USD482.02
EUR557.50
RUB7.59
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
 

Էկոկրթական ծրագրեր` բնության հատուկ պահպանվող տարածքներում

Էկոկրթական ծրագրեր` բնության հատուկ պահպանվող տարածքներում
12.01.2018 | 10:57

Բնության համաշխարհային հիմնադրամը (WWF-Հայաստան), «Այբ» դպրոցը և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտը համատեղ սկսում են «Պատանի ռեյնջերների ծրագիր» կրթական նախաձեռնությունը, որը Հայաստանում իրականացվում է առաջին անգամ: Նախաձեռնության նպատակն է նպաստել բնության հատուկ պահպանվող տարածքներում էկոկրթության զարգացմանը և դպրոցականների ներգրավմանը բնապահպանական միջոցառումներում։ Փորձնական ծրագրի տևողությունը լինելու է 6 ամիս:


«Իրատեսի» հետ զրույցում բնապահպանական ծրագրերի համակարգող ԱՐՍԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆՆ ասաց, որ սա փորձնական ծրագիր է, մենք ունենք բնության հատուկ պահպանվող տարածքներ, դրանք մեր բնության գանձերն են, սակայն այդ վայրերում էկոկրթական ծրագրեր գրեթե չեն իրականացվում: Այս մեխանիզմը լայնորեն ու արդյունավետ կերպով կիրառվում է Եվրոպայում, հարակից համայնքների, ընդհանրապես դպրոցների աշակերտներին մոտեցնում բնությանը:
Զրուցակիցս նշեց նաև, որ ռեյնջերները, առհասարակ, պահպանվող տարածքների աշխատողները հիմնականում հարակից համայնքից են, եթե փոքր տարիքից ներգրավվում են պահպանվող տարածքի գործունեությանը, շատ մեծ է հավանականությունը, որ հետագայում կշարունակեն աշխատել այդ ոլորտում, առնվազն չեն վնասի. կճանաչեն, կարժևորեն բնությունը, կիմանան ինչի համար են պահպանվում այդ տարածքները:


«Պատանի ռեյնջերների ծրագիրը» ոչ ֆորմալ տարբերակով է իրականացվում, այսինքն, նաև հաճելի է, հետաքրքիր երեխաների համար: Ծրագիրը հիմնադրվել է Եվրոպայի պահպանվող տարածքների ֆեդերացիայի՝ EUROPARC-ի կողմից 2002-ին։ Այն ներկայումս միավորում է գրեթե ամբողջ Եվրոպայից ավելի քան 5000 պատանիների, ինչպես նաև 80 պահպանվող տարածքներ Եվրամիության 19 երկրում։
Ծրագրի մեկնարկային փուլում արդեն իսկ իրականացվել են տեղեկատվական դասընթաց և դաշտային այց «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտ, որի ընթացքում մասնակիցները ծանոթացել են պահպանվող տարածքի ձեռքբերումներին, ենթակառուցվածքներին և առկա բնապահպանական խնդիրներին։ Մասնակիցները բաժանվելու են խմբերի, որոնք ծրագրի ամբողջ ընթացքում WWF-Հայաստանի, «Այբ» դպրոցի և «Գնիշիկ» պահպանվող լանդշաֆտի մասնագետների հետ նախագծելու և իրականացնելու են տարաբնույթ բնապահպանական միջոցառումներ։


Հայաստանում պատանի ռեյնջերների փորձնական ծրագրի հաջողության դեպքում էկոկրթության այս մոդելը կարող է ներդրվել նաև ՀՀ բնության հատուկ պահպանվող այլ տարածքներում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2005

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ