Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իշխանության մի մասը կմիանա՞ ընդդիմությանը

Իշխանության մի մասը կմիանա՞ ընդդիմությանը
12.01.2018 | 09:36

Անգամ ամանորյա տոները չշեղեցին հայաստանյան վիրտուալ սեգմենտի անհաշտ հակամարտողներին իրենց սիրելի զբաղմունքից։ Տարեսկզբի քննարկման գլխավոր թրենդներից մեկն Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցող զանգվածային ցույցերն էին, որոնք շատերի համար անսպասելի էին։ Անշուշտ, տարբեր որակի քննարկումներ եղան՝ զգացմունքային թեմաներից մինչև պատվիրված անդրադարձեր։ Հայաստանյան սոցիալական ցանցերում, ինչպես միշտ, պայմանական ազատականները բախվեցին ոչ պակաս պայմանական պահպանողականներին, և, որպես կանոն, այդ խոսակցություններից հերթական անգամ զգացվում էր, որ երկու կողմերն էլ, հատկապես, այսպես կոչված, ազատական թևը, հիմնականում ստանձնած պարտավորություններն էին կատարում։ Սակայն դա այլ թեմա է։


Անկախ ամեն ինչից, Իրանում արձանագրված զարգացումները որոշակի ոգևորություն առաջացրին սոցիալական ցանցերում «վերլուծական» գործունեություն ծավալող հայաստանյան շրջանակներում։ Այն, ինչ տեղի էր ունենում Իրանում, փորձ արվեց պրոյեկտել Հայաստանում։ Շատերը հույս էին փայփայում, որ նույն պրոցեսները գուցե ընթացք ստանան նաև այստեղ։ Եվ գուցե այս ամենում իրոք ռացիոնալ ինչ-որ հատիկ կա, բայց որպեսզի հասկանալի լինի, թե որքանով են նման ենթադրություններն իրականությանը համապատասխանում, փորձենք տեսնել, թե որոնք են իրանյան զանգվածային ընդվզումները ծնող պատճառները։
Նախ և առաջ, ակնհայտ է, որ Իրանում կան իրական և հիմնարար պատճառներ, որոնք կարող էին ստիպել զանգվածներին դուրս գալու փողոց։ Դրանք առաջին հերթին սոցիալ-տնտեսական խնդիրներն են՝ թանկացումներ, գործազրկություն, երկրում կոռուպցիայի բավականին բարձր մակարդակ։ Բացի այդ, Իրանի բնակչության երիտասարդ զանգվածը, թեև ընտրությունների ժամանակ պաշտպանել է համեմատաբար լիբերալ համարվող գործող նախագահ Հասան Ռոհանիի թեկնածությունը, սակայն, այնուամենայնիվ, դժգոհ է բարեփոխումների տեմպերից, մանավանդ «միջուկային պայմանագրից» հետո ընձեռված հնարավորությունների պայմաններում։


Երկրորդ՝ ակնհայտ է, որ Իրանում կա ներիշխանական լուրջ, քողարկվող և բացահայտ պայքար, ընդ որում` գաղափարական, խմբակային պայքար ընդդիմադիր պահպանողական և իշխանության ղեկին գտնվող ազատական թևերի միջև։ Պատահական չէ, որ նույնիսկ մի պահ այդպես էլ չհաստատված ինֆորմացիա տրվեց, թե իբր ձերբակալվել է նախկին նախագահ Ահմադինեժադը։ Եվ ըստ լուրերի՝ վերջինս իբր ցույցերը հրահրողների մեջ է եղել։
Իրանում առկա երրորդ գործոնը. անկախ ամեն ինչից, կան լուրջ աշխարհաքաղաքական խաղացողներ, կենտրոններ՝ ԱՄՆ, Իսրայել, Սաուդյան Արաբիա, որոնք այս օբյեկտիվ դժգոհության ֆոնին և իշխանության ներսում առկա ճեղքերի պայմաններում փորձում են տեղավորվել ու իրենց սեփական խաղն առաջ տանել։
Թեպետ հարևան երկրում լիարժեք կայունության վերականգնման մասին չի կարելի խոսել, այնուհանդերձ, զարգացող գործընթացները զգալիորեն մեղմվել են շնորհիվ նրա, որ գաղափարական տարաձայնություններ ունեցող կոնսերվատորներն ու լիբերալներն այն պահին, երբ զգացին, որ արտաքին ուժերը փորձում են մտնել խաղի մեջ և օգտվել իրավիճակից, ներիշխանական կոնսենսուս ձևավորեցին։ Եկան այն համոզման, որ ներքին անհամաձայնությունները պետք է դրվեն մի կողմ՝ հանուն սեփական երկրի շահերի և անվտանգության։


Վերադառնանք Հայաստան և տեսնենք, թե որքան է Իրանում ստեղծված իրավիճակը նման մեր երկրում առկա իրավիճակին։
Եվ այսպես, Հայաստանում նույնպես կա սոցիալական լուրջ լարվածություն՝ կապված հունվարի 1-ից և դրանից առաջ մի շարք ապրանքների գների հերթական բարձրացումների հետ։ Ընդ որում` բարձրացել են այնպիսի ապրանքների գները (բենզին, սեղմված գազ, ջուր), որոնք ունեն մուլտիպլիկատիվ էֆեկտ։ Դրանց թանկացումը շղթայական ռեակցիայով, հավանաբար, կհանգեցնի նաև այլ ապրանքատեսակների գների բարձրացման։ Սրան, իհարկե, գումարվում են հին քրոնիկ խնդիրները. հասարակության մեջ արմատավորված է այն կարծիքը, թե ամբողջ իշխանությունը կոռումպացված է, չկա արդարություն, իրավիճակը կայունացնելու քաղաքական կամք և այլն։
Վաղուց հայտնի է, որ, ինչպես Իրանում, Հայաստանում նույնպես իշխանությունը միատարր չէ, և կա լուրջ պայքար իշխանության վերաձևավորման շուրջ, որն սկսվել է սահմանադրական բարեփոխումներից հետո և վերջնակետին կհասնի 2018-ին՝ ՀՀ նոր նախագահի և վարչապետի ընտրություններով։ Այս պայմաններում իշխանական տարբեր թևեր երբեք առիթը բաց չեն թողնի կառավարության դեմ ցույցերին ստվերային մասնակցություն ունենալու և նույնիսկ դրանք հրահրելու հարցում։ Այսպիսով, ներիշխանական պայքարի տեսակետից նույնպես Հայաստանն աղերսներ ունի Իրանի հետ։
Եվ վերջապես՝ անհերքելի փաստ է, որ Հայաստանում բախվում են գերտերությունների և աշխարհաքաղաքական ուժային կենտրոնների շահերը։ Այդ ուժերը փորձում են ցանկացած պարագայում, ցանկացած գործընթացում իրենց մասնակցությունն ունենալ և ավելացնել սեփական ազդեցությունը։ Նույնիսկ որոշ կենտրոններ, օրինակ, Ռուսաստանի Դաշնության իշխանական էլիտայի տարբեր թևեր նույն Հայաստանում կարող են ունենալ տարբեր նպատակներ։ Այս առումով նույնպես Հայաստանը շատ նման է Իրանին։ Իհարկե, պարզ է, որ Իրանում մասշտաբները բոլորովին այլ են, լրիվ ուրիշ ազդեցություններ են, բացի այդ, Իրանի նշանակությունն աշխարհում անհամեմատելի է Հայաստանի հետ։


Այս պարագայում հետաքրքիր է, որ 2018-ի հենց առաջին օրերից հայաստանյան որոշ լրատվամիջոցներ, որոնք միշտ աչքի են ընկնում հիմնականում հակավարչապետական հրապարակումներով, սկսեցին այդ նմանությունները մեջտեղ հանել և նույնիսկ փաստացի ուղղորդել զանգվածներին, որպեսզի դուրս գան փողոց՝ առաջ քաշելով իրենց սոցիալական խնդիրները։ Նույն կերպ վարվեցին ԶԼՄ-ները, բլոգերները, սոցցանցերի այն օգտատերերը, որոնք սովորաբար աննկատ չեն թողնում գործող վարչապետի և պաշտպանության նախարարի ցանկացած քայլ։
Այս կապակցությամբ վերլուծաբանների մի մասը նշում է, որ վերջին տարիների փորձը ցույց է տվել, որ Հայաստանում լուրջ զանգվածային միջոցառումներ, երկարատև ակցիաներ տեղի չեն ունենում, եթե իշխանական որևէ թև դրանում շահագրգռված չէ։ Նույն «Էլեկտրիկ Երևանը», քաղաքային տրանսպորտի թանկացումների դեմ զանգվածային և երկարատև շարժումները քողարկված կերպով ունեին իշխանական հովանավորներ։ Եթե նման պրոցեսներում չկա իշխանության մասնակցությունը, ապա այդ պահի ընդդիմություն համարվող ուժը կա՛մ չի ցանկանում նման շարժումներին մասնակցել՝ լավ տեղավորվելով իր անկյունում, կա՛մ եթե անգամ ցանկություն ունի, ի վիճակի չէ զանգվածներ փողոց հանելու։ Կյանքը ցույց է տվել, որ ընդդիմությունը չունի ո՛չ ֆինանսական, ո՛չ կազմակերպչական ռեսուրս, ո՛չ էլ անգամ քաղաքական կամք, քանի որ շատ լավ ու հարմարավետ է զգում իր անկյունում։


Փաստորեն, չի բացառվում, որ սոցիալական պիտակի տակ անցկացվող և կառավարության դեմ տեղի ունեցող այս գործընթացներում կգտնվեն իշխանական քաղաքական ուժեր, որոնք կցանկանան իսկապես ուղղորդել, կազմակերպել, առաջնորդել, ֆինանսավորել այդ շարժումները։ Առայժմ, գոնե այս տեսակետից, լուրջ քարոզչական նախապատրաստական աշխատանքներ են ընթանում։


Ինչևէ, այս պարագայում «Ելք» դաշինքը, որը հսկայական հավակնություններ ունի մինչև 2022 թվականի համապետական ընտրությունները դառնալու ընդդիմության առաջնորդ, փորձում է ստեղծված առիթն օգտագործել նոր քաղաքական օրակարգ ձևավորելու և ընդվզումների հնարավոր ալիքն իրենով անելու համար։ Այս պարագայում, իհարկե, շատ ավելի հետաքրքիր է` արդյոք իշխանական որևէ թևի մասնակցությունն ու «Ելքի» ակտիվությունը չե՞ն շաղկապվել և շահերի համընկնում տեղի չի՞ ունեցել։ Եթե այս խաղի մեջ ներգրավված չէ իշխանական կազմակերպչական ռեսուրսը, ապա ժողովրդի ակտիվ զանգվածի ընդվզումները, թերևս, երկար չեն շարունակվի։ Իսկ եթե այս շարժման մեջ հայտնվեն ուժեր, որոնք ինչ-որ կերպ կապված են Բաղրամյան 26-ի հետ (սովորաբար դա հիմնականում ՀՀԿ երիտասարդական թևն է լինում), ապա գործընթացները գուցե շատ ավելի կազմակերպված, երկարատև, հետաքրքիր ու լուրջ զարգացումներ ունենան։
Այս թեման, ամենայն հավանականությամբ, լինելու է առաջիկա մեկ շաբաթվա հիմնական ինտրիգը։


Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2083

Մեկնաբանություններ