USD482.02
EUR557.50
RUB7.59
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Աջից ձախ, ձախից աջ` մինչև ապրիլի 1-ը

Աջից ձախ, ձախից աջ` մինչև ապրիլի 1-ը
12.01.2018 | 02:18

Աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վարորդների ձայնը տեղ հասավ։ Երեկ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը կառավարության նիստում ասաց, որ մինչև ապրիլի 1-ն ընկած ժամանակահատվածում ներմուծված աջակողմյան ղեկով ավտոմեքենաները առանց որևէ խոչընդոտի կշահագործվեն, կհաշվառվեն և կվաճառվեն, իսկ ապրիլի 1-ից հետո դրանց ներմուծումը կարգելվի։

Ինչպես ասում են, ամեն ինչ իր տեղն ընկավ, և ոչ ոք այս որոշումից դժգոհ չի լինի, քանի որ գործադիրի վերը նշված որոշումը հետադարձ ուժ չունի և չի տարածվում մինչև ապրիլի 1-ն արդեն ներմուծված ավտոմեքենաների վրա։ Ի դեպ, նիստին հաջորդած ճեպազրույցում նախարարը վստահեցրեց, որ այս որոշումը բխում է մարդկանց անվտանգության ապահովման անհրաժեշտությունից։ Ըստ ոստիկանության և ԱՊՊԱ ընկերությունների վիճակագրության` վթարների 28 %-ից ավելին և վիրավորների 39 %-ը բաժին են հասնում աջակողմյան ղեկով ավտոմեքենաներին։ Բացի այդ, Հայաստանում ճանապարհները և երթևեկության կանոնները նախատեսված են ձախակողմյան ղեկով ավտոմեքենաների համար։ Եվ քանի որ տոնական օրերին նախարարը նշել էր, թե ինքը կամիկաձե չէ, որ աջակողմյան ղեկով մեքենա վարի, և այս հայտարարությունը հանրության կողմից բացասաբար էր ընկալվել, մենք էլ հարցրինք` մյուսները, ովքեր աջակողմյան ղեկով ավտոմեքենա են վարում, կամիկաձե՞ են։

«Ոչ մեկին վիրավորելու ցանկություն չեմ ունեցել և որևէ մեկին կամիկաձե չեմ համարում, ընդամենը ներկայացրել եմ իմ մոտեցումը»,- պարզաբանեց նախարարը։ Քանի որ այս խնդիրն արդեն լուծված կարելի է համարել, իսկ Երևան-Հրազդան երթուղու ուղեվարձը 400 դրամից 500 դրամ դառնալու խնդիրը դեռևս մնացել է բաց, փորձեցինք նախարարից ճշտել` վառելիքի գնի բարձրացումն ինչպե՞ս կազդի ուղևորափոխադրումների գների վրա։ «Այդ երթուղին ժամանակին, ըստ մրցույթի, 500 դրամով պետք է սպասարկվեր, սակայն ընկերությունն իր հաշվին այդ գինն իջեցրել էր 400 դրամի։ Այժմ ընկերությունը վերադարձել է իր սկզբնական գնին։ Մեզ հետ հանդիպումից հետո հնարավոր է, որ այդ որոշումը փոխվի»,- ասաց Վահան Մարտիրոսյանը։

Ինչ խոսք, շատ լավ է, որ նախարարությունը կարողանում է բանակցել մասնավորի հետ, սակայն այս պահին հետաքրքիր է, թե քանի նման ընկերություն կա, որոնց դեպքում մրցույթով ավելի բարձր գին է հաստատված եղել, բայց էժան սպասարկել են և վառելիքի գնի բարձրացումից հետո մտադիր են վերադառնալու նախնական գնին։ «Նման մի քանի ընկերություններ իսկապես կան, սակայն այդ խնդիրները կարգավորելու նպատակով պետք է ներդնենք միասնական տրանսպորտային համակարգ»,- պարզաբանեց նախարարը։ Ինչ վերաբերում է ՀՀ նախագահի մտահոգությանը և գների բարձրացման հետ կապված հանձնարարականին, որն ուղղակիորեն առնչվում է նաև այս խնդրին, և թե ինչպես է պետությունը զսպելու գների բարձրացումը տրանսպորտի ոլորտում, եթե ընկերությունները սկսեն վնասով աշխատել, Վահան Մարտիրոսյանն ասաց. «Այս պահին նման դեպք, բացառությամբ Երևան-Հրազդան երթուղու, չի եղել։ Մնացած բոլոր հարցերը նույնպես կարգավորվելու են միասնական տրանսպորտային համակարգի ներդրմամբ»։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1531

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ