Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

«Էդ Խաչիկյանը ես եմ»

«Էդ Խաչիկյանը ես եմ»
12.01.2018 | 00:46

«Ելքը» դուրս է գալիս փողոց:
Դեռ ամիսներ առաջ ասել էինք, որ խորհրդարանական այս ուժը փորձում է արտախորհրդարանական, իրականում` փողոցային պայքարի վեղարը ևս դնել իր գլխին: Այդպես էին պլանավորել իրենք, այդպես էին պլանավորել նրանց հետ «աշխատող» մոդերատորները` դրսի և ներսի, որովհետև կարծում էին` ա) ԵՄ համաձայնագիրը չի ստորագրվի, բ) կնքվելու դեպքում Ռուսաստանը «կբարկանա»: Իսկ երբ «բարինը» բարկանում է, «նոն-ստոպ» ցույցերի կասկադն է ողողում երևանյան փողոցները: Այս անգամ այդպես չեղավ. նախ` հայաստանյան «ալքիմիկոս» Սերժ Սարգսյանը շատ արագ «անագը» փոխարկեց «ոսկու», այն է` նախագահական կառավարումից խիստ «սահուն» հանրաքվեով «անցավ» խորհրդարանական կառավարման, ապա անցկացրեց «անաղարտ» խորհրդարանական ընտրություններ, որից հետո նույնքան արագ ու «անաղարտ» ստորագրեց ԵՄ համաձայնագիրը: Ասել է թե` իրենով արեց նաև «փիլիսոփայության քարը»` դառնալով Հայաստանի թե՛ իշխանությունը, թե՛ ընդդիմությունը, թե՛ ռուսամետը, թե՛ արևմտամետը, թե՛ արտքաղաքական բանակցողը, թե՛ ներքաղաքական մոդերատորը, գնաճը «զսպողը», բոլոր հարսանիք-կնունք-ծնունդների քավոր-մասնակիցը... Չթվենք բոլորը:


Պատճառն էլ այն է, որ հայաստանյան ընդդիմությունը երբեք չի ունեցել նույնքան «ալքիմիկ» ճկունություն, ճշգրիտ հաշվարկներ կատարելու ունակություն` խաղն առաջ տանելու, միասնականությունն իր սոլո խաղով չաղճատելու ունակություն։ Ընդդիմությունն իր բոլոր կատարումներով, դերակատարումներով ուշի ուշով սպասել, պատրաստվել, գաղտնի հանդիպումներ է ունեցել ի ծագս աշխարհի, անգամ ՊՊԾ է գրավել` չվարանելով քաղաքացիական պատերազմի «դալուկ» հեռանկարից, «Հաց բերողին» դարձրել է կամիկաձե` կարծելով, թե նրա «մահվան կանչի» վրա գուցե վերջապես արթնանա-ծառս լինի փողոցային պայքարը, երբեք չկարողանալով հաշվել այնպես, ինչպես հաշվում է իր հակառակորդ-«ալքիմիկոսը»: Ընդդիմությունն իր փիլիսոփայությունը կառուցել է բացառապես մայայի (չինական փիլիսոփայության մեջ այդպես է անվանվում մտային-փիլիսոփայական ծխածածկույթը) վրա, քանզի և շատ դեպքերում այլոց, այդ թվում` այլ պետությունների ձեռքի խաղալիքն է եղել, որն օգտագործելուց հետո «նույնք» նրանց կա՛մ թեյ խմելու, կա՛մ «վաստակած հանգստի» են ուղարկել` լավագույն դեպքում, վատագույնում... Հատ-հատ չթվենք:


ՈՒ հիմա, երբ Իրանը հանդարտվեց... Ձգենք պաուզան ասելու` եթե իսկապես Իրանում զարգացումներն այլ հուն մտնեին, Հայաստանում ևս խաղը լրջորեն փոխվելու էր: Ընդ որում` ռուսական ընդդիմադիրներին փոխարինելու էին գալու ֆունդամենտալ «իրանիստ» ընդդիմադիրները, որոնք շատ «բաների» են պատրաստ (այսօր այդ մասին չենք խոսելու, ժամանակ դեռ կլինի), առաջ գնանք և ասենք. այո, երբ Իրանն արդեն հանդարտ է, իսկ ԱՄՆ-ում խաղարկվում է «ՈՒոթերգեյթ-2»... դարձյալ ձգենք պաուզան. այն, ինչ տեղի է ունենում Թրամփի շուրջն այս օրերին, այլ կերպ, եթե ոչ սպասվող իմպիչմենտի գործընթաց, չես անվանի. նույն սցենարն է, ինչ խաղարկվում էր Նիքսոնի «շուրջ»` քիչ տարբերակվող նրբերանգներով: Ասել է` ԱՄՆ-ն անսահման զբաղված է իր խնդիրներով, այն էլ` Սիրիայում կրած ֆիասկոյից, Իրանում կատարած անհաջող «ստուգողական կրակոցներից» հետո: Ի դեպ, ԱՄՆ-ը մեկ սրբազնագույն գործ էլ ունի` պիտի կարողանա Ռուսաստանում մարտին սպասվող ընտրություններում որոշակի «բաբայագայություն» անել` Պուտինի պահով: Ռուսաստանն էլ իր հերթին, այո, զբաղված է իր գլխին թափվող պատժամիջոցներով և ընտրություններին սպասվող արևմտյան «ընդդիմադիր» դեմարշերի դիմագրավմամբ:
ՈՒ հիմա` տարածաշրջանային-ներքաղաքական զարգացումների այս ֆոնին «Ելքը» դուրս է գալիս փողոց։


Որ ի՞նչ անի:
ա) Որ, բոլոր դեպքերում, մոնոպոլացնի ընդդիմադիր դաշտը, ասի` «էդ Խաչիկյանը ես եմ», զի գնաճի, «կերած-կատաղած» իշխանության և օլիգոպոլիայի դեմ պայքարը սրբազան պատերազմ է մեզանում:
բ) Որ, բոլոր դեպքերում, տարածաշրջանային զարգացում-ֆորս մաժորների դեպքում ինքը փողոցում պատրաստ սպասելիս կլինի:
գ) Որ, բոլոր դեպքերում, ապրիլին ընդառաջ, ժամանակ չկորցնի. եթե այնպես ստացվի, որ վարչապետ դառնա ոչ թե մեզ հայտնի «ալքիմիկոսը», այլ «նա», ում կցանկանար «Ելքը» (որի հետ էլ, ըստ մեզ հասած տեղեկությունների, կոալիցիա պետք է կազմի), և արագ անցնի «գործի»:
դ) Եվ, վերջապես, որ «ստաժը» չկորցնի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 3355

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ