Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Անավարտ ոսկեդարի» ցնծությունն ու ցնցակաթվածը (ո՞վ է կանգնելու խորտակվող բեռնանավի ղեկանիվի առջև)

«Անավարտ ոսկեդարի» ցնծությունն ու ցնցակաթվածը (ո՞վ է կանգնելու խորտակվող բեռնանավի ղեկանիվի առջև)
12.01.2018 | 10:32

ՆԱԽԵՐԳ



1990-ականների ձնծաղիկները ես չեմ հիշում, դուք հիշու՞մ եք։ Հիշելի են երկարաշունչ ու ձյունառատ ձմեռները։ Այն հերոսական-օրհասական տարիներին արդեն նոյեմբերից երկիրը հայտնվում էր Աբովյանի պատկերագրած ճքճքան ձմռան անհյուրընկալ գրկում։ Երկիրը հաճախ կարոտ էր Աստծո շնորհած հանապազօր հացին, գրեթե ցրտահեղված էր, սակայն զուլալ երազներ էր տեսնում և դիմավորում էր լուսաբացները խաղաղված հոգով, զի Արցախում հաղթում էր հայոց զինական ուժը, կայանում էր հայկական պետականությունը` անունը «Երրորդ Հանրապետություն»։ Կայացա՞վ...


Պետությունը կայանում էր, երկիրը շտկում էր խոլական ուսերը, զի Փոքր Մհերը բացել էր Ագռավաքարի դռները։ Մհերը, այո՛, բացել էր Ագռավաքարի դուռն ու դարպասը, քանի որ ռազմաճակատում զինվորը թիկունքում զգում էր անլույս հայրենիքի աղոթքը և զորանում էր նրանով, իսկ ինքնաշեն վառարանների շուրջը ծվարած ՀՀ քաղաքացիները քաջ գիտեին, որ աղոթքն իրենց տեղ է հասնում։
2017-ի ձմեռը հաստատվեց երկրում մառախուղային մակընթացությամբ։ Որպես բնաշխարհի նշյալ մառախուղային «զարթոնքի» հետևություն արդեն ապրիլին ընտրվեց ՀՀ-ի թիվ 1 վարկանիշային, բացահայտ ժողովրդավարական և պետականաշունչ խորհրդարանը։ Որպես բնականոն հետևություն վերը նշվածի, նոր ոգով կառավարությունը մայթեր կոկեց, վարկային բեռը բարենորոգեց և ոգեշունչ քմծիծաղով է հետևում հանրապետության 1 մլն աղքատ բնակչության նվիրական ջանքերին, որը մտատանջվում է, փորձում է գտնել ելքը` վասն պետական ինքնության վերջին մնացորդների պահպանման մնալ երկրում և տառապե՞լ, թե՞ լքել այն և օտար ճամփեքի վրա գտնել մարդավայել կեցության բանալիները։ Գրեցի այս հուսահատ տողերը և հույսով լցվեցի, զի արմենոիդյան գլխիս աջ կիսագնդում մի քանքարավոր միտք ցոլաց, լսեք. գուցե մինչև 2018-ի մայիսի 28-ը, երբ կղողանջեն 1-ին հանրապետության ծննդյան ավետիս-զանգերը Սարդարապատում, կամովին և մի քառորդ դարով արտագաղթե՞ն մեր իշխաններն ու կառավարիչները։ Նաև, ինչու չէ, օլիգարխները, աղանդավորները, ԼԳԲՏ-ականները, «անկեղծ» ու կեղծ ընդդիմադիրները։ Ամեն։ Նշյալ աննախադեպ արտագաղթը կծառայի նպատակին, եթե նրանք երկրին թողնեն իրենց գույքն ու կայքը և հետները վերցնեն իրենց անձնական ամբարտավանությունն ու ներկա և գալիք սանձարձակ գնաճը։

«ԱՆԱՎԱՐՏ ՈՍԿԵԴԱՐԻ» ՑՆԾՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՑՆՑԱԿԱԹՎԱԾԸ


Հայաստանում ոսկեդար է։ Չե՞ք հավատում։ Իզուր, զի այն քարագրել է 2012-ի գարնանը ԱԺ երիտասարդ փոխխոսնակը` «Դե ֆակտո» ամսագրին տված մի հարցազրույցում։ Ահավասիկ ամբողջական միտքը. «1991-ի սեպտեմբերի 21-ին գրվել ու չի ավարտվելու Հայաստանի ոսկի դարը»։ Սույն տավիղահնչուն, միաժամանակ դհոլադղրդյուն ասք-ուղերձի հեղինակն է խիստ համակրելի պետայր Էդուարդ Շարմազանովը։ Վերը հիշատակված հիշարժան ուղերձ-ասքը, ըստ էության, 3-րդ հանրապետության իշխանությունների գլխավոր հաղթաթուղթն է` ի ցույց երկրի անցյալին և նրա ապագային։ Հանուն որի, անկասկած, արժե տառապել, անավարտ ոսկեդարը զոհողություններ է պահանջում։ Պարզապես զոհողություններն այդ տարաբնույթ են, ոսկեդարի քերթողահայրերի համար դա պույպույմկնիկյան դրախտն է կոկոսի մեջ, մեզ համար էլ` նրանց մեղքերի թողությունը։

Սակայն բավ է, տարին նոր է մեկնարկում և խոստանում է լինել շրջադարձային։ Զի շրջադարձվելու է կառավարման անհուսալիորեն փակուղային կարգը, 27 տարի նախագահական նստավայրն է ուղենշել մեր գոյակերպը, այսօր, սակայն, ավելի ստույգ` ապրիլի 9-ից հետո, 3-րդ հանրապետությունն ունենալու է հզոր վարչապետ, նրան նշանակող, նրա հետ մշտական քաղաքական փասիանսներ գցող անկախ Ազգային ժողով, հանգուցային մի կառույց` ապահովված լիարժեք լիազորություններով, անունը ՊՆ, դարձյալ կառուցիկ մի պետական մարմին, Ազգային անվտանգության խորհուրդ, նաև խորհրդանշական նախագահ։ Այս քաղաքական-կառավարական նորարարության քարտեզագիր պատկերն է խորհրդանշական։ Հանրապետության 4-րդ, սակայն արդեն միայն սահմանադրական կարգի պահպանման երաշխավոր նախագահը հանգրվանելու է խորհրդային 2-րդ հանրապետության մայրաքաղաքի ամենագեղատեսիլ շենքերից մեկում, որը կերտվել էր հենց որպես խորհրդանշական նստավայր երկրի Գերագույն խորհրդի նախագահության նախագահի համար։ (Երիտսերնդին հիշեցնեմ, որ ՀԽՍՀ-ն միանձնյա կառավարում էին Կրեմլի հավանությամբ թագադրված կենտկոմի 1-ին քարտուղարները, ի մասնավորի` Յակով Զարոբյանը, Անտոն Քոչինյանը և Կարեն Դեմիրճյանը, իսկ ԳԽ նախագահության նախագահը խիստ ներկայացուցչական դեմք էր, ուրիշ ոչինչ)։


Քիչ վար, ՀՀ ԳԱԱ-ին կից ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի նստավայրն է։ ՈՒժային, նշանակալից այս կառույցը, հուսանք, որ ապավեն կլինի արդեն անկախության 27 ոսկետարյա խորհրդանշանի վերածված Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի համար։ ԱԺ-ն կարծես թե վերադառնում է ի շրջանս յուր։ Չէ՞ որ ԱԺ-ի շենք-պալատը կառուցվել էր ժամանակին որպես Կենտկոմի նստավայր, ժողովրդին ավելի հայտնի` որպես «ցեկա»։ «Ցեկա»-ն վերահսկում էր հանրապետության կյանքը` նրա բոլոր հաղթարշավներում (մշակույթի և գիտության վերելք, տնտեսության կայուն առաջընթաց, բնակչության հարաճուն աճ և այլն), նաև «նահանջներով» (ցեխավիկային տնտեսության կայացում, կուսակցական վերնախավի օտարում` կուսակցական գաղափարներից և այլն)։ Ներկա ԱԺ-ն կամրագրվի՞ որպես նորօրյա ցեկա։ Պարտավոր է, այլընտրանքներ չկան։ ՀՀ ՊՆ-ն նոր ժամանակների շինություն է, հզոր է յուր ծավալներով և տեղակայված է մայրաքաղաքի հյուսիսարևելյան բարձունքի վրա։ Վարչապետական Հայաստանի իրական ներկա «ցեկան» Հանրապետության հրապարակում է։ Եվ այստեղ էլ խորհրդանշական տաղերգեր են հնչում։ Տեսեք, երկրի (նաև հայության) գլխավոր հրապարակի 5 գլուխգործոց-տուֆահմայք շենքերից երեքն օտարված են։ «Մարիոթ-Արմենիա» հյուրանոցին որպես գաղափարական լրացում և որպես շուկայական մրցակցություն ի հայտ կգան, ամենևին չկասկածեք, աստղացոլք հյուրատներ` ՀՀ ԱԳՆ-ի նախկին շենքում և այնտեղ, ուր գործում էր ՀԽՍՀ արհմիությունը։
Այսպիսին է պատմական պահի բանադրանքը, երկրի և համայն հայության կենտրոնական հրապարակի 5 թամանյանական գլուխգործոց-պալատներից միայն երկուսն են ազգային-պետական` կառավարական տունը (ներառյալ նշյալ տան ազդարար ժամացույցը) և Հայաստանի ազգային պատկերասրահը (ներառյալ Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը և «Առնո Բաբաջանյան» համերգասրահը)։


Ո՞վ է կանգնելու խորտակվող բեռնանավերի ղեկանիվի առջև։ «3-րդ հանրապետություն» բեռնանավը ճռնչալով նավարկում է, դեպի ու՞ր, ցայժմ անհայտ է։ Այս գունաթափ նավի բեռները խիստ խայտաբղետ են, շարակարգենք. վարկային մամլիչներ կան այստեղ և 2414 վագոն-տնակներ։ Դղյակներ կան բյուր-բազմազան և 50 հազար թերաճ մանուկներ։ Կան վարչաբյուրոկրատական գնդեր դավադիր և ահա թե ինչե՜ր կան սույն գնդերին ի լրացում. 1 պապ, 2 տատ, 1 բակապահ քուչիկ և 3 ածան հավ «բնակչություն» ունեցող սահմանագլուխ գյուղեր։ Չմոռանանք ամենևին` սահմանագլուխ գյուղական համայնքներում խարխլված գյուղապետարաններ կան և կան արշալույսներն ավետող խրոխտ աքլորներ։

Թվին 1912, այն է` Հայաստանի ոսկեդարի վավերացումից հարյուր տարի (1 դար) առաջ, Փարիզում մի նշանավոր դասախոսություն կարդաց աշխարհահռչակ բյուզանդագետ, առհասարակ` արևելագետ, նմանապես` հայագետ Մառը Նիկողայոս։ Այնտեղ կա ահա նման մի զարդագրում. «Քաղաքական և տնտեսական ցնցումները երկրից երկիր են տանում և աշխարհով մեկ ցրում գեղարվեստական և գրական զարմանալի ընդունակություններով օժտված այս լուսավորիչ ժողովրդին, որն ամենուր իր հետ տանում է արվեստ, գեղարվեստական բարձր ճաշակ, գիտություն և գիտելիքների լույսը...»։ Անկախական ոսկեդարում արտագաղթած 2 մլն հայաստանցիք որքա՞ն արվեստ, գիտություն և գիտելիքների լույս տարան իրենց հետ։ Ո՞վ է տալու պատասխանը։

Իսկ ո՞վ է կանգնելու գալիք ապրիլին «3-րդ հանրապետություն» բեռնանավի ղեկանիվի առջև, Կրեմլի սապոգազեն պատվիրա՞կը, թե՞ ԵՄ-ի պճնավարտիք բանագնացը։ Բայց միգուցե բուն հայրենական, խենթանալու աստիճանի նվիրական մի վիշապաքա՞ղ, որին կհաջողվի, ուշադրություն, քարագրում եմ` ՀԵՆՎԵԼՈՎ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՆԵՐՈՒԺԻ ՄԻԱԲԱՆՄԱՆ ՎՐԱ` ՀՌՉԱԿԵԼ ՀԱՅԿԱԿԱՆ 4-ՐԴ ՇՆՈՐՀԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ...

Նավաբեկվող բեռնանավի ղեկանիվի մոտ արդյոք կկանգնի՞ նախագահական հանրապետության վերջին գահակալը, նա հավակնու՞մ է համազգային ղեկապետի առաքելական դերին։ Կարծես թե` այո։ Կա՞ն այլ գործիչներ, որոնք կարող են նավաբեկությունից փրկել ճռնչացող բեռնանավը։ Սփյուռքն ի զորու՞ է միաբանվելու, առաջադրելու յուր թեկնածուներին։ Իսկ ինչու չէ։ Հայ հանրությունն ու համայն հայությունը պատրա՞ստ են զորակցելու համազգային ղեկապետին և նրա նվիրյալ թիմին։ Անվերապահորեն` այո... Իսկ առայժմ պետք է ևս 2 անցքով սեղմենք գոտիներս. գնաճ է, ի ցնծություն բեռնանավի սեգաճակատ հրամկազմի։

ՎԵՐՋԵՐԳ
Արդեն այսօր հայ հանրությունն ու համայն հայությունը պետք է ներկայացնեն համազգային ղեկապետի իրենց ընդհանրական տեսլականը։ Ասել է` թեկնածուին։ (Ես ներկայացրի, վկա եք)։ Արդեն վաղը (հասկանալի է, որ ոչ ուշ, քան թե մինչ ապրիլի 9-ը) թեկնածուները պետք է ներկայանան նավաբեկվող բեռնանավի փրկության առաջարկությամբ, ճանապարհային քարտեզներով, ապագաղութացման առաջնահերթություններով և այլնով։
Հակառակ պարագայում վաղը չէ, մյուս օրը բեռնանավը, չկասկածեք, կխորտակվի։

2018-ի ձմեռը այցի եկավ խոր աշնանային գրաֆիկական գույներով, խոնավ ծառաբների ձյան անմար կարոտով և հեռավոր դաշտերում հանկարծ բուսնած մանուշակների գեղանկար անակնկալներով։ Այս ամենը ի՞նչ է խորհրդանշում...


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 5413

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ