենում է առաջնային մանդատ` համաժողովրդականորեն ընտրվածի, ուրեմն և ավելի շատ իրավասություններ, քան խորհրդարանի ընտրած նախագահը կարող է ունենալ: Սա` համենայն դեպս: Հայաստանը` անցնելով խորհրդարանական կառավարման, նախագահի ընտրությունը թողեց խորհրդարանին: Գուցե հենց մոդել փոխելու գլխավոր նպատակը նախագահի համաժողովրդական ընտրությունից ազատվելն էր, որ առաջին ընտրությունից հետո ուղեկցվեց հետընտրական բողոքներով ու հասարակության երկփեղկման գործընթացներով: Միլոշ Զեմանի և Բրյուսելի հարաբերությունները իսկապես բարդ են: Բայց խնդիրը ոչ թե անձերն են, այլ Արևելյան Եվրոպայում` Արևմտյանի դեմ ձևավորվող դիմադրությունը, որի խրամատներում Զեմանի հետ են Հունգարիան և Լեհաստանը: Միգրանտների հարցը արտաքին շերտն է, խորքում ռեսուրսների անհավասարաչափ բաշխման խնդիրն է, ժողովրդավարական պատկերացումների և սոցիալ-տնտեսական մակարդակների դեռ չհաղթահարված տարբերությունը: Արևելքն ուզում է ավելին ստանալ, Արևմուտքը կարծում է, որ ավելիի համար պետք է ավելի աշխատել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1656

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ