USD484.37
EUR565.50
RUB7.15
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
NCOA.Durgaryan/Madoyan
 
Անկախության տոնի կապակցությամբ «Իրատեսի» հաջորդ համարը լույս կտեսնի սեպտեմբերի 25-ին:               
 

Արտքաղաքական հարցեր

Արտքաղաքական հարցեր
12.01.2018 | 09:41

(Նախորդ մասը)

Իրադարձություններ շատ են եղել, սակայն ամեն ինչ մի հոդվածի շրջանակում անհնար է և՛ հիշատակել, և՛ վերլուծել: Յուրաքանչյուրը կարող է ունենալ երկրի 2017 թ. արտքաղաքական զարգացման կարևորագույն ուղենիշների իր «ցուցակը», բայց ես կառանձնացնեմ նրանք, որոնք ինքս եմ կարևոր համարում:


Հոկտեմբերի 16-ին Ժնևում կայացած Հայաստանի ու Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը նախորդներից տարբերվում էր միանգամայն այլ մթնոլորտով, ինչի մասին վկայում է նաև երկու նախագահների համատեղ լուսանկարը, որտեղ նրանք պատկերված են դրսում, շատ լավ տրամադրությամբ, դատելով ըստ ամենայնի, բավական անբռնազբոս զրուցելիս: Փորձագետների կարծիքով, այդ հանդիպումը կարող էր նշանակել որոշակի վերաբեռնում Արցախի խնդրի շուրջ ընթացող բանակցություններում: Ընդ որում` հիմա հազիվ թե քննարկվեն բուն «Մադրիդյան սկզբունքները», որոնք վերջին տարիներին «տեղից չեն շարժվել»: Սկզբունքներ կա՛ն: Հայաստանը վաղուց արդեն համաձայնություն է տվել, Ադրբեջանը մոտ էր 2011 թվականին, բայց այդպես էլ լուծում չեղավ:
Հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե կողմերը պայմանավորվել են, որ միջոցներ կձեռնարկվեն լարվածության թուլացման համար, որպեսզի առաջնագծում զոհեր չլինեն: «ՈՒզում եմ ասել, որ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես խորապես շահագրգռված ենք դրանում: Տա Աստված, որ նա միշտ այդպես մտածի»,- ասաց Սարգսյանը: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարեցին, թե Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց երեք օր անց Արցախում հակառակորդի կրակոցից զոհվեց ԼՂՀ պաշտպանության բանակի ևս մեկ զինվոր... Ընդհանուր առմամբ, Արցախի շուրջ բանակցային գործընթացը 2017 թվականին առանձնապես առաջ չի գնացել, թեև 2016 թվականի համեմատ ամեն ինչ ավելի քան «հանգիստ էր»: Սակայն 2018 թվականին Հայաստանում վարչապետի և Ադրբեջանում նախագահի ընտրությունների ֆոնին չի բացառվում նոր լարվածություն սահմանին և բուն Արցախում: Այո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են ավելի համառորեն խոսել հակամարտ բանակների շփման գծում դիտորդների թվի ավելացման մասին: Այո, ժամանակ առ ժամանակ ասպարեզ են նետվում այնպիսի թեմաներ, ինչպիսիք են նշանառուների հեռացումը առաջնագծից և կրակի դադարեցման ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմի ներդրումը: Բայց, ինչպես նախընթաց տարիներին, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները (հիշեցնեմ՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանն ու Ֆրանսիան) չեն շտապում իրական ճնշում գործադրել Ադրբեջանի վրա:


Ինչպիսի՞: Հենց այնպիսի ճնշում, ինչպիսին հիմա ԱՄՆ-ը ձեռնարկում է ընդդեմ Իրանի՝ վրեժ լուծելով այդ երկրից Սիրիայում և Իրաքում ահաբեկիչների ջախջախման համար, որոնց ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները պատրաստում էին «խալիֆայության» ստեղծման ռազմարշավների համար, որի մեջ կընդգրկվեին Անդրկովկասի, Իրանի, Ռուսաստանի տարածքները... Արդեն ամբողջ աշխարհն է տեղյակ, որ ահաբեկիչների ջախջախման հիմնական բեռը կրել են ոչ միայն Սիրիայի ու Իրաքի կառավարական բանակները, այլև Իրանը, իրանամետ շիական և նույնիսկ քրիստոնեական ու եզդիական աշխարհազորերը: ԱՄՆ-ն շտապում է պատժամիջոցներ կիրառել Իրանի դեմ (արդեն այժմ, հունվարին, պատժամիջոցներ են սահմանվել իրանական չորս ընկերությունների և մեկ կենտրոնի դեմ, որոնք մասնակցում են իրանական հրթիռային ծրագրին) և նորից նրան մեղադրում է «ահաբեկչությանն աջակցելու» մեջ, հաշվի չառնելով այն զոհերին, որ տվել են Իրանն ու նրա բարեկամ երկրները ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Բայց միաժամանակ, ձեռքին ունենալով Ադրբեջանի կողմից պետական ահաբեկչության քաղաքականության ապացույցներ, ԱՄՆ-ը (ինչպես և Եվրամիությունը) հարկ չի համարում իր պատժամիջոցներով ճնշում գործադրել Բաքվի վրա: Ինչու՞: Պատասխանը պարզ է. չէ՞ որ Ադրբեջանը Իսրայելի «ձեռնասուն շնիկն» է, Ադրբեջանում պաշտոնապես «աշխատում են» իսրայելական հատուկ ծառայությունները, զինվորական և այլ հրահանգիչներ: Իսրայելում Ալիև-Փաշաևների ընտանիքի ներդրումները հիրավի ահռելի են: Դե, ինչպե՞ս կարող է հրեա թոռան պապիկը (այսինքն, ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը) նեղացնել Իսրայելին և նրա «ձեռնասուն շնիկ» Ադրբեջանին:
Այնպես որ, 2017 թվականին Արցախի վերաբերյալ բանակցային գործընթացի զարգացումը մենք վերստին համարձակորեն մտցնում ենք Հայաստանի արտքաղաքական ռեսուրսի պասիվի մեջ: Որովհետև ո՛չ Հայաստանի նախագահը, ո՛չ ԱԳՆ-ն ոչ մի անգամ ԵԱՀԿ ՄԽ համանախագահներից չեն պահանջել քննության առնել Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը: Որովհետև, դարձյալ պաշտոնական մակարդակով, լռության է մատնվել տարածաշրջանում Իսրայելի ներկայության և հակամարտության շարունակման գործում նրա ներդրման թեման: Եվ էլի շատ ու շատ նման «որովհետևներ»:


Բայց այդ կապակցությամբ, մասնավորապես որ պատերազմը շարունակվում է, և խաղաղությունը մազաչափ անգամ չի մոտեցել ու առարկայական չի դարձել, նորից պետք է խոսել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի ընդունման մասին, քանի որ այդ իրադարձությունը դառնում է ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականության տարր: Հայաստանի Ազգային ժողովը նոյեմբերի 15-ին երկրորդ և վերջնական ընթերցմամբ ընդունեց «Զինծառայողների կարգավիճակի և զինվորական ծառայության մասին» օրինագիծը: Այսպիսով, խորհրդարանը բանակային ծառայության տարկետման իրավունքից զրկեց պետպատվերով սովորող ուսանողներին: Զինապարտները կարող են տարկետումից օգտվել, եթե համաձայնեն հետագայում ուսանել ռազմական բուհում: Իշխանությունները, այսպիսով, աշխատում են լուծել անձնակազմի իբր համալրման հարցը: Արդյունքում, որոշեցին բանակ «լցնել» մնացած ուսանողներին, իբր պայքարելով «կոռուպցիոն ռիսկերի» դեմ: Այն, որ կարելի էր բուն կոռուպցիայի դեմ պայքարել բյուջետային տեղերով բուհ ընդունվելու ժամանակ, մի տեսակ դուրս էր մնացել օրակարգից:


Օրինագծի պաշտպանների խոսքերով ասած, բանակային ծառայությունը ամենևին չի ազդում «սովորելու ցանկության» վրա: Բացի այդ, նրանք առաջարկում են նայել վերջին տարիներին հայտնված գիտնականների քանակը: Նրանց թիվն այնքան էլ մեծ չէ: Նրանց կարելի է խորհուրդ տալ վերանայել գիտնականների աշխատավարձը, այն, որ ներկա սոցիալ-տնտեսական պայմաններում քչերը կարող են իրենց թույլ տալ սովորել դեռ բանակից հետո էլ: Եվ ամենահետաքրքրականը. բանակ գնալու անհրաժեշտության մասին ամենից բարձր ճղճղում են նրանք, ովքեր իրենք չեն ծառայել (կամ մի այլ կերպ են ծառայել): Էլ ավելի ծիծաղելի է, երբ այդ մասին խոսում են այնպիսի մարդիկ, ովքեր օգտվել են տարկետումից: Պարզվում է՝ «իրավիճակը փոխվել է»: Բայց այն, որ «ընտրախավի» զավակները կշարունակեն այլևայլ եղանակներով խույս տալ բանակային ծառայությունից, առանձնակի կասկած չի հարուցում: Այսպիսով, այդ քայլը կարող է է՛լ ավելի խթանել արտագաղթը: Մյուս կողմից, այդ հակասական որոշումը ապացույց է այն բանի, որ ժամանակին պետք չէր «եվրադրամաշնորհների» դիմաց Հայաստանը խցկել կրթության ոլորտի «Բոլոնյան համակարգ»: Այն մասին, որ դա հանգեցնելու է հավասարակշռության խախտման, որն անդրադառնալու է նաև զորակոչի վրա երկար տարիներ, իշխանություններին նախազգուշացրել եմ ոչ միայն ես, այդ մասին գրել և ասել են շատերը:
Հիմա նոր խնդիր է առաջանալու. անգամ բանակում ծառայելուց հետո մարդիկ այլևս չեն ցանկանա մնալ հայրենիքում: Բանակից հետո ո՛չ ուսուցմամբ, ո՛չ աշխատանքի տեղավորմամբ երկրում ոչ ոք չի զբաղվում: Ես անձամբ համոզված եմ, որ բանակից հետո միայն չնչին մասը կցանկանա աշխատել Երևանում, ճնշող մեծամասնությունը ամեն կերպ կաշխատի հեռանալ: Ինչու՞ պիտի տասնամյակներ սպասի, թե լավ է լինելու, երբ ապրել է պետք հիմա: Որքանո՞վ է այն հարցը, որ իշխանությունների որոշումը նպաստելու է Հայաստանից արտագաղթի ավելացմանը, միայն ներքաղաքական ու սոցիալական հարց և ոչ արտքաղաքական:


Հայ-թուրքական արձանագրություններից հրաժարումը խիստ հատկանշական քայլ է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 82-րդ նստաշրջանում նախագահ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, թե 2018 թ. գարունը Երևանը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների, հնչեց որպես դատավճիռ: Ավելի ուշ նույն բանը կրկնեց Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Պատճառն այն է, որ Թուրքիան նախապայմաններ է առաջադրել: «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը» Հայաստանի և Թուրքիայի ԱԳՆ ղեկավարներն ստորագրել են 2009 թ. հոկտեմբերի 10-ին՝ Ցյուրիխում: Սակայն պարզվել է, որ արձանագրությունները «մեռելածին» են: Հիշեցնեմ, այդ «արձանագրությունները» բացահայտորեն հովանավորում էին ԱՄՆ-ն ու ԵՄ-ը, ինչպես նաև, հավանաբար, Իսրայելը: Հենց սկզբից էլ պարզ էր, որ Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները շաղկապում է արցախյան հարցի հետ: Չէ՞ որ փակելով սահմանը, Անկարան առաջին հերթին ծառայություն էր մատուցում իր «կրտսեր եղբորը»՝ Ադրբեջանին: Փոխվե՞լ է, արդյոք, իրավիճակը հայ-ադրբեջանական հարաբերություններում վերջին տարիներին: Այո, ավելի է վատացել: Խաթարվե՞լ է, արդյոք եղբայրական դաշինքը Անկարայի ու Բաքվի միջև, կարծես թե ոչ: Կան, իհարկե, ուրիշ շատ գործոններ, որոնք կարող էին ազդել փակ սահմանի հետ կապված իրավիճակի վրա, բայց դրանք չեն ազդել: Հայ-թուրքական սահմանի բացումը կարող էր դառնալ լավ գովազդված «մեծագործություն», այնինչ դարձավ արտքաղաքական ձախողում:
Բայց դա ոչ միայն Թուրքիայի ու «արձանագրությունների» միջազգային հովանավորների ձախողումն է, այլև նախագահ Սարգսյանի արտքաղաքական ձախողումը՝ «ֆուտբոլային դիվանագիտությամբ» ու մնացյալ «մերձարձանագրային» մանրուքներով հանդերձ: Թեև թե՛ ես, թե՛ այլ փորձագետներ, անգամ քաղաքական գործիչներ (օրինակ, նախագահի նախկին խորհրդական Գառնիկ Իսագուլյանը) դեռ 2009 թ. սեպտեմբերին շարունակ կրկնում էինք, որ այդ «արձանագրությունները» իրենց էությամբ հակահայկական են, և դրանք չի կարելի ստորագրել ոչ մի դեպքում: Բայց նախագահ Սարգսյանը և նրա կուսակցության վերնախավը լիովին զուրկ են առհասարակ որևէ բան լսելու կարողությունից:


Վերջապես, Եվրամիության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը: Հայաստան-ԵՄ համաձայնագիրն ստորագրվեց նոյեմբերի 24-ին՝ Բրյուսելում, «Արևելյան գործընկերություն» գագաթնաժողովում: Դա դարձավ Հայաստանի դրական քայլերից մեկը իր արտաքին քաղաքականության ճյուղավորման ճանապարհին: Դե, համենայն դեպս, այսպես են խոսում երկրի իշխանություններն ու արևմտամետ շրջանակները: Չնայած փաստաթուղթն արմատապես տարբերվում է Ասոցացման համաձայնագրից, այն տարբեր կերպ ընդունեց հանրությունը. լիակատար մերժումից մինչև ցնծություն ու կենաց մաղթանքներ «դարի իրադարձության» համար: Իրականում համաձայնագիրը, փորձագետների գնահատմամբ, նման է մտադրությունների մասին արձանագրության, որոնց կատարումն արդեն լրիվ այլ հարց է: Առայժմ համաձայնագիրը չի հակասում նաև ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամությանը (ինչը սիրում են կրկնել իշխանությունները), իսկ թե ինչ կլինի հետագայում, կախված է այն բանից, թե ինչ կոնկրետ կետերի կվերածվեն հռչակված հայտարարությունները: Մյուս կողմից, բնակչության լայն զանգվածների շրջանում շարունակում է տիրել այն մոլորությունը, թե ինտեգրացիոն միավորումներից, լինի դա ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն, որևէ մեկի հետ համագործակցությունը պետք է լուծի իրենց խնդիրները: Կա նաև ավելի վատ դիրքորոշում. ոմանք հույսեր են փայփայում, թե այս կամ այն երկրները կհոգան Հայաստանի կարիքները դրամաշնորհների, վարկերի, «ներդրումների» հաշվին: «Ներդրում» բառը հանրային գիտակցության ձեռնածման առավել տարածված բառերից մեկն է դարձել: Սակայն կոռուպցիայի, բյուջեի փոշիացման դեմ պետք է պայքարեն, Հայաստանի քաղաքացիների իրավունքները պետք է պաշտպանեն ոչ Ռուսաստանը, ԵՄ-ը կամ ԱՄՆ-ը: Թեև իշխանությունները վստահեցնում են, թե «ամեն ինչ լավ է լինելու», հատկապես հերթական նոր տարում: Իսկ այնուհետև, առհասարակ, գերդրախտային վիճակ է լինելու՝ խոստանում է նախագահ Սարգսյանը:


Լավ կլիներ, որ այստեղ նա կանգ առներ, լավ կլիներ խոստովաներ՝ այո, մենք «կհատուցենք» ԵՄ-ից ստացած փողերի դիմաց: Սակայն ոչ, լռում է: Հույս ունի, թե վաղը կթաքնվի վարչապետի բազկաթոռի հետևու՞մ: Հազիվ թե, միևնույն է, հանրապետական կուսակցությունը իշխանության ղեկին է, իսկ նա կառավարող կուսակցության առաջնորդն է: Իսկ ինչպե՞ս «կսկսեն երգել» նա և «եվրոպական ապագայի» կողմնակիցները, երբ ԵՄ-ն ստիպի (չէ՞ որ կստիպի) ներկայացնել և սկսել կատարել Մեծամորի ատոմակայանի սառեցման և ապամոնտաժման «ժամանակացույցը»: Չէ՞ որ դա կհանգեցնի Հայաստանի էլեկտրաէներգիայի բազմապատիկ թանկացման: Չէ՞ որ դա Հայաստանը երկար ժամանակով դուրս կմղի այն երկրների շարքից, որոնք թեկուզ տարածաշրջանային շուկային էլեկտրաէներգիայի մատակարար են հանդիսանում: Կամ մեկ այլ խնդիր. այնուամենայնիվ, խորհրդարանն ընդունեց ընտանեկան բռնության վերաբերյալ «եվրաստանդարտ» օրենքը: Հայ ժողովրդին պարտադրում են «եվրաստանդարտ» անչափահասային արդարադատություն: Իսկ ի՞նչ կպարտադրեն արդեն 2018-20 թվականներին: Միասեռ «ամուսնությունների» օրենսդրական օրինականացու՞մ: Կամ էլ նման մի բան, ասենք, «թույլ տալ բանակում կենդանիների հետ զինվորականների կենակցում»: Արևմուտքում նման բաներ որքան ուզեք, և ես չեմ զարմանա, եթե եվրաչինովնիկները Հայաստանի իրենց «հաճախորդների» շրջանում անցկացնեն նաև այդպիսի «եվրաօրենքներ»: Այնպես որ, նախագահ Սարգսյանի փոխարեն ցանկացած նորմալ մարդ կզգուշանար իր ժողովրդին «պայծառ ապագա» խոստանալուց՝ ձեռքին ունենալով Եվրամիության հետ ստորագրված նման թղթեր: Ամենագլխավորը. հանրապետական կուսակցության ոչ մի գործչի (ասենք, նախագահն ուղղակի ի վիճակի չէ) ուղեղին չի հասել. այդ ինչու՞ է հանկարծ ԵՄ-ը Հայաստանից պահանջում փակել մեր ատոմակայանը, երբ նա Թուրքիայից, որը ԵՄ-ի հետ ասոցացված է դեռևս 1969 թվականից, չի պահանջում ատոմակայան չկառուցել Ակկույուում: Միգուցե ԵՄ-ը երազում է Հայաստանը էներգետիկ ոլորտում կախման մեջ դնել Թուրքիայի՞ց: Միգուցե ԵՄ-ն թուրքամետ (իմա՝ ադրբեջանամետ) կառու՞յց է:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 2177

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Ալեքսեյ ՉումակովMarketers CommunityԱռողջ սիրտ