Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Դիտակ Թիֆլիսի-3

Դիտակ Թիֆլիսի-3
12.01.2018 | 10:47

ՁԵՌԱՑ ՓՈԽ ՏՎԱԾ ՓՈՂԸ


Ավագ քահանա Եղիշե Գեղամյանցի «Յիշողութիւնների» այս հատվածը եզակի է: Քանզի ի ցույց են դրված XIX դ. 60-ական թթ. Թիֆլիսի վաճառականության յուրահատկություններն ու բարքերը:
«Վաճառականների (հատկապես` հարևանությամբ գտնվող) մեջ ընդունված սովորություն էր մի քանի ժամով, առավելագույնը մեկ կամ երկու-երեք օրով միմյանց դրամ փոխ տալ ձեռաց: Ձեռաց փոխ տալը, որ երբեմն 15-25 հազարի էր հասնում, կատարվում էր առանց որևէ մուրհակի կամ ստորագրության: Եվ թեպետ այդ սովորությունից շարունակ օգտվում էին ինչպես ամենահարուստ վաճառականը, այնպես էլ` հասարակը, այդուհանդերձ տեսնված ու լսված բան չէր, որ մի վաճառական մյուսից ձեռաց փող վերցրած ու վերադարձրած չլիներ: Մութաֆյանի առևտրային տունը խոշորների շարքում էր, և ես ինքս բազմիցս Բերեքլիից կամ Յորատիից` Թիֆլիսի «Ռալլի» հայտնի հունական առևտրային տան կառավարիչներից, 5-10, 20 հազար ռուբլի ձեռաց վերցրել ու վերադարձրել էի, ինչպես և նրանք` ինձնից:
Այդպիսի փոխադարձ գործողություններ կատարում էի պոլսեցի Միքայել աղա Սեյլանյանի, ղարաբաղցի Գրիգոր Շահնազարյանի, ախալցխացի վրացի կաթոլիկ վաճառական Ալեքսանդր Ազնավուրովի և մի քանի ագուլեցիների հետ:


Մի օր 45000 ռուբլի թղթադրամ թաշկինակիս մեջ փաթաթած գրասենյակից դուրս եկա ու կառք նստեցի բանկ գնալու և գումարը Պոլիս` Հունուտցյանին փոխանցելու համար: Դեռ կառքը չէր շարժվել, երբ Սեյլանյան Միքայել աղան խնդրեց, որ մի րոպեով գրասենյակ բարձրանանք:
-Վաղը մինչև կեսօր ինձ խիստ հարկավոր է 15000 ռուբլի,- ասաց նա տաճկերեն, որով սովորաբար խոսում էր, թեև հայերեն էլ գիտեր:
Թաշկինակս բաց արի, ուզած գումարը տվեցի` խնդրելով, որ հաջորդ օրը ոչ ուշ, քան ժամը 1-ը վերադարձնի, որպեսզի Պոլսի փոխանցումը չհետաձգվի:
15000 ռուբլին ստանալով` Միքայել աղան օրորվելով շտապ դուրս եկավ (նա մի ոտքից կաղում էր):
Հաջորդ օրը շաբաթ էր, ժամը 1-ը խփեց, բայց Սեյլանյանը չերևաց:
Մինասյանին խնդրեցի մտնել նրա գրասենյակ, որն Արծրունու նույն քարվանսարայում էր, և պահանջել փողը: Նա վերադարձավ ու հայտնեց, թե Սեյլանյանը դեռ գրասենյակ չի եկել և ըստ հաշվապահի ասածի` իբր տանը հիվանդ պառկած է: Մինասյանին նրա տուն ուղարկեցի: Վերադարձավ ու հայտնեց, թե Միքայել աղան` չկարողանալով 15000 ռուբլին այսօր վերադարձնել, ինձնից ամաչում է փողոց դուրս գալ, բայց գումարն անպատճառ երկուշաբթի կվերադարձնի, ուստի թող ես անհոգ լինեմ:


Մինչև երկուշաբթի «Ռալլիի» գրասենյակից 15000 ռուբլի ձեռաց փոխ առնելով ու նույն օրն ևեթ 45.000 ռուբլի Պոլիս փոխանցելով, ես կառքը քշել տվեցի ուղիղ Սեյլանյանի տուն:
Ինձ տեսնելով` նա վզովս փաթաթվեց ու սկսեց լաց լինել:
Այլայլվեցի: Նա ցույց տվեց Պոլսից մեկ օր առաջ ստացած ֆրանսերեն րՐՏփվօռ հեռագիր: Բառերը հասկացա, բայց իմաստը` ոչ:
Դա ծածկագիր էր: Սեյլանյանը բացատրեց, որ Պոլսի իրենց առևտրային տունը սնանկացել է, գլխավոր գրասենյակը կնքված է և արգելանք է դրվել իրենց բոլոր գործարքների ու ապրանքների վրա:
Այնուհետև Սեյլանյանն ամենայն անկեղծությամբ հայտնեց, որ նախընթաց օրն ինձնից վերցրած 15.000 ռուբլին այս րոպեիս էլ իր մոտ է, բայց չի վերադարձնում, որովհետև որոշել է այդ գումարով իր փախուստը հեշտացնել: Սակայն Թիֆլիսի մաքսատանը 150 արկղ չայ ունի, որը պատրաստ է այժմ ևեթ իմ հաշվին փոխադրելու, եթե խոսք տամ արժեքից ավելի գումարն իրեն վճարել:
-ՈՒրիշ ոչ ոքի այստեղ պարտք չե՞ս,- հարցրի ես:
-Միայն 5000 ռուբլի մի քանիսին,- ու Սեյլանյանը թվարկեց անունները: Դրանց մեջ 1500 ռուբլին «Ռալլիի» գրասենյակինն էր:
-Եթե 150 արկղ չայի արժեքից ինձնից ու մյուս վաճառականներից վերցրած 20.000 ռուբլին լրանա, ավելին քեզ վճարելու խոսք տալիս եմ,- ասացի ես, ու Սեյլանյանին կառք նստեցնելով` սլացանք մաքսատուն` Օրթաճալա:


Բայց մաքսատունը փակ էր:
Տուն վերադառնալով որոշեցինք, որ մինչև երկուշաբթի կեսօր Սեյլանյանը տնից դուրս չգա և որևիցե մեկին չընդունի: Գիշեր-ցերեկ նրա մոտ է լինելու Սահակ Մինասյանը` մինչև մաքսատան չայը իմ հաշվին ձևակերպելը:
Այդ զգուշությունները կարևոր էին, որ Սեյլանյանը չայն ուրիշին չվաճառի կամ հանկարծ Թիֆլիսից չփախչի:
Այսպես Մինասյանին հանձնելով Սեյլանյանի պահպանությունը` ես գնացի իմ բանին:
Վաճառականների համար շաբաթն ամենածանր օրն էր: Ապառիկներն այդ օրն էին ստացվում, դրամական բոլոր հաշիվների շաբաթական ստուգումն էր կատարվում, արտասահման ուղարկվելիք նամակներն ու հաշվեցույցները կիրակի առավոտ փոստին էին հանձնվում և այլն:
Գիշերվա ժամը ինն էր, իսկ ես դեռ նամակների ու հաշվեցույցների ընթերցումը չէի ավարտել:
Յորատին ներս մտավ և առաջարկեց, որ գործս վերջացնելուց հետո մի կարևոր գործի համար իր մոտ անցնեմ:


Սիրտս վկայեց, որ ինչ-որ մի բան լսել էր:
-Ի՞նչ գործ,- հարցրի:
-Կգաս իմ գրասենյակ` կասեմ:
-Այսօր մուտք է եղել 12.000 ռուբլի,- վրա բերեցի ես,- հիմա այս գումարը ստացիր, իսկ մնացած 3000 ռուբլին երկուշաբթի կվճարեմ, ինչպես խոստացել էի:
-Թող մնա քեզ մոտ: Երկուշաբթի ամբողջը կտաս,- ասաց Յորատին ու դուրս եկավ:
Գործս վերջացնելով` մտա «Ռալլիի» գրասենյակ: Յորատին մենակ էր:
-Հովակիմ, բյուլբյուրսեն նե վար (գիտե՞ս ինչ կա),- հարցրեց նա տաճկերեն, որով միշտ խոսում էինք միմյանց հետ:
-Յոգ, բյուլմեորում, նե վար,- պատասխանեցի:
-Սեյլանօղլի մյուֆլյուզ չխմիիշ:
-Նե դիերսն, Յորատի,- ստեցի ես:
-Ա՛լ, օխու (առ, կարդա),- և ինձ ցույց տվեց Պոլսից ստացած հեռագիրը: Կարդալուց հետո հարցրի` քեզ փող պա՞րտք է:
-1500 ռուբլի, որ ուրբաթ եմ տվել:
-Իսկ ինձ 15000 ռուբլի, որ նույնպես ուրբաթ է ստացել:
-Դրու՞ստ ես ասում:
-Ի՞նչ կատակի ժամանակ է: Բացի քեզնից, 3500 ռուբլի էլ մի քանի այլ մարդկանցից է վերցրել:
Այստեղ Յորատին տաճկերեն մի թունդ հիշոց ուղղեց Միքայել աղայի հասցեին, հիշեցնելով տաճկական ասացվածքը, թե` քաչալից, կույրից ու կաղից միշտ զգույշ պետք է լինել: Ապա հետաքրքրվեց, թե ինչ եմ մտադիր անել:
Ես հարկ չհամարեցի ամեն ինչ հայտնել: Ասացի միայն, որ թերևս հաջողացնելու եմ ստանալ ոչ միայն իմ 15000-ը, այլև Յորատիի 1500 և մյուսների 3500 ռուբլիները, եթե միայն մինչև երեքշաբթի երեկո Յորատին ձայն չհանի և իր հեռագրի մասին լուռ մնա: Նա հանձն առավ:
Երկուշաբթի Սեյլանյանի հետ մաքսատուն գնացինք: Նա ապրանքն իմ անվան դիմաց փոխանցեց: Նույն օրը երեկոյան ինձ մոտ հրավիրեցի Յորատիին ու մյուս պարտատերերին, ամեն ինչ հայտնեցի, հիշեցնելով Սեյլանյանին տված խոստումս` արժեքից ավելացած փողը պետք է իրեն տամ:


Շուկայական գնով 150 արկղ չայը գնահատեցինք 22500 ռուբլի և ծախեցինք «Ռալլիի» գրասենյակին:
Հաջորդ օրը չայը փոխանցեցի Յորատիին: Մյուս պարտատերերը նրանից ստացան իրենց գումարները: Սեյլանյանն էլ 2500 ռուբլի ստանալով` Թիֆլիսից հեռացավ»:
Գթասիրտ մարդիկ

1915 թ. դեկտեմբերին «Համբաւաբեր» շաբաթաթերթը գրեց. «Անթիվ անհամար են այն աննկատելի, համեստ գործիչները, որոնք մոռանում են ամեն ինչ և գնում թեթևացնելու վիրավոր զինվորների, անօգնական փախստականների տանջանքները: Շատ հաճախ այդ աննկատելի հերոսուհիները զոհ են գնում իրենց գթասրտական զգացմունքին, վարակվելով իրենց պաշտպանած խեղճերի հիվանդությունից: Սուրբ են մարդասիրության պարտքի այդ նահատակները, և նրանց անունները պարծանք են այն հասարակությունների համար, որոնց միջից դուրս են գալիս նրանք:
Հայ ժողովուրդն էլ իրավունք ունի պարծենալու իր այդ տեսակ հերոսուհիներով: Գլուխ ենք խոնարհում նրանց սուրբ հիշատակի առջև»:
ՈՒ՞մ մասին էին այս խոսքերը:
ՈՒսուցչուհի, ծնունդով ախալքալաքցի Սաթենիկ Օհանջանյանը Էջմիածնում հայ որբերին խնամելիս վարակվել էր տիֆով ու մահացել 1915 թ. հոկտեմբերի 1-ին:
28-ամյա լոռեցի Աշխեն Աբովյանն ավարտել էր Պետերբուրգի հոգենյարդաբանական ինստիտուտի բժշկական ֆակուլտետը: 1915-ին վերադարձել էր Թիֆլիս և որպես գթության քույր ծառայության անցել Նավթլուղի հիվանդանոցում` խնամելով հիվանդ գաղթականներին: Այստեղ էլ վարակվել էր տիֆով և վախճանվել նոյեմբերի 27-ին:
Գթասրտական զգացմունքի զոհեր…

Կիրակի` 1915 թ. նոյեմբերի 1-ին, Տիգրան Նազարյանի հրավերով հոծ բազմություն էր հավաքվել Թիֆլիսի «Ակվարիում» զբոսայգում: Բացվելու էր գաղթականների համար նրա կառուցած ապաստանի շենքը, մկրտվելու էր գաղթականի մի երեխա, կատարվելու էր մաղթանք առ Վեհափառը, որովհետև կաթողիկոսը ոչ միայն օրհնության գիր էր ուղարկել Տ. Նազարյանին, այլև 1000 ռ. նպաստ նշանակել և իր հովանու տակ առել ապաստանը:
Ժողովուրդն այնքան շատ էր, որ ստիպված եղան հանդիսությունը կատարել ոչ թե շենքում, այլ դրսում` այգում:


Հռչակավոր հռետոր Բենիկ վարդապետը, ինչպես միշտ, հանդես եկավ հուզիչ ու ոգեպնդիչ ճառով, մասնավորաբար ասելով. «Աչք ածեցէք ձեր ստացած հրաւէրի գեղարուեստական սրտաշարժ պատկերը` աւերակացած հայրենի տաճարից ընկած մի քարի վրայ քար կտրած նստած է սգաւոր մի կին, մեռելատիպ մի մայր, ձեռնամած ձեռքերի վրայ գլուխը դրած: Նրա լուռ հառաչը` սրտից, վիշտն` աչքերից կաթում է ծնկների վրայ քաղցից հիւծուած ու մեռած սիրասուն զաւակի վրայ:
Տեսարանը շարժել է երկինքը, այրել նրա փակ դռները և այնտեղից երկիր է քաշել մխիթարիչ հրեշտակին, որը մի ձեռքով վշտից քարացած մօրն է գրկել, միւսով իւր աչքերն է փակել, որ չտեսնի այդ սարսուռ տեսարանը, որ չփլի իւր սիրտը: Այդ սգաւոր այրին հազարաւոր հայ մայրերն են, ինքը` մայր Հայաստանը, սովամահ, յօշոտուած զաւակների դիակների վրայ քարացած նստած»:


Վարդապետի ծավալուն խոսքն այնքան ազդու էր, որ շատերն արտասվեցին:
Ապա քահանաները, Գարեգին և Զավեն վարդապետները երգեցին «Եղբայրք սիրեցեալք» աղոթքը, որից հետո մկրտեցին գաղթական կնոջ նորածին զավակին: Կնքահայրը, բնականաբար, ապաստանի հիմնադիրն էր:
Ո՞վ էր Տիգրան Նազարյանը: Թիֆլիսաբնակ շուշեցի էր, «Աղբիւր» և «Տարազ» շաբաթահանդեսների խմբագիրը, հետևաբար` ոչ հարուստ մարդ, որովհետև ոչ մի խմբագիր հարուստ լինել չէր կարող: Բայց արհավիրքի ժամին նա դրսևորեց իսկական մտավորականի գութ:

Խաչատուր ԴԱԴԱՅԱՆ

Դիտվել է՝ 3633

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ