Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հայաստանը եվրոպացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է պատմամշակութային արժեքներով

Հայաստանը եվրոպացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է պատմամշակութային արժեքներով
12.01.2018 | 11:00

Հայաստանը եվրոպացի զբոսաշրջիկներին հետաքրքրում է պատմամշակութային արժեքներով, իր պատմությամբ՝ իբրև առաջին քրիստոնյա ազգ, ուշադրության են արժանանում նաև հայկական հյուրասիրությունը, ավանդական հարուստ խոհանոցը: Այս մասին փաստում է «Տուրիզմի ասոցիացիայի» հիմնադիր անդամ ՄԱՐԻՆԱ ԿՊՐՅԱՆԸ, նշելով, որ Ամանորին նույնպես եվրոպացի զբոսաշրջիկների մուտքը մեր երկիր պայմանավորված է նշված բաղկացուցիչներով:


«Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահ ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆԻ տեղեկացմամբ՝ 2017-ին մեր երկրում զբոսաշրջային հոսքն ավելացել է, Ամանորի 10 օրերին նույնպես, անցյալ տարվա համեմատ, ունեցել ենք զբոսաշրջության աճ: Այցելուների ճնշող մեծամասնությունը Ռուսաստանից է, տասը տոկոսը՝ Իրանից, մնացածը՝ այլ երկրներից: Մարզերում ներքին տուրիզմն է ակտիվանում, այս օրերին հիմնականում այն մարդիկ են զբաղեցնում հյուրատները, որոնք Ամանորի տոները նախընտրում են անցկացնել հայաստանյան որևէ հանգստավայրում:
Խոսելով առաջարկ-պահանջարկի, մասնավորապես, Հայաստանում երրորդ կարգի հյուրանոցների պակասի մասին, «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահը նշում է, որ նույնիսկ տոնական օրերին հյուրանոցները 100 տոկոսով զբաղված չեն եղել, նրա խոսքով՝ հյուրանոցային սենյակների առաջարկն այնքան շատ է, որ զբոսաշրջությունը պետք է աճի, որպեսզի այդ սենյակները լցվեն:


Ինչու՞ են զբոսաշրջիկները նախընտրում հարևան երկիրը՝ Վրաստանը: Բանախոսը պատճառներից մեկը համարում է բնակլիմայական պայմանները, հիշեցնում, որ Վրաստան մեկնում են նաև թուրքերն ու ադրբեջանցիները, ինչն էլ իր հերթին քանակ է ապահովում: Սակայն անհասկանալի է համարում այն, որ ռուսաստանցիների այցելությունը Վրաստան նույնպես շատ է:
Մարինա Կպրյանի կարծիքով՝ այստեղ դեր ունի նաև գնային քաղաքականությունը, մեզ մոտ գները բարձր են հատկապես տոնական օրերին. «Բոլոր երկրներն էլ ավելի բարձր գներ են առաջարկում Նոր տարվա հանգստի համար, բայց նաև ունենում են մատչելի առաջարկներ: Մեծ նշանակություն ունի նաև օդային ճանապարհը դեպի Վրաստան ուղիղ չվերթերն ավելի շատ են և գնային առումով ավելի մատչելի: Սակայն ամենաորոշիչը գովազդն է. Վրաստանը շատ լավ է գովազդում իրեն որպես հանգստավայր»:


Հետաքրքրվեցի՝ արդյո՞ք լավ գովազդը միայն ֆինանսական ներդրումներով է պայմանավորված, թե՞ դեր ունեն նաև երկիրը ներկայացնելու կերպը, ճիշտ մեխանիզմները: «Տուրիզմի ասոցիացիայի» ներկայացուցիչն ի պատասխան ասաց, որ տուրիզմի զարգացմամբ զբաղվող պետական մարմինները փորձում են փոքր ներդրումներով լայնածավալ գովազդել Հայաստանը. «Կան այդպիսի հնարավորություններ, փորձում են, տեսնենք ինչ արդյունք կլինի, բայց, բոլոր դեպքերում, առաջնային են պետական մոտեցումն ու ֆինանսավորումը»:
Ի՞նչ դեր կարող են ունենալ մշակութային նշանակալի միջոցառումները ¥հեղինակավոր փառատոները՝ ի դեմս «Ոսկե ծիրանի», Խաչատրյանական փառատոնի, «Երևանյան հեռանկարների», ցուցադրությունները, իբրև թարմ օրինակ՝ այցելուների հոծ բանակ ապահոված Այվազովսկու հոբելյանական ցուցահանդեսը) զբոսաշրջիկներին գրավելու գործում: «Այստեղ նույնպես 2017-ի համեմատ 15-20 տոկոսով այցելուների թիվն ավելացել է՝ պայմանավորված զբոսաշրջության աճով, այսինքն, ընդհանուր առմամբ, ոչինչ չի փոխվել»,- պարզաբանեց «Հյուրանոցների ասոցիացիայի» նախագահը: Թե ինչով է պայմանավորված զբոսաշրջության աճը 2017-ին, Հակոբ Հակոբյանը կեսկատակ-կեսլուրջ ասում է, որ բախտներս է բերել: Բնակլիմայական պայմանները բարենպաստ էին: Ըստ ամենայնի, նշանակություն է ունեցել նաև ապրիլյան պատերազմը: Արթնացած հայրենասիրությունը հայրենիք է ուղղորդել աշխարհով մեկ սփռված մեր հայրենակիցներին:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2114

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ