Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Քո մասին ես դժվար թե կարողանամ քեզ նման գրել (զրույց Հրաչյա Մաթևոսյանի հետ, որ դեռ շարունակվում է…)

Քո մասին ես դժվար թե կարողանամ քեզ նման գրել (զրույց Հրաչյա Մաթևոսյանի հետ, որ դեռ շարունակվում է…)
12.01.2018 | 10:59

Երբվանի՞ց ճանաչեցինք իրար՝ ոչ դո՛ւ կհիշես, ո՛չ ես. դու քո Լոռվա սարերում էիր, ես՝ Ախալցխայի մեր գյուղում: Հետո դու պիտի գայիր Երևան, ես էլ: Դու արդեն հայտնի լրագրող, ես՝ նոր ընդունված ուսանող: Դու պիտի թերթերում ու ամսագրերում տպագրեիր քո համով-հոտով գեղեցիկ ակնարկները՝ մեծավ մասամբ հասարակ, պարզ, շիտակ աշխատավոր մարդկանց մասին, ասել է՝ քեզ նման մարդկանց մասին: Ես դրանք պիտի կարդայի սիրով, մի քիչ էլ նախանձով (բարի՛ նախանձով), որ այսպիսի լրագրող կա՝ ամո՛ւր հենված իր հայրենի ժայռերին, ամո՛ւր կանգնած իր հայրենի հողին, հայացքը մարդկանց, միայն բարի մարդկանց:
Լրագրության մեջ ես էլ, կարծես թե, կամաց-կամաց սկսեցի կայանալ, ու դու դա նկատեցիր: Այ՛ սա էլ մեր առաջին հանդիպման առիթն էր. հանդիպեցինք «Առագաստ» սրճարանում, ուր սովորաբար լրագրողներով հավաքվում էինք: Դու՝ «Հայրենիքի ձայն» թերթից, ես՝ ռադիոյից: Մեր այդ հանդիպումը մի բան չէր՝ բարև, Աստծու բարին, մի սուրճ խմելու չափ զրույց դեսից-դենից: ՈՒ երբ Վրեժ Իսրայելյանն ինձ ներկայացրեց, դու (պարզվեց` «Ավանգարդ»-ում տպագրված իմ հոդվածներին ծանոթ էիր) ջերմացար հետս ու դեռ սկսեցիր գովել: Փոխադարձ գովեստներով էլ հրաժեշտ տվեցինք այդ օրը, և դրանից հետո դու արդեն ինձ համար իմ ավագ, իմ խորհրդատու Հրաչյա Մաթևոսյանն էիր, ես քեզ համար՝ ռադիոյի Հովիկը:


Տարիներ անց՝ 2005-ին, 33 ուխտավորների կազմում մենք գնացինք Արևմտյան Հայաստան: Նախ հավաքվեցինք Եղիշե Չարենցի կոթողի մոտ՝ ասես թույլտվություն էինք ուզում իր հայրենի քաղաք՝ Կարս, գնալու համար: Եռօրյա մեր այդ ուղևորության ընթացքում մենք արդեն ընկերներ էինք, դու՝ լրագրության ու գրական աշխարհի հայտնի Հրաչօն էիր, ես՝ պարզապես լրագրող Հովիկը: Դու այդ օրերին մտերմացար ու ջերմացար այդ լրագրող Հովիկի հետ, և դրանից ես չափազանց գոհացա:
Հիմա, սիրելի իմ Հրաչօ, այս պահին ես հիշում եմ քեզ այն օրերի մեջ, հիշում եմ դրվագ առ դրվագ: Հիշում եմ քո թախիծը, քո տրտմությունը, որ գալիս էր քո ապուպապերի երկիր որպես հյուր գնալու ճնշող զգացողությունից:
ՈՒխտավորների այս խմբի մեջ դու տագնապով ու փոթորկուն սրտով ճամփա ելած ճշմարիտ ուխտավոր էիր. լռակյաց ու տրտում՝ ամբողջ ճանապարհին դու քո հոգին քրքրում էիր, պատասխաններ փնտրում այն հարցերի, որ էրգրում պիտի տրվեին քեզ:


…Բոլոր ընկերներիդ մասին դու միշտ քո ասելիքն ունեիր, քո ջերմ խոսքն ունեիր: Այդպես մի օր որոշեցիր, որ իմ ծննդյան օրվա առիթով «Իրատես» թերթում հոդված պիտի գրես: Գրեցիր, ինքդ էլ տարար խմբագրություն: Ինձ համար անակնկալ էր, կարդացի թերթում ու զարմացա՝ Հրաչօն այս ե՞րբ հասցրեց ինձ այսպես լավ ճանաչել: Վերնագիր էլ հո չէիր դրել՝ այդ մի տողն ամբողջ մի հոդված արժեր. «Մի մե՜ծ երկրից մնացած էս Մեծ երկրի փշրանքները գուրգուրողը»:
…Եվ վերջաբանդ՝ «Միշտ քեզ նման մնաս, սիրելի Հովիկ, աչքդ, միտքդ` հայոց ակունքներում, հալալ ձեռքդ` նաև հայրենի դպրության ազնիվ երախտավոր, բանաստեղծ Լևոն Միրիջանյանի ակունքած գործի վրա: Քո անվան վրա: ՈՒ բոլոր նրանց հետ, ում հետ ճանապարհ ես անցել ու դեռ անցնելու ես: Գլխավորը` Ախալցխայի քո կարինցի գյուղի ու կարինցի տան ճամփան երբեք ու երբեք չմոռանաս: Հենց մոռանաս` կվերջանաս:


Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Հ. Գ. Մնացած ասելիքս` 75-ամյակիդ»:

Ի՜նչ գեղեցիկ աչքերով էիր տեսնում ինձ, և ինձ նկարագրել էիր այնպիսին, ինչպիսին ուզում էիր, որ ես լինեմ: Քո այդ ակնարկի բոլոր գովեստները, ինձ նվիրածդ բոլոր մակդիրները վերադարձնում եմ քե՛զ, սիրելի Հրաչօ, որովհետև քո մասին ես դժվար թե կարողանամ քեզ նման գրել… քո սիրով, քո սրտով, քո կամեցողությամբ: Դու այդ ի՜նչ շռայլ ես հենց քո այդ կամեցողությամբ:
…Ընդհատվեցին մեր հեռախոսազրույցները, սիրելի Հրաչօ, երբ դու քո ներկայությամբ փառավորեցիր երկինքը և մեզ աղքատացրիր: Քո բառերից չունեմ, քո ջերմությունից էլ չունեմ, որ շռայլորեն տալիս էիր բոլորին՝ նրանց ծննդյան օրվա ուրախությանը, նրանց հեղինակած մի նոր գրքի, անգամ լրագրային մի հոդվածի առիթով: Ո՜նց էիր գտնում այդքան ժամանակ ու ցանկություն, այդքան ջերմություն ու տրամադրություն, որ ոգևորեիր, ջերմացնեիր:
Շռայլածդ շատ, ստացածդ քիչ, ինքդ քեզ քրքրելով փայփայում էիր երկրիդ անկախությունը՝ ծննդավայրիդ մարդկանց բնորոշ պարզությամբ ու միամտությամբ շուրթերիդ թառած հարցական ունեիր. «Բա ի՞նչ եղավ, ո՞ւր կորավ Ազատության հրապարակի մեր բռունցքվելը»:


Հովհաննես ՊԱՊԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1631

Մեկնաբանություններ