Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վերջին խոսքը ժողովրդինն է

Վերջին խոսքը  ժողովրդինն է
12.01.2018 | 02:27

1395-ի տարեվերջը դժվար ստացվեց Իրանում: Մինչև նոր տարի` մարտի 23, երկու ամիս է մնացել, որ արտաքին քաղաքական հաջողություններին ներքին կայունությունը հավելած Թեհրանը շարժվի դեպի 1396 և 4 տարի անց նոր դար մտնի` նոր հաջողություններով: 14-ից 15-րդ դարին անցումը Իրանում կկատարվի սահուն ու իր ժամանակին: Բայց երբ ձվի 40 տոկոս թանկացման պատրվակով երկիրը երկու շաբաթ փոթորկվում է, ուրեմն 1978-ից իսլամական հեղափոխությունը մինչև այսօր չի լուծել այն խնդիրները, հանուն որոնց իշխանափոխություն եղավ: Երբ հանգուցյալ շահ Մոհամադ Ռեզա Փահլավիի որդին` թագաժառանգ Ռեզա Փահլավին, որ ապրում է ԱՄՆ-ում, ասում է. «Այս ամենի պատճառն իշխանությունն է, որը մտածում է միայն իր մասին», մի համարեք միայն դինաստիական վիրավորված ինքնասիրության դրսևորում:

«Գործող վարչակազմն օգտագործում է երկրի ռեսուրսները՝ միայն հանուն իր իշխանության, իր բանակի, իր ծառաների ու իր նպատակների` Սիրիայում, Լիբանանում, թե այլուր: Երկրի հարստությունը չի հասնում ժողովրդին: Ձեր կարծիքով մարդիկ որքա՞ն կարող են համբերել, որքա՞ն կարող են դիմանալ տնտեսական դժվարություններին, գործազրկությանը, գնաճին, դիմանալ մի իրավիճակի, երբ նրանց շարունակաբար կոտրում ու ճնշում են»,- բացատրել է թագաժառանգը ու խորհուրդ տվել. «Իրանի ժողովուրդը պետք է հույսը դնի միայն ու միայն իր վրա: Իմ ուղերձն է իրանցիներին՝ եթե Արևմուտքը որոշի օգնել, շատ լավ է, և ակնկալում եմ՝ այդպես էլ կլինի, բայց եկեք հույսներս չդնենք դրա վրա»: Որքանո՞վ են ռեալ Ռեզա Փահլավիի հույսերը: Եվ ի՞նչ է նա ուզում: Ի՞նչ պիտի անի Իրանի ժողովուրդը` հույսը ինքն իր վրա դնելով: Վերականգնի միապետությունը ու իշխանությունը հանձնի շահի՞ն: Անցած երկու շաբաթում Իրանի քաղաքներում շահին վերադարձնելու կոչեր էլ են հնչել: Բայց դեկտեմբերի 28-ից այնքան տարբեր կոչեր են եղել, որ գուցե նույնիսկ իրանցիները չգիտեն` իրենք ի՞նչ էին ուզում կամ ի՞նչ են ուզում հիմա, երբ, կարծես, բողոքի զանգվածային դրսևորումները մարել են: 22 զոհ: 3700 ձերբակալված, մեծ մասը գրավով ազատ արձակված (Իրանի արդարադատության նախարարը մեղավորների համար պահանջել է պատժի բարձրագույն չափը` կախաղան): Միայն 7-րդ օրը Իրանի պետական հեռուստաընկերության հաղորդմամբ, քաղաքներում ու բնակավայրերում փողոց դուրս եկան հազարավոր ցուցարարներ՝ աջակցելու իշխանությանը: Բողոքների պաշտոնական պատճառը գների բարձրացումն էր:

Իրանցի տնտեսագետ Սայեդ Լայլազը «Ալ Ջազիրայի» հետ զրույցում նշել է՝ ցույցերը սկսվեցին, երբ Ռոհանին ներկայացրեց հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը, որ ապրանքների թանկացումներից ու հարկերի ավելացումից բացի ամենաթափանցիկն էր երկրի պատմության մեջ: Առաջին անգամ Ռոհանին բացահայտեց` ինչ գումարներ են ստանում կրոնական կառույցները, որ նրանք ամենևին չէին ցանկանա: Նախագծով կրճատվում է իշխանության մյուս թևերի, օրինակ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ֆինանսավորումը, որին բանակը համաձայն չէ: Իրադարձությունների ընթացքը ցույց տվեց, որ Իրանի իշխանությունը իրավիճակի խիստ տարբեր, եթե ոչ ներհակ, ընկալում ունի: Նախագահ Հասան Ռոհանին առաջինը դատապարտեց բռնությունները և կառավարությունից պահանջեց «ստեղծել հնարավորություններ օրինական քննադատության ու ցույցերի համար»: Իրանի հոգևոր առաջնորդը արձագանքեց 5-րդ օրը` հայտարարելով, որ մեղավորը «երկրի թշնամիներն» են, որ «իրենց փողով, զենքով, քաղաքականությամբ և հետախուզական ծառայություններով երկրի գործերին են միջամտում»: «Թշնամին միշտ հնարավորության ճեղք է փնտրում՝ թափանցելու և հարվածելու Իրանի ժողովրդին»,- ասաց Խամենեին։ Թույլ հիմնավորում էր, թեպետ եզրակացության հիմքեր տվել էին ԱՄՆ-ի նախագահն ու փոխնախագահը։ Դոնալդ Թրամփը ցույցերի առաջին օրերին Twitter-ում գրեց. «Երկար տարիներ Իրանի մեծ ժողովուրդը ճնշումների է ենթարկվել: Նա սննդի և ազատության կարիք ունի: Մարդու իրավունքների խախտման հետ մեկտեղ՝ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Եկել է փոփոխությունների ժամանակը»։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Իրանի ժողովրդին հաջողություններ մաղթեց ազատության ազնիվ պայքարում և հրապարակավ աջակցություն հայտնեց ցուցարարներին, հայտարարեց` եթե իշխանությունը Թեհրանում փոխվի, Իրանի և Իսրայելի ժողովուրդների միջև բարեկամություն կհաստատվի։ Վաշինգտոնը պնդում էր, և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվեց ու որևէ որոշում չընդունեց` ոչ միայն Չինաստանն ու Ռուսաստանը, Ֆրանսիան ևս իրավիճակը որակեց Իրանի ներքին գործ ու չմիջամտելու կոչ արեց: Եվրամիությունը ևս հանդարտության և մարդու իրավունքների պաշտպանության կոչ արեց։ Հունվարի 9-ին Հասան Ռոհանին հայտարարեց, որ Իրանի ժողովուրդը օրինական իրավունք ունի պահանջներ ներկայացնելու իշխանություններին, իշխանությունները պետք է տեսնեն ու լսեն այդ պահանջները: Tasnim -ին տված հարցազրույցում նա ասաց, որ ցույցերի իրական թիրախը մեծ ուժ ունեցող, պահպանողական հոգևոր դասի ներկայացուցիչներն են, որ ընդդիմանում են իրանցիների անհատական ազատություններն ընդլայնելու և Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու իր ծրագրին: «Իրանի ժողովրդի համար վիրավորական են հայտարարությունները, թե նրանք միայն տնտեսական պահանջներ ունեն: Դա սխալ պատկերացում է ցույցերի մասին: Ժողովուրդը տնտեսական, քաղաքական և սոցիալական պահանջներ ունի,- ասաց Իրանի նախագահը:- Մենք պետք է պարզապես ընդունենք, որ վերջին խոսքը ժողովրդինն է»: Մինչդեռ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը շարունակում է հոգևոր առաջնորդի գիծը. հունվարի 8-ին Թեհրանում անվտանգության հարցերով համաժողովում նա հայտարարեց, որ ոչ մի երկիր չի կարող իր ներսում անվտանգ միջավայր ստեղծել` հարևան երկրներում ապակայունություն սերմանելու հաշվին, և զգուշացրեց, որ նման փորձերը անախորժ հետևանքներ կունենան:

«Անախորժության» հասցեատեր կարող են լինել Իսրայելը, Սաուդյան Արաբիան, Իրաքը, որտեղ հայտնված իրանցի քրդերի որոշ ղեկավարներ իսրայելական ԶԼՄ-ներով հայտարարում են, թե «կարևոր մասնակցություն ունեն Իրանի բողոքական շարժմանը» և «սպասում են, որ ԱՄՆ-ը ու միջազգային հանրությունն իրենց աջակցեն»: Իսկ աջակցություն, փաստացի, չեղավ:
Վերլուծաբանների մեծ մասը վստահ է, որ մարդկանց փողոց էր դուրս բերել սոցիալ-տնտեսական վիճակը: Ցույցերից առաջ Թվիթերում հազարավոր մարդիկ էին միացել կառավարության տնտեսական քաղաքականությունը քննադատող արշավին՝ հիշեցնելով Ռոհանիի նախընտրական խոստումները՝ աշխատատեղեր բացելու և կոռուպցիան վերացնելու մասին: Ընտրություններից 2 տարի անց, ըստ վիճակագրության, 80-միլիոնանոց Իրանում յուրաքանչյուր չորրորդը ծայրահեղ աղքատ է: Ցուցարարները հիմնականում մինչև 30 տարեկան երիտասարդներ են, որ բողոքում են տնտեսական վիճակից ու պահանջում քաղաքական փոփոխություններ։ Գործազրկության մակարդակը երիտասարդների շրջանում 40 % է։ Փաստը, որ ցուցարարները բացահայտ առաջնորդ չունեին և քաղաքական որևէ ուժ պայքարի պատասխանատվությունը չստանձնեց, պահանջներ չձևակերպեց ու պայմաններ չներկայացրեց իշխանությանը, վկայում է, որ բողոքը տարերային էր։ Երկու շաբաթում ակնհայտ դարձավ պահպանողականների ու բարեփոխիչների անզիջում պայքարը:

Նախագահական ընտրություններում Հասան Ռոհանիին կոշտ դիմակայում էր Էբրահիմ Ռաիսին։ Պահպանողականները պնդում էին` խոստացած բարեփոխումները Հասան Ռոհանին չի արել և չի կարող անել։ Բնական է, որ հիմա Ռոհանին ցույցերն օգտագործելու է` գործելու ազատություն ստանալու ու պահպանողականների դիմադրությունը թուլացնելու համար։ Բայց նրանք էլ կփորձեն թուլացնել Ռոհանիի դիրքերը` իրենց գոյությունը պաշտպանելու համար։ Բոլոր դեպքերում` չեն բացառվում պաշտոնանկություններ ու նոր նշանակումներ։ Ցույցերում հնչում էին քաղաքական պահանջներ` հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի, նախագահ Հասան Ռոհանիի, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատար գեներալ Սուլեյմանիի հրաժարականի։ Ցուցարարները պահանջում էին դուրս բերել կորպուսի ուժերը այլ պետությունների տարածքներից: Իրանի իրադարձությունները կարող են մաս լինել Մերձավոր Արևելքում սկսված փոփոխությունների։ ՌԴ նախագահ Պուտինն ու Իսրայելի վարչապետ Նեթանյահուն պայմանավորվել են առաջիկայում հանդիպել: Բնականաբար, օրակարգում լինելու է Իրանը։ Իսրայելը դեմ է Իրանի ռազմական ներկայության ընդլայնմանը Սիրիայում, Նեթանյահուն հայտարարել է, որ կանխարգելիչ հարված կհասցնի Իրանի զինուժին Սիրիայի տարածքում, եթե իր անվտանգությունը հարցականի տակ լինի։ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը արդեն հրաժարվել է իր երկրի տարածքում Իրանի ռազմաբազաներ տեղակայելուց: Փաստացի` իսլամական հեղափոխությունից 40 տարի անց Իրանում ստեղծվել է և կառավարման ճգնաժամ, և արտաքին քաղաքականության վերանայման, և տնտեսական համակարգի ու կառուցվածքի փոփոխության անհրաժեշտություն: Վերից վար` բոլորն ունեն բողոքելու և իրենց անհրաժեշտությունը ապացուցելու խնդիր, համաժողովրդական ընդվզումը ևս քաղտեխնոլոգիա է, որ կարող է օգտագործել չնախաձեռնած կողմը նույնպես։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. Իրանում զանգվածային բողոքներն առաջինը չէին, բայց 2009-ից հետո ամենաբազմամարդն էին։ Այն ժամանակ միլիոնավոր իրանցիներ Թեհրանում փողոց դուրս եկան բողոքելու ընտրություններում իբր հօգուտ Մահմուդ Ահմադինեժադի ձայները կեղծելու դեմ։ 2009-ին դժգոհ էին սոցիալական միջին ու բարձր խավերի ներկայացուցիչները, հիմա փողոց են դուրս գալիս չունևորները: Եթե 2009-ին բողոքի ակցիաները միայն Թեհրանում էին` օտարերկրյա լրագրողների ներկայությամբ, այսինքն` համաշխարհային հանրության աչքի առաջ, այս անգամ` հիմնականում նահանգային քաղաքներն էին ոտքի ելել, որ իշխանությանն առավել կոշտ գործելու հնարավորություն տվեց։ Ակցիաների մասնակիցները ագրեսիվ վարքագիծ ունեին, ի տարբերություն 2009-ի` շատ քաղաքներում նրանք հարձակվել են ոստիկանական տեղամասերի, հրշեջ կայանների ու բանկերի վրա։ Ինչ շահեր էլ բախվեն Իրանում ու տարածաշրջանում, Հայաստանի համար կարևորը կայուն և կառավարելի իրավիճակն է հարևան երկրում: Իրանի հետ մեզ կապում են ոչ միայն պատմական բարեկամական, այլև քաղաքական ու առևտրատնտեսական շահեր։ Իրանը Հայաստանի կարևորագույն գործընկերն է Արցախի խնդրում: Կայունությունից ու կանխատեսելիությունից են կախված տարածաշրջանում Իրանի կենսունակությունն ու հզորացումը, որ հակակշռում է Անկարա-Բաքու տանդեմին և հավասարակշռում ուժերի դասավորությունը։ Իրանի թուլացումը իրավիճակ է փոխելու ի վնաս Հայաստանի։ Կարող է ծագել Արցախի սահմանակից Իրանի հյուսիսային ադրբեջանաբնակ շրջանների հարցը: Ազգայնականության պոռթկումը վտանգավոր վիճակ կարող է ստեղծել մեր հարավային սահմաններին։ Բոլոր դեպքերում` Իրանի պետական կառույցը իր պատժիչ մեխանիզմներով շատ ամուր է` նման ցնցումներից փլուզվելու համար, և ամբողջ խնդիրը հիմա քաղաքական է` պահպանողականնե՞րը, թե՞ բարեփոխիչները կկարողանան օգտագործել իրավիճակը հօգուտ իրենց:

Իսլամական պետության` կրոնապետության կառավարման համակարգը բախվում է տնտեսական զարգացման անհրաժեշտությանը։ Քաղաքական փոփոխությունների տրամաբանությունը պահանջում է աշխարհիկ իշխանության ուժեղացում ու հոգևորականների կաստայի թուլացում, մինչդեռ Իրանում հենց նրանք են որոշումներն ընդունում։ Իրանը դեռ փոփոխությունների երկար ճանապարհ ունի անցնելու: Ժողովրդավար, կենսունակ ու զարգացող Իրանը Հայաստանի համար առավել գերադասելի հարևան է, քան կա։ Հրաշալի կլիներ, որ Իրանում էլ 2018-ը լիներ, բայց 1395-ն է, ու դա մեր խնդիրը չէ: Որքան էլ Իրանում ունենք հազարավոր հայրենակիցներ ու մշակույթի պատմական հուշարձաններ: Մեր խնդիրը գլոբալ փոփոխություններից ոչ միայն անկորուստ, այլև շահած դուրս գալն է` 21-րդ դարն է վերջապես, որը մերն է լինելու:

Դիտվել է՝ 2702

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ